Վահան Տերյան

* * *

Դու հասկացար տագնապները իմ հոգու,

Տրտմությունըս անսպառ.

— Մենք առհավետ շղթայված ենք մեկմեկու։

Կյանքըս մութ էր, հոգիս ցաված ու խավար,

Եվ օրերըս — միայն ցավ.

— Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ...

Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,

Չըկան վիհերն իր անել.

Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ

— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել...