Րաֆֆի - Խաչագողի հիշատակարանը [PDF]

Առաջին Մաս Երկրորդ Մաս Երրորդ Մաս Չորրորդ Մաս

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Ա

ՆՈՐ ՇՐՋԱՆ

   Մի քանի րոպեից հետո սայլակը պատրաստ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց քշել դեպի խաչագողների բնակարանը։ Նա լուռ էր, ինչպես առհասարակ լինում էր, երբ պատրաստվում էր սկսել մի նոր ձեռնարկություն։ Ես նույնպես լուռ էի, բայց ես ոչինչ ձեռնարկության մասին չէի մտածում, իմ միտքը գրավել էր գեղեցիկ Նենեն:

   Խաչագողների բնակարանը ցերեկով բոլորովին ուրիշ տեսք ուներ։ Թաքնված պատատուկ բույսերի մեջ, հովանավորված դարավոր ծառերով, նա ավելի նմանում էր գազանների որջին, որ գտնվում է ժայռերի խոռոչների մեջ։ Նրա շուրջը ընկած էին քարերի ահագին բեկորներ, որոնք, պոկվելով մերձակա լեռնից, ցած էին գլորվել, բոլորովին մերկ թողնելով ծաօերի արմատները։ Անծանոթ մարդը հազիվ կարող էր գուշակել, թե այդ գետնափոր որջի մեք բնակվում էին մարդիկ։ Բայց ծուխը, այդ մարդկային բնակության ազդարար նշանը, միայն խուլ թփերի միջից մխացող ծուխը հիշեցնում էր, թե այդ ծառախիտ անտառների դարևոր լռության մեջ ևս տիրում էր մարդու շունչը։

   Բայց ի՞նչ ծուխ էր այդ։ Ծուխը բարձրանում էր զանազան կետերից։ Ձորի մեջ զանազան տեղերում ինչ- Որ այրվում էր: Եվ բարձրացած ծուխը, միախառնվելով, կազմում էր թանձր, թխագույն մառախուղ ամբողջ ձորի վրա։ Այստեղ ածուխ էին պատրաստում։

   Գիշերով ես տեսա խաչագողներին թվով ավելի շատ. իսկ այժմ երեք հոգի միայն գտանք նրանց բնակարանում։ Նրանցից մեկը նստած կարկատում էր ջորիների փալաններ և ձիաների մաշված սարքը, մյուսը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան, իսկ երրորդը դեռ քնած էր։

   Խրճիթը ներսից բոլորովին նման էր ածխագործների տնակին, որ գտնվում է անտառների մեջ։ Այստեղ և այնտեղ ածած էին մրոտած տոպրակներ, փայտ կտրելու տապարներ, կրակ խաոնելու երկաթյա անթրոցներ, հող փորելու բահեր և այլն։ Ածուխի սև փոշին նստած էր թե՛ բնակիչների և թե բնակարանի վրա։ Բոլորը, բոլորը համապատասխանում էր սև արհեստի սև պարապմունքին։

   Եվ իրավ, այդ մարդիկ ածխագործներ էին, կապալով վեր էին առել անտառի մի մասը, ածուխ էին պատրաստում։ Ծովի ափի մոտ կանգնած էին նրանց մի քանի նավակները, որոնք տանում էին ածուխը մերձակա քաղաքներում վաճառելու համար։ Մի քանի խումբ ջորիներ տանում էին նույն մթերքը ցամաքի ճանապարհով դեպի շրջակա գյուղերը և փոքրիկ քաղաքները կամ հասցնում էին մինչև ծովեզրը նավակների մեջ գնելու համար։

   Մեր անակնկալ հայտնությունը նախ խռովություն պատճառեց նրանց, բայց երբ մեզ ճանաչեցին, էլ չափ չկար նրանց ուրախությանը։ Քավոր Պետրոսի մի քանի կախարդիչ խոսքերը բավական եզան գրավելու նրանց վստահությունը։ Եվ ահա նրանց մեկի ձայն տալով խրճիթի մի անկյունում շարժվեցան մերկ հատակի վրա փռած ցամաք տերևները, տախտակամածից բարձրացավ մի դռնակ, և ստորերկրյա վիրապի միջից դուրս երևաց մի գլուխ։ Նա, մի քննողական հայացք ձգելով մեզ վրա, դուրս եկավ փոսից։ Նրանից հետո հայտնըվեցավ երկրորդը, երրորդը։ Այդ նորերի թե հագուստի գունավոր բծերից և թե ձեռքերի ներկերից երևում էր, որ նրանք այն ստորերկրյա վիրապի մեջ ինչ- Որ ներկերով կամ գույներով աշխատում էին։ Դրանք ածխագործներ չէին։

   Նրանք ուրախությամբ ընդունեցին քավոր Պետրոսին, Համբուրվեցան նրա հետ և խնդրեցին նստել։ Քավոր Պետրոսը ներկայացրեց և ինձ, մի քանի կարմիր խոսքեր ավելացնելով իմ ընդունակությունների մասին։

   Ինձ ճանաչեցին իմ հոր անունով, որովհետև ինձ տեսել էին ՛շատ փոքր հասակում:

   Դրանք իմ հայրենակիցներն էին։ Նրանց գլխավորը, որ կոչվում էր Նազար, դարձավ դեպի քավոր Պետրոսը, հարցնելով.

   - Մենք վաղուց սպասում էինք ձեզ, Պետրոս եղբայր, ինչո՞ւ այդքան ուշացաք։

   - Երկար պատմություն է, պատասխանեց քավոր Պետրոսը, - Այդ մասին հետո կխոսենք։ Դուք այն ասացեք, ի՞նչպես են տղերքը, լա վ են, աոո՞ղջ են։

   - Լավ են, բայց...

   - Ի՞նչ է պատահել։

   Նազարը պատմեց, թե իրանց ընկերներից մեկը մի հանձնարարությամբ ուղարկված էր մի տեղ, հիմա նա անհետացել է, և նրա մասին խիստ անհանգիստ են։

   Այդ պատմության միջոցին քավոր Պետրոսը նայեց իմ երեսին, որ տեսնե իմ դեմքի արտահայտությունը։ Իմ մեջ ոչինչ խռովության նշան չգտավ։ Պատմությունը Նենեին սպանելու հանձնարարությամբ ուղարկված ավազակի մասին էր, որ հոգին տվեց իմ տապարի հարվածների տակ։ Քայց ես նրա մարմինը մի այնպիսի տեղում էի ամփոփել, որ ինքը սատանան չէր կարող գտնել։

   Քավոր Պետրոսը իրան ձևացրեց որպես սաստիկ հետաքրքբված։ Խաչագողի ընկերի անհետանալը, իրավ որ, սաստիկ անհանգստություն էր պատճառում մնացածներին։

   - Ո՞վ էր, ի՞նչ հանձնարարությամբ և ո՞րտեղ էր ուղարկ-ված։

   Նազարը պատմեց, թե նրան տվել էին մի աղջիկ, որ տանե, անտառում «անհետացնե», բայց աղջկա հետ ինքն էլ անհետացավ։

   - Աղջիկը գեղեցի՞կ էր, - Հարցրեց քավոր Պետրոսը։

   - Գեղեցիկ էր։

   - Իսկ տղան երիտասա՞րդ էր։

   - Երիտասարդ էր։

   - Այսպիսի գործը երիտասարդին չեն հանձնում, շատ հասկանալի է, որ երկուսն էլ հաշտվել են միմյանց հետ և հեռացել են ով գիտե ո՞րտեղ:

   - Մենք արդեն մարդիկ ուղարկեցինք նրանց որոնելու, - Պատասխանեց Նազարը։

   - Իզուր, պետք էր նրանց թողնել իրանց քեֆին, ինչ որ ուզում են թող անեն։

   Նազարը ասաց, կան ուրիշ պատճառներ, որ այդ անցքը խիստ վտանգավոր են դարձնում, և խոստացավ, որ այդ պատճառների մասին հետո կխոսե քավոր Պետրոսի հետ։ Իսկ մենք ճանապարհից նոր եկած լինելով, և մանավանդ ճաշի ժամանակ լինելով, այժմ սկսեցին հոգ տանել մեր հանգստության մասին։

   Մեր ձիաները և սայլակը տեղավորեցին, ես ինքս էլ չհասկացա թե ո՞րտեղ. երևում էր, անտառի մեջ ուրիշ խորշեր ևս ունեին։ Մեր իրեղենները բերեցին խրճիթը։ Ճաշի սեղանն արդեն պատրաստ էր։ Ամենքը բոլորեցին սեղանի շուրջը, մեզ ամենապատվավոր տեղը տալով։ Չնայելով, որ նրանք բնակվում էին մի այնպիսի առանձնացած տեղում, լեոների մեջ, անտառների խորքում, բայց սեղանի վրա հայտնվեցան այնպիսի ուտելիքներ և այնպիսի ըմպելիքներ, որ այդ կողմերում հազվագյուտ էին։ Երևում էր, որ քաղաքների հետ խիստ հաճախ հարաբերություններ ունեին։

   Խոսակցությունը սկզբում, ըմպելիքների գավաթների համեմատ, հետզհետե կենդանանում էր զանազան հանաքներով և զվարճախոսություններով։ Բայց գնալով ավելի տխուր կերպարանք ստացավ, երբ նրանք սկսեցին հարցնել իրանց հայրենիքի և ընտանիքների մասին։ Մենք Պարսկաստանից ավելի հետո դուրս եկած լինելով, քան թե նրանք, ունեինք շատ նորություններ նրանց համար։

   - Մեր Մկրտիչը մեծացե՞լ է, - Հարցնում էր մեկը։ Մկրաիչը հարցնողի որդին էր, որին օրորոցի մեջ թողնելով, հայրը հեռացել էր հայրենի երկրից և այն օրից ապրում էր պանդխտության մեջ։

   - Մկրտիչը այժմ պսակված է, երեխա ունի, - պատասխանում է քավոր Պետրոսը։ Հայրը ուրախանում է։

   - Մայրս խո շատ չի՞ պառավել, - Հարցնում է մի ուրիշը։

   - Մայրդ կյանքը քեզ բաշխեց, արդեն յոթներորդ տարին է, որ պառկած է հողի տակ։

   Որդին տխրում է։ Մի քանի ձայներ կրկնում են՝ «աստված հոգին լուսավորեսցե»...

   - Մեր Խաշոյի աղջիկը ի՛նչ է անում, - Հարցնում է մի այլը:

   Դա իր կնոջ մասին է հարցնում:

   - Խաշոյի աղջիկը հիմա ուրիշ մարդու է գնացել։

   - Ի՞նչպես, - գոչում է զարմացած ամուսինը։

   - Չե՞ս հասկանում։ Երկար սպասեց քեզ, ոչ լուր ստացավ, ոչ փող ստացավ, վերջը հուսահատվելով, պսակվեցավ ուրիշ մարդու հետ։

   Դժբախտ ամուսինը արձակում է խորին հառաչանք և լռում է...

   - Մեր Արևնազը ի՞նչ է անում, - Հարցնում է մի ուրիշը իր դստեր մասին։

   - Արենազին թուրքերը փախցրին։

   - Ա՜խ, քոռանամ ես, - բացականչում է հայրը։

   - Երևի, շատ գեղեցիկ աղջիկ էր դարձել, - Հարցնում են մյուսները։

   - Տգեղին չեն փախցնի, - պատասխանեց քավոր Պետրոսը։

   - Իր նմանը չկար մեր գյուղում, - մեջ մտա ես։

   - Իսկ մեր Գասպա՞րը, - Հարցնում է մեկը իր եղբոր մասին։

   - Նա հիմի գյուղի քահանան է։

   - Մեր այգու խնձորենիները լավ բերք տալի՞ս են, - Հարցնում է քահանայի եղբայրը։

   - Բերքը լավ է, բայց պտուղր օտարն է ուտում:

   - Ի՞նչպես։

   - Քո պարտքերի փոխարեն տիրեցին։

   - Ափսո՜ս, այն խնձորենիները ես իմ ձեռքով էի տնկել, հենց այն տարում, երբ հեռացա մեր երկրից։

   Խոսակցությունը ընտանեկան անցքերից ավելի անցավ հասարակական գործի վրա։

   - Գյուղի տանուտերը ո՞վ է հիմա։

   - Աղախանը։

   - Այն քոռ անիրավը դեռ գյուղը քանդո՞ւմ է:

   - Բոլորը տանջված են նրա ձեռքից:

   - Երկրի կառավարիչն ո՞վ է։

   - Ն... խանը։

   - Անիծածը կաշառքից կշտանալ չունի...

   - Մենք էլ նրա համար ենք վաստակում...

   - Փողի տոկոսը քանո՞վ էր։

   - Թումանին ամիսը մեկ կռան։

   Վերջին խոսքը սարսափ ձգեց շատերի վրա։ Նրանք այսպիսի ծանր տոկոսներով պարտքեր ունեին իրանց հայրենիքում։ Ամուսնի պարտամուրհակը կնոջը փոխել էին տալիս, և ամեն տարի տոկոսը բարդվում էր դրամագլխի վրա։ Վաշխառուն հարստահարում էր դրանց, իսկ դրանք հարստահարում էին անմեղ, միամիտ մարդիկներին։

   Ընդհատված խոսակցությունը շարունակվեցավ,

   - Լուսին ի՞նչ է անում։

   Դա մեր գյուղի նշանավոր գեղեցկուհիներից մեկն էր։

   - Նա հիմա լավ բազար ունի, - պատասխանեցի ես։

   - Ի՞նչպես։

   - Չե՞ս հասկանում...

   - Ամո՜թ նրա տղամարդին, մի այնպիսի սիրուն կնոջը կարելի՞ է տասն տարիներով անտեր և քաղցած թողնել, - Ասաց նրանցից մեկը։

   Կարծես, իրանց կնիկներր տասն տարիներից ավել չէր, որ անտեր ու քաղցած էին մնացած։

   Մի ուրիշը հարցրեց.

   - Մեր սև շունը մնո՞ւմ է։

   - Չէ, կյանքը տվեց քեզ։

   Այդ լուրերը, որ քավոր Պետրոսը հաղորդեց իր սովորական սառնասրտությամբ, հարուցին ոմանց մեջ ուրախություն, իսկ ոմանց մեջ տրտմություն։ Ինձ խիստ զարմանալի էր թվում, երբ նկատում էի, որ այդ հոգով և սրտով քարացած մարդիկն էլ զգացմունք ունեն, կարող են ուրախանալ և տրտ-մել։ Բայց շուտով ամեն ինչ մոռացվեցավ, իբր թե ոչինչ չէին լսե:

   Ես չէի կարողանում զսպել իմ վրդովմունքը, երբ նայում էի այգ անփույթ, անհոգ մարդկանց վրա, որոնք օտարության մեջ մոռացել էին ամեն ինչ, որ իրանց համար ամենաթանկագինն էր։ Ունենալ կին, որդիներ, ազգականներ և նրանց երկար տարիներով թողնել անխնամ, գե՛րի թուրքերի և պարսիկների ձեռքում, իսկ ինքը անհետանա պանդխտության մեջ դա գերդաստանի հոր ամենասարսափելի անտարբերություններից մեկն է։ Այդ մարդիկը, մտածում էի ես, ամենևին գութ չունեն, նրանց մեջ մեռել է ծնողական սիրտը, նրանց զգալի չէ ոչ երեխայի ժպիտը և ոչ կնոջ արտասուքը՝ երկուսն էլ կատարվում են նրանց աչքերից հեռու...

   Մի՜թե ես էլ նույն դրության մեջ չէի գտնվում... Ես շատ լավ էի հասկանում, որ աղքատությունն էր ստիպել դրանց թողնել իրանց հայրենիքը, թողնել իրանց ընտանիքը, և նույն աղքատությունը իմ ձեռքս տվեց պանդխտության գավազանը։ Հայրենի երկրռւմ չկարողանալով հայթայթել իրանց ապրուստը, նրանք հարկադրվել էին օտարության մեջ բախտ որոնել։

   Արդար վաստակի նրանք ոչ միայն սովոր չէին, այլև անընդունակ էին. չգիտեին որևիցե արհեստ, չէին վարժված տոկուն աշխատանքի։ Նրանց միտքը, նրանց ընդունակությունները բնականաբար սրվել, կատարելագործվել էին խաբեբայությունների մեջ, այն չափով, ինչ չափով որ զարգացել էր նրանց մեջ արծաթ որսալու անհագ ախորժակը, որի համար ներելի էին համարում ամեն միջոցներ, որքան և անազնիվ լինեին,

   Մի անգամ քավոր Պետրոսը խիստ իրավացի կերպով նկատեց, թե «արծաթը աղի ջուր է, որքան խմես, այնքան կծարավես»։ Նույն ծարավը զգում էի և ես։ Ահա թե ի՜նչն էր, որ ինձ առժամանակ բաժանեց Նենեից և ձգեց այդ անբարոյական հասարակության մեջ։

   Ինձ բոլորովին զզվելի էր թվում այդ նոր շրջանը։ Զարմանալի է, թե ո՛րքան վայրենանում է մարգը լեռների և անտառների առանձնության մեջ. կերպարանքը, բնավորությունն անգամ ամենակոպիտ ձևեր են ստանում։ Նրանց կոշտացած դեմքը, խառնված մաղերը, երեսների անախորժ արտահայտությունը, ճշմարիտն ասած, ինձ վրա սարսափ էր բերում: Թեև մեզ, որպես իրանց հայրենակցին, ցույց էին տալիս հյուրասիրության բոլոր պատրաստականությունները։ 186

   Ամենագարշելին այն էր, որ այդ– մարդիկը ածխագործի սև փոշու տակ ծածկված կատարում էին մի այլ ավելի, սև արհեստ...

   Ո՞վ մտցրեց իմ մեջ այգ փոփոխությունը։ Ես պարտական էի Նենեին, որ զարթեցրեց իմ մեջ զզվանք դեպի այդ մարդիկը և ստիպեց սիրել գեղեցիկը ու լավը...

Բ

ՔԱՋԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ

   Գիշերը ի պատիվ մեր՝ պատրաստվեցավ ճոխ ընթրիք: Ըմպելիքների քանակությունը ավելի շատ էր։ Խաչագողները ավելի խմում էին, քան թե ուտում էին։ Այժմ հավաքվել էին և այն ընկերները, որոնք ցերեկով անտառի զանազան տեղերում ածուխ էին պատրաստում։ Բոլորի թիվը տասից ավել էր։ Երբ բավական խմեցին, նրանցից ամեն մեկը սկսեց պատմել իր կատարած քաջագործություններից մի անցք։ Աստվա՜ծ իմ, ինչե՜ր չէին պատմում նրանք, բոլորը, բոլորը չլսած և չտեսած բաներ էին... Ես, որպես քավոր Պետրոսի հառաջադեմ աշակերտներից մեկը, նույնպես շատ գործեր էի կատարել, բայց, նրանց հետ համեմատելով, դեռ կատարյալ համբակ էի։

   - Է՜հ, - Ասում էր մի ծերունի խաչազոդ արհամարհական ժպիտով, - Այդ ի՞նչ գողություններ են, որոնցով պարծենում եք դուք։ Երբ ես երիտասարդ էի, գողացա հնդկաց աստծու աչքերը։

   Ամենքը ծիծաղեցին, ծերունու ասածը շատերին անհավատալի երևաց։

   - Երեխաները ու հիմարները ծիծաղում են ամեն բանի վրա, երբ չեն հասկանում, - պատասխանեց ծերունին, որին, ինչպես երևում էր, վիրավորեց ընկերների արհամարհանքը։ –Ձեզ անհավատալի է թվում իմ ասածը, ականջ դրեք, ես կպատմեմ։

   Նա սկսեց իր պատմությունն այսպես.

   «Հնդկաց աստվածները մեր աստծո նման չեն. մերը աչքի չէ երևում, իսկ նրանց աստվածները միշտ կանգնած են տաճարների մեջ, ամեն մարգ տեսնում է, հարցմունք է անում և պատասխան է ստանում։ Ես մտա այղ տաճարներից մեկի մեջ, ուր կանգնած էր գլխավոր աստվածներից ամենամեծը ոսկեղեն հագուստով։ Թեև ոսկին շատ սիրուն բան է, բայց ինձ ավելի գրավեցին նրա գեղեցիկ աչքերը։ Գեղեցի՜կ էին, աննման գեղեցիկ, ես խելագարի նման սիրահարվեցա այգ աչքերի վրա։ Նրանք կազմված էին երկու հատ խոշոր ալմաստներից և ճրագի նման վառվում էին։ Ալմաստների յուրաքանչյուրը աղավնու ձվի չափ կլիներ։ Այո՛, իմ սիրտը գրավեցին այդ փայլուն աստղերը, և ես կատարելապես սիրահարվեցա նրանց վրա։ Ե՛կ, մտածեցի, քեզ նվիրե այդ աստուծո սպասավորոլթյանը, որ այդպիսի գեղեցիկ աչքեր ունի։ Եվ ընդունվեցա այնտեղ, ի՞նչ եք կարծում, ոչ թե իբրև, հասարակ սպասավոր, այլ բրահմին՝ այսպես են կոչվում նրանց քահանաները։ Ես կատարում էի իմ պաշտոնը ամենայն ջերմեռանդությամբ, ամենայն անձնանվիրությամբ այնպես, որ փոքր ժամանակում գրավեցի ո՛չ միայն իմ աստծու շնորհը, այլև ժողովրդի հարգանքը։ Ինձ հանձնեցին տաճարի բանալիները և նրա հսկողությունը։ Այդ տևեց մի քանի ամբողք տարիներ։ Վերջը բրահմինական կյանքը, անընդհատ աղոթքները, խիստ ճգնությունները ձանձրացրին ինձ։ Ես վճռեցի վերադառնալ իմ հայրենիքը։ Բայց ցանկալի էր ինձ ունենալ մի հիշատակ այն աստծուց, որին այնքան տարիներ ծառայել էի։ Ես ընտրեցի աչքերը, որոնց վրա միշտ սիրահարված էի» Մի բարի գիշերում կատարվեցավ այդ գործը։ Բայց ո՞րտեզ պետք էր պահել խոշոր ալմաստները։ Սրունքներիս կաշին ծակեցի, ալմաստները դրեցի վերքի մեջ, հետո լավ փաթաթեցի։ Այժմ սատանան էլ չէր կարող գտնել։ Մնաք բարյավ ասեցի իմ աստծուն և հեռացա։ Հնդկաստանի անտառները խիստ հյուրընկալ ծոց ունեն փախստականների համար, եթե առյուծների և վագրերի ճանկը չընկնե մարդ։ Բայց իմ աստծու օրհնությունը ինձ հետ էր, վտանգ չպատահեց։ Ես իմ, բրահմինի հագուստը փոխեցի և հալածված պարիայի հագուստով շարունակեցի իմ փախուստը։ Պարիային ոչ ոք չէ մոտենում»...

   Ծերունին վերջացրեց, ամեն կողմից լսելի եղան գովասանական ձայներ, մի քանիսը ծափահարեցին։

   Մի այլ խաչագող ասաց,

   - Ես մի օր գողացա մի մոխրագույն ավանակ, և, սև գույնով ներկելով, ծախեցի դարձյալ իր տիրոջը, նա չկարողացավ ճանաչել իր ավանակին։

   - Կարծեմ ներկը ավելի թանկ արժեց քեզ, քան թե այն փողը, որ դու ստացար, -նկատեց նրան մեկը ծիծաղելով։

   - Իրավ է, ներկը ավելի թանկ արժեց, - պատասխանեց նա, - Բայց ես ընկերիս հետ գրազ էի բռնել։

   - Եվ դու կնքեցիր մեր ճակատին «էշ ներկող» անունը, - վրա բերեց աոաջինը։ Բոլորը ծիծաղեցին։

   Մի ուրիշը պատմեց, թե իր կյանքում փոխել է տասը զանազան կրոնքներ և զանազան դավանություններ։ Շիրազում ընդունել է մահմեդականություն և ամուսնացել է մի սեիդի գեղեցիկ աղջկա հետ։ Կիլիկիայի մեջ ընդունել է կաթոլիկություն և պսակվել է կաթոլիկ աղջկա հետ. հետո մի կաթոլիկ գրապայծառից ստացել է ժողովարարության թուղթ, պտտել է Իտալիայում, Սպանիայոլմ և Ֆրանսիայում, հավաքել է ահագին հարստություն, այլևս չի վերադարձել իր կնոջ մոտ. Կիևում ընդունել է օրթոդոքս եկեղեցու դավանությունը, մհ գեներալ նրա կնքահայրն է դարձել, և, ընծայելով մի նշանավոր գումար, ամուսնացրել է իր աղախնի հետ։ Իսկ Կ, Պոլսի մեջ ընդունել է բողոքականություն, տեղային միսսիոնարների թղթով գնացել է Ամերիկա, փողեր է հավաքել և ամերիկացի կին է ունեցել և այլն։

   Այդ մարդուն շվացրին, որովհետև խիստ հասարակ բան էր պատմում, որովհետև նրանց մեջ չկար մեկը, որ տասն անգամ կրոնը փոխած չլիներ։

   Մի երիտասարդ խաչագող, բավական գեղեցիկ դեմքով, շնորհալի և աշխարհային կյանքի սովորած մարդ, պատմեց, թե եվրոպական մի մայրաքաղաքում նա իրան ձևացրեց իշխան Արարատի, ման էր գալիս թանկագին ակներով զարդարված խենջարով և նույնպես գոհարներով զարդարած, ոսկ-յա քամարով, նրա կառապանի մոտ միշտ նստած էր լինում մի սևամորթ արաբ։ Մի պարահանդեսի ժամանակ նրա վրա սիրահարվեցավ մի հարուստ կոմսի աղջիկ, խոստացավ նրա հետ պսակվել, իսկ օրիորդի ծնողները խոստացան մեծ օժիտ տալ։ Օժիտի կեսը նա ստացավ և վատնեց, բայց օրիորդի հետ չամուսնացավ։ Խեղճ աղջիկը մեռավ բարակացավից, երբ տեսավ իր փեսային անհայտացած։

   Այղ պատմությունը, որ շատ հետաքրքրական էր և շատ գեղեցիկ կերպով նկարագրեց երիտասարդը, նույնպես անցավ խիստ աննշան կերպով, իսկ մի քանիսի մեջ առաջացրեց արհամարհանք։ Որովհետև սիրային հարաբերությունները առհասարակ մի տեսակ թուլասրտություն էր համարվում ամեն մի խաչագողի համար և մինչև անգամ ամոթ էր բերում նրան։ Խաչագողը կարող էր սերը ընտրել որպես միջոց մեկին կողոպտելու համար, իսկ ճշմարտապես սիրել անվայել էր։ Երիտասարդի պատմությունից երևաց, որ ինքը ևս սիրահարված է եղել կոմսուհի օրիորդի վրա։ Այդ պատճառով մեկը նկատեց նրան.

   - Դուք այն ժամանակ արժան կլինեիք գովասանության, երբ փոխանակ շռայլաբար վատնելու այն օրիորդի փողերը և փոխանակ նրա հետ սիլիբիլի անելու, կպսակվեիք նրա հետ, կստանայիք ամբողջ օժիտը և հետո բաց կթողնեիք, կհեռանայիք։

   Այդ նկատողությունը ընդհանուր հավանություն ստացավ։

   Մի ողոքմելի խաչագող, որին ավել անունով կոչում էին «էշի ականջ», պատմեց, թե իր ընկերի հետ մի անգամ մտան մի աղքատ գյուղացու տուն։ Երկուսն էլ իրանց ձևացրել էին վանական աբեղա։ Տանը ոչինչ չգտան, բացի մի կացինից, որ գրած էր դռան մոտ։ Սկսեցին մաղթանք կատարել, երգելով հետևյալ երգը.

   Աբեղան երգեց,

      «Իգա կացին դռան տակին,

      Վեր ա՛ո կռխի մեք տոպրակին,

      Ալելուիա, ալելուիա՜»:

   Ընկերը պատասխանեց.

      «Պոչն էրկեն ա անիրավին,

      Չի պարտկվի մեք տոպրակին.

      Ալելուիա, ալելուիա՞՛»։

   Աբեղան շարունակեց.

      «Վե՛ր առ, զա՜րկ իդա քարին,

      Պոչը կոտրե՛ անիրավին,

      Որ պարտկվի մեջ տոպրակին։

      Ալելուրա, ալելուիա »։

   «էշի ականջի» պատմությունը թեև մի քանիսի մեջ ծիծաղ շարժեց, բայց շատերի մեջ զզվանք պատճաոեց, որովհետև խաչագողը չպիտի այն աստիճան ստորացնե իրան, որ աղքատ գյուղացու խրճիթից մի կացին գողանա։ Խաչագողը պետք է մեծ որսերին հետամուտ լինի, ասեցին նրան։

   Այդ պատմությունները որքան և անհամակրությամբ լսում էի ես, բայց դարձյալ գրգռեցին իմ ինքնասիրությունը, և ես պատմեցի իմ հերոսություններից մեկը, թե ո՛րպես քավոր Պետրոսը թաքցրեց ինձ սնդուկի մեջ, և ո՛րպես ես կողոպ– տեցի հրեա սեղանավորի կրպակը։ Ես սպասում էի որ իմ քաջագործությունը կզարմացներ բոլորին։ Բայց մի խաչագող պատասխանեց ինձ ծիծաղելով.

   - Դա մի հասարակ խաղ է, որ ամենքս խաղացել ենք։ Բայց ես կպատմեմ դրա նման մի բան, որ դուք գուցե լսած ևս չեք։ Նա պատմեց.

   «Հարավային Ֆրանսիայի քաղաքներից մեկում մենք մտանք մի եկեղեցի։ Այդ քաղաքի կաթոլիկ ժողովուրդը կրոնամոլ էր, որ կարծես ապրում էին և գործում էին միմյանց եկեղեցու համար։ Քահանաները հոգու փրկության անունով առել էին ժողովրդի հարստությունը և նրանով զարդարել էին իրանց տաճարները։ Արծաթյա խաչերը, աշտանակները և զանազան սուրբ անոթները թիվ և չափ չունեին։ Մենք երեք ընկեր էինք, մտածեցինք, թե ի՞նչ հնար գործ դնենք, որ այդ հարստությունից մի լավ բաժին վեր առնենք։ Մեր ընկերներից մեկին ձևացրինք մեռած, դրեցինք դագաղի մեջ և տարանք եկեղեցին։ Այդ քաղաքում սովորություն կար, որ մի գիշեր մեռելը պետք է մնար եկեղեցում։ Գիշերը մեր մեռելը հարություն է առնում իր դագաղից և հավաքում է իր մոտ խաչերից և անոթներից ո՛րը ավելի թանկագին էր։ Մյուս օրը մենք վեր առեցինք դագաղը տարանք թաղելու։ Այդ քաղաքում գետն ի պակասության պատճառով աղքատ և պանդուխտ նընջեցյալներին տեղ չէին տալիս հասարակաց գերեզմանատնում, այլ դնում էին աոանձին դամբարանի մեջ, որ հատկապես աղքատների համար պատրաստված էր։ Անկերիս դագաղը դրվեցավ նույն տեղը, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ստորերկրյա մթին այր։ Բայց նա երկար չմնաց ննջեցյալների ամբարում, հենց աոաջին գիշերը դուրս եկավ դագաղից, իր հետ բերելով և իր կողոպուտը, հասկանալի է, որ մենք ևս օգնեցինք նրան այգ վերջին հարության մեջ»։

   - Երևի այն օրից սկսեցին մեզ կոչել «խաչագող», որովհետև դուք կողոպտեցիք սուրբ տաճարի խաչերը, -նկատեց մեկը։

   Բոլորը ծիծաղեցին։

   Քավոր Պետրոսը, որպես միշտ սովորություն ուներ այսպիսի խոսակցությունների ժամանակ, լուռ էր։ Նա երևի ավելի ուրիշ բաների վրա էր մտածում, քան թե լսում էր։ Նա չէր սիրում, երբ մարդիկ պարծենում էին նրա մոտ։ Նա իր մեծագործությունների մեջ խիստ համեստ էր...

   Ընթրիքը վերջացավ մեր կենաց համար առաջարկված բաժակներով։ Բոլորը հայտնեցին իրանց ուրախությունը, որ բախտ ունեցան ընդունելու մեզ իրանց ընկերության մեջ...

Գ

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ

   Երբ առաջ լսում էի այդպիսի խոսակցություններ, ես ոգևորվում էի, իմ սիրտը լցվում էր կատաղի նախանձով, իմ եռանդն ավելի և ավելի բորբոքվում էր, և ես մտածում էի. «Ե՞րբ կլինի, որ ես էլ պարծենալով պատմեմ իմ քաջագործությունները»... Իսկ այժմ ինչո՞ւ այդպես սառեց իմ սիրտը, ինչո՞ւ այդպես անզգայացավ նա։ Այլևս ինձ չէր գրավում խաչագողի փառքը, այլևս ես չէի հրապուրվում չար գործի քաղցր մոլորությունով։ Կարծես թե իմ զորությունը թուլացել էր, կարծես թե իմ մեջ հանգել էր այն կրակը, որի առաջին վառողը եղավ մի երևելի չարագործ... Ինձ տիրել էր մի տեսակ վհատություն, մի տեսակ հիվանդոտ ձանձրույթ։ Ես փախչում էի գործից, փախչում էի աշխատանքից...

   Որտեղի՞ց ծագեց այդ փոփոխությունը։

   Ես ինքս չգիտեի, բացատրել չէի կարողանում, միայն զգում էի, որ իմ մեջ դեռ մնացել էր աշխույժ եռանդ, բայց ոչ դեպի խաչագողի գործունեությունը։ Ես բոլորովին ոգով ընկած չէի։ Իմ սիրտը լցված էր ինչ- Որ բանով, որը հետզհետե այնքան աճում էր, ընդարձակվում էր, որ արտաքսվում էր այնտեղից բոլորը, ինչ որ առաջուց մտցրել էր քավոր Պետրոսի սոսկալի դաստիարակությունը... Բայց ի՞նչ էր այդ՝ ինքս էլ չէի հասկանում։

   Երբ առաջ ինձ աջողվոլմ էր կատարել մի եղեռնագործությունք որքան սարսափելի լիներ նա, որքան խաոնված լիներ արյունով, այնքան ավելի բերկրություն էր բերում ինձ: Իսկ այն օրից, երբ սպանեցի այն չարագործին և ազատեցի Նենեին, զգում էի, որ այդ սպանությունը այն չէր, ինչ որ ինձ շատ անգամ պատահել էր գործել։ Առաջինների զվարճությունը րոպեական էր, շուտով անցնում էր, իսկ այդ վերջին ուրախոլթյունը քաղցր էր և տևողական։ Ես սպանելով՝ ազատել էի մի անմեղի կյանքը...

   Առաջ ինչ որ անում էի, դարձյալ ուզում էի անել, չէի կշտանում, ոչ մի բանի մեջ բավականություն չէի գտնում։ Կարծես թե սիտս միշտ և միշտ դատարկ էր մնում։ Իսկ այժմ զգում էի, որ ավելի ուրախ եմ, սիրտս հանգիստ էր և գոհ, որպես թե, նա լիացած լիներ անսահման երջանկությամբ...

   Ո՞րտեղից ծագեց այդ փոփոխությունը։

   Երբ խաչագողները քնեցին, ես ամբողջ գիշեր քնել չկարողացա։ Իմ աչքերի առջևն էր Նենեն, նրա պատկերը ինձանից չէր հեռանում, միշտ նրան էի տեսնում և նրա մասին մտածում։ Ի նչ էր, որ իմ սիրտը կապեց այդ թշվառ աղջկա հետ։ Մարդու հոգեբանական գաղտնիքները դեռ անհասկանալի էին ինձ։ Ես Նենեի վերաբերմամբ ունեցած իր զգացմունքը բացատրում էի խիստ պարզ ու հասարակ պատճառներով, թե կյանքի մեջ մարդ իր արդյունաբերությունը ավելի է սիրում, ինչպես նա խիստ ախորժակով է ուտում այն երեի մսից, որ ինքն է որսացել, իսկ բազարից գնածը այն համը չունի։ Մարդ խնայողությամբ է ծախսում այն արծաթը, որ իր քրտինքի վաստակն է ,իսկ ժառանգական հարստության հետ շատ անգամ շռայլաբար է վարվում։ Այնպես էլ քաղցր է մարդուս համար իր ձեռքով տնկած, հասցրած ծառի պտուղը։ Արդյոք այդ համեմատությունները ճի՞շտ էին, դրանցով կարելի" էր բացատրրել Նենեի վերաբերությամբ ունեցած իմ զգացմունքը...

   Կյանքն ամեն բան սովորեցնում է մարդուն, իսկ դեպքերը նրա վարժապետն են դառնում։ Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, կողոպտել, հափշտակել, մի խոսքով, ուրիշին պատկանածը իրան սեփականացնելու համար չխնայել ՚ ոչ մի միջոց։ Ավազակությունը ամենամեծ զվարճությունն էր փնձհամար, որի մեջ ես զգում էի բախտի քաղցրությունը։ Ուրախություն էր պատճառում ինձ առանց քրտինքի պարպել ուրիշի քսակը։ Բայց այն օրից, երբ ես իմ քսակը առաջարկեցի ծերոլնի ձկնորսին և խնդրեցի նրանից պահել, պահպանեք Նենեին, այդ օրից ես վայելում էի մի ավելի մեծ բավականություն, որ երբեք ճաշակած չէի։

   Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, բայց Նենեն սովորեցրեց սիրել, բարիք գործել։

   Որքա՜ն գեղեցիկ բան է սերը։

   Ես Սառային էլ էի սիրում, այժմ նույնպես սիրում եմ մանկության բարեկամին։ Բայց հանգամանքները բաժանեցին մեզ, տարիները ահագին անդունդ փորեցին մեր մեջ. մենք անջատվեցանք։ Ո՜րքան ժամանակ էր, որ չէի տեսել նրան, այժմ իմ հիշողության մեջ մնացել էր նրա մռայլ պատկերը միայն, թեև սրտիս մեջ տակավին չէր հանգել նրա սերը։ Սառան ինձ երևում էր այն բանի նման, որպես երեխային երազումը կտային մի խաղալիք, և նա կուրախանար, բայց հենց որ զարթնում է քնից, սկսում է տխրել, որ այն խաղալիքը այլևս չունի...

   Առավոտյան խաչագողները զարթնեցան խիստ վաղ։ Որպես գործի մարդիկ, դեռ արևը չծագած, նրանք ոտքի վրա էին։ Մի քանիսը վեր առին կացինները, գնացին անտառը, փայտ կտրելու և ածուխ պատրաստելու, իսկ Նազարը, նրանց գլխավորը, մնաց խրճիթում իր երկու բանվորների հետ։

   Ինձ երևում էր, որ նրանք խիստ ուրախ էին քավոր Պետրոսի հայտնվելով, և հարգում էին նրան, որպես իրանց պատրիարքին։ Իսկ ինձ դեռ մարդու տեղ չէին դնում, ինձ վրա նայում էին որպես մի անփորձ համբակի վրա։ Նազարը մեզ ցույց տվեց իրանց ստորերկրյա վիրապը, այնտեղ էր նրանց գործարանը։ Կեղծ թղթադրամը ահագին կապոցներով դարսված էր զանազան խորշերում։ Մեքենաները, մամուլները, ներկերը բոլորովին շլացրին իմ աչքերը։ Նազարը, գործարանի կառավարիչը, որ երկար ժամանակ Լոնդոնում սովորել էր այդ արհեստը և այդ բոլոր պարագայքը բերել էր այնտեղից, մի աո մի ցույց էր տալիս մեզ իր պատրաստությունները և նրանց գործածության ձևերը։ Իսկ այնօր չէին բանում, որովհետև գլխավոր մեքենապետը, որը մի հրեա էր, գնացել էր քաղաքը մի մեքենայի խանգարված մասը շինել տալու համար։ Հրեան միևնույն ժամանակ փորագրիչ էր, ընկերության մեջ դա էր միայն, որ օտարազգի էր։

   Քավոր Պետրոսը արեց մի քանի նկատողություններ, հետո հարցրեց, թե ի՞նչպես էին ծախսում այդ թղթերը։ Նազարը պատասխանեց, թե թղթերը ծախսելու համար ընտրել են կայսերության ամենախուլ կողմերը, ուր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ է, ասաց, որ զանազան տեղերում ունեն գործակատարներ, որոնք փոխարինում են թղթերը գյուղացիների հետ, ստանալով նրանցից հում բերքեր, որպիսին են ալյուր, քաթան, կամ տնային անասուններ և այլն։ Այդ մթերքը վաճառվում է քաղաքներում։

   - Այդ ես տեսնում եմ, որ դուք գործ ունեք միայն գյուղացիների հետ, - Ասաց քավոր Պետրոսը, - դրա համար էլ ձեր թղթերը մանր տեսակներից են։ Բայց պետք է ընդարձակել գործը։

   Թե ի՛նչպես պետք էր ընդարձակել, այդ մասին քավոր Պետրոսը ոչինչ չհայտնեց։ Նա առհասարակ սովորություն ուներ իսկույն չհայտնել իր միտքը։ Բայց նրա նկատողությունը ճիշտ էր, թղթերի տեսակները հասնում էին մինչև տասն ռուբլիանոցի միայն, որովհետև նրանք գործ ունեին մանր առևտրականների հետ։

   Խաչագողները հենց նույն օրից ընդունեցին մեզ իրանց ընկերության մեջ։ Եվ որովհետև բոլորի պաշտոնները որոշված էին, քավոր Պետրոսին, որպես հմուտ և փորձված մարդ, կարգեցին ընկերության տեսուչ։ Իսկ ինձ, դեռ մանուկ և անվարժ համարելով, պարապմունք տվեցին ածխագործների մասում։ Իմ զորեղ բազուկները ավելի հարմար էին փայտ կտրելու համար։ Ես գոհ եղա այդ պաշտոնով, որովհետև մտածում էի, որ դա միջոց կտա ինձ բացակա լինել նրանց բնակարանից և անտառը գնալու պատրվակով շուտ-շուտ տեսնվել Նենեի հետ։ Իմանալով, որ ես միևնույն ժամանակ լավ որսորդ եմ, նրանք հանձնեցին ինձ և այդ պարապմունքը։ Մարդկային բնակություններից հեռու գտնվելով, նրանք խիստ հազիվ անգամ կարողանում էին միս գնել և ապրում էին ըստ մեծի մասին որսի մսով։

   Հետևյալ օրից ես մտա պաշտոնիս մեջ։ Վաղ առավոտյան առա ինձ հետ մի հրացան, մի որսորդական շուն և ճանապարհ ընկա։ Ա խ, ո՛րքան ուրախ էի, ո՛րքան շտապում էի։ Երկու օր էր, որ չէի տեսել Նենեին։ Ես խոստացել էի ամեն օր այցելել նրան։ Այժմ ո՛րքան անհանգիստ կլիներ նա, ինձ չտեսնելով, և ո՛րքան կուրախանար, երբ կրկին կտեսներ ինձ, ճանապարհին միշտ այդ էի մտածում։

   Դեռ ձկնորսի տնակին չհասած, ծովի ափի մոտ հանդիպեց ինձ պառավը, որ ապրում էր ձկնորսի հետ։

   - Որդիւ- Ասաց նա մի առանձին ցավակցական եղանակով,– այղ ի՞նչ արեցիք մեզ հետ. այն աղջիկը ցավով լցրեց մեր սիրտը...

   - Ի՞նչ կա, - Հարցրի ես սարսափելով, - Հիվա՞նդ է... մեռե՞լ է... ի՞նչ է պատահել։

   - Չէ, զավակս, աստված մի՛ արասցե, որ այդպես բան լինի, - պատասխանեց պառավը այժմ ավելի հանգիստ կերպով։ - Նա այնքան լավ աղջիկ է, որ ես կցանկանայի, որ իմ աչքերը կուրանային, բայց նրան մի չար չհանդիպեր։ Նա այնքան բարի է, այնքան սիրուն է։

   - Ապա ի՞նչ է պատահել, - Հարցրի ես անհամբերությամբ։ - Ասացեք, ինչո՞ւ եք ծածկում։

   - Հիվանդ ասես, հիվանդ չէ, որդի, բայց ամբողջ գիշեր չէ քնում, հենց ա՜խ ու վա՜խ է քաշում և լաց լինում։ Ի՛նչն է այդպես տանջում խեղճ աղջկան, աստված գիտե, բայց միշտ տխուր է և տխուր, պատառ հաց բերանը չէ գնում։ Պատահում է, կա՛մ կատուն է անցնում դռան մոտով, կա՛մ թռչունն է թռչում, կամ տերևն է շարժվում, նա իսկույն դուրս է վազում, ժամերով նստում է դռան մոտ, նայում է և նայում դեպի ճանապարհը, կարծես, մեկին սպասում է։

   Մինչ ես պառավի հետ խոսում էի, հանկարծ հայտնվեցավ Նենեն. նա երեխայի պես քաշ ընկավ իմ պարանոցից և երկար բաց չէր թողնում։

   - Ինչո՞ւ ինձ խաբեցիր, - Հարցրեց նա։

   - Տեսնում ես, որ եկա, - պատասխանեցի ես։

   - Այդպես ուշ։ Ա՜խ, որքան ես լաց եղա...

   - Ինչո՞ւ էիր լաց լինում։

   - Կարծում էի, որ դու էլ չես գա ինձ մոտ։

   Մենք մոտեցանք խրճիթին։ Նենեն նայեց իմ որսորդական հագուստի ու զենքերի վրա և ուրախացավ։

   - Դու հրացան էլ ունես, ես էլ չեմ վախենա...

   - Ո՞ւմից պետք է վախենաս։

   - Ա՜խ, այն ավազակները... Դարձյալ մտաբերեց չարագործներին։

   - Մոռացի՛ր նրանց, Նենե։ Նրանք քեզ է՛լ ոչինչ չեն կարող անել։

   Այդ գազանների վարմունքը այնպիսի վատ տպավորություն էր թողել խեղճ աղջկա վրա, որ նա առանց սարսափելու չէր կարողանում մտաբերել նրանց։ Ես միշտ աշխատում էի հեռացնել նրանից այդ հիշողությունը, մանավանդ երբ տեսնում էի, որ նա ամբողջ մարմնով դողում էր և գունաթափվում էր նրանց միտ բերելու ժամանակ։

   Նենեն սկսեց փայփայել իմ որսորդական շանը, որ խիստ մտերմաբար քծնում էր նրա չորս կողմով։

   - Այդ շունը քո՞նն է, - Հարցրեց նա։

   - Իմն է։

   - Ո՜քքան լավ շուն է, նա կծում է, այնպես չէ", ումը որ ցույց տալու լինես, կկծե ։

   - Կխեղդե, եթե ես հրամայեմ։

   - Նա քեզ սիրում է։ Ասա թող ինձ էլ սիրե։ Գնանք խրճիթը, ես նրան կկերակրեմ։ Ինչպե՞ս է անունը։

   - Մուխթար։

   Նենեն սկսեց կանչել շանը իր անունով և տարավ դեպի խրճիթը, որը մի քանի քայլով միայն հեռու էր մեզանից։ Մենք ներս մտանք, ծերունի ձկնորսին տանը չգտանք, նա գնացել էր ծովի ափի մոտ ձուկ որսալու։ Ես նստեցի ճյուղերից հյուսած մահճակալի վրա։ Նենեն իմ մոտից չէր հեռանում։ Նա երեխայի նման ձեռքը դրել էր իմ ուսի վրա, նայում էր իմ երեսին և. շարունակ խոսում էր առանց լռելու։

   - Դու երևի նախաճաշիկ չես արել, սոված կլինես, - Հարցրեց նա, - ես քեզ համար ուտելու մի բան կպատրաստեմ: Տես, այդ ելակները ես եմ քաղել անտառից, պահեցի քեզ համար։ Դու խո սիրո՞ւմ ես ելակներ։

   - Ես քեզ պատվիրեցի, որ անտառը չգնաս, Նենե։

   - Հեռու չեմ գնացել, նայի՛ր, այդ մոտիկ տեղից քաղեցի։ - Նա վազեց դեպի լուսամուտը, սկսեց ցույց տալ ինձ։

   - Ոչ, այնտեղ էլ չպիտի գնաս։

   - Դրանից հետո չեմ գնա։

   Նենեն կազմեց մի պարզ նախաճաշիկ, որ պատրաստված էր տապակած ձկներից և անտառային բանջարներից։ Սեղանի վրա նա ասաց ինձ,

   - Ա՜խ, որքան լավ մարդիկ են այդ ձկնորսները, ես հիմա շատ եմ սիրում նրանց։ Պառավը ինձ իր մոտ է պառկեցնում և գիշերը տասն անգամ նայում է, որ չբացվեմ, չմրսեմ։ Ծովից գիշերը սաստիկ քամի է փչում, ցուրտ է լինում։ Ես հիմա ծերունի ձկնորսին «պապա» եմ կոչում, նա ինձ շատ է սիրում, երեկ համբուրեց ինձ, ասաց «զավակս»։

   Նախաճաշիկից հետո ես պատրաստվեցա հեռանալու։ Ւմ որսորդության առաջին օրն էր, պետք էր աշխատել մի բան որսալ, որ ընկերներիս մոտ ամոթով չմնայի։ Նենեն հարցրեց,

   - Դու էլի՞ գնում ես։ Ո՜ւր ես գնում։

   - Անտառը, մի բան որսալու։

   - Ես էլ կգամ քեզ հետ։

   Հանկարծ մտաբերեց իմ պատվերը և խոսքը փոխեց,

   - Չէ։ ես չեմ գա. դու ասացիր, որ անտառը չգնամ»

   - Հա, այսպես, սիրելիս, զգույշ եղի՛ր, որ այն ավազակներին կրկին չհանդիպես, նրանք չպիտի տեսնեն քեզ, հասկանո՞ւմ ես։

   - Հասկանում եմ։ րայց դու շո՞ւտ կվերադառնաս։

   - Երեկոյան։ Ամբողջ գիշերը քեզ մոտ կմնամ։ Նա ուրախացավ և մի առանձին զգացմունքով խնդրեց ինձանից,

   - Թույլ տուր մինչև այն ծառը գամ քեզ ճանապարհ գցելու, տե ս, մինչև այն եղևնին շատ հեռու չէ։

   - Մինչև այն եղևնին կարող ես գալ։

   Նենեն եկավ ինձ հետ քսան քայլ միայն, որովհետև այդ- քան էր ցույց տված ծառի հեռավորությունը։ Նա գրկեց ինձ և դարձյալ արտասուքը աչքերում աղաչում էր, որ շուտ վերադառնամ նրա մոտ։ Խե ղճ՜աղջիկ, ո՛բքան ջերմ էր նրա մեջ սերը, դեռ մաքուր, բարեկամական սերը։ Ես հեռացա։ Պառավը իմ ետևից ձայն տվեց.

   - Չթողնես Նենեին մենակ, նա մեգ հանգստություն չի տա...

Դ

ԿՈՐԱԾ ՀԱՅՐ

   Իմ այն օրվա որսորդությունը անցավ հաջող կերպով, ես սպանեցի մի նորահաս եղջերու և մի քանի հատ վայրենի աղավնիներ։ Բայց քավոր Պետրոսի մոտ չվերադարձա, որովհետև Նենեին խոստացել էի այն գիշերը անցկացնել ձկնորսի խրճիթում։ Ընկերներս իմ մասին անհանգիստ չէին լինի, որովհետև կմտածեին, թե որս չգտնելու պատճառով ես մնացել էի անտառում։ Բացի դրանից, ընկերության մեջ ես փայտ կտրողների և ածուխ պատրաստողների բաժնումն էի. իմ պաշտոնակիցները ըստ մեծի մասին գիշերները անց էին կացնում բացօթյա, անտառի մեջ, ածուխի խարույկների մոտ, մանավանդ որ ամառ էր, եղանակը տաք էր։

   Արեգակը դեռ նոր սկսել էր թեքվել դեպի իր գիշերային մուտքը, երբ ես վերադարձա ձկնորսի խրճիթը։ ճանապարհին մտածում էի, թե Նենեն շատ կուրախանա, երբ կտեսնե իմ որսերը։ Նա նստած էր խրճիթի դռանը, սպասում էր ինձ։ Երբ. հեռվից տեսավ, մինչև եղևնի ծառի մոտ վազեց իմ առաջը։ Այղ ծառը նրա սահմանն էր։

   Նա նկատեց եղջերուին, որ քաշ էր ընկած իմ ուսից, և աղավնիները, որ դրած էին իմ որսորդական մախաղի մեջ։

   - Ա՜խ, ինչո՞ւ սպանեցիր դրան, - Ասաց նա ցավալի ձայնով.- խե՜ղճ եղջերու, ով գիտե, գուցե մայր ունի... հիմա լաց է լինում դրա մայրը...

   - Եղջերուն լաց չէ լինում, Նենե, - պատասխանեցի ես, հանգստացնելով նրան։

   - Ինչպե՞ս լաց չէ լինում, չէ՞ որ նա էլ աչքեր ունի,– ասաց նա և սկսեց վեր բարձրացնել իմ սպանած եղջերուի գլուխը և նայել աչքերին։

   - Դրա աչքերը խփած են, դա մեռել է.... - Ասաց նա սոսկալով և ետ քաշվեցավ, - Դրանից հետո էլ չես սպանի, այդպես չէ՞։

   - Ապա ի՞նչ որսամ։

   - Գայլեր սպանիր, նրանք այնպես չար են, որպես այն ավազակները... Ա՜խ, էլի մտքիս եկան անիրավները... դու ասեցիր, որ մոռանամ նրանց...

   - Հա՛, սիրելիս, մոռացիր նրանց...

   Մենք մտանք խրճիթը։ Պառավը դեռ նոր էր վառել ճրագը։ Ծերունի ձկնորսը վերադարձել էր ծովի ափից։ Նա այս երեկո ավելի լավ տրամադրության մեջ էր գտնվում, թեք էր ընկած ճյուղերից հյուսած մահճակալի վրա և մի առանձին բավականությամբ ծխում էր։ Երևում էր, ծովի վրա նրա որսորդությունն էլ հաջող էր անցել։ Երբ տեսավ ինձ, գլուխը վեր բարձրացրեց և, առանց շարժվելու իր տեղից, խիստ ջերմ բարեսրտությամբ ողջունեց։ Ես նստեցի նրա մոտ, իսկ Նենեն տեղավորվեցավ իմ կողքին։ Նա դարձյալ առանց լռելու խոսում էր, միշտ նոր և նոր հարցեր էր առաջարկում։ Իսկ ծերունին լսելով նրա անմեղ հետաքրքրությունը, ժպտում էր, ուրախանում էր։ Նա ասաց.

   - Եթե Նենեի լեզուն կապես, աչքերով կխոսի, եթե աչքերը փակես, ձեռներով կխոսի։ Ամեն ինչ դրա մոտ խոսում է։

   - Այսպիսի կրակոտ բնավորությունները չեն կարող լուռ մնալ, - պատասխանեցի ես։

   Նենեն գլուխը քաշ գցեց և, իրան վիրավորված ձևացնելով։ ասաց,

   - Ես էլ չեմ խոսի։

   - Լավ, տեսնենք, - Ասաց ծերունին, - կարո՞ղ ես համբերել առանց խոսելու։

   Նա մի քանի րոպե լուռ մնաց, հետո սկսեց ծիծաղել։

   - Չեմ կարող, չեմ կարող, - Բացականչեց և վազեց ծերունու մոտ։

   Ծերունին գրկեց նրան և սկսեց իր կոշտացած ձեռքով փայփայել նրա սև գիսակները։

   Պառավը զբաղված էր ընթրիքի պատրաստությունով։ Նենեն թողեց մեզ, գնաց նրան օգնելու։ Նա արդեն այն աստիճան ընտանիացել էր այդ տան մեջ, կարծես թե այնտեղ էր ծնված և այնտեղ էր սնված։ Նա գիտեր ի՛նչ բան ի՜նչ տեղ էր գրած, գիտեր տան բոլոր ծակուծուկը։

   Անտառների խուլ առանձնության մեջ, ծովի ափի մոտ, ձկնորսի անշուք խրճիթը, լուսավորված յուղային ճրագով, մի գեղեցիկ տեսարան էր ներկայացնում։ Թեև ամեն ինչ նրանում կրում էր իր վրա խորին չքավորության կնիքը, բայց գոհությունը և խաղաղությունը թագավորում էր բոլորի վրա։ Այդ բարի ձկնորսները երջանի՜կ էին. երջանի՜կ էին, որովհետև ոչինչ չունեին և ունենալու ցանկություն ևս չունեին։ Ի՞նչ ավելի մեծ հարստություն կարող էր լինել, քան թե այն, երբ մարդ իր ունեցածովը գոհ է։

   Այդ մտածությունները զարթեցրին իմ մեջ իմ անցյալի սարսափելի հիշողությունները և երևան հանեցին սոսկալի պատկերներ։ Ես արյունոտ ձեռքերով քանի-քանի՜ տարիներ շարունակ անդադար ոսկու ամբարներ էի դիզում, բայց իմ անհագ սիրտը ոչինչ բանից գոհանալ չէր կարողանում։ Ես մնում էի միշտ աղքատ, միշտ թշվառ, որովհետև ունեցածովս չէի բավականանում։

   Ծերունին, այն անտառների պատրիարքը, կլիներ ոչ ավելի քան հիսուն տարեկան, բայց նրա երկաթի կազմվածքը կորցրել էր իր ամրությունը։ Նա ծերացել էր ավելի վաղ, քան թե ներում էր նրա հասակը։ Երևում էր, որ նա իր կյանքում շատ դժբախտությունների էր հանդիպել, շատ տանջանքներ էր կրել, որոնց հետքերը դեռ մնում էին նրա տխրամած ճակատի վրա։ Առանձնության մեջ, հեռո՛ւ աշխարհից, բնակվելով լայնատարած ծովի ափի մոտ, երևի նրա ալիքների մեջ նա կամեցել էր թափել իր անցյալ կյանքի դառնությունները։

   Բայց ինչ որ ավելի էր ինձ զարմացնում, դա էր նրա արտասանությունը։ Մենք խոսում էին ռուսաց լեզվով։ Ես այդ լեզվով այնքան վարժ էի խոսում, որ ոչ ոք չէր կարող կասկռւծել, որ ես ռուս չեմ։ Բայց նրա ի՛նչ ազգից լինելը դեռ ես չդիտեի* նրա արտասանությունը ինձ բոլորովին խորթ էր թվում։ Նույն կասկածը, որպես ես նկատում էի, ուներ ծերունին և իմ վերաբերմամբ։ Իմ վարժ խոսելը չէր կարող նրան համոզեի թե ես ռուս եմ։ Ւմ դեմքը, իմ գծագրությունը, իմ սև մազերը բոլորովին հակառակ վկայություն էին տալիս իմ մասին։

   Ընթրիքը արդեն պատրաստ էր. մենք բոլորեցինք սեզանի շուրջը. Նենեն նստեց իմ մոտ, իսկ պառավը նստեց ծերունռւ մոտ։ Իմ որսորդական սրվակի մեջ մնացել էր բավական արաղ, ես տվեցի ծերունուն, նա խմեց։ Սառած ուղեղը տաքացավ, նա սկսեց ավելի և ավելի կենդանանալ։ Բայց բոլորովին առասպելական մի երևույթ էր ներկայացնում այդ ծածկամիտ ալևորը։ Նա իր մասին ամենևին չէր խոսում, և երբ իր վրա խոսք էր լինում, միշտ աշխատում էր խույս տալ կամ հարևանցիորեն անցնել, առանց մի որոշ միտք հայտնելու։ Բայց ես նրա երեսի խորշոմների մեջ նկատում էի մի գաղտնիք, որ ամենայն զգուշությամբ թաքցնում էր։

   Ես խմացրի նրան արաղի մնացորդը ևս։

   Սկզբում խոսակցությունը խիստ հասարակ բաների վրա էր. ծերունին խոսում էր ծովի վրա, ձկների տեսակների վրա, խոսում էր, թե ո՛րքան իր «պառավը» օգնում է իրան, չորացնում է, պատրաստում է ձկները, և ինքը տարենը մի քանի անգամ կարողանում է քաղաք գնալ, իր ձկնեղենները վաճառելու համար և այլն։ Բայց ո՞վ էր այդ պառավը, արդյոք նրա կի՞նն էր, ազգականն էր՝ այդ մասին ոչինչ չէր խոսում։

   Նենեն և պառավը շուտով հեռացան ընթրիքի սեղանից, մեր խոսակցությունը նրանց չէր զբաղեցնում։ Պառավը քաշվեցավ մի անկյունում, սկսեց նիրհել, որովհետև շատ հոգնած էր, իսկ Նենեն մոտեցավ ճրագի լույսին, սկսեց մի բան կարել։ Նրան այն օր պառավը ընծայել էր իր լավ հագուստներից մեկը, որ ինքը չէր գործածում, և Նենեն այդ հագուստը ձևում, էր, հարմարեցնում էր իր հասակին։

   Ես և ձկնորսը մնացինք մենակ։

   - Շա՞տ ժամանակ է, որ դուք այդ ծովի ափի մոտ եք բնակվում, - Հարցրի ես։

   - Ավելի քան վեց տարի։

   - Միշտ ձո՞ւկ էիք որսում։

   - Այո՛։

   - Իսկ առա՞ջ։

   - Այդ մԻ՚ հարցրու...

   Մեջ մտավ Նենեն, իր կարը բերելով ինձ ցույց տալով,

   - Տե՛ս, Մուրադ, ինչպես լավ կարեցի, այստեղ շատ լայն էր, նեղացրի, այստեղ երկայն էր, կտրեցի, այդ կոճակներն էլ պիտի փոխեմ, այն ժամանակ ավելի լավ կլինի։

   Ես գովեցի նրա աշխատությունը, նա ուրախացավ և դարձյալ գնաց նստեց ճրագի մոտ։

   Բայց Նենեի հետ խոսելու ժամանակ ես չէի նկատել, թե որպիսի խռովության մեջ էր գտնվում ծերունին, երբ նա լսեց իմ անունը՝ «Մուրադ»։

   - Մուրա՜դ.... - կրկնեց նա խորհրդավոր ձայնով և դարձավ դեպի ինձ, հարցնելով.

   - Դա ռուսի անուն չէ։ - Ապա ի նչ ազգի անուն է:

   - Այդպիսի անուն կրում են հայերը։

   - Ես էլ հայ եմ։

   - Մի՞թե.... - Ասաց նա և խորին մտածության մեջ ընկավ։

   Ոչինչ հարկ չկար առաքինի ծերունոլ մոտ թաքցնել իմ ազգությունը, ես այդ անում էի միայն այն ժամանակ, երբ պետք էր խաբել մեկին։ Բայց այդ խրճիթի մեջ վերին աստիճանի անազնվություն կլիներ, եթե ես անկեղծ չլինեի Ծերունին ավելի հետաքրքրությամբ հարցրեց,

   - Ո՞ր երկրից եք։

   - Պարսկաստանից։

   Նրա հետաքրքրությունը ավելի ևս գրգռվեցավ։

   - Ճշմարի՞տ եք ասում։ Ո՞ր գավառից։

   - Սալմաստից։

   - Ո՞ր գյուղից՛

   - Սավրա գյուղից՛

   Այժմ տիրեց նրան մի տեսակ խռովություն, մի տեսակ սոսկում, որպիսին տիրում է այն մարդկանց, որոնք անգիտությամբ ընդունում են իրենց տանը մի անծանոթ հյուր, որին սկզբում լավ մարդ էին համարում, իսկ հետո հայտնվում է, որ նա անպիտանի մեկն է։ Երևում էր, որ ծերունին տեղեկոլթյուններ ուներ Պարսկաստանի կամ Սավրայի հասարակության մասին։ Նա հարցրեց,

   - Ինչպե՞ս է ձեր հոր անունը։

   - Սաֆար։

   - Իսկ ձեր մո՞ր անունը։

   - Նազանի։

   - Ո՞ւմ աղջիկն էր ձեր մայրը։

   - Նրա հայրը կոչվում էր Բարսեղ, իսկ մոր անունը Եղիսա էր։

   Ծերունին բոլորովին գունաթափվեցավ։

   - Ինչպե՞ս էր կոչվում ձեր պապը։

   - Ալո, և մեր տոհմն նրա անունով կրում է Ալոյան ազգանունը։

   - Որդի՛ս...- գոչեց ծերունին և մարեցավ կուրծքիս վրա:

   Վերջին բառը նա արտասանեց հայերեն լեզվով։

   Ես բոլորովին ապշած էի, կարծում էի, թե տեսածս երազ էր։ Մի՞թե գա իմ հայրն էր։ Այդ ի՞նչ անակնկալ դեպք էր մի այնպիսի խուլ, մոռացված տեղում, ձկնորսի մենավոր խրճիթի մեջ գտնել նրան, որը վաղուց արդեն մեռած կամ կորած էր համարվում իր ընտանիքի համար։

   Իմ աոաջին հոգսը եղավ նրան ուշքի բերել։ Խեղճը ամբողջ կես ժամ մնաց իմ գրկում անմռունչ, լեզուն կապվեցավ, միայն աչքերը բաց էր անում, նայում էր իմ վրա, իսկ երբեմն արձակում էր խուլ հառաչանքներ և դարձյալ ուշաթափ էր լինում։

   Պառավը, որ այդ միջոցին նիրհում էր խրճիթի մի անկյունում, զարթնեց և, տեսնելով ծերունուն, սարսափելի ճիչ բարձրացրեց և սկսեց լաց լինել։ Ոչ սակավ վախեցավ և Նենեն։ Նա թողեց իր կարը, վազեց իմ մոտ և անդադար հարցնում էր. «Տեր աստված, այդ ի՞նչ պատահեց, ի՞նչ եղավ նրա հետ»։

   Ես նրանց հանգստացրի, թե վտանգ չկա, թե անվնաս ուշագնացություն է, շուտով կանցնի։

   Ես դեռ գրկած ունեի հորս ալևոր գլուխը, և անբախտ որդու ուրախության արտասուքը թրջում էր նրա ճերմակ մազերը։

   Հանկարծ նա ուշքի եկավ և, սոսկալի կատաղությամբ ինձ մի կողմ հրելով, աղաղակեց,

   - Հեռո՜ւ, անզգամ... դու խաբում ես... խաչագողները միշտ խաբում են... ի՞նչ սատանայական նպատակ քեզ իմ խրճիթը բերավ... ես չեմ ուզում տեսնել ձեր գարշելի երեսը... բավակա՜ն է ո՛րքան տանջվեցա... ո՛րքան չարիքներ կրեցի ձեր ձեռքից։ Ես չեմ հավատում... Դու իմ որդին չես... դու սուտ ես ասում... դու խաբում ես ինձ... հեռո՜ւ այստեղից...

   Նա կրկին մոտեցավ, բռնեց իմ օձիքից և աշխատում էր բռնությամբ դուրս ձգել իր խրճիթից։ Այդ միջոցին մեջ մտան Նենեն և պառավը և, գրկելով ծերոլնուն, տարան նստեցրին իր տեղը։

   Նա գլուխը քաշ գցեց, երկու ձեռքով բռնեց յուր աչքերը և արտասվախառն հեկեկանքով սկսեց ինքն իրեն խոսել.

   - Իմ Մուրադին ես չեմ տեսել... ես նրան մոր արգանդում թողեցի... այնուհետև հեռացա հայրենիքից և կրկին չվերադարձա այդ ապականված երկիրը... Երբ իմ Մուրադը ծնվեց, մայրը գրեց ինձ, «ճիշտ քեզ նման է, քո օրինակն ու պատկերն է... աջ թևքի վրա մի սև խալ ունի, ինչպես դու ունես...»

   Վերջին խոսքերը լսելու ժամանակ ես մոտեցա նրան և, աջ թևքս մերկացնելով, ցույց տվի.

   - Նայեցեք, հայր, տեսեք այն խալը, որի մասին մայրս գրել էր ձեզ։

   Նա աչքի լույսից զրկված Իսահակի նման սկսեց շոշափել իմ թևքը, նրա վրա կար մի սև խալ արծաթյա փոքրիկ դրամի մեծությամբ։

   - Մուրա՜դ... զավա՜կս.... դո՛ւ ես, դու...-ձայն արձակեց նա և գրկեց ինձ։

   Երկար նա բաց չէր թողնում ինձ իր թևքերի միջից, երկար նրա աչքերից հեղեղի նման հոսող արտասուքը թրջում էր իմ գլուխը։ Վերջը կարծես արյան հետ դուրս բխեցին նրա սրտից հետևյալ բառերը.

   - Ա՜խ, ինչպե՞ս խաբեցին ինձ...

   Ո՞վ էր խաբել նրան, ո՞ւմն էին վերաբերում նրա խոսքերը այդ մասին նա ոչինչ չխոսեց։ Ես էլ չկամեցա հարցնել, որ ավելի չգրգռեմ նրա ցավերը։ Մի այնպիսի սարսափելի տանջսւնքի հազիվ կարող էր դիմանալ նրա զառամյալ սիրտը։ Անցյալի դառն և տխուր հիշողությունները, իսկ ներկայի անակնկալ ուրախությունը միօրինակ տանջում էին նրան։ Ես չկամեցա ավելի վրդովել նրա բորբոքված զգացմունքները, թող տվի, մինչև առավոտյան ամեն ինչ կպարզվեր։

   Նենեն և պառավը զարմացած նայում էին մեզ վրա։ Մեր բոլոր խոսակցությունից նրանք ոչինչ չհասկացան, որովհետև մենք խոսում էինք մեր մայրենի լեզվով։ Նրանք կա՛մ լաց էին լինում, երբ տեսնում էին մեր արտասուքը, կա՛մ ուրախանում էին, երբ նկատում էին մեր ուրախությունը։

   Գիշերից բավական անցել էր, երբ պառավը իմ օգնությամբ ծերունուն իր անկողն ի մեջ դրեց։ Բայց նա չկարողացավ հանգիստ քնել։ Ամբողջ գիշերը անցկացրեց զառանցության մեջ. միշտ ա՜խ էր քաշում, արձակում էր դառն հառաչանքներ և լռում էր։ Իսկ շատ անգամ ես լսում էի միևույն խոսքերը. «Ա խ, ինչպես խաբվեցա ես»։

   Ես նստած էի նրա անկողնի մոտ և լի տխուր մտածություններով նայում էի անբախտ հոր տառապանքների վրա։ Արդյոք ի՞նչ մի դժոխային կետ կար այդ ողորմելի մարդու ճակատագրի մեջ, որ այնպես խռովեցնում էր նրան։ Ո՞վ գիտե, ինչե՜ր էին անցել նրա գլխով, ո՞վ գիտե, իր կյանքում ո՛րպիսի դառն արկածների էր հանդիպել նա, որ այնպիսի սոսկալի կերպով տանջվում էր, երբ հիշում էր դժբախտ անցյալը:

    - Երևի դուք վատ լուր հաղորդեցիք նրան, - Հարցրեց պառավը։

   - Ընդհակառակն, իմ հաղորդած լուրերը խիստ ուրախալի էին։

   - Ապա ինչո՞ւ այդպես խռովության մեջ ընկավ նա։

   - Չգիտեմ։

   - Այդպես շատ անգամ պատահում էր նրա հետ, - խոսեց պառավը։ - Երբեմն ամբողջ օրերով պատառ հաց բերանը չէր դնում և ոչ գնում էր ձուկն որսալու, այլ անշարժ նստած խրճիթի դռանը, ժամերով նայում էր ծովի վրա, նայում էր անցուդարձ անող նավերին ու նավակներին և մտածում էր։ Ի՞նչ էր մտածում նա, ես այդ չգիտեի, նա երբեք իր սիրտը ինձ մոտ չէր բաց անում, բայց ես շատ անգամ նկատում էի նրա աչքերում արտասուք։ Լինում էին օրեր, որ նա ուրախ էր, խոսում էր, ծիծաղում էր և մինչև անգամ հանաքներ էր անում։ Բայց հանկարծ, կարծես թե, մի չար ոգի անցավ նրա մոտով, և նա մտաբերեց մի ինչ- Որ բան, և կրկին տխուր մռայլը պատում էր նրա դեմքը, սկսում էր հառաչել, սկսում էր անիծել իր բախտը...

   Ամբողջ գիշեր մենք անքուն մնացինք։ Նենեն նույնպես չպառկեց քնելու, երբ տեսավ, որ ես նստած եմ։ Խեղճ աղջիկը չդիտեր՝ ինչո՞վ փարատեր իմ տխրությունը։ Նրան հայտնի չէր դժբախտ հոր և նույնքան դժբախտ որդու ցավալի անցյալը։ Նա չգիտեր, ո,ր մենք աշխարհի ամենաթշվառ արարածներից մեկն էինք, անտուն, անհայրենիք, հալածված դառն հանգամանքների բռնությունից, թափառում է՛ինք երկքե եոկի,ր, որպես մ՛ի արմատախիլ եղած, չռռացած բույս, որին փոթորկային հողմի անգթությունը տարուբերում է յուր կատաղի հոսանքի հետ...

   Այո՛, Նենեն չգիտեր ինչով մխիթարել ինձ։ Որդին հանդիպում էր կորած, մոռացված հորը և, փոխանակ ուրախանալու, տրտմում էր, որովհետև այդ հանդիպումը պիտի բաց աներ նրա առջև կատարված պատահարների մի սոսկալի վիհ, որ մինչև այն օր նրան անհայտ էր...

   Նենեն միայն հարցրեց ինձ.

   - Դու առաջուց ճանաչո՞ւմ էիր այդ ծերունռւն։

   - Նա իմ հայրն է, - պատասխանեցի ես։

Ե

ԳԱՂՏՆԻՔԸ ԼՈԻԾՎՈԻՄ Է

   Առավոտյան հայրս զարթնեց խիստ վաղ։ Առաջին բառը,որ արտասանեց, էր իմ անունը։ Ես իսկույն մոտեցա նրան։

   - Եկ գրկեմ քեզ, որդիս, թույլ տուր արևի լույսով մի լավ ուրախանամ քեզանով, - Ասաց նա ծնողական հոգեզմայլությամբ։

   Ես ընկա նրա գիրկը՛

   - Ա՛խ։ ինչպես խաբեցին ինձ...— դարձյալ կրկնեց նա գիշերվա խոսքը, խորին կերպով հոգվոց հանելով։

   - Դու ամբողջ գիշեր անհանգիստ էիր, հայրիկ, համարյա չքնեցիր, շատ անգամ կրկնում էիր այդ խոսքը, պատմիր, ո վ խաբեց քեզ և ի՞նչ բանում խաբեցին։

   - Անցյալը մի հիշեցրու ինձ, որդի, - պատասխանեց նա տխուր ձայնով,– դու ինձ այն ասա՛, մայրդ կենդանի՞ է։

   - Ես նրան բոլորովին առողջ թողեցի տանը և մի քանի անգամ նամակներ եմ ստացել, շատ ժամանակ չէ, որ նոր նամակ ևս ստացա, նա բոլորովին առողջ է։

   - Անիծյա՜լ լինես դու... ինչպես խաբեց ինձ...

   Նա դարձյալ հիշեց իր խաբված դրությունը։ - Իսկ քույրե՞րդ, - Հարցրեց նա։

   - Նույնպես առողջ են, մեծ քույրս մարդի է գնացել, այժմ երկու երեխա ունի, միջնակ քույրս նշանված է։

   Նրա շիջած աչքերի մեջ փայլեց ուրախության մռայլ նշույլը։ Իսկ իմ հետաքրքրությունը ավելի գրավում էր այն գաղտնիքը, թե ո՞ւմ էր անիծում հայրս, կամ ո՞վ էր խաբել նրան։ Երկար թախանձելոլց հետո վերջապես հոժարեցավ նա պատմել։

   - Գուցե մայրդ ասած կլինի, որ դեռ դու չէիր ծնված, երբ ես աղքատությունից ստիպված թողեցի հայրենի երկիրը և դիմեցի ղեպի պանդխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու։ Բացի ծանր պարտքերից, ես ոչինչ չթողեցի իմ ընտանիքի ապրուստի համար։ Մի քանի կտոր կալվածքներ ունեի, նրանք ևս պարտքերիս փոխարեն գրավ էին դրված։ Մի քանի տարի երկրե երկիր թափառում էի. բայց ոչ մի գործում հաջողություն չէի գտնում։ Հայրենիքից ստացված տեղեկությունները միշտ տխուր էին լինում և անմխիթար։ Վերջապես հասավ Պարսկաստանի սարսափելի ժանտախտի լուրը։ Այդ միջոցին հայտնվեցավ ինձ մոտ մի խաչագող, որ նոր էր եկել մեր երկրից և ուներ իր հետ մի նամակ իմ անունով։ Նա պատմեց, թե որպիսի սոսկալի կոտորած կատակեց ժանտախտը և որպես դատարկվեցավ ամբողջ երկիրը, Իսկ նա մակի մեջ ավելի մանրամասնություններ կային։ Նամակը մեր գյուղի քահանայի գրածն էր։ Նա սկսվում էր մխիթարական խոսքերով, որպես սովորաբար գրում են այն անբախտներին, որոնք կորցրել էին իրանց սիրելիներին։ Նրա մեջ կար մի երկար ցուցակ, թե մեր գյուղացիներից ո՛վ մեռավ կամ ո՛վ ազատվեցավ։ Մեռելների թվում գրած էր քո մոր, քույրերիդ և քո անունը։ Իմ ամբողջ ընտանիքը ժանտախտի զոհ էր դարձել։ Այդ անիրավը բերանացի էլ պատմեց, թե որպիսի պատուհասի ենթարկեց աստված իմ ընտանիքը, և ավելացրեց, որ իմ թողած բոլոր կայքերը պարտքերիս փոխարեն տիրեցին...

   Վերջին խոսքերի ժամանակ ծերունու ձայնը փոքր առ փոքր թուլացավ, և նա դժվարանում էր շարունակել իր պատմությունը։ Նենեն տվեց նրան մի բաժակ կաթ խմելու։ Նա փոքր- ինչ կազդոլրվեցավ և շարունակեց.

   - Այլևս ոչինչ չէր մնում, ես կորցրել էի այն բոլոր առարկաները, որ սիրելի էին ինձ, որ կապում էին իմ սիրտը իմ հայրենիքի հետ։ Այդ տեղեկությունները այնքան ծանր և սպանիչ ազդեցություն ունեցան իմ վրա, որ ես մի քանի ամբողջ ամիսներ հիվանդ պառկեցա։ Նամակաբերը չհեռացավ իմ հիվանդության մահճից և ամենայն հոգատարությամբ խնամք էր տանում իմ վրա։ Մինչև իմ առողջանալը նա բոլորովին գրավեց իմ բարեկամությունը, և ես իմ ա՛նձը շատ երախտապարտ էի համարում նրան։ Ես ընդունեցի նրան իմ մոտ, և որպես ընկեր գռրծում էինք միասին։ Ես վճռեցի այլևս չվերադառնալ մեր հայրենիքը, ուր պիտի գտնեի սիրելի կնոջ, սիրելի զավակներիս գերեզմանները միայն և իմ դատարկացած տունը, այն ևս պարտքատիրոջ ձեռքը անցած։ Ամեն ինչ իմ մեջ պիտի զարթեցներ տխուր հիշողություններ։ Հայրենիքը ատելի էր դարձել ինձ...

   Նրա ձայնը դարձյալ սկսեց դողդողալ, դարձյալ դառն զգացմունքները խեղդում էին նրան։ Նենեն տվեց նրան երկրորդ բաժակ կաթը, բայց այս անգամին չընդունեց և փոքրինչ հանգստանալուց հետո շարունակեց.

   - Ես այն ժամանակ հարուստ էի, ունեի մի քանի հազար պատրաստի ոսկիներ սնդուկի մեջ, իմ նոր ընկերը այն աստիճան գրավել էր իմ հավատարմությունը, որ ես ամեն ինչ հանձնել էի նրա ձեռքը։ Անցան մի քանի տարիներ, նա ինձանից չէր բաժանվում։ Մեր գործերը օրըստօրե լավանում էին, և օրըստօրե այդ մարդը սիրելի էր դառնում ինձ։ Բայց ի՞նչ գիտեի, որ նրա բոլոր մտերմությունը կեղծ էր, խաբեություն էր. մի գիշեր, իմ քնած ժամանակ, նա հարձակվեցավ իմ վրա, սրի մի քանի հարվածներ տալով, ես անզգա և ուշաթափ մնացի, իսկ նա, ինձ արդեն սպանված համարելով, հափշտակեց իմ ոսկիները և փախավ։ Ահա այն սպիները, որ թողեց իմ վրա այն չարագործը...

   Հայրս ցույց տվեց մի քանի խորն ընկած վերքերի նշաններ իր մարմնի վրա և շարունակեց.

   - Այդ պառավը, որ դու տեսնում ես իմ խրճիթի մեջ, ես իմ կյանքով նրան եմ պարտական։ Նա մի անբախտ այրի էր, ինձ վեր առեց իր մոտ, խնամք տարավ և առողջացրեց։

   Հորս ցավալի պատմության ժամանակ ես գտնվում էի մի տեսակ զարհուրանքի մեջ, թե ո՛րքան դժբախտությունների պատճառ է դառնում սուտը, խաբեությունը և նենգավոր մտերմությունը։ Հորս խաբված դրությունից առաջ էր եկել մեր ամբողջ ընտանիքի թշվառությունը։ Եթե նա այդ պատահարներին չհանդիպեր, եթե նա իր ժամանակին վերադարձած լիներ իր հայրենի երկիրը և իր վրա առներ յուր ընտանիքի խնամատարությունը, ես երբեք ստիպված չէի լինի ոտքս դուրս դնել իմ հոր տնից և անբարոյականության մեջ չէի ընկնի։

   - Ինչպե՞ս էր այն չարագործի անունը, - Հարցրի ես, երբ հայրս վերջացրեց իր պատմությունը։

   - Օհան, դու կարծեմ կճանաչես նրան։

   - Կարապետի որդին, ինչպե՞ս չեմ ճանաչում։

   - Հենց նա։

   Ես սառած մնացի։ Այդ անիրավը ոչ սակավ մոլորության մեջ էր գցել և՛ ինձ, և՛ իմ մորը, և՛ մեր բարեկամներին։ Ես այդ անցքը պատմեցի հորս։

   - Լսիր, հայրիկ, թե ինչպես վարվեց նա մեզ հետ, այնտեղ, Պարսկաստանում, երբ վերադարձավ պանդխտությունից։ Նա լուր բերեց, թե դու մեռած ես և իր հետ ուներ մի քանի խաչագողների նամակներ, որոնք նույնպես հաստատում էին քո մահը։ Նա բերել էր և քո ոսկյա մատանին, որի վրա փորագրված էր քո անվանական կնիքը։ Այդ հիշատակը հանձնեց նա իմ մորը։ Մորս ծանոթ էր այդ մատանին։ Մեր դրացի կնիկները համոզում էին նրան, որ թաղե մեր գերեզմանատան մեջ և քո անունով մի շիրիմ կանգնեցնե։ Բայց նա չէր հավատում մեզ հասած տեղեկություններին, նրան բավական հայտնի էին խաչագողների խաբեբայությունները։ Հետո Օհանը շատ անգամ գալիս էր մորս մոտ և իրան ցույց էր տալիս որպես մեր տան ամենալավ բարեկամը։ Վերջը նա առաջարկեց պսակվել մորս հետ, բայց մայրս մերժեց նրա առաջարկությունը։

   - Ավազա՜կ, - գոչեց հայրս ատամները կրճտացնելով, - Այստեղ հափշտակեց ոսկիներս, իսկ այնտեղ աշխատում էր խլել կնոջս...

