Վահան Տերյան

ԳԻՇԵՐ

Երգում է քամին, լալիս է նորից,

Անհույս ու անվերջ մղկտում է նա. —

Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,

Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական,

Իմ պատերի տակ հեծում է անվերջ,

Մեղմիվ երգում է մեղեդին լալկան,

Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես,

Դառնում է անկարծ ճիչով խելագար,

Ահաբեկում է և կանչում է քեզ,

Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր...

Եվ անպատմելի ցավով է լցված

Այդ երգը անանց հուսահատության.—

Մթին գիշերում իմ սիրտը խոցված,

Լացը հուսաբեկ ավերված իմ տան...

Երգում է քամին, լալիս է նորից,

Անհույս ու անվերջ մղկտում է նա. —

Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,

Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա...