Վահան Տերյան

ՍՈՆԵՏ

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —

Ես շրջում էի այս գունատ երկրում,

Ուր չկար ցավի երջանկության ցող

Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։

Նա իր կարոտով ու իր ցանկությամբ

Վառվեց իմ ամուլ գոյության վերա —

Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝

Ես նորան տեսա ու բախտից մեռա...

Նա իր բոցերով այրեց ու գընաց.

Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,

Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց

Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—

Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,

Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք...

1905