Վահան Տերյան

ԹԱԽԻԾ

Ամայի փողոցում մեգ-մշուշ,

Լռություն է մեռած.

Կարոտ է իմ սիրտը քո անուշ

Գգվանքին, իմ երա՛զ...

Հեռավոր կողմերից, հեռավոր,

Հայտնվի՛ր լուսավառ,—

Անհուն է գիշերըս ահավոր,

Եվ դժնի, և խավա՛ր։

Իմ սերը անարատ է ու խոր,

Իմ հոգին՝ հնազանդ,—

Ամոքիր իմ սիրտը մենավոր,

Իմ թախիծը հիվանդ։

Մահից չեմ վախենում, գալիքին

Նայում եմ հավատով,—

Կարոտ է սիրտըս քո հմայքին

Մաքուր ու հոգեթով։

Աղոթքըս պարզ է և նրբահյուս,—

Մեռնողի վերջին կա՛նչ,—

Հայտնվիր որպես լույս-արշալույս,

Իմ հոգուն մահատանջ...

Ամայի փողոցում մեգ-մշուշ,

Լռություն է մեռած.. —

Հայտնվիր հմայքով քո անուշ,

Իմ երա՛զ, իմ երա՛զ...