Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

47. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

1921 թ., 6 հոկտեմբերի

Սիրելի Չոպանյան.

          Մի քանի ժամանակ առաջ ստացա Ձեր նամակը և հուզմունքով տեսա, թե ինչպես է կենդանի Ձեր մեջ ընկերական սերը դեպի ինձ:

          Լիասիրտ շնորհակալ եմ, իմ ազնիվ ընկեր, և փոխադարձ համբույրներ եմ ղրկում: Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի վերջանա մեր դժբախտ խնդիրը իր ամբողջությամբ, որ կարողանանք անցնել մեր սիրած գործին – շինարարական գործի, կուլտուրական աշխատանքի, և Դուք էլ էդքան նուրբ ու ճաշակավոր մի գեղարվեստագետ՝ Ձեր գործին անցնեք:

          Ես նոր եմ վերադարձել Երևանից2: Մեր երկիրը շատ է ավերվել վերջին տարիների ընդհարումներից: Ամեն անգամ, որ թուրքերն առաջ են անցել, աշխատել են հիմնովին փչացնել երկիրն ու ցեղը:

          Դուք արդեն գիտեք իմ հին կարծիքը, թե էս հանգամանքներում՝ Ռուսաստանն է մեր փրկությունը: Եվ էս անգամ էլ, նույնիսկ էս հարբած վիճակի մեջ, ռուսները մեզ ազատեցին վերջնական փչացումից:

          Ավերումի վրա ավելացավ էս տարվան երաշտը մեր երկրում: Բայց պետք է վկայեմ, որ մեծ թափով ու մեծ անկեղծությամբ են մարդիկ աշխատում փրկել ժողովրդին ու վերաշինել երկիրը: Եվ անշուշտ պիտի հաջողեն, եթե արտաքին մի որևէ դժբախտ անակնկալ չխանգարի:

          Նախագահը՝ Մյասնիկյանը3 և իր ընկերները արժանի են ամեն գովասանքի և աջակցության:

          Եվ համոզված եմ, մոտիկ ապագան պիտի ապացուցանի իմ խոսքերի ճշմարտությունը: Ամեն կողմից պիտի նրանց սիրեն ու գործակցեն:

          Հենց նրանց գործակցելու համար էր, որ հավաքվել էինք Երևան և կազմեցինք Հայաստանի օգնության կոմիտեն4, որի մեջ մտնում են ամեն կուսակցության մարդիկ՝ 80 հոգի: Կոմիտեն անկուսակցական է և չեզոք, երկրի մեջ գործելու է ազատ ու արտոնյալ և իր ճյուղերը կունենա բոլոր գաղութներում: Միանգամայն անկախ արդեն Պոլիս կազմած են էդ տեսակ մի մարմին – ապացույց, թե ինչքան հասունացած է գործը: Նպատակն է ժողովրդին ազատել սովից և երկիրը վերաշինել...

          Ռուսները խոստացան ամսական 25 հազար փութ ալյուր: Եվ պետք է ասել, որ Ռուսաստանը շատ բան է ղրկում՝ գյուղատնտեսական գործիքներ մանավանդ: Շուտով ուղարկելու են չթի ու այլ գործարաններ:

          Հակառակ իմ կամքի, որ ուզում էի նվիրվել գրականությանը, և խուսափում եմ էս տեսակի գործերից, էս անգամ էլ ինձ ստիպեցին հանձն առնել Կոմիտեի նախագահությունը: Հանձն առա պայմանավոր, որ ավելի անվանական լիներ, քան իրական: Ասում էին և պնդում, որ իմ անունը իբրև թե կօգնի հաշտության և ընդհանուր համերաշխության գործին: Սրա համար, հարկավ, ես ոչ միայն անունս, այլ շատ ավելի բան կտայի: Հեռավոր ճանապարհորդությունները էս նպատակով մերժելով՝ առայժմ հանձն եմ առել Պոլիս գալու մոտ առաջիկայում5:

          Սակայն, ինձ թվում է, որ շուտով էնպես մի հոսանք է սկսելու ինքն իրեն, որ ճանապարհորդություններ ու՛ հորդորներն ավելորդ են դառնալու: Թերևս Ձեզ առանձնապես հետաքրքրեր սրանց վերաբերմունքը դեպի գրականությունն ու գեղարվեստը:

          Պետք է պատասխանեմ, որ աննախընթաց լավ է: Դեռ սկիգբն է: Բայց եթե էսպես էլ շարունակվի, որին չեմ կասկածում, մեր աշխարքում, կարող եմ ասել, արդեն ապահով են գրականության և գեղարվեստի մարդիկ:

          Շուտով կկարդաք դեկրետները6, որով կենսաթոշակ են նշանակում 18 հոգու առաջին հերթին:

          Բայց գլխավորը կենսաթոշակը չէ, այլ էն պայմանները, որ նույնպես շուտով կհրատարակվեն: Նույնն են անում և Վրաստանում:

          Ես համոզված եմ, որ Եվրոպայում էլ կկազմակերպվի Հայաստանի օգնության կոմիտե և Դուք ջերմ մասնակցություն կունենաք էդ գործի մեջ:

          Սիրելի Չոպանյան, խնդրում եմ իմ ջերմ բարևներն ու հարգանքը հայտնեք մեր վաստակավոր Նուբար փաշային7: Մի քանիսին էլ նամակներ եմ գրում:

Ընկերական բարևներով ու համբույրներով՝

Ձեր Հովհ. Թումանյան