Վահան Տերյան

* * *

Հեռու երկրի լուսե հովտում

Օրերն ուրիշ երգ են հյուսում.

Կյանքից հոգնած սիրտըս տրտում

Այն երկիրն է միշտ երազում...

Խաղաղությունն այն հեռանիստ,

Ուր մի ուրիշ արևի փայլ

Ծավալում է անանց հանգիստ

Եվ խնդություն մի անայլայլ,

Մի խնդություն մաքուր և խոր,

Ե՛վ անեզերք և՛ անվախճան,

Ուր քո սիրտը որբ ու մոլոր

Գրկում է մի ոսկե շրջան...

1908