Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

44. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՎԿՈՄԻՆ

Թիֆլիս – Երևան

1920 թ. դեկտեմբերի 18.

Հայաստանի Ռևկոմին.

          Դաշնակից պետությունների ագահ ու հավիտյան հանցավոր քաղաքականությունը, հայ ղեկավար շրջանների անկարողությունն ու քաղաքական անհեռատեսությանը և հայ – թուրքական վայրենի ու անզուսպ թշնամությունը Հայաստանը հասցրին օրհասականի դուռը:

          Ամենքից լքված ու հուսահատված հայ ժողովուրդը իր հայացքը դարձրեց դարձյալ դեպի Ռուսաստանը: Եվ եկավ նա, նոր Ռուսաստանը:

          Այժմ նոր, ազատ Ռուսաստանից է կախված՝ ոչ միայն հայ ժողովրդին ազատել վերահաս վտանգից՝ այլև ապահովել նրա անկախ քաղաքական կյանքը, խաղաղ վերջացնել հայկական արյունոտ խնդիրը, հայ ժողովրդին հաշտեցնել մահմեդական հարևանների հետ և արդար աշխատանքի ճանապարհով առաջնորդել դեպի նոր կյանք:

          Փոքր ժողովուրդները, հիրավի, զրկված բանվորներ են ագահ ու անխիղճ իմպերիալիստական հզոր պետությունների ճանապարհների վրա: Նոր Ռուսաստանը, որ գալիս է նրանց հանի էդ ստրկական վիճակից՝ նոր դարաշրջան է բաց անում մարդկաթյան պատմության մեջ, և երանի, վերջապես, ստեղծվեր մի ուժ, որին հավատար ամեն մի ժողովուրդ ու մարդ:

          Խորապես ցանկանում եմ, որ Ռուսաստանը շուտով ազատվի անցողական շրջանի դժվարություններից ու դեֆեկտնեըից և ժողովուրդները նրա հետ կապվեն ոչ թե վախով, այլ սիրով:

          Էս զգացմունքի էլ՝ Հայաստան մուտք գործելու հենց առաջին օրերից՝ առաջին հերթին՝ Հայաստանի Ռևկոմի ուշադրությունը ես ուզում եմ հրավիրեմ երկու կարևոր հանգամանքի վրա:

          Առաջինը սա է:

          Անցյալներում, հայ – թուրքական դժբախտ ընդհարումների ժամանակ դաշնակցությունն է գլխավոր դերը խաղացել, վերջերս էլ նա է եղել կառավարական կուսակցությունը: Էդ պատճառով էլ հայ ժողովրդի լայն շրջանները հարած են դաշնակցությանը:

          Հեղաշրջումից հետո շատ մարդիկ, որ անձնական հաշիվներ ունեն իրար դեմ, էդ հանգամանքից առատ նյութ կարող են առնել դավեր լարելու և իրենց հաշիվները մաքրելու իրենց անձնական թշնամիների հետ:

          Հայաստանի Ռևկոմը պարզ գիտենալով, որ նրանք նույնքան հեշտ դաշնակցական են եղել երեկ, ինչքան հեշտ կոմունիստ են դարձել էսօր՝ լուրջ նշանակության չպիտի տա նրանց դաշնակցական լինելու հանգամանքին և ընթացք չպիտի տա էդ դավերին, որ կարող են ծավալվել ու դառնալ համատարած չարիք:

          Երկրորդը:

          Հեղաշրջումի հետևանքով երկյուղ է տարածվել հայ մտավորականության վրա, որի մի մասը նախորդ կառավարության օրով ծառայության մեջ էր: Նոր դրության անորոշության հանդեպ տարածված երկյուղը կարող է քայքայել ու ցրել մեր առանց էն էլ փոքր մտավորականությունը և առաջ բերել անցանկալի հետևանքներ:

          Հայաստանի Ռևկոմը պետք է պարզի մթնոլորտը և մարդկանց հանի էդ շվար ու շփոթ դրությունից՝ ցանկացողներին հրավիրելով ազատ ծառայելու իրենց ժողովրդին:

          Ամենքի սրտից ասած կլինեմ, եթե ասեմ, թե՝ սպասում ենք էդ կոչին:

          Նոր, ազատ Ռուսաստանն Էլ, որ գալիս է հաշտեցնի հային ու թուրքին, էսքան մեծ ու փրկարար մի գործ անելու, անշուշտ ինքն էլ հաշտ աչքով կնայի հայ մտավորականությանը, կնդունի նրա մեծ կարևորությունը և ուշադրության կդարձնի հայ ժողովրդի բանաստեղծի հաշտարար միջամտությանը:

Հովհ. Թումանյան