Վահան Տերյան

* * *

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —

Խորհրդավոր, թափանցիկ,

Երեկոնե՜ր իմ կապույտ,

Երազնե ր իմ փութանցիկ...

Ժանյակները լուսազարդ

Լայն երկնքի ծովերում

Հյուսվածներով անավարտ

Մոռացումս են օրորում...

Ժըպիտներով խաղացկուն

Երգն է ձուլվել իմ կյանքին,—

Սեր ու երգ է իմ հոգում,

Սիրո երգ է իմ հոգին...

Իմ սիրո պես խոր ու մեծ

Շուրջըս աշխարհն է ծփում.—

Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց

Քեզ կախարդված իմ հոգուն...

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,

Խորհրդավոր, թափանցիկ,

Երեկոնե՜ր իմ կապույտ,

Երազնե՜ր իմ փութանցիկ...