Վահան Տերյան

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նուրբ ըստվերները փռվում են քնքուշ,

Կապույտ խավարն է երկինքը պատում.—

Անուշ վարդերից մնաց միայն փուշ

Եվ ցնորքներից՝ վիշտ ու վհատում...

Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,

Ահա — մեր հոգում խավար է և մահ,

էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել

Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...

Քո արցունքները թափվում են ահա,

Եվ դառն է լացըդ հուսահատական,—

Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա,

Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...