   Մի քանի րոպե մնաց նա տխուր լռության մեջ և ապա դարձավ ինձ այդ խոսքերով.

   - Ահա այդպես են այդ չարագործները... զգուշացի՜ր, որդի, հեռու կացիր այդ մարգերից։ Նրանց համար այս աշխարհում ոչ մի սուրբ բան չկա։ Ես էլ մի ժամանակ պատկանում էի այդ փչացած, անբարոյականացած հասարակությանը... ես էլ շատ տներ եմ քանդել, շատ ընտանիքներ եմ անբախտացրել, իմ ձեռքերն էլ մաքուր չեն մնացել անմեղների արյունից... Թո՛ղ այդ խրճիթը, հեռացիր, որդի, չարագործ հորից, որովհետև աստծո անեծքը կա նրա վրա...

   Խե՜ղճ հայր, նա դեռ չգիտեր, որ որդին էլ ընկած է նույն ցեխի մեջ։ Նա հարցրեց.

   - Իսկ քեզ, որդի, ո՞ր բախտը ձգեց այս հեռավոր անկ-յունում։

   Ես համառոտ պատմեցի վարպետիս դարբնոցում պատահած անցքը, մորս՝ ինձ քավոր Պետրոսին հանձնելը, իմ գործունեությունը պանդխտության մեջ և վերջապես այն դեպքը, որ մեզ դեպի այդ անտառը բերեց և ձգեց դրամանենգների ընկերության մեջ։

   Այդ բոլորը լսելու ժամանակ թշվառ ծեքունին ավելի և ավելի սարսափում էր, մինչև նա կտրեց իմ պատմությունը, բացականչելով.

   - Անբա՜խտ որդի, դու էլ կորա՛ծ ես,– և արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա աչքերից։

   Փոքր- Ինչ հանգստանալուց հետո իր խռովությունից շարունակեց նա,

   - Լսիր, որդի, ամեն մի ապականված շրջանի ժահահոտությունը այնքան զգալի չէ լինում, երբ մարդ ապրում է նույն շրջանի մեջ, որովհետև նրա զգայարանքները սովորում են, ընտելանում են այն օդին: Իսկ երբ դրսից, մաքուր օդ շնչելուց հետո, մոտենում ես ապականված շրջանին, այն ժամանակ միայն զգում ես նրա թունավոր արտաշնչությունը։ Դու այժմ անմաքուր շրջանի, այդ փչացած հասարակության մեջ ես գտնվում և զգալ չես կարող, թե ո՛րպես քո անձը օրըստօրե վարակվում է և բարոյապես փտում է։ Միօտար ձեռք պետք է, որ քեզ դուրս քաշե նրա միջից, և այդ թող լինի հայրական փորձված ձեռքը։ Աղաչում եմ քեզ, հեռացիր այդ չարագործներից, քանի որ բոլորովին ընկած չես... քանի որ բոլորովին կորած չես...

   Նա իմ ձեռքը բռնել էր իր դողդոջուն ափերի մեջ։ Վերջին խոսքերն արտասանեց արտասուքով և ծնողական սրտի խորին ցավակցությամբ։ Ես խոստացա կատարել նրա պատվերը, բայց մտածում էի, թե ի՞նչ հնարքով պետք է բաժանվել Պետրոսից։ Այդ սարսափելի մարդը այն աստիճան կաշկանդել էր ինձ, որ նրանից անջատվելը շատ հեշտ չէր: Հայրս պատասխանեց,

   - Ես լավ եմ ճանաչում այն անիրավին... նրա մեջ գութ կամ խիղճ կոչված բաները չկան։ Ես գիտեմ նրա բոլոր արարմունքը... աշխարհի ամեն կողմերում եղել է նա և որտեղից անցել է, թողել է իր ետևից արտասուք և դժբախտություն։

   - Այսուամենայնիվ, նա ինձ հետ միշտ լավ է եղել, նա մինչև անգամ որդու պես սիրում էր ինձ։

   - Հավատում եմ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի խաչագողի համար սերը, բարեկամությունը։ Լսիր, որդի, իմ ալևոր մազերը այդ չարագործների մեջ ճերմակացան։ Նրանք չգիտեն, թե ի՛նչ է ճշմարիտ բարեկամությունը, որքան սերտ են նրանց ընկերական կապերը, որքան մտերմական են նրանց հարաբերությունները, այնքան զարհուրելի է լինում վրեժխնդրությոլնը՝ երբ ընկերը իր ընկերի մեջ նշմարում է մի ամենափոքր կասկած։ Բայց կասկածել նրանք միշտ կարող են, որովհետև ում խիղճը մաքուր չէ, նա կասկածավոր է լինում։

   Այդ բոլորը ուղիղ էր, ես առանց հորս ասելու էլ գիտեի։ Թայց ի՞նչպես հեռանալ քավոր Պետրոսից առանց նրան կասկած պատճառելու դրանումն էր գլխավոր հարցը։ Ես հարցրի

   - Ինչպե՞ս թողնեմ նրա մոտ իմ այսքան տարվա վաստակը։ Ես ունեմ մեծ հարստություն, և բոլորը նրա մոտ է»

   Նա պատասխանեց վրդովված ձայնով,

   - Ձգի՛ր այն ապականված արծաթը, նա թույնից ավելի մահաբեր է։ Խաչագողի հարստությունը մի փոսի մեջ քամուց հավաքված ցամաք տերևների նման է. փչեց հակառակ քամին, և ահա նա ցրիվ եկավ։ Ավազակը երբեք չի հարստանա, նա այսօր հարուստ է, վաղը՝ աղքատ։ Այդպես են բոլոր խաչագողները։ Շատ անգամ նրանք մեծ գումարներ են ձեռք բերում, շատ անգամ մի սև փող չունեն ծախսելու։ Որովհետև նրանք ոչ միայն սովոր չեն ազնիվ աշխատանքին, այլ նրանց ծանոթ չէ ո՛չ փողի կանոնավոր կերպով վաստակելը և ոչ նրա տնտեսաբար սպառելը։ Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը նրանց մոտ չափազանցության է հասնում և մեջտեղում մնում է միշտ ոչինչ, այսինքն աղքատություն։

   Ես ոչինչ չպատասխանեցի, հայրս շարունակեց,

   - Լսի՛ր, որդի, ով որ իր կյանքում մի որևիցե հիվանդությամբ վարակված է լինում, երկար բժշկվելուց հետո, ինքը նույն հիվանդության բժիշկն է դառնում։ Ես այդ բոլորը փորձել եմ իմ կյանքում, իմ անձի վրա։ Փախի՛ր, հեռացի՛ր այդ մարդկանցից, որպես ժանտախտից, ազատության ուրիշ հնար չկա...

   Ես հարցրի հորիցս, երբ նրանք այս աստիճան ատելի էին, ինչւ էր նա իր խրճիթը հիմնել նրանց բնակարանի մոտ։

   - Նրանք նոր են եկել, ութ ամիս չկա, որ նրանք բույն են դրել այդ անտառների մեջ։ Իսկ ես բնակվում եմ այդ ծովի ափի մոտ ավելի քան վեց տարի։ Երբ նրանք հայտնվեցան, ես պատրաստվում էի հեռանալ այստեղից, բայց հիվանդությունս արգելք եղավ։ Ես պառկած էի, ես հիվանդ էի, մի քանի շաբաթ հազիվ կլինի, որ փոքր- Ինչ հազիվ կազդուրվել եմ:

   Բայց ի՞նչը ստիպեց քեզ առանձնանալ այդ ծովի ափի մոտ։

   - Դու լսեցիր իմ պատմությունը, թե ո՛րպես խաբվեցա ՛ես, թե ո՛րպես դավաճանեց և կողոպտեց ինձ հավատարիմ ընկերը... Այն օրից ես ատեցի աշխարհը, հեռացա մարդկանցից և վճռեցի այդ մոռացված խրճիթում, աքդ ծովի ափերի մոտ անցկացնել իմ դժբախտ ծերությունը...

   Ես խոստացա բաժանվել քավոր Պետրոսից, խոստացա թողնել այն հարստությունը, որ անարդար միջոցներով էր հավաքված, և ասեցի հորս.

   - Ես ընդունում եմ քո խորհուրդը, ես այլևս չեմ վերադառնա այն մարդկանց մոտ և կմնամ այստեղ։ Բայց դու ևս, հայր, խոստացիր, որ մոլորված որդու հետ կվերադառնաս մեր հայրենիքը, կուրախացնես կարոտ մորս, կուրախացնես անտեր մնացած զավակներիդ։ .

   - Խոստանում եմ, - պատասխանեց նա։ - Ես հենց այս օրից կսկսեմ ճանապարհի պատրաստություն տեսնել։

   Այդ միջոցին Նենեն և պառավը մոտեցան մեզ։

   - Գրկիր այդ երիտասարդին, դա իմ որդին է։

   Նա ուրախությամբ սկսեց համբուրել ինձ։ Ոչ սակավ ուրախ էր և Նենեն։ Նա երեխայական հրճվանքով պտտվում էր իմ շուրջը, ծիծաղում էր, հանաքներ էր անում հորս հետ, շնորհավորում էր նրան, որ բախտ ունեցավ գտնել իր որդուն, և ասում էր.

   - Տեսա՞ր, պապա, եթե ես չլինեի, եթե Մուրադը ինձ այստեղ չբերեր, դու, կարելի է, չտեսնեիր նրան։

Զ

ԸՆԿԱ ԾՈԻՂԱԿԻ ՄԵՋ

   Ես վճռեցի երբեք չվերադառնալ քավոր Պետրոսի մոտ։ Երեք օր էր, հորս խրճիթից դուրս չէի եկել։ Ես դատապարտված էի նույն վիճակին, որպես Նենեն՝ չերևալ խաչագողներին մինչև այստեղից հեռանայինք։

   Բոլոր ժամանակը ես և հայրս զբաղված էինք ճանապարհի պատրաստություններով։ Նենեն շատ ուրախ էր, անդադար շտապեցնում էր մեզ. «Գնա՜նք, գնա՜նք, ասում էր, հեռանանք այստեղից»։ Պառավը նույնպես տխուր չէր երևում, նա շուտով հաշտվեցավ հորս հետ բաժանվելու մտքի հետ, երբ իմացավ, որ նա մի հեռու երկրռւմ կին ունի, զավակներ ունի և ցանկանում էր, որ ծերունին գնա իր ընտանիքը ուրախացնե։ Հայրս իր խրճիթը բոլոր պարագայով թողնում էր պառավին։

   Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհի համար, մնում էր գրաստներ վարձել, տեղափոխվել մինչև մերձակա քաղաքը և այնտեղից փոստային սայլակներով առաջ գնալ։ Չորրորդ օրը վաղ առավոտյան ես ուղևորվեցա դեպի մոտակա գյուղը գրաստներ վարձելու համար։

   Դուրս գալով հորս խրճիթից, զգում էի իմ մեջ մի անբացատրելի խաղաղություն, իմ սիրտը լցված էր անսահման ուրախությամբ, ես ինձ բախտավոր էի համարում և գոհ։ Կարծես թե ես ազատված լինեի խիստ ծանր շղթաներից, որ հարաժամ ճնշում էին, հարաժամ տանջում էին ինձ։ Այո , ես ազատված էի քավոր Պետրոսի կապանքներից, ազատված էի մի անբարոյական շրջանից...

   Որպես մի մարդ, որ դեռ հազիվ զգաստացել է իր կատաղի արբեցությունից, ես մտաբերում էի իմ սարսափելի անցյալը... տեսնում էի աքն խորին անդունդը, լցված ամեն տեսակ ապականություններով, ուր բարոյապես ընկած էի ես... Ո՞վ դուրս հանեց ինձ այնտեղից՝ Նենեն և հայրս։ Հայրս սովորեցրեց լինել բարի, իսկ Նենեն սովորեցրեց սիրել...

   Նախախնամության մատն էի տեսնում այդ բոլոր դեպքերի մեջ, որ առիթ տվին ինձ ազատելու Նենեի կյանքը և հանդիպելու հորս։ Թե՛ առաջինը և թե՛ վերջինը առաջնորդեցին ինձ դեպի ուղղություն։ Եթե Նենեն չլիներ, ես առիթ չէի ունենա հորս տեսնելու, իսկ եթե հորս չտեսնեի, ես գուցե միշտ կմնայի խաչագողների խմբի մեջ...

   Դեռ արևը չէր ծագել, դեռ տիրում էր վաղորդյան մռայլը։ Գնալով դեպի մոտակա գյուղը, ես իմ գլխում կազմում էի մի գեղեցիկ ծրագիր մեր ապագայի մասին։ Ես պատկերացնում էի սիրելի հայրենիքը... իմ և հորս վերադարձը... մորս և քույրերիս ուրախությունը.,, և մեր խաղաղ ու հանգիստ կյանքը հայրենական օջախի կողքում...

   Բայց ինձ տանջում էր մի ամենադժվարին հարց, թե ի՞նչ պետք էր անել Նենեի հետ։ Ես գիտեի, որ նա ինձանից չի բաժանվի, ես զգում էի, որ նրան թողնել չեմ կարող... Այդ հարցը երկար զբաղեցնում էր իմ միտքը, երկար ես տարուբերվում էի զանազան մտածությունների մեջ։ Իմ սիրային ասպարեզում միմյանց հետ մրցում էին երկու էակներ՝ Նենեն և Սառան։ Որի՞ն պետք էր ընտրել...

   Ճանապարհը, որ տանում էր դեպի մոտակա գյուզը, պետք է անցներ այն ձորի միջով, ուր գտնվում էր խաչագողների բնակարանը։ Այղ պատճառով ես որոշել էի արևածագից առաջ, առավոտյան մթության պահուն անցնել այնտեղից, որպեսզի նկատելի չլինեմ։

   Դեռ բավական մութն էր, երբ հասա այնտեղ, բայց իմ ուշադրությունը գրավեցին որոտման խուլ ձայներ, կարծես թե արձակում էին ատրճանակներից, ես կանգնեցա։ Ձայները լսվում էին ուղիղ այն կողմից, որտեղ գտնվում էր նրանց բնակարանը։ Հետաքրքրությունը մոլորեցրեց ինձ։ Ես բարձրացա մի բլուրի վրա, սկսեցի այնտեղից նայել։ Իմ առջև բացվեցավ մի հրեղեն լճակ։ Ամբողջ ձորը վառվում էր կրակի մեջ։ Հրդեհը խաչագողների բնակարանից տարածվել էր անտառի մեջ։ Ամառային տոթից ցամաքած ծառերը այրվում էին։

   Կրակի բոցերը դուրս էին հոսում խաչագողների բնակարանից և տարածում էին նրա շուրջը սարսափելի լուսավորություն։ Միլիոնները այրվում էին։ Մի կողմում ածած էին թղթերի կիսավառ կապոցները։ Հրդեհը ոչնչացնում էր կեղծ գործի կեղծ արդյունքը։

   Հրդեհի լուսավորության միջից երևում էին զինված մարդիկ, որոնք կարծես թե խուզարկություններ էին անում։ Ոմանք կալանավորված էին, շղթաների մեջ պահված էին, ոմանք փախչում էին։ Անտառի մեջ հետամուտ էին լինում, որոնում էին փախստականներին։ Մթության մեջ ընդդիմադրություններ էին կատարվում, այդ ժամանակ լսելի էր լինում ատրճանակների ձայնը։

   Ի՞նչ էր պատահել։ Ինչ էլ որ լիներ, այդ սոսկալի տեսարանը մի լավ թան չէր գուշակում։ Ես մտածեցի հեռանալ։ Այդ միջոցին լուսավորությունը ավելի տարածվեցավ, կարծես, ամբողջ հորիզոնը վառվում էր կրակի մեջ։ Այժմ միանգամից բոցավառվելով, այրվում էին չոր խոտի դեզերը, որ խաչագողները հավաքել էին իրանց ջորիների համար։ Լուսավորությունը հասնում էր մինչև այն բլուրը, որի գագաթին կանգնած էի ես, իմ պատկերը մի անշարժ արձանի նման նկարված էր բլուրի բարձրության վրա։ Ստորոտից լսելի եղավ մի ձայն,

   - Դա էլ մեր ընկերն է...

   Իսկույն վրա հասան մի քանի զինված մարդիկ և կալանավորեցին ինձ։ Եղելությունը արդեն հայտնի եղավ ինձ. ես ընկա ծուղակի մեջ...

   Խաչագողը, որ մատնեց ինձ, միևնույն անձն էր, որին կոչում էին «էշի ականջ»։ Նրան փախչելու ժամանակ ճանապարհից բռնել էին և ետ էին բերում։ Այդ մարդը հայտնի էր ամբողջ խումբի մեջ իր վատություններով։ Ես դարձա նրան, ասելով,

   - Չե՞ս ամաչում...

   - Դու պիտի ամաչես, - պատասխանեց նա լրբաբար, - Դու մատնեցիր մեզ, և կարծում էիր, թե ինքդ ազա՞տ կմնաս...

   - Ե ս մատնեցի ձեզ...

   - Այո՛, դու, ապա ո՞վ։ Դու խաբեցիր մեզ, դու հեռացար մեզանից, դու թաքնվեցար ծերունի ձկնորսի խրճիթում, որտեղ թաքցրել էիր և այն աղջկան, որին հանձնել էին քեզ սպանելու համար...

   - Այդ դու որտեղի՞ց գիտես։

   - Ես երկու ամբողջ գիշերներ խավարի միջից, ձկնորսի խրճիթի լուսամուտներից նայում էի ձեզ վրա... և այդ հրդեհը պիտի կատարվեր այնտեղ... և ձեզ բոլորիդ պիտի այրեինք կրակի մեջ... բայց դու, անպիտան, ավելի ճարպիկ գանվեցար մեզանից... մի քածի համար մատնեցիր մեզ...

   Ես ոչինչ չպատասխանեցի, ինձ ավելի ծանր էր լսել նրա հայհոյանքները և անպատիժ թողնել նրան, քան թե այն կապանքները, որ այդ րոպեում կաշկանդել էին ինձ։ Սկսեցին մեզ տանել դեպի խաչագողների բնակարանի կողմը։

   «էշի ականջի» խոսքերից երևաց, որ իմ բացակայությունը կասկածանքի մեջ էր ձգել ընկերներիս, նրանք սկսել էին որոնել ինձ և գտել էին ձկնորսի խրճիթում։ Նենեին կենդանի տեսնելը ավելի շփոթեցրել էր նրանց, մանավանդ քավոր Պետրոսին, որին ես Հավատացրել էի, թե սպանել եմ այդ աղջկան։

   «Էշի ականջին» հանձնված էր եղել գաղտնի հսկել իմ գործողությունների վրա, տեղեկություններ հավաքել, մինչև ընկերությունը կպարզեր այղ մթին և կնճռոտ հարցը և կտար իր վճիռը իմ մասին։ Բայց ես ինչո՞վ էի առիթ տվել նրանց մտածելու, թե ես եմ մատնել նրանց՝ այդ ես հասկանալ չկարողացա։

   Արեգակը իր առաջին ճառագայթները խառնեց հրդեհիբոցերի հետ, երբ մեզ հասցրին խաչագողների բնակարանիմոտ։ Երևում էր, որ իրանք, խաչագողները, կրակ էին տվելայգ բնակարանին, որպեսզի մոխրի մեջ անհետացնեն իրանց արհեստի նշանները։

   Երբ բոլորովին մոտեցա, տեսնում եմ՝ խաչագողներից մի քանիսը շղթայակապ պահվում են զինվորների ձեռքում։ Ամբողջ ձորը շրջապատված էր բազմաթիվ պահապաններով։ Այսուամենայնիվ, մի քանիսին հաջողվել էր փախչել, թեև ոստիկանությունը վրա էր հասել այն ժամանակ, երբ բոլորը դեռ քնած էին։

   Քավոր Պետրոսը նույնպես կալանավորների թվումն էր» նա խիստ անխռով կերպով կանգնած էր իր շղթաների մեջ և նույնպես հպարտ էր, որպես միշտ։ Առաջին անգամ չէր, որ նրա հետ պատահում էին այսպիսի «խաղեր»։ Նա իր կյանքում գուցե հարյուր անգամ գործ էր ունեցել ոստիկանության հետ։ Երբ տեսավ ինձ, խիստ դաժան կերպով նայեց իմ վրա և ոչինչ չխոսեց, բայց ես նրա թունավոր հայացքի մեջ կարդացի այդ խոսքերը. «Դու էլ, Մուրադ, դավաճանեցիրինձ...»:

   Խուղարկությունը անտառի մեջ տևեց մինչև կեսօր, խաչագողներից ոմանք տնակի ստորերկրյա գաղտնի ճանապարհներով դուրս էին եկել և անհետացել էին ծառերի ու թուփերի մեջ։ Նրանց գտնել չկարողացան։ Կալանավորների թիվը, բացի ինձանից, չորս հոգի էին։

   Հրդեհը արդեն բոլորովին լափել էր այն բնակարանը, որ մոտ մի տարի եղել էր կենտրոն սարսափելի չարագործությունների։ Երբ ամեն ինչ վերջացած էր, մեզ սկսեցին տանել դեպի մերձակա քաղաքը։ Մի բան, որ իմ կորստյան այն դառն ճգնաժամում մտաբերեցի ես, էր Նենեն։ Խե՜ղճ աղջիկ, դու դարձյալ մնացիր անտեր..»

   Երկյուղը և հուսահատությունը, որ այսպիսի դեպքերում տիրում են հանցավոր սրտին, ինձ բոլորովին զգալի չեղան։ Կարծես թե ես համոզված էի, թե հարկավոր էր, որ այսպես լիներ, թե այն ճանապարհը, որ ես բռնել էի, ինձ պետք է հասցներ մինչև այստեղ, թե ես պետք է պատժվեի և իմ տանջանքներով քավեի իմ գործած մեղքերը...

   Երեք օրից հետո մեզ հասցրին մերձակա քաղաքը և փակեցին բերդի մեջ։ Գիշեր էր։ Բանտի մի անկյունում, թեք ընկած հարդի վրա, հեռու իմ ընկերներից, տխուր մտածությունների մեջ տանջվում էի ես։ Հազիվհազ ինձ համար ծագեց կյանքի մի նոր առավոտ, հազիվհազ ինձ ազատված էի համարում մի անբարոյական հասարակությունից, հազիվհազ սկսվում էր ինձ համար արդար ապրուստի մի նոր եղանակ, և ահա տխուր հանգամանքները ինձ ձգեցին մի նոր դժբախտության մեջ։ Ինչո՞վ կվերջանար այղ, ես չգիտեի, բայց համոզված էի, որ ես ընդերկար պիտի բաժանված մնամ սիրելի ծնողներից, սիրելի բարեկամներից, և ես գուցե մյուս անգամ չպիտի կարողանամ տեսնել Նենեին։

   Այդ մտածությունների մեջ էի ես, երբ իմ ընկերները, բանտի մի այլ կողմում խումբով նստած, թուղթ էին խաղում, ծիծաղում էին, հանաքներ էին անում, կարծես թե իրանց տանը լինեին։ Քավոր Պետրոսը նրանց մոտ էր. նա չէր խաղում, բայց նայում էր նրանց խաղի վրա։ Նա րաժանվեցավ խմբից և մոտեցավ ինձ։

   Մի մարդու թե՛ բարոյական և թե մարմնական տգեղությունները այնքան նշմարելի չեն լինում, երբ նայում ես նրանց վրա բարեկամի աչքով։ Բայց երբ սկսեցիր ատել նրան, այն ժամանակ միայն հայտնվում է նա իր բոլոր այլանդակությամբ։ Այսպես ներկայացավ ինձ քավոր Պետրոսը, երբ մոտեցավ իր սովորական սառնությամբ։

   - Դու քեզ վա՞տ ես զգում, - Հարցրեց նա։

   - Ոչ, - պատասխանեցի ես։

   - Ապա ինչո ւ ես այդպես տխուր։

   - Բանտում ուրախ չեն լինում։

   - Այդ իրավ է, բայց տխրելն էլ թուլասրտության նշան է: Նա նստեց իմ մոտ և սկսեց զանազան խրատներ տալ։

   - Չվախենաս, Մուրադ, այդպիսի դեպքեր շատ են պատահում մեզ հետ։ Էգուց շատ կարելի է սկսվի մեր քննությունը, դու պետք է չհայտնես քո իսկական անունը, քո հայրենիքը և ի՛նչ ազգի կամ ի՞նչ դավանության պատկանելը։ Ընտրիր քեզ համար մի կեղծ անուն, ձևացրու քեզ ուրիշ ազգից և ուրիշ երկրից։ Ուրացի՛ր ինչ մեղադրանք որ կդնեն քեզ վրա. այնուհետև քո ազատվելը դժվար չի լինի։

   Ես պատասխանեցի խորին զզվանքով.

   - Որքան խաբեցի, որքան սուտ խոսեցի, բավական է։ Ես այսոլհետև պետք է ճշմարիտը խոսեմ։

   Նա սկսեց զարմացած կերպով նայել իմ երեսին։

   - Ի՞նչ է պատահել քեզ հետ, գժվե՞լ ես, ի՞նչ է։

   - Ես այժմ ավելի խելացի եմ, քան թե երբեք։

   - Դու կամենում ես կորցնե՞լ քեզ։

   - Ես այն օրից կորա, երբ սկսեցի հետևել քո խրատներին ։

   Այժմ նրա դեմքի վրա երևացին բարկության նշաններ։ Բայց շուտով անցավ բարկությունը և ցավակցական եղանակով խոսեց նա.

   - Ես չէի հավատում, Մուրադ, և հիմա էլ չեմ հավատում այն կասկածանքին, որ քո ընկերները ունեցան քո մասին, իբր թե դու, առանց որևիցե պատճառի, հեռացար նրանցից և մատնեցիր նրանց։ Բայց ես հավատում եմ մի բանի, որ այժմ քո խելքը իր տեղումը չէ, ես նկատում եմ քո մեջ խելագարության նշաններ։ Դու այլևս այն չես, ինչ որ էիր առաջ։

   - Այդ իրավ է, ես այժմ այն չեմ, ինչ որ էի առաջ, և այդ ապացույց է, որ այժմ իմ խելքը իր տեղումն է, իսկ առաջ խելագար էի։

   Նա կրկին զայրացավ, ասելով.

   - Ողորմելի՜, ո՞վ փչեց հիմա գլխումդ այդ ցնորքները։ Դու կարծում ես, որ ես այժմ չգիտե՞մ, թե ի նչպես մի թափառական աղջկա համար խաբեցիր ինձ։ Նրա սերը խելքից հանեց քեզ, և դու վճռեցիր բաժանվել քո բարերարից, որ այնքան տարի իր որդու պես սնուցել էր քեզ։ Հայց աստված պատժեց քեզ քո ապերախտության համար, քո ճանապարհը կրկին դարձրեց դեպի մեր կողմը, որ այդ բանտին, այդ շղ-թաներին մասնակից լինես և ղու։

   - Այդ բանտը, այդ շղթաները իմ հին մեղքերի համար է, - պատասխանեցի ես։ - Բայց եթե ես գործել եմ իմ կյանքում մի բարի գործ, այդ այն է, որ ես խաբեցի քեզ և չկատարեցի քո պատվերը զրկել կյանքից մի անմեղ աղջկա։

   - Որին դու սիրեցիր։

   - Այո՛։

   - Որը մեր բոլորին մատնեց։

   - Այդ սուտ է, այդ զրպարտություն է։ Նա չէ մատնել ձեզ։

   Նա պատասխանեց ինձ ավելի հանդիմանական եղանակով.

