Վահան Տերյան

ԳԻՇԵՐԱՄՈՒՏ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—

Աշխարհը նորից խորունկ է և լայն.

Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,

Ու սև ջրերում աստղերը ելան...

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ

Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—

Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,

Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա...

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,

Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,

Իրար է խառնում երազ ու վերհուշ

Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին...

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,

Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,

Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող

Երբ հեկեկում ես անբարբառ բախտից...