Վահան Տերյան

* * *

Եթե կողմերում հեռու-հեռավոր

Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝

Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,

Մթնում մոլորված, քեզ է երազում։

Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,

Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝

Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,

Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։

Գարնան օրերի ժպիտով սիրուն

Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,

Հուսավառված է իմ սև օրերում

Անուշ անունըդ, որպես արշալույս...