Վահան Տերյան

ԻՄ ՑՆՈՐՔԻՆ

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել

Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն,

Ո՞վ է քո անուշ աչքերը վառել

Այս աղջամուղջում...

Խավար օրերի երազում դժգույն

Հայտնվում ես դու արշալույսի պես,—

Պոետը քեզ է երազում անքուն

Ու պաշտում է քեզ։

Գեղեցկությունըդ վառված է բոցե

Դաշույնի նըման սև կյանքի վրա. —

Թող կարոտ սիրտըս մահացու խոցե

Եվ թող չերերա...

Գեղեցկությանըդ, որպես մահապարտ,

Երկրպագում է բանաստեղծը միշտ

Եվ ողջունում է խնդությամբ հպարտ

Տառապանք ու վիշտ։

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել

Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,

— Ո՞վ է քո ոսկի ժպիտը վառել

Այս աղջամուղջում...