   - Ինչո՞ւ ես խաբում ինձ, դու մի քանի րոպե առաջ ասում էիր, որ այլևս սուտ չի պիտի խոսես։ Միթե քեզ հայտնի չէ , որ այն աղջիկը սպառնացել էր մատնել ամբողջ ընկերությունը, այդ պատճառով էլ վճռել էին սպանել տալ նրան։ Մի դիպվածով դու նրա կյանքը ազատեցիր և դրանով միջոց տվեցիր նրան կատարելու իր վրեժխնդրությունը։

   - Բոլորովին սխալ է ձեր ենթադրությունը, - պատասխանեցի ես։ - Զեզանից բաժանվելուց հետո, եթե դուք ինձ հանձնե՛լ էիք «էշի ականջին» լրտեսել իմ գործողությունները, այն ևս պետք է լավ հայտնի լինի ձեզ, որ այն աղջիկը ձկնորսի խրճիթից ոչ մի տեղ չի հեռացել, ուրեմն և չէր կարող մատնել ձեզ։

   - «Էշի ականջը» գտավ քեզ ձկնորսի խրճիթում քո բացակայությունից երկու օր հետո, նա չէր կարող տեղեկություններ հավաքել, թե մինչև այնօր թե դու, և թե այն աղջիկը ի՛նչպես էիք անցուցել։

   Մեր վիճաբանությունը քավոր Պետրոսի հետ տևեց երկար, ես դարձյալ չկարողացա համոզել նրան, թե Նենեն մեղավոր չէր մատնության գործի մեջ։ Հանգամանքները ինքնըստինքյան այնպես էին կազմվել, որ Նենեի կարծիքական վարմունքը հավանական էին դարձնում։ Այդ անբախտ աղջիկը ընկել էր խաչագողների ձեռքը, նրան չարչարել էին. նա սպառնացել էր, եթե իրան բաց չթողնեն, կմատնե նրանց, այդ երկյուղը առիթ էր տվել խաչագողներին սպանելու նրան, ես։ Ազատեցի նրա կյանքը, և մի քանի օրից հետո կատարվեցավ մատնությունը, խաչագողներին կալանավորեցին։ Այլևս ո՞ւմ վրա կարող էին նրանք կասկած ունենալ, եթե ոչ կա՛մ իմ, կա՛մ Նենեի վրա։ Քավոր Պետրոսը, թեև չէր հավատում, որ ես կդավաճանեի նրան, այնուամենայնիվ, նա ինձ բոլորովին արդար չէր համարում, հայտնելով նույն միտքը, որ եթե ես նրա հրամանը կատարած լինեի և Նենեին սպանած լինեի, այնուհետև այդ դժբախտությունը տեղի չէր ունենա։ Նրա բարկությանը չափ չկար, թե ինչպե՞ս ես համարձակվեցա խաբել նրան։ Բայց այդ բարկությունը մասամբ մեղմանում էր, երբ նա ի նկատի էր առնում իմ սիրահարությունը, որը նրա կարծիքով մինչև խելագարության էր հասցրել ինձ։ Բայց նա, որպես երևում էր, դեռ չգիտեր հորս հետ իմ հանդիպելը, եթե հայտնեի, գուցե կփարատեր թե նրա և թե ընկերներիս կասկածը իմ անհավատարմության մասին։ Քավոր Պետրոսը ներող էր, երբ իրավացի փաստեր էին ներկայացնում։ Բայց ես այլևս փույթ չունեի իմ անձը արդարացնելու նրա առջև։ Նա հեռացավ, հետևյալ խոսքեքը ասելով,

   - Օրենքի դատապարտությունից ավելի հեշտ է ազատվել քեզ, բայց ես չգիտեմ, ինչպե՞ս դու պիտի ազատվես քո ընկերների վրեժխնդրությունից...

   Այդ խոսքերը սարսափելի էին, սարսափելի էին ավելի այն պատճառով, որ դուրս էին գալիս մի խաչագողի բերանից։ Բայց ես լսեցի խորին արհամարհանքով, և այդ ավելի վիրավորեց նրան։ Այդ անգութ մարդը դեռ սիրում էր ինձ, թեև թաքցնում էր իր սերը, դեռ մտածում էր իմ մասին, դեռ հոգ էր տանում իմ վրա։ Ես տեսա, թե ի՛նչպես նա վշտացած կերպով հեռացավ, գնաց նստեց բանտի մի մթին անկյունում և, գլուխը քաշ գցած, տխուր մտածությունների մեջ ընկավ։ Մի՞թե նա զգում էր, որ ես նրա դաստիարակության թշվառ զոհն էի...

   Երբեք չէր պատահել, որ ես այնպիսի համարձակությամբ խոսեի քավոր Պետրոսի հետ, որպես այն գիշեր։ Կարծես թե հանցավորի կապանքները մի տեսակ ազատություն են շնորհում նրան։ Շղթաների մեջ թե՛ մեծավորը, և թե՛ ստորադրյալը հավասար իրավունք են վայելում։ Մեր վիճաբանությունը թեև խիստ տաք էր, բայց անցավ հանդարտ կերպով, այնպես, որ մեր մյուս ընկերները, որոնք զբաղված էին թղթախաղով, ոչինչ չլսեցին։ Այժմ նրանք վերջացրել էին իրանց խաղը և սկսել էին միմյանց հետ զանազան հանաքներ անել։ Ւնձ վրա ուշադրություն անգամ չէին դարձնում։ Ես խորին զզվանքով լսում էի նրանց զվարճությունները։

   - էգուց կսկսվի մեր հարսանիքը, - Ասում էր մեկը, հիշեցնելով քննության սկսվելը։

   - Տո՛, Հարո, այդ քանիերո՞րդ անգամն է, որ ոտներդ հագնում ես այդ զանգուլակները, - Հարցնում էր մի մանկահասակ խաչագող ծերունի ընկերից, ցույց տալով նրա շղթաները։

   - Սատանան գիտե, մոռացել եմ հաշիվը, - պատասխանում է ծերունին ինքնաբավական ժպիտով։

   - Դու նրանից այդ հարցրու, թե քանի՞ անգամ փախել ես «կարմիր տնից», - մեջ մտավ մի կարճահասակ խաչագող։

   «Կարմիր տունը» կոչում էին նրանք Սիբիրը։

   - Այդ հարցնելու հարկ չկա, - պատասխանեց առաջինը, - չե՞ս տեսնում, հաշիվը ճակատի վրա գրած է, երկու դրոշմ, կնշանակե երկու անգամ։

   - Այս անգամ երրորդ դրոշմը կդրվի, - պատասխանեց ծերունի Հարոն, շարունակելով իր ժպիտը.- երե՜ք դրոշմ, վատ չէ, խորհրդավոր թիվ է՛

   Այդ ժամանակ դեռ գործադրվում էր այն օրենքը, որ աքսորականների ճակատի վրա դրոշմ էին դնում։

   - Ապա դու ինչպե՞ս փախար բերդից, - Հարցրեց մեկը իր ընկերից, որին կոչում էին Զաքո։

   - Այդ ի՞նչ մի զարմանալոլ բան է, - պատասխանեց Զաքոն, -՝ շատ հեշտ կերպով։ Ինձ դրեցին բերդը։ Ընկերս, որ ավելի հանցավոր էր, քան թե ես, չբռնվեցավ։ Նա իր հագուստն ու կերպարանքը փոխեց և, իրան ձևացնելով իմ ազգական, թույլ տված օրերում գալիս էր ինձ տեսության։ Ամեն անգամ բերում էր ինձ համար սպիտակ հաց և այլ ուտելիքներ։ Վերջապես հասավ զատկի տոնը։ Այդ տոնը կալանավորների վրա թափում է իր ողորմությունը։ Բարեպաշտ մարդիկ իրանց տան պատրաստությունից նրանց համար բաժին են ուղարկում։ Այդ տոնին չմոռացվեցա և ես։ Ընկերս բերեց ինձ համար մի ամբողջ հաց և սառը փլավ։ Աքդ երկրի հա– ցերը, փառք աստծո, մեր բարակ և թափանցիկ լավաշները չեն, նրանք այնքան ահագին են, որ ամեն բան կար՛ելի է նրանց մեջ թաքցնել։ Հացի մեջ դրած էր փոքրիկ սղոց և աբրեշումի երկայն պարան։ Առաջինը բավական էր բանտի լուսամուտներից մեկի երկաթյա վանդակապատը կտրելու, իսկ երկրորդով այնտեղից ցած իջնելու։

   - Իսկ պահապանները չնկատեցի՞ն։

   - Զատկի տոնին մի՞թե կարելի է մի պահապան գտնել, որ հարբած չլինի։

   Այս տեսակ խոսակցություններ տևեցին մինչև կեսգիշեր։ Ես այլևս լսել չկարողացա։ Մի կողմից հոգնածությունը, մյուս կողմից հոգեկան տանջանքը այն աստիճան թուլացրել էին ինձ, որ երկար արթուն մնալ չկարողացա։

Է

ՆԱ ԻՆՁ ՉԹՈՂԵՑ

   Անցել էր ավելի քան մի տարի այն օրից, որ ես կալանավորվեցա, որ ես բանտում մաշվում էի։

   Հենց առաջին անգամ, երբ տարվեցա քննիչի մոտ, ես պարզ կերպով խոստովանեցա բոլորը, ինչ որ գործել էի։ Ես ոչինչ չթաքցրի, ես մինչև անգամ ցույց տվի այն բաները, որ ինձանից չէին հարցնում։ Ես միըստմիոջե պատմեցի, թե ի՜նչպես անմեղ սրտով դուրս եկա հայրենիքից, ի՛նչպես ընկա խաչագողների հասարակության մեջ, ի՜նչպես հետզհետե ընտելացա չարագործության, ինչե՛ր արեցի, ինչե՛ր կատարեցի և վերջապես ո՛րպես հորս խրատով բաժան- վեցա այդ հասարակությունից և պատրաստվում էի բոլորովին հեռանալ նրանցից, բայց հանկարծ բռնվեցա։

   Ամեն ինչ անկեղծաբար պատմելուց հետո, ես հույս ունեի, որ կարդարացնեն ինձ, տեսնելով, որ ես բոլորովին անգիտակցաբար ընկած էի այդ հանցանքների մեջ, և ի նկատի առնելով, որ ես արդեն զղջացել էի իմ մեղքերը, հասկացել էի իմ մոլորությունները և դարձել էի չար ճանապարհից։

   Բայց այնպես չեղավ, ինչպես ես սպասում էի։ Իմ անկեղծ խոստովանությունը ավելի ծանրացրեց իմ վրա իմ մեղքերը։ Ես ինքս ինձ համար վկա դարձա և հաստատեցի իմ հանցանքները։ Ւմ զղջման վրա ուշադրություն չդարձրին, մտածեցին միայն ապաշխարության մասին։

   Մի քանի ամսից հետո քաղաքի բարձր դատարանում կարդացին իմ դատապարտության վճիռը։ «Զրկել ամեն իրավունքներից, աքսորել մինչև մահ տաժանական աշխատությունների մեջ»...

   Ես շատ տխրեցա, երբ լսեցի այդ վճիռը, չներել հանցավորին, որ արդեն զղջացել էր, որ արդեն ուղղվել էր։ Բայց ո՞վ է քննում մարդու սիրտը։ Նա այնպիսի մի խորության մեջ թաքնված է, որ ամենասրատես դատավորի աչքն անգամ այնտեղ թափանցել կարող չէ։

   Իմ ընկերները նույնպես աքսորանքի դատապարտվեցան, բայց նրանք այնպես տխուր չէին, որպես ես, նրանք ավելի զայրացած էին երևում, քան թե տրտում։

   Շրջապատված զինվորներով, դատարանից կրկին տարան ինձ բանտը։ Երբ հասցրին բերդի դռանը, դեռ ներս չմտած, իմ ետևից մի ճիչ, մի ցավալի աղաղակ բարձրացավ։ «Ես պետք է տեսնեմ նրան... մի՞թե դուք գութ չունեք... մի՞թե դուք աստված չունեք... մարդիկ, ինչո՞ւ են արգելում ինձ... ես պետք է տեսնեմ նրան... թողե՜ք, որ տեսնեմ նրան»...

   Ես ետ նայեցա։ Այդ խոսքերը լսվում էին մի աղջկա բերնից, որ պատառոտած հագուստով, հերարձակ, այս կողմ և աքն կողմն է։ր ընկնում, աշխատում էր պատռել զինվորների շարքը և մոտենալ ինձ։ Պահապանները հրացանների սվիններով հեռացնում էին նրան, բայց նա դարձյալ առաջ էր մղվում։

   Որքան և խռովության մեջ լինեի այն րոպեում, որքան և իմ գլուխը և խելքը ինձ չէին պատկանում, այսուամենայնիվ, այն սրտաշարժ պատկերի մեջ ես ճանաչեցի Նենեին։ Խե՜ղճ աղջիկ, որտեղի՞ց հայտնվեցավ նա...

   Նրա աղաղակից դուրս եկավ բանտապահը։

   - Դարձյալ այն ցնորված աղջիկն է, - Ասաց նա և հրամայեց հեռացնել։

   Երևում էր, որ Նենեն առաջին անգամ չէր, որ խնդրում էր՝ իրան թույլ տան բանտը մտնելու։ Նրան արդեն ճանաչում էին։ Նա խիստ ողորմելի ձայնով պատասխանեց.

   - Պարոն բանտապահ, ես ցնորված չեմ... ի սեր աստծո։ գթացեք իմ վրա, թույլ տվեցեք, որ տեսնեմ նրան...

   - Ո՞ւմ տեսնես։

   - Այն կալանավորին, որ տանում են...

   - Դու ո՞վ ես։

   - Ես նրա բարեկամն եմ... թողեք տեսնեմ նրան... մի՞թե դուք աստված չունեք... եթե չթողնեք, ես դատավորի մոտ կգնամ... թագավորի մոտ կգնամ...

   - Ավելի լավ կլինի, եթե գժատունը գնաս, - Հեգնությամբ պատասխանեց բանտապահը և հրամայեց հեռացնել։

   Նրա անգթությունը ավելի վշտացրեց ինձ, քան իմ դատապարտության վճիռը, որ այն օր կարդացին դատարանում։ Ինձ ներս տարան, դռները փակվեցան իմ ետևից, ես այլևս ոչինչ չլսեցի...

   Ամբողջ օրը խելագարի նման էի։ Ես բոլորովին մոռացել էի իմ թշվառ դրությունը, մոռացել էի, թե ո՛րպիսի սարսափելի ապագա էր սպասում ինձ, ես միայն մտածում էի անբախտ Նենեի մասին։ Միշտ իմ աչքերի առջևն էր այն վրդովմունքով լի աղջիկը, տեսնում էի այն հերարձակ կույսի վշտալի պատկերը, լսում էի նրա սգավոր ձայնը... Արևը մտավ, մութը պատեց, բանտի մեչ տիրում էր գիշերային խավարը։ Այդ մթության մեջ դարձյալ տեսնում էի նրան, լսում էի նրա ձայնը...

   Առաջի՛ն անգամ ես զգացի շղթաներիս ծանրությունը, առաջի՛ն անգամ բանտը ներկայացավ ինձ իր սոսկալի կերպարանքով։ Մինչև այսօր ինձ տանելի էր բոլորը։ Իսկ երբ տեսա, թե իմ պատճառով տանջվում է մի անմեղ հոգի, այն ժամանակ միայն հասկանալի եղավ բոլոր զարհուրանքը իմ թշվառ դրության...

   Ամենքը թողեցին ինձ. իմ հավատարիմ ընկերները ինձ մատնեցին. ես կտրվեցա լույս աշխարհից... բայց նա ինձ չթողեց... Նա եկավ իմ ետևից, նա որոնում էր ինձ, երևի երկար որոնում էր և գտավ։ Բայց գտավ բանտի մեջ, դատապարտյալների մռայլ գերեզմանի մե...

   Այդ գերեզմանի շուրջը պտտվում էր նա, գիշերային մենավոր ուրվականի պես պտտվում էր նա, և խավարի միջից մի մարգարեուհի մեռելահարցուկի նման կամենում էր դուրս կոչել իր սիրելիին...

   Դա իրողություն էր, և դա ցնորք չէր, ես լսում էի նրա ձայնը, նույն սրտաշարժ, ողբալի ձայնը, որպես լսել էի ցերեկով։ Գիշերը խաղաղ էր. մարդիկ քնած էին, դրսում ամեն ինչ գտնվում էր խորին լռության մեջ։ «Թողե՛ք տեսնեմ նրան»... այդ խոսքերը միայն հնչվում էին գիշերային լռության մեջ...

   Բանտի պահապան զինվորը, հրացանը ուսին դրած, չափավոր քայլերով անցուդարձ էր անում իր պահականոցի մոտ։ Նա նույնպես լսում էր ողբալի ձայնը և անհետաքրքրությամբ ասում էր. «Դա այն ցնորված աղջկա ձայնն է»...

   Գիշերը ես անցուցի տենդային անհանգստության մեջ. ո՛չ քնած էի և ո՛չ արթուն։ Առավոտյան, երբ արեգակի առաջին ճառագայթները ներս ցոլացին բանտի նեղ լուսամուտներից, և ինձ համար ծագեց ուրախության լույսը, դուռը բացվեցավ, և խելագարի նման ներս վազեց Նենեն։ Նրա աոաջին խոսքերը կցկտուր էին և անհասկանալի։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և երկար մնաց իմ կուրծքի վրա անխոս։ Նա նման էր մի սպանվածի, որի երեսի վրա բնավ գույն չկար։ Կենդանի մնացել էին դեռ չմարած աչքերը միայն, այն լի կատաղությամբ աչքերը, որոնք իրանց խռովության մեջ ևս գեղեցիկ էին։

   Նրա խռովությունը շուտով անցավ, անցավ՝ որովհետև գտնվում էր ինձ մոտ, որովհետև տեսնում էր ինձ։ Նա սկսեց խոսել.

   - Ա՛խ, սիրելիս, եթե գիտենայիր ո՛րքան որոնել եմ քեզ... ո րքան ման եմ եկել...

   Նրա ձայնը սկսեց խեղդվել, փոքր-ինչ հանգստացավ և ապա շարունակեց.

   - Անցնում էի քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, ամեն տեղ հարցնում էի քեզ... Ա՜խ, ինչո՞ւ մարդիկ այդքան վատացել են... ամեն տեղ հալածում էին ինձ... ամեն տեղ հեռացնում էին ինձ... չէին թողնում, որ բնակարանների մեջ մտնեմ... ասում էին՝ դա ցնորված աղջիկ է...

   - Ապա որտե՞ղ էիր անցկացնում դու։

   - Փողոցների վրա, բաց երկնքի տակ... և ավելի հանգիստ էի, երբ գտնվում էի անապատում կամ թաքնվում էի անտառների ծառերի մեջ... Այնտեղ լավ էր, այնտեղ մարդիկ չկային...

   - Ապա ինչո՞վ էիր կերակրվում դու։

   - Շատ անգամ օրերով քաղցած էի մնում... շատ անգամ ուտում էի դաշտային բանջարներ կամ կերակրվում էի վայրենի պտուղներով... Երբեմն գտնվում էին բարի մարդիկ, որոնք ինձ հաց էին տալիս։

   Եվ այդ բոլորը ո՞ւմ համար, ինչի՞ համար, մի դատապարտյալ աքսորականի համար, որ պիտի մաշվեր, պիտի ոչնչանար հանքերում...

   Բայց ինձ ավելի զարմացնում էր այն, թե ինչպե՞ս թույլ տվին «խելագար աղջկան» մտնել բանտը, որի մեջ ես ամենևին խելագարության նշան չէի նկատում, միայն վերին աստիճանի անձնազոհությունը և թշվառության սաստիկ կատաղությունը նրան բախտավոր մահկանացուների աչքում խելագար էին ներկայացնում։

   Նա պատմեց, թե այն օրից, որ եկել էր այդ քաղաքը և տեղեկացել էր, որ ես այն բանտումն եմ գտնվում, բանտի շրջակայքից չէր հեռանում, գիշերները անց էր կացնում նրա պատերի մոտ, իսկ ցերեկով կանգնում էր փողոցների վրա, աղաչում էր, պաղատում էր անցորդներին, պատմում էր նրանց իմ անմեղությունը, խնդրում էր, որ օգնեն ինձ։ Նա դեռ այնքան միամիտ էր, որ կարծում էր, թե ամեն մարդ իրավունք ուներ ինձ դատավոր լինելու։ Իսկ այն առավոտ, երբ բանտը մտնում էր մի երիտասարդ ակնոցավոր պարոն, նա վազեց, մոտեցավ և, գրկելով նրա ոտները, խնդրեց, որ իրան էլ թույլ տան բանտը մտնելու և իր «սիրելիին» տեսնելու։ Ակնոցավոր պարոնը գթաց նրա վրա, խոստացավ, որ իսկույն հրաման կառնե բանտապահից։ Նա կատարեց իր խոստմունքը, քանի րոպեից հետո նրան ներս թողեցին։

   Որքան մխիթարական լիներ իմ դժբախտության տխուր ժամերում տեսնել իմ մոտ Նենեին, որքան սիրարժան լիներ նրա ծայրահեղ անձնազոհությունը, այսուամենայնիվ, ես մտածում էի. «Մի՞թե ես արժեմ դրան... ինչո՞վ է մեղավոր այն անմեղ աղջիկը, որ տանջվում է մի չարագործի համար... ինչո՞ւ ես ձգեցի նրա սրտում այն սրբազան կայծը, որ այնքան բոցավառվեցավ, որ այնքա՚ն բորբոքվեցավ, մինչև խելքից հանեց նրան... ինչո՞ւ ես խլեցի նրա հանգստությունը... Այդ բնության ազատ որդին, որի ցեղին վիճակված է կյանքի անհոգ և ավելի ուրախ բաժինը, գուցե ավելի բախտավոր կլիներ, եթե չհանդիպեր ինձ... ինչո՞ւ ես թշվառացրի նրան... Ավելի լավ չէ՞ր լինի, որ հենց այն օրը, երբ ես նրա կյանքը ազատեցի եղեռնագործի ձեռքից, բաց թողնե՛ի նրան։ Նա կդնար, աշխարհը լայն ու արձակ է ցիգանուհու համար, կգնար և իր համար նոր բախտ կորոներ»...

   Արդեն ուշ էր... այդ բոլորը պետք էր անցած համարել... ես միայն հարցրի.

   - Ինչո՞ւ եկար դու, ինչո՞ւ չմնացիր հորս մոտ. նա բարի մարդ էր, կպահեր, կպահպաներ քեզ։

   Դժբախտները ամեն մի դժբախտության դեպքերում այն քաղաքավարական ձևերը չգիտեն, որ պահպանում են բախտավորները միայն։ Նենեն բոլորովին պարզ կերպով պատասխանեց.

   - Հայրդ մեռավ, նա մեռավ հենց այն օրը, երբ իմացավ, որ դու կալանավորված ես։

   Այդ բոթը սարսափելի ներգործություն ունեցավ իմ վրա։ Նա մեռավ իմ պատճառով, մոլորյալ որդու պատճառով, ես նրա մահվանը պարտական էի...

   Նենեն չնկատեց իմ խռովությունը, շարունակեց պատմել.

   - Այն առավոտը, երբ դու հեռացար խրճիթից և խոստացար, թե երեկոյան կվերադառնաս, մենք անհամբեր սպասում էինք քեզ։ Արևը մտավ, օրը մթնեց, բայց դու չվերադարձար։ Ամբողջ գիշերը չքնեցինք, հենց նստած սպասում էինք քեզ։ Հայրդ մեր բոլորից ավելի անհանգիստ էր։ Մյուս առավոտը մինչև ճաշ դարձյալ սպասում էինք քեզ։ Հետո հայրդ ինձ իր հետ առնելով, գնացինք այն «ավազակների» բնակարանի մոտ, տեսանք՝ նրանց տնակը այրված էր, ոչ ոք չկար այնտեղ։ Երբ ետ դարձանք, անտառում պատահեց մեղ մի խոզարած, նա պատմեց, թե ի՛նչ էր պատահել։ Երբ հայրդ լսեց նրա պատմությունը, իսկույն թուլացավ և ցած ընկավ։ Ես և խոզարածը հազիվ կարողացանք նրան ուշքի բերել և հասցրինք մինչև խրճիթը։ Նույն գիշերը նա սաստիկ ջերմի մեջ էր. առավոտյան նրա մարմինը գտանք բոլորովին սառած։ Ես և պառավը թաղեցինք նրա մարմինը խրճիթից ոչ այնքան հեռու մի ծառի տակ։ Հիշո՞ւմ ես այն եղևնին, որ դու մինչև նրա մոտ էիր թույլ տվել ինձ հեռանալ խրճիթից։

   - Հիշում եմ...- պատասխանեցի ես բոլորովին մեքենաբար։

   - Այնուհետև ես վճռեցի գալ քո ետևից և որոնել քեզ։ Ես հիմա ամեն տեղ կգնամ, ես հիմա էլ չեմ վախենում։ Պառավը ինձ չէր ուզում թողնել, ասում էր՝ մնա ինձ մոտ, աչքիս լույսի նման կպահեմ քեզ։ Նա ինձ շատ էր սիրում, նա քեզ էլ շատ էր սիրում, այնքա՜ն լաց եղավ որ...

   - Ինչո՞ւ չմնացիր նրա մոտ։

   - Քեզ ինչպե՞ս թողնեի...

   - Ես մի օր կվերադառնայի, քեզ դարձյալ կգտնեի... մենք դարձյալ միասին կլինեինք...

   - Չէ։ ես գիտեմ, ես բոլորը գիտեմ... այնտեղից, ուր քեզ պիտի ուղարկեն, մարդիկ էլ չեն վերադառնում...

   - Այդ դու ո րտեղից գիտես։

   - Ես երեկ դատարանի դռանը կանգնած էի. ինձ չթողեցին, որ ներս մտնեի, այնտե՛ղ էլ ասում էին, թե ես խելագար աղջիկ եմ... Դրսում հարցրի, ինձ պատմեցին բոլորը...

   Ես չգիտեի՝ ի՞նչ անել նրա հետ, ի՞նչ խորհուրդ տալ, ես չունեի այս աշխարհում մի բարեկամ անգամ, որի պաշտպանությանը հանձնեի այդ անբախտ աղջկան։ Ես առանց երկար մտածելու կրկին ասացի նրան,

   - Դու դարձյալ գնա պառավի մոտ, այնտեղ սպասիր ինձ։ Նա բարի կին է. նա կպահե քեզ։ Ո՞վ է իմանում, գուցե աստված կհաջողի, մի օր վերադառնամ քեզ մոտ...

   - Ես քեզանից չեմ բաժանվի։

   - Դու խո գիտես, թե ինձ ո՛րտեղ պիտի ուղարկեն։

   - Գիտեմ։ Ես էլ կգամ քեզ հետ։

   Սույն միջոցին բանտի վերակացուներից մեկը ներս մտավ, հրամայեց Նենեին հեռանալ։

   - Ես այստեղ պետք է մնամ։

   - Այստեղ հյուրանոց չէ, օրիորդ., - պատասխանեց վերակացուն դառն ժպիտով։

   - Ես դրան մենակ չեմ թողնի։

   - Բավական է, որքան միասին եք եղել...

   - Մի տարուց ավել չէ, որ մենք ճանաչում ենք միմյանց։

   - Ցավում եմ, որ այդքան կարճատև է եղել ձեր սերը... Այսուամենայնիվ, պետք է հեռանաք, նազելի օրիորդ։

   Լսելով վերակացոլի վերջին հեգնությունը, արյունս բորբոքվեցավ։

   - Եթե դու կշարունակես այդպես վիրավորել մի պատվավոր աղջկա, ես քո գլուխը կջարդեմ։

   - Մտածի՛ր, թե ո՛րտեղ ես գտնվում... այստեղ քո բնակած անտառները չեն, - պատասխանեց նա սառնությամբ։

   - Պարոն վերակացու, - մեջ մտավ Նենեն, - մի՞թե դու քույր չունես, մայր չունես, մի՞թե դու չե՞ս հասկանում կնոջ սիրտը։ Ինչո՞ւ ես հալածում ինձ։ Իմ Մուրադը վատ մարդ չէ. նա իմ կյանքը ազատեց մի եղեռնագործի ձեռքից... այն օրից ես սիրում եմ նրան...

   - Ես այդ հասկանում եմ...- պատասխանեց վերակացուն ավելի կոպտությամբ։ - Բայց բանտի մեջ չեն սիրում... Ջեզ թույլ տվեցին մտնել այստեղ պարոն բժշկապետի խնդ-րելով։ Բավական է, որքան տեսնվեցաք, որքան խոսեցիք։ Ասո՛ւմ են ձեզ, որ հեռանաք այստեղից, եթե չկամեիք, որ ձեզ դուրս քաշեին։

   Նենեն ավելի կամակորեցավ։

   - Ես կմնամ այս բանտում։

   - Ես ձեզ խրատ կտայի, որ գժատանը մնայիք։

   - Անգութնե՜ր... բոլորը այդպես են խոսում... ես ինչո՞վ եմ գիժ, - Բացականչեց Նենեն արտասուքը սրբելով։

   Վերակացուն ուշադրություն չդարձրեց, կանչեց մի զինվոր, նրան դուրս քաշեցին, և բանտի դռները կրկին կողպվեցան։ Ես մնացի մենակ։ Մի քանի րոպե լսելի էր լինում նրա ճիչը, աղաղակը, և շուտով նրա ձայնը անհետացավ .բանտր խուլ, գերեզմանական լռության մեջ։

   Սարսափելի դրություն։ Քո սիրած էակին հալածում են, վիրավորում են, և դու սառն աչքով պիտի նայես այդ անիրավության վրա և լռես։ Մի՞թե այդ է նշանակությունը այն խոսքերի, որ կարդացին ինձ դատարանում. «Զրկել ամեն իրավունքներից»...

   Ի՞նչ պետք է լինի խեղճ աղջկա վերջը՝ ահա այդ էր ինձ տանջող միտքը, երբ դարձյալ մնացի մենակ, երբ սպանվածի նման տարածվեցա իմ կալարանի խոնավ հատակի վրա։

Ը

ԳԱՆԱՀԱՐՈԻԹՅՈԻՆ

   Լինում են այնպիսի րոպեներ, որ մարդ իրան բոլորովին մոռանում է։ Ես մինչ այն աստիճան զբաղված էի նենեի վիճակով, որ ամենևին չէի հիշում, որ մոտենում է այն սարսափելի օրը, երբ ես պետք է կրեի մահվան տանջանքների առաջին փորձը։ Ինձ, բացի մշտական աքսորից, վճռել էին երկու հարյուր մտրակի հարվածներ։

   Այն ժամանակ դեռ տիրում էր այդ օրենքը, որ դատապարտյալին նախքան աքսորելը ենթարկում էին մարմնական գանահարության։ Ի նչ սոսկալի բան է դահճի մտրակը։ Կարծես թե ֆուրիաները առաջին անդամ դժոխքից դուրս գալով, սովորեցրին մարդիկներին այնպես տանջել իրանց նմաններին։ Ջարդել, խեղաթյուրել, անդամալուծել և ամեն զորությունից զրկել մարմինը մի թշվառականի, ահա այդ է այն մտրակի նպատակը, որպեսզի նրան սպասող դառն աշխատությունները հանքեր,ի մեջ ավելի սպանիչ լինեն։ Եվ այդ բոլորը կատարվում էր չարագործներին ուղղելու նպատակով։

   Բայց չարագործները չէին ուղղվում։ Ես տեսնում էի՝ որքան խիստ էր լինում նրանց պատիժը, որքան չարաչար վիրավորվում էր նրանց անձնասիրությունը, այնքան ավելի համառ էին դառնում նրանք, այնքան ավելի կամակորում էին իրանց մոլորությունների մեջ։ Եվ այդ շատ բնական էր։ Հանցավորը մտրակների հարվածների ներքո, փոխանակ զղջալու, արձակում էր կծու հայհոյանքներ, անեծք, և ավելի ոչինչ։

   Կյանքի մեջ, իմ անձնական փորձերով, ես հասա այն համոզմունքին, որ ամենավայրենի գազանն անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրավորում։

   Իմ ընկերների մասին նույնպես վճռել էին աքսոր և գանահարություն։ Բայց նրանց պատիժը ավելի թեթև էր, քան թե իմը, երևի նրա համար, որ նրանք ամեն ինչ ուրացան, ճշմարտապես չխոստովանեցան իրանց մեղքերը, բսւյց ես չծածկեցի, բոլորը հայտնեցի։

   Այդ նախատեսեց քավոր Պետրոսը, նա ավելի փորձված մարդ էր, քան թե ես։ Եվ զգուշացնում էր ինձ ուրանալ, ոչինչ չխոստովանել, որովհետև դրանով ավելի կհեշտացննի դատավորների գործը, իմ մասին սաստիկ վճիռ տալու։ Այնպես էլ եղավ։ Իայց իմ խիղճը հանգիստ էր, որ գոնե իմ դատապարտության րոպեներում սուտ չխոսեցի։

   Վերջապես հասավ սարսափելի ճգնաժամը։

   Քաղաքի բազմությունը խումբերով դիմում էր դեպի պատժարանը։ Նրանք շտապում էին հանդիսատես լինելու մի սոսկալի գործողության։ Զարմանալի հետաքրքրություն ունի ամբոխը, նրան միօրինակ զվարճություն է պատճառում թե քաղցր երաժշտության ներդաշնակությունը և թե դատապարտյալի դառն հառաչանքները դահճի գանահարության ներքո։

   Ամեն ինչ պատրաստ էր սոսկալի հանդեսը սկսելու համար։

   Իմ ընկերները բավական քաջությամբ տարան իրանց փորձությունը, կարծես թե նրանց համար շատ սովորական լիներ այդ։ Ես մինչև հիսուներորդ զարկը անցա առանց մի ձայն հանելու, առանց իմ դեմքն անգամ այլայլելու։ Մի այսպիսի արհամարհական վարմունք իմ կողմից վիրավորեց դահիճների անձնասիրությունը, գրդռեց նրանց բարկությունը, և նրանք խստացրին հարվածների սաստկությունը։ Նույն րոպեում նրանց անգութ երեսները կարծես ասում լինեին ինձ. «Մենք ծեծում ենք, որ ցավեցնենք քեզ, երբ ղու ցավ չես զգում, դրանով վիրավորում ես մեր կատաղությունը»։

   Բազմությունը վայրենի ոգևորությամբ նայում էր։ Հանկարծ նրանց ուշադրությունը դարձավ մի այլ առարկայի վրա։ Ամբոխի միջից լսելի էր լինում մի ցավալի հառաչանք։ «Մարդիկ։ ինչո՞ւ եք կանգնած... մի՞թե դուք աստված չունեք... սպանո՜ւմ են... սպանո՜ւմ են... աղատեցե՜ք... աղաչո՜ւմ եմ... աղատեցե՜ք... Մուրադ, սիրելիս... ա՜խ, սպանում են... մարդրկ։ դուք չե՞ք տեսնում... դուք չե՞ք լսում... սպանում են...աղատեցե՛ք.,, Ինչո՞ւ են սպանում... նա ավազակ չէ.,, նա բարի մարդ է.,, նա ինձ սիրում էր... նա իմ կյանքը ազատեց... Մարդիկ, ինչո՞ւ չեք լսում... Ա՜քս, աստված, չեն լսո ւմ... ամենքը խլացել են...»

   Այն սարսափելի րոպեում, երբ մինը մյուսի ետևից հաջորդաբար շառաչում էին մտրակների զարկերը, երբ արյան կաթիլները դուրս էին ցայտում իմ մերկ մարմնից՝ այդ մահվան տագնապի րոպեում իմ ականջներին հասնում էր դժբախտ աղջկա ձայնը... Այդ ողբալի ձայնը այնքան մխիթարական էր, որ ես այլևս չէի զղում հարվածների սաստկությունը։ Ես երջանիկ էի, որ այս աշխարհում գոնե կար մեկը, որ սիրում էր դատապարտյալին, որ գիտեր, թե նա անմեղ է.,,

   Բայց ամբոխը ծաղրեց նրան։ Ամեն կողմից լսելի էր լինում, «Դա այն խելագար աղջիկն է»...

   Թե ինչո՞վ վերջացավ իմ փորձությունը, թե ի՛՛նչ դրության մեջ ինձ հետ բերեցին պատժարանից, ես չեմ հիշում, միայն այսքանը գիտեմ, երբ առաջին անգամ աչքերս բաց արի, ինձ քաղաքի հիվանդանոցի մեջ գտա։ Իմ մահճակալի մոտ կանգնած էր մի բավական մաքուր հագնված, ակնոցավոր երիտասարդ, որի խելացի դեմքի յուրաքանչյուր գծերից արտափայլում էր բարություն և ազնվություն։ ՛Նա ժամացույցը ձեռին բռնած, հաշվում էր իմ երակի զարկը։

   - Այժմ հույս կա... ճգնաժամը անցած պետք է համարել, - Ասաց նա ինքն իրան մի առանձին բավականությամբ։

   Երիտասարդը բժիշկ էր, նա մի քանի պատվերներ տվեց իր օգնականին և հեռացավ։

   Մի քանի շաբաթից հետո բժիշկը գտավ ինձ ավելի առողջ։ Մտրակների հարվածներից գիշատված մարմնիս վերքերը այնքան բարվոքվել էին, որ ես կարողանում էի առանց շատ ցավ զգալու մի կողմից մյուսի վրա շուռ գալ։ Իսկ ջերմը դեռ չէր անցել։ Իմ երևակայությունը թեև արթուն էր, բայց գտնվում էր դեռ գրգռված դրության մեջ։

   Գեղեցի՜կ բան է ուղեղի այգ դրությունը։ Կյանքի բոլոր լավ և վատ տպավորությունները, որոնք նրա ծալքերի վրա մնացել էին անջնջելի, բայց որոնք բոլորովին ջնջված, անհետացած էին համարվում, հանկարծ կենդանանում են, կերպարանագործվում են և երևան հանում վաղեմի մոռացված պատկերները...

   Ես ինձ տեսնում էի իմ հայրենիքում, այն հասակում, երբ դեռ պատանի էի, մի անմեղ և բախտավոր պատանի, որի օրերն անցնում էին անհոգ դատարկությամբ։ Բախտավոր էի նրա համար, որ դեռ միամիտ էի, դեռ չէի հասկանում աշխարհի չարն ու բարին։ Մայրս խրատում էր ինձ, ցույց էր տալիս կյանքի ավելի ուղիղ ճանապարհը։ Բարեսի՜րտ մայր, ես այս րոպեիս տեսնում եմ քո միշտ արտասուքով լի աչքերը, քո միշտ տխուր դեմքը, որ երբեք չէր ժպտում։ Աղքատությունից սպանված, ամուսնուց զրկված, ընտանիքի տակ ճնշված այդ դժբախտ կինը դարձյալ չէր մոռանում իր զավակների օրինավոր դաստիարակությունը։

   Հետո տեսնում էի ինձ վարպետիս դարբնոցում։ Դատարկամոլ պատանին սովորում է աշխատանքի։ Գործը հաջողություն է գտնում իմ ձեռքում։ Աշխատանքը, երեսի քրտինքը օրըստօրե ավելի կազդուրում են իմ ջղերը, ավելի բորբոքում են իմ եռանդը։ Սիրտս ուրախ է, խիղճս հանգիստ է, որովհետև ես կարողանում եմ իմ արդար վաստակով օգնել ոչ միայն ինձ, այլև այն անձինքներին, որոնք իմ օգնությանը կարոտ էին։ Մայրս, քույրերս ապրում են իմ ձեռքի արդյունքով։

   Այնտեղ, այն դարբնոցի մուխի և սև փոշու մեջ ծագում է ինձ երանության առավոտը... իր բոլոր վարդակարմիր գեղեցկությամբ երևան է գալիս սիրո արեգակը... նա սփռում է իմ հոգու մեջ լույս և ջերմություն... Մի նազելի օրիորդ հպեցնում է իմ սրտին իր կախարդական մատը, և իսկույն նրա մեջ բոցավառվում են սիրո սրբազան կայծերը... Այդ ժամանակ երջանի՜կ էի ես, երջանի՜կ էի, որովհետև գործում էի, աշխատում էի և սիրում էի...

   Հանկարծ երջանկության արեգակը սկսում է խավարել... չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով մոտենում է ինձ, խելքից հանում է, մոլորեցնում է.,, ես շինում եմ աղետալի բանալին... այդ բանալին բաց է անում փմ առջև կորստյան ճանապարհը... Վարպետիս դարբնոցում կատարվում է սարսափելի բարբարոսություն... ես փախստական եմ լինում...

   Մի խումբ գլխից ձեռք վեր առած պատանիներ, թաքնված անտառի անհայտության մեջ, ընդունում են ինձ իրանց գաղտնի ընկերության մեջ։ Այստեղ, մարդկային բնակությունից հեռու, ծառերի և թուփերի ամայության մեջ, ես առաջին անգամ սկսում եմ ճանաչել և սիրել հրաշալի բնությունը։ Առաջին անգամ հրապուրում է ինձ սոխակի քաղցրիկ ձայնը, առաջին անգամ ծաղիկները գրավում են ինձ իրանց անմեղ, ողջախոհական գեղեցկությամբ։ Իմ մանկահասակ ընկերների ուրախ և մշտազվարթ հասարակությունը, նրանց անկեղծ բարեկամությունը, նրանց անձնվեր մտերմությունը առժամանակ հանգստացնում են սրտիս ցավերը, առժամանակ մոռանալ են տալիս ինձ այն սարսափելի դժբախտությունը, որին ենթարկված էի ես և իմ պատճառով շատերը... Սիրելի ընկերներ, որտե՞ղ եք այժմ դուք, երանի՜ թե բաժանված չլինեի ձեզանից, երանի թե միշտ ձեր հասարակության մեչ մնայի։ Դուք այնքան բարի էիք և ազնիվ, ես ցավում եմ, որ կորցրի ձեզ, որ զրկվեցա ձեզանից...

   Մորս վիճակը, վարպետիս թշվառությունը, ազգականներիս հալածանքը, որոնք բոլորը չարչարվում էին տեղային զանազան օրինազանցությունների պատճառով, բաժանեցին ինձ իմ մանկահասակ ընկերների հասարակությունից։ Ես վերադարձա դեպի իմ հայրենական օջախը, օգնելու նրանց, որոնք իմ պատճառով հալածանքի էին ենթարկված...

   Այդ ժամանակ կրկին դուրս է գալիս իմ առջև չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով, առաջարկում է ինձ իր հովանավորության ձեռքը։ Ես կրկին խաբվում եմ... կրկին մոլորության մեչ եմ ընկնում...

   Նա համոզում է ինձ, թե հայրենիքի համար ես մի խորթ որդի էի դարձել, թե պետք է թողնել հայրենիքը և օտար երկրռւմ բախտ որոնել։ Նա խոստանում է և առաչնորդել ինձ...

   Մայրս, տխուր հանգամանքներից ստիպված, հանձնում է ինձ իմ նենգավոր մենտորի ձեռքը։ Ես թողնում եմ իմ հայրենի երկիրը՛ որը այնքան լավ և վատ հիշատակներով կապված էր իմ սրտի և հոգու հետ։ Ձեռք եմ առնում պանդխտության գավազանը։ Այդ տխուր, ցավալի զգացմունքներով լի անջատման րոպեում, որպես մխիթարիչ հրեշտակ, հայտնվում է իմ սիրո առարկան՝ IIառան։ նա իր կուսական համբույրներով կնքում է մեր ուխտը, խոստանում է մինչև իմ վերադարձը սիրել և սպասել ինձ...

   Աղքատությունը մղում է ինձ հեռու և հեռու, դեպի անծանոթ երկիրներ։ Ինձ, բոլորովին անփորձ և միամիտ պատանիիս, առաջնորդում է մի հոյակապ մարդ, մի վիթխարի չարագործ, եփված և թրծված կյանքի քուրայի ամեն փորձությունների մեջ։ Իմ բնական ձիրքերով հարուստ ընդունակությունը խիստ պտղաբեր հող է դառնում իմ առաջնորդի ձեռքում։ Շուտով նրա ցանքը ընծայում է առատ և արդյունավոր հունձք, մի հունձք, ոռոգված բազմաթիվ զոհերի արյունով և արտասուքով... Բոլորովին անմեղ և բարեսիրտ պատանին, դառն հանգամանքների շնորհիվ, վերջապես դառնում է մի սարսափելի եղեռնագործ... ՚

   Եվ ես տեսնում էի ինձ, որպես մի քարաժայռ, դուրս կտրված ահագին լեռան բարձրությունից, գլորվում է, գլորվում դեպի ցած, դեպի անդունդը... Հանկարծ մթին անհայտությունից երևան են գալիս երկու ձեռքեր, աշխատում են կանգնեցնել գլորման արագ և ուժգին ընթացքը... բայց իզուր, ես արդեն հասած էի մինչև անդունդի հատակը...

   Այդ հոր փրկարար ձեռքն էր, որ աշխատում էր ազատել ընկած որդուն... այն Նենեի կախարդական ձեռքն էր, որ աշխատում էր սովորեցնել նրան սիրել բարին ու գեղեցիկը...

   Իմ կորստյան խորին անդունդի մեջ հայտնվում է մխիթարական ոգին՝ մի անարգված և հալածված ցեղի անմեղ դուստրը։ Սիրո հրեղեն կայծակը փայլատակում է իմ սրտի խավարի մեջ և, կարծես, երկնային կրակով զտվում, մաքրվում են իմ վատ կրքերը ամեն ախտերից։ Ես սկսում եմ դարձյալ սիրել... սիրել այն ժամանակ, երբ իմ ոտներին կրում էի դատապարտյալի ծանր շղթաները, երբ իմ ճակատի վրա դրված էր աքսորականի սև կնիքը...

   Ո՜վ սեր, ո՜վ դու երկնային զորություն, որ ծավալում ես թշվառականի հոգում կյանք և խաղաղություն, որ ամրացնում ես նրա կամքը և լցնում ես նրա սիրտը պայծառ հույսերով, և այնուհետև բանտի խավարը, երկաթի կապանքների ծանրությունը այլևս զգալի չէ լինում նրան...

   Աշխարհից կտրված, որպես մի անպետք մարմին ձգված եմ այդ գերեզմանի մեջ։ Ինձ չէ տաքացնում արևը յուր ջեր մությունով. ինձ համար փակված է արտաքին կյանքը։ Բայց մի արարած, անմարմին ուրվականի պես, հետևում է ինձ... և այս րոպեիս նա կանգնած է իմ առջև իր գեղեցիկ, ար- տասվալի աչքերով... Ա՜խ, որքան մխիթարական է այդ ար- տասոլքը... նա թափվում է մի թշվառականի համար, որին ամենքը ատում են...

   «Նենե՛, նազելի Նենե՛, հեռացի՛ր ինձանից, մի՛ մոտենար ինձ... իմ շունչը կարող է թունավորել քեզ... մի մոտենար ինձ... ես չեմ կարող գրկել քեզ... իմ ձեռքերը արյունոտ են... Անմե՜ղ երեխա, ի՞նչն է ստիպում քեզ կապվել մի թ՛շվառականի հետ, որ արժանի չէ ոչ քո սերին և ոչ քո արտասուքին... Գնա՛, հեռացի՛ր, թո՛ղ տուր ինձ... մեր բոլոր կապերը կտըր- վեցան այն րոպեից, երբ կարդացին իմ դատապարտության վճիռը...

   Գնա՛, ո՛վ դու բնության ազատ դուստր, բաց աշխարհում լայն է քո ասպարեզը... գնա , թափառի ր երկրե երկիր, գուշակի՛ր մարդիկների բախտը, ցույց տուր նրանց չարն ու բարին, նրանք գուցե հաց կտան քեզ»...

   Մինչ ես այդ զառանցությո՛ւնների մեջ էի, մի ձեռք դիպավ ճակատիս։ Աչքերս բաց արի, տեսա մահճակալիս մոտ կանգնած էր ակնոցավոր երիտասարդը։ Ես ճանաչեցի, դա բժիշկն էր։ Երևում էր, նա երկար լսում էր իմ բացականչությունները։

   - Ւ՞նչ եղավ նա, - Հարցրի ես, դեռ ոչ բոլորովին սթափվելով իմ խռովությունից։

   - Ո՞վ, - Հարցրեց երիտասարդը ժպտալով։

   - Նա... այն աղջիկը... Նենեն... որ հիմա այստեղ էր...

   - Հա՛, իմանում եմ, - պատասխանեց նա խորհրդավոր ձայնով, - նա գնաց, խոստացավ, որ շուտով կվերադառնա...

   - Այո՛, նա կվերադառնա, նա ինձ չի թողնի...- կրկնեցի ես ուրախանալով։

   Երիտասարդ բժիշկը, որ մինչև այժմ ոտքի վրա էր, նստեց իմ մահճակալի մոտ և կարեկցաբար նայում էր իմ վրա։ Երբ նկատեց, որ ես փոքր- Ինչ հանգստացա, հարցրեց.

   - Ո՞վ է այն աղջիկը։

   Ես պատմեցի, թե նա որբ ցիգանուհի է, պատմեցի, թե ինչպես ընկած էր նա չարագործների ձեռքը, որոնք վճռել էին սպանել նրան, պատմեցի, թե ո՞րպես ինձ հանդիպեց նա անտառում, ո՛րպես ազատեցի նրա կյանքը, և այնուհետև կապվեցավ ինձ հետ։

   Երիտասարդ բժիշկը հետաքրքրությամբ, լսում էր։ Ես նկատեց նրա դեմքի վրա և ցավակցության նշաններ։ Մխիթարվեցա, տեսնելով, որ աշխարհում կան մարդիկ, որոնց մեջ չեն մեռած ազնիվ զգացմունքները, որոնք կարող են խղճալ անբախտության վրա։

   Բժիշկը, այդ մարմնավոր խոստովանահայրը, միակ մարդն է, որ նայում է դատապարտյալի վրա որպես մարդու վրա։ նա միակ մարդն է, որի հետ կարելի է անկեղծ կերպով խոսել։ Այդ պատճառով ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ ծանրացած էր իմ սրտի վրա, ինչ որ տանջում էր ինձ։ Պատմեցի այն երազը, որ մի քանի րոպե առաջ պատկերանում էր ինձ, և ներկայացնում էր իմ կյանքի ճիշտ նկարագիրը, իր բոլոր պայծառ և մռայլ գույներով։ Պատմեցի, թե ո՛րպես անգիտակցաբար, փոքր առ փոքր շեղվելով ուղիղ ճանապարհից, անմեղությունից վերջապես ընկա անբարոյականության մեջ։ նա գլուխը խոնարհեցրած լսում էր։ Հետո իմ խոսքը կտրեց, ասելով,

   - Այդ բոլորը ես գիտեմ...

   - Որտեղի՞ց գիտեք։

   - Նայեցեք իմ վրա, ծանո՞թ է ձեզ իմ դեմքը։

   - Կարծես մի տեղ տեսած լինեմ ձեզ։

   - Քննիչի մոտ։ Ես այն օրը ներկա էի, երբ դատարանում ձեզանից հարցուփորձ էին անում։ Դուք իւոստովանեցաք ձեր Բոլոր հանցանքները։ Դուք նկարագրեցիք ձեր կյանքի պատմությունը սկսյալ ձեր մանկությունից մինչև ձեր կալանավորության րոպեն։ Այդ պատմությունը սաստիկ հետաքրքրեց ինձ, որովհետև նրա մեջ գտնում էի այն բոլոր պատճառները, որոնք ստիպում են մարդուն հակառակ իր կամքի հանցավոր լիներ

   Բժշկի կարեկցությունը ոչ միայն շատ մխիթարական էր ինձ համար, այլ նա առիթ տվեց իմ վստահությանը դեպի ազնիվ երիտասարդը, ես հարցրի,

   - Ուղիղն ասացեք, պարոն բժշկապետ, իրա՞վ նա խոստացավ, որ շուտով կվերադառնա։

   - Ո՞վ։ Հա՜... դուք, երևի, դարձյալ այն աղջկա մասին եք հարցնում, - մտաբերեց նա ընդհատված խոսակցությունը Նենեի մասին։

   - Այո , այն աղջկա մասին։

   - Դուք ձեր երազների մեջ եք տեսել նրան, նա այստեղ չէ եղել։

   Ես հասկացա, որ գրգռված երևակայությունը խաբել էր ինձ։ Նայեցա շուրջս, կրկին նկարվեցան տխուր պատկերները իմ պատժական կյանքի, և բանտային հիվանդանոցի մռայլոտ կամերաները հիշեցրին ինձ իմ դրությունը...

   - Ուրեմն ես բոլորովին զրկված եմ նրանից.,, էլ չե՞մ տեսնի նրան...

   - Զրկված չեք լինի.,, հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան, - պատասխանեց երիտասարդը խորհրդավոր ձայնով։

   «Մի Ժամանակ»... արդյոք երկա՞ր պիտի տևեր այդ ժամանակը, մտածեցի ես։

   - Մի անգամ նրան թույլ տվին մտնելու բանտը, ինձ մոտ,– ասեցի ես։

   - Գիտեմ, այդ ես խնդրեցի բանտապետից, որ թույլ տան։

   Նենեն ինձ ասել էր, որ մի ակնոցավոր երիտասարդ միջնորղեց նրա համար և թույլտվություն ստացավ բանտը մտնելու։ Ո՞վ կմտածեր, որ այդ բարեսիրտ երիտասարդը լիներ նա։

   Նրա բարեսրտությունը մի այնպիսի համակրություն ազդեց իմ մեջ, մինչ ես վստահեցա ասել նրան,

   - Ես գիտեմ, պարոն բժշկապետ, որ հավիտյան զրկված եմ նրանից։ Բայց դուք այնքան բարի եք և ազնիվ, որ կգթաք մի որբ, անտեր, անօգնական աղջկա վրա, որը այս աշխարհում ոչ մի խնամատար չունի։ Ամեն տեղ հալածում են նքան, ամեն մարդ խելագար է համայում նրան, և ոչ ոք չէ խղճում անբախտին... ՚

   - Նա խելագար չէ, - ընդմիջեց բժիշկը։

   - Աղաչում եմ, խղճացեք նրա վրա, ընդունեցեք ձեր պաշտպանության ներքո, նա շատ լավ աղջիկ է։

   - Ես առանց ձեր խնդրելու ևս այդ պիտի անեմ, - պատասխանեց երիտասարդը և վեր կացավ։

   Ես պատրաստվում էի բռնել նրա ձեռքը, հայտնել իմ անչափ, անսահման շնորհակալությունը, բայց նա ուշադրություն չդարձրեց և շտապելով հեռացավ։

Թ

ԱՔՍՈՐ

   Անցան մի քանի ամիսներ։ Մենք բոլորովին առողջ էինք, առողջ այ՛ն չափով, որ կարող էինք դիմանալ ճանապարհի ծանրությանը և ուղևորվել դեպի հեռավոր հյուսիս։

   Առավոտ էր։ Մի խումբ դատապարտյալների հետ, շրջապատված զինվորներով, մեզ դուրս էին տանում քաղաքից։

   Այդ տխուր տեսարանը շատ նման էր դագաղների հուղարկավորությանը դեպի գերեզմանների լռությունը։ Ծնողների, քույրերի, եղբայրների լացը, նրանց հառաչանքը միախառնվում էր իրանց կորցրած բարեկամների շղթաներ՛ի հնչյունների հետ։

   Այո՛, տխո՜ւր տեսարան էր և ավելի տխուր, քան թե մահը։ Այդ դեպքում մարդը կենդանի է մեռնում և դեռ կենդանի կտրվում են նրա հարաբերությունները աշխարհի և բարեկամների հետ։ Բայց նրա զգացմունքները դեռ մեռած չեն. նրա վրա ազդում են շրջապատող երևույթները։ Իսկ դագաղի մեջ դրած մարմինը ավելի բախտավոր է, նա չէ զգում, չէ հասկանում, թե ինչ է կորցնում։ Մի փոս և սառ հողը պարգևում են նրան հավիտենական խաղաղություն։

   Աքսո՜ր, ի՛նչ սոսկալի միտք է բովանդակում իր մեջ այդ բառը։ Հազարավոր մղոններ չափել շղթայակապ ոտներով, պատերազմ ել դառնաշունչ մրրիկների դեմ, որոնք հսկա եղևնիները խլում են արմատից, պատերազմել ցրտի հետ, որի սաստկությունից ահագին ժայռերը ճաքճքում են, պատառպատառ են լինում, մաշվել, ուժաթափ լինել հանքերում տաժանական աշխատություններով այդ բոլորը այնպիսի տանջանքներ են, որոնց մարդը, միայն դատապարտված մարդը կարող է դիմանալ։

   Բայց մի բան, որին չէ դիմանում նա, որի առ]և փշրվում են նրա բոլոր զորությունները, դա է սիրած աղջկա արտասուքը...

   Ահա դարձյալ հայտնվեցավ նա... Մազերը խառնված, լի կատաղի վրդովմունքով, որպես մի խելագար հրեշտակ հայտնվեցավ նա, Ա՜խ, ո՛րքան սարսափելի է նրա զայրացած դեմքը...

   Նա աշխատում է մոտենալ ինձ... զինվորները հեռացնում են... նա դարձյալ առաջ է նետվում... նա չէ վախենում սվիններից... Ահա բռնեցին նրան... նա կրկին դուրս պրծավ նրանց ձեռքից... վազում է դեպի ինձ... արգելում էն... Ահա նա խլեց զինվորներից մեկի հրացանը... մուխը բարձրացավ... հրացանը գռռաց... Բայց զարկեցին նրան... նա ընկավ... էլ չէ վեր կենում...

   «Դա այն ցնորված աղջիկն է», լսելի եղավ ամեն կողմից:

   Իմ աչքերի առջև մթնեց, ես այլևս ոչինչ տեսնել չկարողացա, միայն զգում էի հրացանների կոթերի հարվածը, որով քշում էին ինձ դեպի իմ դատապարտության օթևանը։

Ժ

ՆՐԱՆ ԳՐԵՑԻՆ ՄԵՌԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ

   Աքսորականների խումբը, որոնց հետ ես ուղևորվեցա, բաղկացած էր տասներեք հոգուց, նրանց մեջ էին և իմ ընկերները։

   Մինչև առաջին իջևանը հասնեք ես մինչ այն աստիճան խռովության մեջ էի, որ ամենևին չնկատեցի, թե մեր ընկերներից մեկը պակաս էր, այն ևս մեր գլխավորը՝ քավոր Պետրոսը։

   Մենք հասանք իջևանը, երբ դեռ նոր էր մտնում արևը։ Այդ մի արքունի շինվածք էր փոստային կայարանի մոտ, մարդկային բնակությունից հեռու, առանձնացած անապատի մեջ։

   Այնտեղից դուրս եկավ մի ստոր աստիճանավոր և ընդունեց մեզ։ Մենք այժմ մարդ լինելուց դարձել էինք իրեր նշանակված նոմերներով։ Նայեցին մեր նոմերներին, ստուգեցին թվերը և ապա ածեցին մի նեղ նկուղի մեջ։

   Գիշերը մեզ բաժանեցին մի- Մի կտոր սև հաց և խմելու ջուր տվեցին։ Ընկերներս սկսեցին ընթրիք անել, բայց ես ոչինչ ուտել չկարողացա։ Դա այն տխուր և ծանր գիշերներից մեկն էր, երբ ամեն հույս կորած էր, երբ ամեն ինչ վերջացած էր, և մեզ, ամեն մեկիս, հայտնի էր իր թշվառ վիճակը։

   Շուտով դատապարտյալներից ոմանք սկսեցին նիրհել, ոմանք տարածվեցան մերկ հատակի վրա, փորձում էին քնել, ոմանք դեռ նստած, խորին ինքնամոռացության մեջ մտածում էին։ Նկուղի մեջ տիրում էր գերեզմանական լռություն։ Միայն յուղային ճրագը ճրթճրթալով մի աոանձին չարագուշակ ձայն էր արձակում և իր շուրջը տարածում էր աղոտ լուսավորություն։ Սենյա՛կի օդը, տոգորված բորբոսային խոնավությամբ, անկարելի էր շնչել։ Ճրագն անգամ դժվարանում էր վառվել նրա մեջ։ Դրսում անցուդարձ էր անում պահապան զինվորը, և մենք լսում էինք նրա քայլերի ձայնը։

   Իմ ընկերները այժմ հաշտվել էին ինձ հետ։ Նրանց կասկածը թե՛ իմ և թե՛ Նենեի վերաբերությամբ բոլորովին փարատված էր։ Որովհետև քննությունների ժամանակ գործերից երևաց, որ ոչ ես և ոչ Նենեն չէինք մատնել նրանց, որպես կարծում էին, այլ մատնել էր մի հրեա, որ նրանց փորագրիչն էրւ Հրեան նույնպես դատապարտության ենթարկվեցավ։

   Բայց ինձ գրավել էր այն միտքը, թե որտե՞ղ մնաց քավոր Պետրոսը, ո՞ւր կորավ այդ սատանան։ Այդ միջոցին մոտեցավ ինձ ընկերներիցս մեկը, որը հասակակից էր ինձ հետ։ Այդ երիտասարդը հայտնի էր մեր մեջ իր դուրեկան և ուրախ բնավորությամբ։ Նա նստեց ինձ մոտ։

   - Ո՞ւր մնաց քավոր Պետրոսը, - Հարցրեցի նրանից։

   - Նրան գրեցին մեռածների թվում, - պատասխանեց նա։

   - Ինչպե՞ս։

   - Այնպես։

   - Ես ոչինչ չեմ հասկանում:

   Երիտասարդը սկսեց ծիծաղել իմ միամտության վրա։ - Գանահարությունից հետո, - պատմեց նա, - քավոր Պետրոսը, ինչպես մեզանից ամեն մեկը, բանտի հիվանդանոցը տարվեցավ։ Այստեղ նա դիտմամբ սկսեց երկարաձգել իր հիվանդությունը, մինչև առիթ ունեցավ ծանոթանալու բանտապահի հետ։ Շուտով կարողացավ նա շոշափել այդ մարդու թույլ կողմերը և մանավանդ մի դեպք հեշտացրեց նրան օգուտ քաղել նրա թույլ կողմերից։ Բանտապահը ծախսել էր արքունի փողեր և այդ պատճառով ոչ միայն դատի պիտի ենթարկվեր, այլ կկորցներ և իր պաշտոնը, եթե մի տեղից փողի պակասը չլրացնի։ Քավոր Պետրոսը հասկանում է նրա անել դրությունը և մի օր ասում է նրան* «Պարոն բանտապահ, ես ցանկանում եմ մի փոքրիկ ծառայություն անել ձեզ»։ «Ի՞նչ ծառայություն», հարցնում է բանտապահը։ «Դուք, կարծեմ, փողի դժվարության մեջ եք, ես կաոող եմ օգնել ձեզ»:

   Այս տեսակ սրախոսություններ կալանավորների և բանտապահի մեջ այնքան սովորական ե՛ն, որ վերջինս ոչ միայն չի վիրավորվում, այլ շատ հետաքրքրվում է, թե քավոր Պետրոսը ո՞րքանով կարող է օգնել իրեն։ «Ո՞րքան է ձեզ հարկավոր», հարցնում է քավոր Պետրոսը։ «Երկու հազար ռուբլի», պատասխանում է բանտապահը։ Քավոր Պետրոսը խոստանում է վճարել նրան այդ գումարը։

   - Ինչո՞վ կարող եմ երախտահատույց լինել ձեր այդ օգնության համար, - Հարցնում է բանտապահը։

   - Ինձ ազատելով բանտից, - պատասխանում է քավոր Պետրոսը։

   - Ձեզ համար վճռված է ցմահ աքսոր։

   - Այդ ես գիտեմ։

   - Ձեզ կպահանջեն ինձանից։

   - Այդ էլ գիտեմ։

   - Ի՞նչ կարող եմ պատասխանել։

   - Ձեր պատասխանը ես մտածել եմ, մի շատ հասարակ բան է։

   - Ո՞րպես։

   - Ինձ կգրեք մեռածների ցուցակի մեջ, կասեք՝ հիվանդանոցում մեռավ, տարան թաղեցին։

   - Դրա համար զանազան պաշտոնական ձևեր են պահանջվում։

   - Մատյանների մեջ հեշտ է շինել այդ ձևերը։ Մի՞թե սակավ մարդիկ անհետանում են հիվանդանոցներում և նրանց մասին բնավ հարցուփորձ չէ լինում։ «Մեռա՜վ»... և դրանով վերջանում է ամեն բան։

   - Այսուամենայնիվ, մի դիակ պետք է դնել ձեր տեղը։

   - Հիվանդանոցի մառանի մեջ անտեր դիակներ խո շատ կան, ընտրեք նրանցից մեկը։

   Երիտասարդի պատմությունը խիստ հետաքրքրական էր ինձ համար։ Իրավ, շատերը կորչում էին այդ հիմնարկության մեջ։ Մեռածների դիակները չէին արժանանում մինչև անգամ թաղման, նրանց կարտում էին, այլանդակում էին և ձգում էին մեծ գետի մեջ, որ հոսում էր հիվանդանոցի մոտով։ Բանտը և հիվանդանոցը միևնույն շինվածքի մեջ էին։

   Դատաստանական վերանորոգություններից առաջ սարսափելի զեղծումներ էին կատարվում բանտերում, և շատ զարմանալի չէր, որ քավոր Պետրոսի նման մի մարդ կարողացել էր այդ խորամանկությամբ դուրս պրծնել բանտից։ Իմ երիտասարդ ընկերը պատմեց ինձ մի ուրիշ դեպք, որ ոչ սակավ հետաքրքրական էր։

   - Տեսնո՞ւմ ես այդ մարդուն, - Ասաց նա, - Որ կծկված, կոլորված նիրհում է այն անկյունում, այդ ողորմելին նույնպես զեղծումների մի անմեղ զոհ է։

   Ես նայեցի դեպի այն կողմը, տեսա մի նիհար մարդ, գունաթափ դեմքով, խորին թմրության մեջ նստած էր անկյունում։ Գիշերվա տխրությունը փարատելու համար ես մեծ հոժարությամբ սկսեցի լսել երիտասարդի տեղեկությունները այդ թշվառ աքսորականի մասին։ Նա գիտեր բավական ճշտոլթյամբ նկարել մարդկանց պատկերը։

   - Այդ ողորմելի արարածը, - Ասաց նա, - Որին կոչում են Սիդոր Սիդորիչ, որի հետ ես խիստ մոտ ծանոթացա, այն տեսակներից է, որոնք ոչ միայն զրկված են մարդկային ընդունակություններից, այլ կյանքի տխուր պայմանները խլել են նրանից և այն սակավ ընդունակությունները, որ ստացել են բնությունից։ Դա մի ատենական տեղի ստոր ծառայող է եղել, գրագրի պաշտոն է կատարել։ Հարատև կյանքը գրասեղանի մոտ բոլորովին բթամտացրել է դրան, իսկ արաղի անչափ գործածությունը լրացրել է պակասը։ Նրան արտաքսել են ծառայությունից, և չձանձրանալու համար սկսել է ավելի անձնատուր լինել արաղին։ Բայց Սիդոր Սիդորիչը խիստ խաղաղ և հանգիստ արբեցող է եղել։ Գինետնից դուրս գալուց հետո փողոցներում շրջելու և մարդկանց անհանգստացնելու սովորություն չէ ունեցել Սիդոր Սիդորիչը։ Նա ուղիղ կդիմեր դեպի իր տունը և ամբողջ օրը կներկայացներ մեկը այն անշարժ կարասիներից, որ վառարանի մոտ անպակաս են լինում։ Նա կնստեր այնտեղ, կամ կնիրհեր, կամ կհորանջեր, մոռանալով իրան մի առանձին անհոգ, անզբաղ ապշության մեջ։ Կինը նրան հանդիմանում է, հայհոյում է, բայց Սիդոր Սիդորիչը ոչինչ չէ պատասխանում։ Միայն հիմար կերպով ժպտում է, գլուխը քաշ է գցում և խուլ կերպով մրթմրթում է մի քանի անորոշ խոսքեր։ Կինը այն ժամանակ միայն կարող էր նրան դուրս գցել, երբ պետք էր սենյակը մաքրել և փոքր- Ինչ կարգի բերել։ Այդ միջոցին Սիդոր Սիդորիչը կնստեր դռան մոտ, արևի ճառագայթներով կտաքանար։ Իսկ երբ սենյակը մաքրեցին, նա դարձյալ վառարանի մոտ էր։

   Բայց լինում էին րոպեներ, երբ Սիդոր Սիդորիչը դառնում էր և ժիր, և աշխույժ։ Դա այն ժամանակ էր լինում, երբ նրա կինը ընդունում էր մի հարգելի հյուր։ Հարգելի հյուրը նրա նախկին մեծավորն էր։ Երբ այդ մարդը հայտնվում էր, այն օրը Սիդոր Սիդորիչի համար տոն էր։ Նա խիստ եռանդով հեռանում էր իր նվիրական անկյունից, երբ նրան փող էին տալիս, ուղարկում էին փողոց, որ ուտելիքներ ու խմելիքներ գնե։ Ո՜րքան ուրախ էր լինում նա։ Դեռ ճանապարհին, դեռ ըմպելիքները տուն չհասցրած, Սիդոր Սիդորիչը իր կոկորդը ըստ կարգին փափկացնում էր։ Սեղանը պատրաստվեցավ։ Տիկինը հարգելի հյուրի հետ ուտում են, խմում են, զվարճանում են։ Սիդոր Սիղորիչը խիստ եռանդով պտտվում է սեղանի շուրջը, աշխատում է ամեն տեսակ սպասավորություն ցույց տալ։ Նա մեծ բավականությամբ խմում է հարգելի հյուրի կենացը, երբ բաժակը նրա ձեռքն է հասնում: Կերուխումը տևում է երկար։ Բայց Սիդոր Սիդորիչը մինչև ընթրիքի վերջը սպասելու համբերություն չունի։ Նա օրորվում է, գլուխը լավ դրության մեջ չէ, կինը նրա ձեռքից բռնելռվ նստեցնում է հնոցի մոտ, այնտեղ սկսում է մրափել։ Տիկինը շարունակում է հարգելի հյուրի հետ ժամանակ անցկացնել։

   Սիդոր Սիդորիչը թեև ապրում էր կնոջ ողորմածությունով, նրա կոշիկների տակ և մոռացած իր բոլոր արժանավորությոլնները, բայց մի բանով միշտ պարծենում էր նա, որ ինքը այր էր, իսկ նա՝ կին։ Այդ ինքնաճանաչությունը ավելի հայտնվում էր նրա մեջ այն ժամանակ, երբ կինը շարժում էր նրա բարկությունը։ Եվ այդ պատահում էր խիստ հաճախ, երբ Սիդոր Սիդորիչը տանից մի բան էր գողանում և տանում էր գինետունը։ Կինը սկսում էր նախատել, հայհոյել նրան։ Իսկ Սիդոր Սիդորիչը հիշելով, որ ինքը այր է, խլում էր պատահած առարկան և զարկում էր կնոջ գլխին։ Երբեմն դրաման վերչանում էր արյունով։ Այսպիսի դեպքերից մեկն էր, որ առիթ տվեց Սիդոր Սիդորիչին բանտի մեջ ընկնել։ Կինը ուրախ էր, որ ազատվեցավ իր անախորժ բեռնից, իսկ Սիդոր Սիդորիչը շատ չտխրեց, որ նրան մի այլ տան մեջ փոխադրեցին։

   Այստեղ նա բոլորովին մոռացվեցավ թե՛ ինքը իր համար և թե՛ իր ընտանիքի համար։ Նա մոռացել էր մինչև անդամ, թե ո՛րքան ժամանակով բանտարկել էին իրան։ Հիմա նրան աքսոր են ուղարկում, դարձյալ չգիտե, թե ինչո՛ւ համար են ուղարկում, և զարմանալին այն է, որ հետաքրքրություն ևս չունի գիտենալու, հրամայում են, նա խոնարհվում է։ Խոնարհվելու ընդունակությունը սաստիկ զարգացած է նրա մեջ։ Նա երբեմն հանդուգն է միայն դեպի իր կինը, բայց հլու է դեպի ամեն մի օտար մարդ։

   Իմ երիտասարդ ընկերոջ նկարագրությունը Սիդոր Սիդորիչի մասին այն աստիճան գրավեց իմ ցավակցությունը դեպի այդ թշվառը, որ ես հարցրի նրանից.

   - Ուրեմն դու որևիցե զեղծո՞ւմ ես գտնում այդ մարդու դատապարտության գործում։

   - Այո՛, նույնպիսի մի զեղծում և նույն ձեռքով կատարված, որ քավոր Պետրոսի անունը արձանագրեց մեռածների ցուցակի մեջ։ Սիդոր Սիդորիչը աքսորվում է մի ուրիշ հանցավորի փոխարեն, որին վաղուց բաց են թողել։

   - Իսկ եթե մի օր նրա կինը կմտածե որոնե՞լ իր ամուսնուն։

   - Այն ժամանակ նրան էլ կգրեն բանտում մեռածների ցուցակում։

   Դատաստանական վերանորոգություններից առաջ այս տեսակ զեղծումներ շատ էին պատահում, և ես զարմանում էի, թե ինչո՞ւ քավոր Պետրոսը մտածեց միայն իր ազատության մասին, իսկ իր ընկերների մասին հոգս չտարավ։

   - Նա իրան ազատեց, որ ավելի դյուրություններ ունենա մեր մասին հոգ տանելու, - պատասխանեց երիտասարդը: - Նա կգա մեր ետևից և մինչև մեզ չազատե, չի հանգստանա։

   Երիտասարդը չծածկեց ինձանից, հայտնեց այն ամբողջ ծրագիրը, որ խաչագողները կազմել էին իրանց մեջ, թե ի՛նչ միջոցներով պետք է Փախչեն կես ճանապարհից, ապա հարցրեց.

   - Կմիանա՞ս մեզ հետ։

   - Ո՛չ, - պատասխանեցի ես։

   Նա սկսեց զարմացած նայել իմ երեսին։

   - Ուրեմն դու քեզ կորցնե՞լ ես ուզում։

   - Ավելի լավ է մաշվել հանքերում, քան թե կրկին միանալ ձեզ հետ։

   -Շատ կփոշմանես...- Ասաց նա և վշտացած հեռացավ ինձանից։

   Մենք բոլոր ժամանակ խոսում էինք հայերեն, այն ևս խաչագողի բարբառով, և կասկած չունեինք, որ կհասկանան մեզ։

   Գիշերից բավական անցել էր, հոգնած դատապարտյալները բոլորը խորին քնի մեջ էին։ Բայց քունը, տխուր սրտի միակ մխիթարությունը, ինձ մոտ չէր գալիս։ Դարձյալ ինձ երևում էր Նենեն, ինձանից չէր հեռանում անբախտ աղջկա սգավոր պատկերը...

ԺԱ

ՓԱԽՈՒՍՏ

   Սիբի՜ր...

   Սարսափելի ճանապարհորդություն է հարյուրավոր մղոններ անցնել շղթայակապ ոտներով։ Որքան հեռանում ես դեպի հյուսիս, ազգաբնակությունները հետզհետե նոսրանում են։ նոսրանո՛ւմ են և այնուհետև դատարկ և ձյունապատ անապատնեոին վերջ ու սահման չկա։ Խիստ հազիվ են պատահում փոքրիկ քաղաքներ, որոնք ավելի նման են մեծ գյուղերի։ Նրանց բնակիչները այն աստիճան սովորած են հաճախ աքսորականների խումբեր տեսնել, որ հենց լսում են շղթաների հնչյուններ, տներից դո՛ւրս են թափվում, սառնասրտությամբ նայում են նրանց վրա և ցույց են տալիս իրանց երեխաներին։ Ոմանք տալիս են թշվառներին մի կտոր հաց կամ մի քանի գրոշներ։

   Միշտ տխուր և միատեսակ է շրջապատը։ Նույն անվերջ անապատները ամեն օր տարածվում են քո առջև, նույն մառախլապատ հորիզոնը ամեն տեղ միախառնվում է սպիտակ սավանով պատած տափարակների հետ, նույն ցուրտ, խոնավ և մթին իջևանները սպասում են քեզ ճանապարհների վրա, և շատ տեղ հանդիպում ես պաշտոնակատարների կոպիտ, անխիղճ վարմունքին։ Ամեն տեղ, կայարաններում նույնպես համբարքով ստանում են և ճանապարհ են դնում թշվառականների խումբը։ Գնում ես, գնում ես... անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ... օրըստօրե ուժաթափ ես լինում։ Նվազում ես, թուլանում ես, բայց չդիտես, թե ե՞րբ պետք է տեղ հասնես...

   Երբեմն երևում են քեզ մարդիկների երեսներ, սառն և անմիտ, որպես ինքը եղանակը։ Ոտքից գլուխ հագնված մորթերի և մուշտակների մեջ, այդ գռեհիկները հազիվ որոշվում են թավամազ արչերից, որոնք շատ անգամ ծույլ և դանդաղ կերպով անցնում են դատապարտյալների խումբի մոտով և, մի առանձին հեգնական հայացք ձգելով նրանց վրա, կարծես, ուզում են ասել. «Մենք ավելի բախտավոր ենք, քան թե դուք»։

   Ցո՛ւրտ է։ Ամեն արարած այստեղ մրսում է, սառչում է, քարանում է։ Երկիրը զուրկ է լույսից և ջերմությունից։ Կարծես արևն էլ այստեղ մրսում է, կարծես նա էլ մուշտակ ունի հագած։ Նրա գունաթափ դեմքը շատ չէ որոշվում նույն գռեհիկների, նույն արջերի երեսներից։ Նրա ճառագայթները կորցնում են իրանց զորությունը ընդհանուր սառնության մեջ։

   Մեռած բնությունը բոլորովին ուրիշ կերպարանք է ստանում, երբ հանդիպում ես անտառների։ Այստեղ երևում է կյանք, բուսական թշվառ կյանք։ Տարվա այն եղանակում, երբ մեզ մոտ ծառերը բեռնավորված են զանազան տեսակ անուշ պտուղներով, երբ խաղողը մեղրի համ է ստանում մեր այգիներում՝ այստեղ սառը քամին փչում է, ծառերի ճյուղերը սարսափելով տատանվում են, ցած են խոնարհվում, դալկացած տերևները խշխշալով թափվում են, և նրանց տխուր հառաչանքներից դու որոշում ես այս խոսքերը. «Տե՛ս, մենք էլ աքսորված ենք այդ երկրռւմ։ Եվ իրավ, բնության խստությունը մինչև այն աստիճան ճնշել է այդ ողորմելի արարածներին, որ նրանք ազատ կերպով աճել և զարգանալ կարող չեն։ Որքան առաջ ես գնում, ծառերի աճելության ուժը պակասում է, պակասում է, և նրանք հետզհետե փոքրանալով, բոլորովին մանրանում են, մինչև թզուկ թուփերի կերպարանք են ստանում։

   Ամեն ինչ այստեղ մոտ է երկրին, ամեն ինչ թեքված, խոնարհված է դեպի ցած։ Լեռները և բլուրներն անգամ չեն համարձակվում իրանց գագաթները շատ վեր բարձրացնել, կարծես նրանց վրա ևս մի բան ճնշում է։ Եվ երկրի ընդարձակ տարածությունը ստանում է տափակ, հարթ- Հավասար կերպարանք, ձևացնում է մի անսահման անապատ։

   Չնայելով եղանակների խստությանը, չնայելով մեր ուղեվորության սպանիչ ազդեցությանը, իմ ընկերները դարձյալ չէին կորցնում իրանց զվարթությունը։ Նրանք իրանց սովորության համեմատ հանաքներ էին անում, ծիծաղում էին և շատ տեղ իջևաններում անձնատուր էին լինում արբեցության։

   Այդ երկրռւմ լույսի և ջերմության պակասությունից մարդը միշտ ցուրտ է զգում և ցո՛ւրտ։ Պետք է մի բանով տաքացնել սառած մարմինը, և արաղը հանդիսանում է որպես փրկարար դարման։ Նա թմրեցնում է ուղեղը, բթացնում է զգայարանքները, և դու բնության խստությունը այլևս չես զգում։ Եվ այդ է պատճառը, որ ոչ մի հիմնարկության այնքան չես հանդիպում, որքան գինետների։ Նրանց թիվը հազարապատիկ ավելի է եկեղեցիների, դպրոցների և այլ կրթական հիմնարկությոլնների թվից։ Համարյա բոլոր իջևաններում կարելի էր գտնել արաղ։

   Թեև արբեցությունը սաստիկ արգելված էր կալանավորներին, բայց պահապանները այնքան բարի են գտնվում, որ չեն արգելում նրանց այդ միակ մխիթարությունից, մանավանդ երբ նրանց էլ հրավիրում են խմել իրանց հետ։

   Իսկ այղ զվարճություններդ այն աքսորականների համար են միայն, որոնք ունեն իրանց հետ փոքրիշատե արծաթ։ Երևում էր, որ իմ ընկեր խաչագողները զուրկ չէին արծաթից. ամեն տեղ գնում էին ծխախոտ, սպիտակ հաց, ուտելիքներ և արաղ։ Այդ բարիքներից նրանք մասն էին հանում մյուս աղքատ դատապարտյալներին, և այդ պատճառով խումբի մեջ խաչագողները վայելում էին մի առանձին հարգանք։

   Բայց ինձ խիստ անհաճո էր թվում նրանց՝ մինչև հանդգնության հասցրած անհոգությունը։ Ես զայրանում էի, երբ նկատում էի, որ նրանք առ ոչինչ էին համարում իրանց դրության բոլոր զարհուրանքը։ Մարդիկ, որ կորցնում էին հայրենիք և ընտանիք, մարդիկ, որ իրանց տների մեջ անբախտ կին և անտեր զավակներ ունեին, մարդիկ, որ հավիտյան զրկվում էին այն բոլորից, որ միշտ սիրելի էր եղել իրանց, այդպիսի թշվառ մարդիկ դեռևս սիրտ ունեին զվարճանալու, դեռևս նրանց երեսը ծիծաղում էր։

   Մենք գիշերները ավելի ազատ էինք լինում միմյանց հետ խոսելու և խորհրդակցելու, երբ անասունների նման ածում էին մեզ մի սենյակի մեջ և դռները կողպում էին։ Բայց իմ ընկեր խաչագողները վաղուց արդեն սկսել էին ինձ հետ բավական սառն կերպով վարվել, երևում էր, որ վստահություն չունեին դեպի ինձ և ամենայն ծածկամտությամբ աշխատում էին թաքցնել ինձանից մի գաղտնիք։ Ես էլ իմ կողմից ամենևին հետաքրքիր չէի լինում խորամուխ լինել նրանց խոր- հուրդների մեջ։

   Այդ սառնությունը սկսվեցավ մեր մեջ այն օրից, երբ իմ երիտասարդ ընկերներից մեկը հայտնեց ինձ քավոր Պետրոսի ամբողջ ծրագիրը, թե ո՛րպիսի հնարներ էր նախապատրաստել նա, որ կես ճանապարհից փախցներ իր աքսորական ընկերներին։ Ես այն ժամանակ մերժեցի երիտասարդի առաջարկությունը, վճռական կերպով պատասխանելով, թե ամենևին չի պիտի մասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ, և ավելացրի, թե լավ է ինձ հանքերում մաշվել և համբերությամբ սպասել իմ ճակատագրի վախճանին, քան թե ազատություն գտնել քավոր Պետրոսի ձեռքով:

   Այն օրից անցել էին երկու ամբողջ ամիսներ։ Մի գիշեր նույն երիտասարդը մոտեցավ ինձ։

   - Մուրադ, - Ասաց նա, - դու դարձյա՞լ միտքդ չես փոխել։

   - Ի՞նչ բանի համար, - Հարցրի ես։

   - Հիշո՞ւմ ես մեր մեջ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խոսակցությունը։

   - Հիշում եմ։

   - էգուց երեկոյան պահուն պիտի կատարվի գործողությունը...

