Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

50. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ

Թիֆլիս – Երևան

1922 թ. 22 հուլիսի.

Սիրելի Պողոս.

          Էսօր քեֆս շատ է խարաբ: Պոլիս տպագրության էի հանձնել բանաստեղծություններիս մի ժողովածու2: Ստացել եմ դեռ չկազմած մի օրինակը լիքը տպագրական սխալներով, մի շատ անբարեխիղճ կամ անփորձ սրբագրչի ձեռքի տակից անցած մի գործ: Գրում եմ, որ ինչ որ կարելի է ուղղել – ուղղեն:

          Տեսնենք ինչ դուրս կգա:

          Գանք մեր գործին:

          Ասում ես՝ մի գումար ես ձեռք բերել և ուզում ես ինձանից մի քանի բան գնես: Շատ լավ. բարով հազար բարի: Ինձ էլ մի էդտեսակ մուշտարի է հարկավոր էս վատ ժամանակս, որ համ փող ունենա, համ էլ շաշ ըլի:

          Ասում ես՝ ինչ ունեմ:

          Ասեմ ինչ ունեմ, ախպեր:

          1. Ունեմ սրանից մի 17 թե 18 տարի առաջ գնած հին դոկումենտներ Ներսես V3 – ի կոնդակների սևագրության դավթարը, որի մեջ շատ բան կա մեր հասարակական – գրական (մանավանդ Միք. Նալբանդյանին) և քաղաքական կյանքին (կաց գրիչս փոխեմ) վերաբերող նյութեր: Նույնպես և իր ժամանակին հայտնի Զալալյան4 արքեպիսկոպոսի գրությունները Պոլսի մեծամեծների և պաշտոնական մարդկանց, ինչպես և ռուս բարձր պաշտոնյաների հետ:

          Գնել եմ երկու տեղից: Երկուսն էլ կան: Վճարել եմ 200 – 300 ռուբլի: Էս մին:

          2. Ունեմ հոլանդական մեծ մինիատյուրիստ Կալֆի5 գործը, որ կլասիկ գործ է: Կարող ես կարդալ Բրոկկաուզի6 էնցիկլոպեդիայում (հավելվածում) կամ Большая энциклопедия – ում, և կտեսնես, որ ասված է, թե եվրոպական մուզեյները Կալֆ են որոնում, և որ Ռուսաստանը ունի 2 թե 3 հատ, լավ չեմ հիշում, էրմիտաժում, համարներն էլ նշանակված են էնցիկլոպեդիայում:

          Անցյալները մոտիցս տարան ստուգելու: Եկան հայտնեցին, թե իսկական Կալֆ է, և պատերազմից առաջ գինը (Կալֆի) եղած է քսանհինգ հազար ռուբլի ամենաքիչը: Ռուսներ էին: Ես իհարկե շատ քիչ եմ հասկանում, եթե ավելի պակասը չասեմ:

          Եթե ձեզ հարկավոր է, և եթե ճիշտ Կալֆ է, եթե էդքան էլ թանկ արժի – վճարեցեք մի քսանհինգերորդ մասը գնի, ու տարեք, ձեզ հալալ: Դրանից հետո Յ. Ունեմ «Գրաֆիշե Կունստի» և «Մոդեռն Կունստի»7 50 տարին, ամեն մեկից 25 տարի: Էստեղ ստացված են Գերմանիայից կատալոգներ, որոնց մեջ նշանակված է, թե դրանք բարձրացել են 10 անգամ: Մանավանդ նշանավոր է Գրաֆիշե Կունստը: Ես, իհարկե, դարձյալ հմուտ չեմ սրան էլ: Եթե ախորժակ ունեք, էս էլ լավ ապրանք է:

          4. Ձեզ համար, իհարկե, ինչպես և գրում ես, շատ լավ ապրանք է իմ մանկական գրականությունը: Կուզեք մի գրքի մեջ միասին հրատարակեցեք, կուզեք առանձին – առանձին, հարկավ պատկերազարդ: Կլիշեներն էլ հազիր կան:

