Վահան Տերյան

* * *

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում

Շրջում եմ, բայց միշտ, հեռո՛ւ եմ, չըկամ.

Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում

Աղոթք եմ անում ցնորք-աղջկան...

Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռո՜ւն,—

Ունեմ ես թովիչ մի առանձնարան, —

Տանջանք է այնտեղ և զոհաբերում,

Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան...

Եվ այնտեղ է նա,— ոչ այս աշխարհում,—

Մաքուր ու պայծառ պատկերը նրա.

Ես տառապանքըս բախտ եմ համարում

Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա...