Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

45. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Երևան – Թիֆլիս

1921 թ. ապրիլի 8.

          Դուք չեք կարող երևակայել, իմ ջանիկներս, թե ինչքան եմ ձեզ կարոտել և թե ինչքան եմ ուզում շուտով հասնեմ ձեզ մոտ:

          Սրանից հետո հիմի կարճ պատմեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, է՛ն, ինչ որ հետո երկար կպատմեմ, և սակայն երկար տատմերով էլ չի վերջանալ ու չեք հասկանալ:

          Գուցե արդեն լսած լինեք, թե ինչպես մի ֆրոնտից մյուսն անց կենալու ժամանակ, թե ուրիշների և թե իմ անզգուշությունից, ընկա երկու կողմից էլ հրացանային ու պուլեմյոտային կրակի տակ – երկու անգամ, երկարատև ու սաստիկ, և էսպեսով ձյունի միջով անցա մոտ տասը վերստ, մինչև գիշերվա կեսը մնացի դիրքերի առաջին: Վերջին մի քանի գնդակն էլ, որ արձակեցին վրես, էն էլ վերջում հայտնվեց, որ Նիկիտն է եղել, Ջաղեթյանը, Միշայի եղբայրը, որ գնդապետ է այժմ:

          Ես այժմ էլ չեմ հասկանում, թե ինչպես ազատվեցի էն կրակի տակից ու էնքան կարմիր գնդակների տարափի միջից: Բայց զարմանային էն է, որ հենց նույնիսկ էն րոպեներին՝ մի կողմից գլխարկս բարձրացրած ձեն էի տալիս, որ չարձակեն, մյուս կողմից մտածում էի, թե չեմ սպանվելու: Ասում էի՝ եթե սպանվելու լինեի՝ առաջուց նախազգացած կլինեի:

          Հենց էն րոպեին զարմանքով մտածում էի, թե ահա թե ինչու պատերազմում էնքան քիչ մարդ է սպանվում. – էսքան գնդակ է գալիս ինձ վրա և ոչ մինը չի դիպչում: Մտածում էի ձեր մասին և այլն, և այլն: Վերջապես մի կատարյալ հրաշք:

          Երբոր կես գիշերին ինձ եկան տարան շտաբը – արդեն հեռախոսով տեղեկություններ էին եկել, թե էսինչ ժամին թշնամու կողմից разведка երևաց և կրակ բաց արինք, անցավ էսինչ կողմը: Էն կողմից էլ եկավ – թե մենք էլ կրակ բաց արինք: Էդ թշնամին ես էի...

          Նիկիտն էլ, որ արդեն մոտս էր, հայտնեց, թե էն վերջին գնդակներն արձակողն էլ ես էի:

          Վերջապես, ճշմարիտը էն է, որ կենդանի եմ:

          Ճանապարհի մասին չեմ գրում, անկարող եմ և շատ է երկար:

          Ամսի 20 – ին հասա Երևան: Աշխենին, Համլիկին ու Հովիկին գտա առողջ և մինչև անգամ ուրախ, եթե կարելի է ուրախություն անվանել էն դրությանը, երբ մարդիկ ձեռքները թափ են տալիս կյանքի վրա ու վճռում – ինչ կըլի – կըլի: Քաղաքում խուճապը հանկարծ պատահեց, ոչ ոք չէր իմանում, թե էդ օրը կարող էր պատահել:

          ... էդ նույն օրը քիչ մնաց ես ու Հովիկն էլ զոհ էինք գնում մի գնդակի...

          Բայց առհասարակ քաղաքում ոչ մի զոհ չեղավ: Անշուշտ շատ ավելի լավ էր լինելու, շատ ու շատ ավելի լավ – եթե իմ միսիան հաջողեր, բայց մեջտեղը հավատ չկար... և շատ զուր:

          Բայց այսուամենայնիվ լավ արի, որ եկա, երբ ամեն բան իմանաք, կտեսնեք, որ շատ լավ արի, որ եկա: Շատ կյանքեր են ազատվել, և մարդ զարմանում է, երթ տեսնում է, թե ինչ տեսակ դրություններ կարոդ են լինել – երբ մարդկանց ինչպես կորուստը – էնպես էլ փրկությունը էնքան հեշտ է լինում:

          Չգիտեմ, արդյոք տեղեկություն է հասել Թիֆլիս խեղճ Լևոնի1 – Լիսիցյանի սպանության մասին թե չէ: Չեք կարող երևակայել, թե ինչպես շանթահարեց ինձ նրա սպանության պատմությունը: Փ[ետրվարի] 18 – ին, հեղաշրջումի օրը, հրացան է առել դուրս եկել փողոց (էջմիածնում): Հրացան է արձակել մի սասունցու թևը վիրավորել ու փախել մտել Հովհ. Հովհաննիսյանի տունը: Եկել են էնտեղից տարել բանտարկել, իսկ մյուս օրը բանտից հանել ու տարել նոր վեհարանի առաջ սպանել:

          Խե՛ղճ Ստեփան, խե՜ղճ տիկ. Կատարինե: Էլ նրանք ի՜նչպես են ապրելու: Խեղճ Լևոն, էնքան ջահել, էնքան պատրաստված...

          Ես գալուց մի երեք օր հետո հիվանդացա: Գրեթե նոր եմ վեր կացել անկողնից: Այժմ լավ եմ: Բայց էլ չեմ ուզում էն նույն ճամփով վերադառնամ, մանավանդ Աշխենն ու Հովիկն էլ հետս են լինելու: Սպասում եմ երկաթուղուն, իսկ եթե երկաթուղին ուշացավ, էնպես կգամ: Վերջապես էստեղ դեռ գործ ունեմ, պետք է վերջացնեմ: Դե՛հ, բարի գիշեր, քնում եմ, որ ձեզ տեսնեմ երազում, մինչև իրոք կտեսնեմ էսքան երկար տարիներ չտեսնելուց հետո: Ասում եմ էսքան տարի – այո՛, էս, ինչ որ ես ապրեցի, շատ ու շատ տարի արժեր... և այժմ միմիայն դեպի ձեզ է ձգտում ձեզ շատ ու շատ կարոտած

Հայրիկը