   - Ւնչ որ ուզում եք՝ կատարեցեք։ Ես չեմ փոխել իմ միտքը, ես ամենևին չեմ մասնակցելու ձեր ձեռնարկությանը... նա բռնեց իմ աջը և աղաչավոր դեմքով աչքերը դարձրեց դեպի իմ երեսը։

   - Լսի՛ր, Մուրադ, համառության ժամանակ չէ, քո կամակորությունը կկորցնե քեզ։ Մտածիր, որ դու դեռ երիտասարդ ես, քո առջև դեռ ընդարձակ ասպարեզ կա գործելու և բախտավոր լինելու։ Քավոր Պետրոսը իր որդու նման սիրել է քեզ, այժմ նույնպես սիրում է։ Նա քեզանից ձեռք չի վեր առնի, նա կգա քո ետևից, ուր որ տանում են քեզ, և մինչև չազատե քեզ, չի հանգստանա։ Եթե չես հավատում, քեզ ցույց կտամ նրա նամակը։

   Նա տվեց ինձ մի թղթի կտոր, որի վրա գրված էին մի քանի տողեր միայն, ստորագրությունը և ձեռագիրը քավոր Պետրոսինն էր։ Ահա նրա բովանդակությունը. «Սիրելի Մուրադ, հնազանդվի՛ր, ինչ որ քո ընկերները կառաջարկեն քեզ, մոտ է փրկության ժամը»...

   Թե ինչպե՞ս էր հասել այդ թուղթը նրա ձեռքը, ես չգիտեմ, բայց ես զզվանքով հետ տվի, ասելով.

   - Եթե հազար այս տեսակ նամակ գրելու լինի նա, ես դարձյալ իմ միտքը չեմ փոխի։ Ես վճռել եմ, վաղուց վճռել եմ բնավ հարաբերություններ չունենալ խաչագողների հետ։ Ես նրանց մատնությամբ Սիրիր եմ գնում, բայց չէի ցանկա- նա նրանց ձեռքով ազատված լինել։

   - Այդ ես հասկանում եմ, - պատասխանեց երիտասարդը, - և մասամբ իրավունք եմ տալիս քո դժգոհությանըւ Բայց ոչինչ չէ արգելում քեզ այդ դրությունից ազատվելուց հետո կտրել քո հարաբերությունները խաչագողների հետ։

   - Բանը նրանումն է, որ նրանց ձեռքով ազատվելը ինձ համար անարգանք եմ համարում։

   - Այդ խոսքը շատ վիրավորական է, Մուրադ, - Ասաց երիտասարդը փոքր- Ինչ վրդովված ձայնով, - Բայց ես ուշադրություն չեմ դարձնի և կհիշեցնեմ քեզ մի ուրիշ բան, որը, որպես երևում է, մոռացել ես դու։ Դու հիշո՞ւմ ես այն անբախտ աղջկան, որը սիրում էր քեզ, որին սիրում էիր և դու։ Արդյոք չե՞ս մտածում վերադառնալ նրա մոտ, գտնել նրան, Ուրախացնել նրան։ Գիտե՞ս ինչ դրության մեջ թողեցիր նրան։

   - Գիտեմ... Բայց ինձ հայտնի չէ, արդյոք ո՞ղջ է նա, թե՞...

   Վերջին խոսքը ես չկարողացա արտասանել, դա դանակի պես կտրատում էր իմ սիրտը։ Երիտասարդը հանգստացրեց ինձ, ասելով.

   - Ողջ է։ նրա վերքը մահացու չէր։ Մենք այդ մասին ճիշտ տեղեկություն ունենք։

   Ընթերցողը հիշում է, որ ինձ դեպի աքսոր ճանապարհ դնելու առավոտը հանկարծ հայտնվեցավ Նենեն և իր բարկության խռովության մեջ խլեց զինվորներից մեկի ձեռքից հրացանը և արձակեց։ Թեև ոչ ոքին չվնասեց նա, բայց նրա վարմունքը այն աստիճան հակառակ էր օրենքի, որ մի զինվոր հրացանի սվինով վիրավորեց նրան, և նա ընկավ։ «Խելագար աղջկա» համարումը և հոգեկան հիվանդության ապացույցները միայն կարողացան ազատել նրան օրենքի խիստ դատապարտությունից։

   Նենեի անունը հիշեցնելով, երիտասարդը շոշափեց սրտիս ամենազգայուն լարերը, իմ համառությունը մեղմացավ, իմ կամակորությունը միանգամից փշրվեցավ, և ես պատրաստ էի ասել նրան, «Լավ, համաձայն եմ, կմիանամ ձեզ հետ», բայց դարձյալ շուտով ես տիրապետեցի ինձ, կարծես, իմ կամքի զորությունը կրկին վերադարձավ, երբ մտաբերեցի, թե ի՞նչ բան է խաչագողը կամ ի՞նչ է նշանակում միանալ նրանց հետ։

   - Ոչ, - պատասխանեցի նրան, - երբեք, երբեք ձեզ հետ գործ ունենալ չեմ կարող։

   Երիտասարդի դրությունը անտանելի դարձավ։ Նա գործ դրեց իր վերջին ուժը, աշխատելով Նենեի հիշատակով գրավել ինձ։ Այդ փորձը անցավ ապարդյուն։ Այժմ ի՞նչ պիտի աներ նա։ Նա հայտնեց ինձ մի գաղտնիք՝ հաստատ հույս ունենալով, որ կհամոզե ինձ, որ ես կմասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ։ Ես մերժեցի։ Բայց գաղտնիքը մնաց ինձ մոտ։ Այժմ կարո՞ղ էր նա ապահով մնալ, որ ես նրանց գաղտնիքը չէի հայտնի ում որ հարկն էր և արգելք չէի դնի նրանց դիտավորության կատարվելուն։ Խաչագողները սաստիկ կասկածավոր մարդիկ են։ Ես նկատեցի այդ և բոլորովին անկեղծությամբ միամտացրի նրան, ասելով,

   - Դուք ինչ որ ցանկանում եք՝ արեք, ես ոչ մի կերպով չեմ խանգարի ձեզ, միայն ինձ հանգիստ թողեցեք։

   - Ազնիվ խո՞սք ես տալիս։

   - Ազնիվ խոսք եմ տալիս։

   Նա սեղմեց իմ ձեռքը և հեռացավ։

   Ես մնացի միայնակ, մեր կալարանի մի անկյունում նստած։ «Այդ մարդիկը պիտի փախչեն, մտածում էի ես, նրանց դեռ չբռնված, ազատ մնացած ընկերները դրսից կօգնեն նրանց և անպատճառ կհաջողացնեն գործը, իսկ ես կմնամ իմ կապանքների մեջ։ Ինձ կտանեն այնտեղ, ուր մարդիկ կենդանի թաղվում են հանքերի անձավներում և խլուրդների նման աշխատում են ստորերկրյա մթության մեջ»։ Չնայելով այդ բոլորին, իմ սիրտը հանգիստ էր, ես հավատացած էի, որ վերջ ի վերչո ինձ համար էլ կբացվեր ազատության դուռը, բայց ավելի արդար, ավելի օրինավոր ճանապարհով» Իր մեղքերը զղջացած, ճշմարտության շավղի վրա կանգնած հանցավորին պետք է ներվեր, պետք է նրա համար փրկություն լիներ։ Եվ եթե մարդիկ այնքան սրատեսություն չունեն, որ քննեն սրտերի բոլոր խորքերը և որոշեն համառ հանցավորը զղջացածից, արդարը մեղավորից, բայց աստված, որի համար ոչինչ գաղտնիք չկա, որ գիտե բոլորը, ի՞նչ որ հասարակ մահկանացուին անհասկանալի և մութն է, մի թե ամենաբարի աստվածը չէր օգնի ինձ։ Իմ հավատը այժմ այնքան ջերմ էր, և իմ հույսը այնքան հաստատուն էր, որ ես նրա օգնությանը հավատում էի և սպասում էի։

   Գիշերն անցավ առանց որևիցե աղմուկի։ Ամեն ինչ խաղաղ էր, ամեն ինչ իր սովորական դրության մեջն էր։ Առավոտյան մեզ զարթեցրին խիստ վաղ։ Օրը բավական ցուրտ էր։ Իմ ընկերները ջերմացրին իրանց մարմինը արաղով և չմոռացան մեր պահապան զինվորներին նույնպես խմացնել։ Մենք ճանապարհ ընկանք, մեզանից յուրաքանչյուրը իր ծանրությունները իր մեջքի վրա կրելով։ Մեր ետևից գալիս էր մի սայլակ, լծած միայն մի ձիով, որ բերում էր մեր և զինվորների ավելորդ ծանրությունները։ Նրա վրա երբեմն նստեցնում էին աքսորյալներից նրանց միայն, երբ հիվանդանում էին և չէին կարող ճանապարհը շարունակել» Իմ ընկերներից երկուսը, այն առավոտ իրանց հիվանդ ձևացնելով, պառկած էին սայլակի վրա։ Պահապանները հիվանդների վրա շատ ուշադրություն չէին դարձնում, ինքը հիվանդությունը հսկում էր նրանց վրա։

   Երբ արեգակը բավական վեր բարձրացավ հորիզոնից, օրը սկսեց տաքանալ։ Աքսորականների խումբը առաջ էր ընթանում դանդաղ և ծանր քայլերով։ Նրանց ոտնակապերի երկաթները աններդաշնակ կերպով ձայն էին հանում։

   Պահապանների և աքսորականների ուշադրությունը դարձրած էր մի ծերունի հրեայի վրա, որը զանազան ծիծաղելի առակներով զվարճացնում էր նրանց։ Հրեան մի փոքրիկ մարդ էր, որին կոչում էին ժոզեֆ։ Այդ խեղկատակը կատվի դեմքով, նեղ և խորամանկ աչքերով, բնիկ օդեսացի էր, որը սկզբում պարապում էր մաքսանենգությամբ, իսկ հետո, մտնելով խաչագողների ընկերության մեջ, փորագրիչի պաշտոն էր կատարում և նրանց հետ կեղծ թղթադրամներ էր շինում։ Դա միևնույն անձն էր, որ մատնեց ամբողջ ընկերությունը։

   Ժոզեֆը ամբողջ խմբի զվարճությունն էր, նրա սրախոսությունները, հանաքները և հրեական թլվատ լեզվով խոսակցությունը թուլացնելու չափ ծիծաղելի էին։ Կարծես թե այդ բոլորը նրա մեջ մի տեսակ կենսական պահանջ էր դարձել, և այդ պատճառով խեղկատակության ձիրքը ավելի զարգացել էր։ Նայելով նրա վրա, ես բացատրում էի նրա ցեղի մի քանի ընդհանուր գծերը, որոնք առաջ էին եկել կյանքի զանազան պայմաններից։ Խեղկատակությունը ծնունդ է հաճոյամուության. դրանք երկուսն էլ ճնշված, հալածված ցեղերի հատկություններ են։ Պատմական հանգամանքների խստությունից հրեան այնքան ստոր ընկած է հասարակաց կարծիքից, որ մի շրջանի մեջ գտնվելու ժամանակ ուրիշ բանով չէ կարողանում գրավել նրանց ուշադրությունը, բայց միայն ծաղրածություններով։ Այդ մնում է նրա բնավորության մեջ և այն աստիճան ընտելանում է, որ մինչև անգամ առանց վիրավորելու թույլ է տալիս ուրիշներին ծաղրել իրան։ Այսպես էր և Ժոզեֆը։

   Օրը սկսել էր երեկոյանալ։ Դեռ տասն վերստից ավելի էր մնում մինչև առաջիկա իջևանը։ ճանապարհը ձգվում էր անտառի միջով, ուր ասեղնավոր տերևներով պատած ծառերը այնպես խիտ գրկած էին միմյանց, որ մի քանի քայլ հեռվից ուրիշ ոչինչ չէր երևում, բացի ծառերից։ ճանապարհը նեղ էր. ծառերի ոստերը անդադար դիպչում էին մարդու երեսին և ծակոտում էին։ Բայց այդ չէր արգելում լսել Ժոզեֆի մի հետաքրքիր պատմությունը, որը կեսօրից հետո սկսելով, դեռ չէր ավարտել։ Պատմությունը հետզհետե ավելի ծիծաղաշարժ էր դառնում, բոլորի ուշադրությունը լարված էր դեպի հրեան։ Դա ամոքում էր և մեր հոգնածությունը։ Խումբը դանդաղ կերպով առաջ էր գնում։

   Մի տեղ ճանապարհը ավելի նեղ ձև ստացավ, մի կողմից բարձրանում էր փոքրիկ բլուր, իսկ մյուս կողմից մի ուղղաձիգ զառիվայր իջնում էր դեպի անտառախիտ ձորը և կորչում էր ծառերի մեջ։ Ես լսեցի մի ձայն, որ շատ նման էր սև ագռավի կռնչյունին։ Որքան և բնական կերպով հնչվեցավ այդ ձայնը, դարձյալ ես չէի կարող չհասկանալ, թե դա խաչագողների սովորական նշանախոսություններից մեկն էր, որ նշանակում էր՝ «պատրաստ եղեք»։ Ձայնը կրկնվեցավ, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց, միայն իմ ընկերները խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին։ Ժոզեֆի պատմությունը այգ միջոցին ավելի հետաքրքրական էր դարձել։ ՝

   Փոքր-ինչ առաջ գնալուց հետո ձայնը երրորդ անգամ կրկընվեցավ։ Այդ միջոցին մեր խումբի մեջ գտնված խաչագողները արագությամբ դուրս եկան ճանապարհից, մտան անտառի մեջ և շուտով ծածկվեցան ժայռերի ետևում։ Պահապաններից մի քանիսը փորձեցին հետամուտ լինել, բայց ժայռերի ետևից և ծառերի միջից սլացող գնդակները երկուսին գետին գլորեցին։ Նրանք ետ դարձան, որ պահեն մնացածներին, որպեսզի չփախչեն։

   Այդ բոլորը կատարվեցավ մի քանի րոպեի մեջ։ Ամբողջ խումբին տիրել էր երկյուղ և խորին ապշություն։ Հրացանները դեռ երկու կողմից ևս արձակվում էին, գնդակները սուլելով անցնում էին ծառերի միջից։ Հետո ամեն ինչ լռեց, միայն անտառի խորքից լսելի էին յինում մուրճերի շտապշտապ զարկերը։ Երևում էր, խորտակում էին փախստականների երկաթյա ոտնակապերը։

   Կռվի խռովության ժամանակ հափշտակողներից ոչ ոք չերևեցավ անտառի խորքից։ Նրանք գործում էին իրանց թաքստի տեղից։ Միայն վառոդի ծուխի մեջ ես նշմարեցի մի աղոտ պատկեր։ Որքան էլ կերպարանափոխված լիներ նա, այնուամենայնիվ ես չէի կարող չճանաչել քավոր Պետրոսին։ Նա խորհրդավոր կերպով շարժեց դեպի ինձ իք մատը և դևի նման կրկին անհայտացավ։ Կարծես դրանով ասել էր ուզում. «Հիմար, ինչո՞ւ չհետևեցիր իմ խրատներին»...

   Երբ ամեն ինչ լռեց, հանգստացավ, մենք դեռ նոր նկատեցինք, որ խեղճ Ժոզեֆը դիակների թվում էր։ Գնդակը, որ դիպել էրնրա գլխին, պատահական չէր, այլ նպատակով ուղղած։ Այդ անպիտանը մատնել էր խաչագողներին, ոչնչացրել էր մի ամբողջ հիմնարկություն, որով նրանք միլիոններ վաստակելու հույսեր ունեին։ Խաչագողը մինչև մահ չէ մոռանում յուր ընկերների անհավատարմությունը և աշխատում է մի օր վրեժխնդիր լինել։ Եվ այժմ Ժոզեֆը ստացավ իր վարձը։

   Սարսափած և երկյուղից խռովության մեջ ընկած պահապանները հրեայի և իրանց երկու ընկերների դիակները դրեցին սայլակի վրա, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Իջևանը բավական հեռու էր, մենք հասանք այնտեղ, երբ արևը վաղուց մայր էր մտել, և մութը բոլորովին պատել էր։

   Մյուս օրը մենք մնացինք նույն իջևանում։ Պահապաննե-րը, երկյուղ կրելով, միգուցե մնացած աքսորականների հետ պատահեր միևնույնը, այն օր մեր գնացքը հետ ձգեցին, մինչև պատահած անցքի մասին տեղեկություն կտային մերձակա փոքրիկ քաղաքի կառավարությանը, և մինչև փախստականներին գտնելու միջոցներ գործ կգրվեին։ Ես շատ ուրախ էի, որ մեր ուղևորությունը ընդհատվեց, որովհետև փոքր- Ինչ կհանգստանայի, փոքր-ինչ կկազղուրեի իմ սպառված ուժերը։

ԺԲ

ՍԵՐԸ Չէ ՀԱՄԲԵՐՈԻՄ

   Խաչագողների փախուստից հետո մեր խումբի մեջ մնաց մեկ քրիստոնյա միայն, ազգով վրացի։ Մյուսները թուրք, թաթար և այլազգիներ էին։ Ազատվելով խաչագողների անտանելի հասարակությունից, ես սկսեցի որոնել հիշյալ վրացու բարեկամությունը։ Նա մի ուրախ, պարզամիտ և բավական շնորհալի դեմքով երիտասարդ էր Իմերեթիայի կողմերից: Նա խիստ շուտով մտերմացավ ինձ հետ։ Նրան աքսորել էին սպանության համար։ Ես զարմանում էի, թե ինչպե՞ս մի այնպիսի բարեսիրտ տղա կարող էր սպանություն գործել։

   Այդ երիտասարդը օրըստօրե ավելի և ավելի համակրական էր դառնում ինձ։ Նրա բնավորության մեջ այնքան պարզություն կար, որ չէր կարելի չսիրել նրան։

   Մեզ արդեն տեղափոխել էին մերձակա փոքրիկ քաղաքը։ Այստեղ ևս մի քանի օր պահեցին մեզ, որովհետև մեր խումբի հետ պիտի միացնեին մի քանի ուրիշ աքսորականներ, որոնց նույնպես Սիրիր էին ուղարկում։

   Վասոն, այսպես էր վրացի երիտասարդի անունը, այնքան ընտելացավ ինձ հետ, որ ինձանից չէր հեռանում։ Գիշերները քնում էր իմ կողքին և շատ անգամ, երբ քունը չէր տանում, ժամերով պատմում էր իր կյանքի այս և այն արկածները:

   Մի գիշեր, նստած իմ մոտ, կարկատում էր իր մաշված կոշիկները և տխուր, հազիվ լսելի ձայնով շշնջում էր մի երգ, Երիտասարդը բոլորովին հափշտակված էր իր զգացմունքների մեջ, և գործը համարյա մեքենաբար էր կատարվում նրա ձեռքում։

   - Վասո, չե՞ս պրծնում, - Հարցրի նրանից։

   - է՜, թող անիծե՜ աստված այդ անպիտանները, սաղ տեղ չէ մնացել, կարում ես, կարում, էլի էն է ու էն։

   - Մեկ հատը ինձ տուր, ես կօգնեմ քեզ։

   - Շնորհակալ եմ, դու միայն ճրագը մոտ բռնիր, ես կկարեմ։

   Ես նկատեցի, որ Վասոյի խնդիրը խիստ կարևոր էր. ճրագի մոմը, որ նա կպցրել էր հատակի աղյուսի վրա, այնքան սպառվել և կարճացել էր, որ լույսը կոշիկների վրա չէր տարածում և այսպիսով դժվարացնում էր նրան աշխատել։ Ես վեր առի մոմը, բարձր բռնեցի, նա շարունակեց կարել:

   Բայց ինձ հետաքրքրում էր այն, թե ի՞նչ պատճառով աքսորեցին նրան։

   - Ես սպանեցի իմ պարոնին,- պատասխանեց նա։

   - Ինչո՞ւ համար։

   - Երկար է, շատ երկար, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի պրծնի։

   - Միևնույն է։ Դու խո չես քնում, իմ քունն էլ չէ տանում, դու պատմիր, ես կլսեմ, այսպիսով ավելի կարճ կլինի գիշերը։

   Նա սկսեց պատմել.

   «Ես է... իշխանի ճորտերից էի։ Նա շատ վատ մարդ էր, օրինակ քեզ՝ մի գազան։ Պատահում էր, կա՛մ տանը կնոջ հետ կռված է, կա՛մ մի ուրիշը բարկացրել է նրան և կամ հարբած է, նա կատաղած դուրս է գալիս տնից, վա՜յ այն գյուղացուն, որ կհանդիպի նրան։ Նա իսկույն մի առիթ կգտներ գյուղացուն ծեծելու, հայհոյելու և իր սիրտը հանգստացնելու։ Օրինակ, պատահում էին այսպիսի դեպքեր, գյուղացին մի զույգ նոր տրեխներ է հագել։ (Նա համբերել չէր կարող, երբ գյուղացին նոր բան էր հագնում և պարոնի նմանություն էր ստանում)։ Տեսար, կանչում է՝ «էյ, մարդ»։ Գյուղացին մոտենում է, գլուխ է տալիս, կանգնում է։ «Այդ ի՞նչ է», ցույց է տալիս նա տրեխները։ «Աղա ջան, ցավդ տանեմ, գնում եմ անտառը», պատասխանում է գյուղացին դողալով։ «Տո, անպիտան, եթե առանց տրեխների գնալու լինես, ոտներդ կմաշվե՞ն», և հրամայում է իսկույն խլել նրանից տրեխները։ Մի անգամ գյուղացու մեկը փռթկաց նրա մոտ։ «Տո, անշնորհք ավանակ, համարձակվում ես փռթկա՞լ քո պարոնի առջև», ասաց նա և հրամայեց ծեծել խեղճին։

   Մեր հարևան Գիորգին մի աղջիկ ուներ, - շարունակեց նա, - նրա անունը Կեկելո էր։ Բայց ի՜նչ աղջիկ, այնքան սիրուն էր, որ կարծես գյուղացու աղչիկ չլիներ, այլ ուղիղ պարոնի տնից դուրս եկած լիներ։ Մի անգամ նա հանդիպեց ինձ դաշտումը, գալիս էր անտառից, շալակած փայտ էր բերում իրանց համար։ Քրտինքը թափվում էր նրա երեսից, թշերը խնձորի նման կարմրել էին։ Հենց որ տեսա, իմ խելքը գնաց։ «Տուր, Կեկելո, ես կտանեմ շալակդ», ասացի նրան: «Շատ ծանր չէ, ես կարող եմ տաներ, ասաց նա ավելի կարմրելով։ Մենք սկսեցինք խոսելով կամաց-կամաց դիմել դեպի գյուղը, երբ մոտեցանք, բաժանվեցանք միմյանցից, որ մեզ միասին չտեսնեն»։

   Այդ միջոցին Վասոն այն աստիճան հափշտակված էր իր պատմությունով, որ ամենևին չէր նկատում, թե ասեղը ընկել էր նրա ձեռքից, և կոշիկները նույնպես ընկած էին նրա կողքին։ Նա շարունակեց,

   «Ես մորս հայտնեցի, որ Կեկելոյին նշան դնե ինձ համար» նա էլ հորս հայտնեց։ Հայրս գնաց Գիորգիի տունը, խոստացավ տալ մի այծ, հինգ թունգի գինի, մի քանի սոմար սիմինդր, կարճ ասած, խոսեցին, բարիշեցան, նշանը դրեցին։ Սպասում էինք, որ աշունքը գա, գինին պատրաստվի, որ հարսանիք անենք։ Այդ միջոցին, չեմ իմանում, ի՞նչ սատանա մտավ իմ պարոնի գլխում։ Նա հրամայեց, որ Կեկելուին վեր առնեն իր տանը որպես աղախին։

   Աշունքը եկավ, գինիները հասան, բայց հարսանիքը չկատարվեցավ։ «Այս տարի չի լինի», ասում էր մեր պարոնը։ Իմ սիրտը տրաքվում էր անհամբերությունից։ Բայց ի՞նչ կարող էի անել, երբ պարոնը այսպես էր հրամայում։

   Մի անգամ Կեկելոն գտավ ինձ անտառում, տեսնում եմ, երեսին գույն չէ մնացել, կասես թե սպանված լիներ։ Հարցնում եմ, «Կեկելո, ի՞նչ է պատահել քեղ հետ»։ Նա ոչինչ չէ ասում, հենց լաց է լինում։ Գրկում եմ նրան, դարձյալ հարցնում եմ. «Կեկելո, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նա արտասուքի միջից ինձ պատասխանում է, «Ա խ, վատ մարդ է... նա շատ վատ մարդ է... նա աստված չունի... նա»։ Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել իր խոսքը, բայց ես հասկացա բոլորը...

   Արյունը թռավ գլուխս, ես իստակ կատաղեցա։ Հենց էն սհաթին վազեցի դեպի մեր տունը, խենջարս վեր առի, թաքցրի չերքեզիիս տակ, տնից դուրս եկա։ Առաջ մտա գինետունը, լավ խմեցի, սիրտս պնդացրի, հետո գնացի պարոնի դռանը կանգնեցա, սպասում էի, որ նա դուրս գա։ Տեսա, նա դուրս եկավ, պատրաստվում էր որսի գնալ։ Առաջը կտրեցի, ասելով. «Ինչո՞ւ ես պահել իմ նշանածին»։ Նա բարկացավ, սկսեց հայհոյել և չորս կողմն էր նայում, աչքերով որոնում էր իր սպասավորներին, որ հրամայե ինձ բռնեն։ «Տո՛ւր իմ նշանածը», կրկնում եմ ես, հենց մոտ ու մոտ եմ գնում։ Նա դարձյալ գոռում է. «Դու, լի՜րբ, անզգամ, համարձակվում ես... բռնեցեք այդ անիրավին»։ Ես ուշադրություն չեմ դարձնում, հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Հիմա քեզ խեղդել կտամ», ասում է ավելի կատաղելով։ Իսկ ես հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Տո՜ւր նշանածս, ասում եմ քեզ»։ Նա էլ չհամբերեց մինչև ծառաները հավաքվեին, հարձակվեցավ իմ վրա։ Ես խենջարը խրեցի նրա կողքը...»։

   Այդ միջոցին ես նայեցի Վասոյի երեսին, նա այնպես գունատված էր, նրա շրթունքը այնպես դողդողում էին, որ կարծես, հենց այն րոպեում նա իր արյունոտ խենջարը դուրս էր քաշում բռնակալ պարոնի կողքից։ Երբ նա փոքր- Ինչ հանգըստացավ, հարցրի.

   - Իսկ դու չփախա՞ր։

   - Փախա, բայց երբեմն գիշերով հայտնվում էի մեր գյուղում, որ Կեկելոյին էլ կարողանամ փախցնել։ Աստված չհաջողեց, մի գիշեր բոնվեցա։

   Վասոյին ես ավելի սկսեցի սիրել, երբ իմացա նրա կյանքի պատմությունը։ Խեղճ տղան սիրո զոհ էր դարձել։ Սե՜ր... ի նչ բան ես դու, ես մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ քեզ, թեև ինքս սիրել եմ... և այժմ սիրում եմ...

   Վասոն և Կեկելոն, որպես ճորտեր, որպես սեփականություն մի անգութ պարոնի, հոժարությամբ նվիրում են նրան իրանց աշխատանքը, իրանց վաստակը։ րայց երբ պարոնը դիպչում է և այն զգացմունքին, որը սուրբ է յուրաքանչյուր անհատի համար, այն ժամանակ ճնշվա՛ծ, հլու ստրուկն անգամ այլևս չէ համբերում...

   Իսկ ե"ս։ ես, թշվառականս, ի՞նչ արեցի Նենեի համար, ինչո՞վ ապացուցեցի, որ ճշմարիտ սիրում եմ նրան...