Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

49. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ

Թիֆլիս – Երևան

1922 թ. հունիսի 17.

Ազնիվ բարեկամ Ալ. Ֆյոդորովիչ.

          Մինչև օրս չկարողացա Էնքան կազդուրվեմ, որ տանից դուրս գամ և անձամբ շնորհակալության հայտնեմ Ձեզ մեր կառավարության ցույց տված վերաբերմունքի համար իմ հիվանդության ժամանակ:

          Ես համոզված եմ, որ էդ վերաբերմունքը միանգամայն ուրիշ կերպարանք ու հետևանք էր ունենալու, եթե խորհրդային դրամանիշների հայտնի կարգադրությունը2 չլիներ Վրաստանում:

          Եվ ահա այժմ էլ, տեղեկանալով իմ հանգամանքների մասին, երբ նորից մտահոգված եք իմ խնդրով, հայտնում եմ լիասիրտ շնորհակալություններս և իմ ցանկությունն ու խնդիրը, որ ամեն դեպքում ինկատի ունենաք, թե իմ ունեցած արժեքավոր գրքերն ու հին նկարները, որոնց որոշելն ու գնահատելը թողնում եմ կառավարությանը, և թե իմ մանկական գրվածքների ժողովածուն, և թերևս նաև գրելիքները, որոնց համար, հարկավ, պետք է բանակցության մտնենք մեր Լուսժողկոմատի հետ:

Ձեզ խորատես հարգող

Հովհ. Թումանյան