          Իհարկե առանձին – առանձինը ավելի լավ է և ձեռնտու երեխաների համար: Ընտրությունը կանենք միասին:

          Բայց ասեմ, որ դրանց մասին էստեղ ուզում են խոսք գցեն ամերիկացիների հետ, որ նրանք հանձն առնեն: Էդ հեշտ է:

          5. Սրանից պատրաստի ու տպագրված և սպառված նյութերից ավելի ձեզ վայել գործ է, եթե նոր մանկական գրվածքների համար ինձ հետ առուտուր անեիք: Օրինակ, եթե հարմարություն տաք նոր մանկական գրվածքներ տալու մի «Հազարան բլբուլ», իբրև հեքիաթ, երգախառն, որ թերևս ավելի պատանիների համար լինի, էնպես էլ շատ ու շատ և լավ նյութեր ունեմ հավաքած կամ կիսատ – պռատ ընկած:

          Մինչև էսօր չեմ կարողացել պարապեմ, մշակեմ՝ քեզ էլ, աշխարհքին էլ շատ հայտնի պատճառներով:

          Հիմի էլ եկավ էս հիվանդությունս վրա հասավ, երկու հարյուր միլիոնից8 ավելի պարտք է ծանրանում վրես: Ամիսը քսան միլիոն միայն տոկոս եմ վճարում: Դեռ ողորմի շատերի հորը, որ տոկոս չեն առնում:

          Համ էս պարտքերի տակիցը պետք է դուրս գամ, համ ինձ ու երեխաներիս կազդուրեմ, որ կես տարի գիշեր – ցերեկ ոտի վրա անքուն հսկելուց ուժասպառ են եղել, համ էլ պետք է սովորական ծախքերը հոգամ մնացածի: Համ էլ գրեմ:

          Եվ ինչ ես կարծում, էս ամենի վրա ծիծաղելով՝ մեմեն գրում եմ, էն էլ էդպես բաներ, ինչ որ ղրկել եմ ձեզ9, իսկ ավելի երկարաշունչ գործերը մնամ են մոտս, ինչպես ասի, կիսատ – պռատ:

          Անշուշտ մի նոր «Քաջ Նազար» կամ մի նոր «Մի կաթիլ մեղրը» ձեռք բերելը ձեզ համար ավելի թանկ բան պիտի լինի, քան ուրիշ շատ թանկագին պատրաստի բաներ: Սրանց եմ օրինակ բերում, որովհետև իմ կարծիքով սրանք եվրոպական մանկական գրականության մեջ էլ պիտի որ նկատվեն: Համարձակություն ունեմ էսպես ասելու, թող ամբողջ գրական աշխարհքի քննությանը առաջարկվի «Քաջ Նազարը» և Գրիմմի10 «Անվախ դերձակը», որ թարգմանված է ամեն լեզվով և գովված ու հռչակված ամեն լեզվով:

          Ես ձեզ էս տեսակ հեքիաթներ կամ այլ մանկական գրվածքներ կարող եմ տալ: Եվ ոչ կզղջաք, ոչ վնաս կանեք:

          Սա է ամենից ուղիղ ճանապարհը, ինչ որ ունեի՝ բոլորն ասի: Հիմի դուք գիտեք:

          Միայն եթե օգնելու եք – այսինքն սրանց դիմաց բան եք տալու՝ շուտ արեք:

          Թեև առանց էն էլ ուշ է, որովհետև ոչ ամառանոց կարողացա գնամ էսքան տանջվելուց հետո, ոչ էլ էստեղ կազդուրվել, ոչ էլ երեխաներին հոգալ:

          Ասում ես՝ մանկական գրականության սով է:

          Ճիշտ ես ասում: Բայց միայն էսօր չի էդ սովը: Էդ սովը միշտ եղել է և էսքան մանուկներ ունեցող էս ժողովուրդը կամ նրա մտավորական ղեկավարները երբեք չհասկացան, թե ինչքան ահռելի աղետ է էդ սովը և ինչ պետք է անեն սրա առաջն առնելու համար:

          Եթե ավետարանից խոսենք, ծարավ մանուկներին մի բաժակ ցուրտ ջուր տվողը արքայություն է գնալու, ապա էս դեպքին հարմարացնելով հոգով սոված հայ մանուկներին մի լավ մանկական գրվածք, մի լավ հեքիաթ հոգացող շաշ Նարպողոսն էլ գուցե էսքան մեղքերից հետո՝ արժանանա հայր – Աբրահամի և բոլոր քաչալ ծերունիների հետ միասին բազմելու և հավիտյան տերօղորմյա քաշելու դրախտի խնկի ծառերի տակ:

          Մի ժամանակ Հայոց Հրատարակչական Ընկերություն կար: Օրերից մի օր էդ հանգուցյալի քիթն էլ մի էդ տեսակ քամի մտավ, թե մանկական գրականության սով է և էդ սովը պետք է վերացնել: Ինձ առաջարկեցին թարգմանել Գրիմմի բոլոր հեքիաթները: Էջը մի ոսկով (տասն ռուբլի*): Նայեցի Գրիմմի հեքիաթները և հայտնեցի, որ ես միայն մի քանիսը կթարգմանեմ: Նրանք կարծում էին, թե փողը ինձ կարող է հրապուրել և տանել ուր ուզի: Էդպես էլ արի: Մի քանիսը թարգմանեցի, դեռ նրանց մեջ էլ – մի երկուսի մեջ – որոշ փոփոխություններ արի ու պատճառաբանած տվի իրենց: Իհարկե տպեցին: Կարծում են թե էն է՝ հենց անունը հեքիաթ է, վերջացավ: Գրիմմի անունն էլ վրեն: Կարծում են հեշտ բան է հեքիաթ մշակելը: Գրիմմները հազիվ մի քանի հեքիաթ ունենան մշակված: Մնացածը ժողովրդական հեքիաթներ են, խառնած, աղավաղած ու փչացրած:

          Ռուսները երկու հատորանոց մի գիրք են հրատարակել – իրենց մանկական գրականության մասին, և խոստովանում են, որ Պուշկինից հետո, կամ ավելի ճիշտը՝ «Ոսկի ձկնիկից» հետո – նրանք՝ մինչև էսօր չեն կարողացել մի հեքիաթ մշակել իրենց էնքան առատ ու լավ հեքիաթներից:

          Իմ կարծիքով ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին (գուցե չնչին պակասություններ ունենա, ով գիտի) և դա «Քաջ Նազարն» է: («Մի կաթիլ մեղրը» առակ է, թեև ռուսները վրեն գրել են сказка): Եվ այժմ եթե ասում եմ «Հազարան բլբուլը» կտամ, որովհետև հավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները: Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհքում – ավելի լավ երկրներում էլ դեռ պարզ հասկացողություն չունեն: Կարծում են դա հեշտ ու հանաք բան է: Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է – ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են:

          Եվ այժմ գրականության մեջ սիմվոլիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հանդուգն ձգտումն հեքիաթին մոտենալու: Բայց նամակս շատ երկարեց: Էս անգամ էսքան խելոքացիր, մնացածը երբևիցե;

          Վահանի ժողովածուն11 լավ ես անում, բայց շուտ արա:

          Ուղղագրությանը12 գալով՝ ես հոտառությունով ասում եմ, որ դա չի անցնելու ամբողջովին – օրինակ ո-ի և յ-ի պատմությունը: Ոչ թե պետք է հին հնչյունները վերականգնել, այլ մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արին: Ոչ թե պետք է դժարացնել, այլ պետք է հեշտացնել: Եվ չպետք է էդ խնդրին էդ կերպարանքը տալ – պատվասիրություն ու չեմ իմանում ինչ բաներ կապել հետը:

          Վերջապես՝ շատ բարևներ մերոնցից ու ինձանից –

քո Հ. Թումանյան

* Ընդունվածը հիսուն կոպեկն էր: