Վահան Տերյան

ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

Այսօր եղիր քրոջ պես —

Անչար, մաքուր և գթոտ,—

Գրկենք իրար ու նստենք,

Նստենք մինչև առավոտ...

Այսօր եղիր որպես մայր —

Բարի, քնքուշ, նրբազգաց,—

Նստիր խաղաղ մահճիս մոտ,

Մութ գիշերին հետըս լաց...

Ամոքիր դու իմ ցաված

Սիրտըս սիրով քո անբիծ,—

Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ

Հեքիաթները պատմիր ինձ...