Վահան Տերյան

ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում

Ճանապարհների բաժանումի մոտ.

Հանգչում են վերջին կրակներն աղոտ,

Ու մութն է կրկին իջնում ու փռվում...

Անցած օրերըս շարքերով դալուկ

Շողում են ահա և անհետանում.

Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —

Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,

Հազար ձայներով անտառն է խոսում,

Ես ուղիների լաբիրինթոսում,

Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում

Մութ ուղիների բաժանումի մոտ.

Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,

Այրում է հոգիս, անհուն մի կարոտ...