Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

46. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Թիֆլիս – Վենետիկ

1921 թ. հոկտեմբերի 4.

Ավո ջան.

          Ստացել եմ նամակդ: Ասում ես՝ եթե հարմար ժամանակ է՝ կանչի՛ր, ես կգամ:

          Հարմար ժամանակը՝ ես չգիտեմ դու որ ժամանակին ես ասում, բայց ասում եմ.

          Արի՛:

          – Արի՛, Ավո ջան:

          Մեզ համար հարմար ժամանակ չեղավ և գուցե չլինի էլ, բայց արի:

          Կգաս, կտեսնես մեր աշխարհքը ավերված, մեր ժողովուրդը կոտորված, կենդանի մնացածն էլ կոտրված, ջարդված, մեր հարազատների ու ընկերների շրջանները նոսրացած: Կտեսնես թե աշխարհքի էս ծով վշտից ինչ ահագին բաժին է ընկել առանձնապես ինձ ու քեզ, բայց արի: Ես գիտեմ, որ էդտեղ էլ քեզ համար հարմար բան չկա, ոչ տեղ, ոչ ժամանակ, ոչ շրջան, ոչ միջոց: Վերջապես՝ երեի կարոտել ես մեր հող ու ջրին, բո հարազատներին ու ընկերներին: Էդ ամենի հետ միասին քեզ պետք է ասեմ, որ մեր այժմյան կառավարությունը շատ ավելի լավն է՝ քան կարող ես երևակայել: Մանավանդ գրականությունն ու գեղարվեստը երբեք էսքան ուշադրության առարկա չեն եղած մեր աշխարհքում: Մինչև իմ նամակի քեզ հասնելը դու արդեն իմացած կլինես, որ մի շարք գրողների ու գեղարվեստագետների կենսաթոշակ են նշանակել, իսկ շուտով կհրատարակվի և կիմանաս, որ տալիս են ամեն արտոնություն, ամեն հարմարություն ու հնարավորություն: Նրանց թվում կկարդաս և քո անունը: Քեզ համար խոսել ենք բոլոր կոմիսարների հետ, առանձնապես լուսավորության կոմիսարի և նախագահի, Մյասնիկյանի, որը քեզանից նամակ ուներ: Եվ ինձ հանձնարարել են, որ քեզ կանչեմ, որ դու կունենաս ամեն հեշտություն, ինչ որ իրենք կարող են տալ: Ահա գալիս է և Արտ [աշես] Կարինյանը նրանց կողմից: Կծանոթանաս, կտեսնես ինչ հրաշալի մարդ է և մեծապես գրական մարդ: Նա քեզ հնարավորություն կտա գալու:

          Նույնն են անում այժմ և էստեղ – Վրաստանում: Ես նոր եմ վերադարձել Երևանից: Գնացել էինք Հայաստանի Օգնության Կոմիտե կազմելու: Կազմեցինք: 80 անդամ ունի: Ամեն հոսանքից ու կուսակցությունից: Անկուսակցական ու չեզոք մի մարմին, որ պիտի գործակցի կառավարությանը – սովը վերացնելու և երկիրը վերաշինելու: Ինձ էլ հարկադրեցին նախագահությունն առնելու ինձ վրա, իբրև թե իմ անունը կարող է համերաշխությանը նպաստել: Ես ստիպված եղա համաձայնելու, և մոտ առաջիկայում թերևս նույնիսկ գամ Պոլիս: Ես կարծում եմ, էս տեսակի կոմիտեները եթե հիմնվեն ամեն տեղ՝ շատ կօգնեն մեր գժտված շրջանների հաշտությանն ու համերաշխ գործակցությանը: Եվ կուսակցական կռիվները կմեղմանան:

          Լավ կլինի, որ դու էլ նպաստես էս գործին էդտեղ:

          Երկիրն ավերված է: Երաշտն էլ մյուս կողմից է շատ վնասել: Բայց մեծ ջանք են թափում փրկելու և շինելու, և ամեն կերպ պիտի օգնենք: Շատ բան ունեմ գրելու, բայց սպասում եմ – կգաս – կխոսենք և կանենք, ինչ որ կարող ենք անել:

          Մի խոսքով՝ իմացիր, որ արդեն ապահով ես էստեղ և կարոտով սպասում ենք ամենքս: Թերևս այժմ կազմենք մեր Վերնատունը մեր երկրռւմ ու վերջին օրներս միասին անցկացնենք: Բոլորն այժմ կարող են լինելու իրենց գործով զբաղվեն: Եվ էս բոլոր թշվառությունների ու դժվարությունների մեջ էս ահագին բան է:

          Իմ Համլիկն էլ գալիս է էդ կողմերը – իբրև թե ուսանելու: Չգիտեմ ուսանելը կհաջողի թե չէ, բայց գոնե մի քիչ շունչ կքաշի, շատ է տանջվել: Թե պատահես – օգնիր քո խորհուրդներով: Նրա հետ եմ ղրկում նամակդ:

          Դե արի՛, Ավո ջան: Իսկ մինչև գալդ կարոտով համբույրներ ենք ղրկում Չուչիկին1, Սոֆիկին2 ու քեզ:

Քո Օհաննես