Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

48. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Պոլիս – Թիֆլիս

1921 թ. նոյեմբերի 2.

          Իմ ջանիկ – մանիկներս: Էսքան ժամանակ, որ ինձանից տեղեկություն չունեք, երևակայում եմ, թե ինչքան եք անհանգստացել ու ինչեր եք մտածել: Դժբախտաբար, ինչ եկել եմ – վերադարձողի չեմ պատահել, որ նամակ գրեի – մի կողմից, մյուս կողմից էլ՝ ասել եմ՝ էսօր կգնամ, էգուց կգնամ ու էդպեսով էլ ետ է ընկել:

          Ստացել եմ երեքիդ նամակն էլ: Արոյանն էլ պատմեց, որ ձեզ մոտ էր եղել, տեսել է, հետներդ խոսել է: Մի խոսքով – դուք իսկի չեք կարող երևակայել, թե ինչքան եմ կարոտել և ինչքան եմ անհանգիստ: Էստեղ շատ են զարմանում ու զգացվում հաճախ, երբ տեսնում են էս ամենը: Իրիկունները պառկում եմ թե չէ՝ սկսում եմ ձեզ վրա մտածել – և ամբողջ գիշերները քնել չեմ կարողանում: Անդադար երևակայում եմ ճանապարհն ու տուն հասնելը և ձեզ:

          Թեև, կարծում եմ, ապահով պիտի լինեք, բայց միշտ մտածում եմ, թե ով գիտի ինչ նեղություններ եք քաշում:

          Եկա էստեղ էլ հասա Համլիկին: 1 Մի ամիս ինձ հետ էր: Նոր գնաց: Գիրքս տվի տպագրության2: Համլիկի համար էլ լավ եղավ: Լևուսի3 – Զարգարյանի հետ միասին էին ապրում: Լևուսը առայժմ մնաց:

          Ինչպես երևում է լրագիր չեք կարդում, և չեք իմանում, թե ինչ օրի եմ էստեղ: Օրը մի քանի տեղ – հանդեսներ ու աղմուկներ, իսկ գնացող եկող – էլ մի՛ հարցնեք: Շատ օր ոչ թե չեմ կարողանում ճաշել, ժամանակ չի լինում, մինչև անգամ թեյ չեմ կարողանում խմել: Իսկ երեկ – երեսս լվանալ անգամ չկարողացա:

          Եվ երեկվանից էլ հրաժարվեցի էն բոլոր տեղերից, որ խոսք էի տվել գնալու: Այժմ պատրաստվում եմ գալու: Էս նավին չհասանք – և դրանով էլ ուղիղ տասն օրով ետ եմ ընկնում, ուղիղ 10 օր կամ 10 տարի ձեզ ուշ եմ տեսնելու:

          Չեմ ուզում շատ բան գոեմ, բանի որ գալու եմ: Միայն էնքանը, որ ամեն բան հաջող անցավ և դեռ մի բան էլ ավելի եղավ:

          Շատ եմ զղջում, որ մեկիդ կամ երկուսիդ չբերի: Մի ուրիշ անգամ գալու եմ ձեզ հետ մի ամսով – ավելին չարժե: Առայժմ անվերջ համբուրում եմ ամենքիդ և բարևում մեր բոլոր մոտիկներին: Շատ ու շատ եմ ցավում, որ էնպես չտարա բանը, որ գուցե հաջողեր – Գրիշեն հետս լիներ:

          Է՜հ, մախլաս:

          Նորից ու նորից համբուրում եմ ձեզ ամենքիդ:

Հայրիկ

Նամակս գրում եմ վռազ – Կարինյանի մոտ: