Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

43. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Երևան

1920 թ. դեկտեմբերի 18.

Աշխեն ջան, Մուշեղ ջան և Համլիկ ջան.

          Հիմի էդտեղ երևի ինձ շատ եք հիշում, այսինքն իմ հոդվածները, որ գրում էի և ասում, որ մեր փրկությունը Ռուսաստանից է եղել և Ռուսաստանից էլ պիտի լինի:

          Մենք, այսինքն մեր կառավարությանը, ցույց տվեց իր կատարյալ ապիկարությունն ու սնանկությունը ամեն կողմից: ճշմարիտ է, ամբողջ երկու տարի ես հայհոյում էի ամեն մեկին իր երեսին, բայց բանից դուրս է գալիս նրա տասներորդական մասն էլ չեմ եղել իմացած, ինչ որ կատարվելիս է եղել և ինչ որ այժմ պատմում են իրենք – փախած պաշտոնյաները:

          Վերջապես դարձյալ Ռուսաստանի ձեռքով, էն էլ նոր, ազատ Ռուսաստանի: Իհարկե, դեռ անցողական դրություն է, հեղափոխական շրջան – կարող են կոշտություններ պատահել, բայց էս ժամանակամիջոցը կանցնի, կարգի կգա և ամեն բան շատ լավ կլինի:

          Մուշիկն1 էլ երևի ձեզ մոտ է: Զարմանալի բան է – ամենքին էլ խնդրել էի, որ էդ երեխի ջութակը տան իրեն բանտում, ամենքն էլ խոստացել են, և բանից դուրս է գալիս տված չեն եղել: Համբուրեցեք իմ կողմից և ասեք հիմի հեշտությամբ կարող է գլուխ գալ, թող գնա Ռուսաստան կատարելագործվելու, չէ որ ափսոս է:

          Շատ ենք անհանգիստ ձեր կողմից, թե ոնց եք ապրում, փող ունեք, թե չէ: Ոչ մի տեղեկություն չի գալիս: Ահա առաջին անգամն է, որ մի պատահական մարդու միջոցով կարողանում ենք նամակ ուղարկել: Չեմ իմանում ով է, որ փող էլ ղրկեմ: Երկու օրից հետո ուրիշն է գալիս, փող էլ կղրկեմ երկու օրից հետո:

          Որովհետև բոլշևիկների և իմ բարեկամությունը – Մոսկվայից սկսած մինչև Երևան – սերտ է և հայտնի եմ իբրև համոզված ռուսաֆիլ – էդ ամենի վրա հենվելով մի դիմում եմ անում Ռևկոմին և Լենինին2 (էս էլ ուրիշ) – իհարկե, ընդհանուր շահերն ունենալով ինկատի:

          Մենք ամենքս շատ լավ ենք, բայց ձեզանից նամակ չստանալը մեզ շատ է տանջում:

          Հույս ունեմ, որ ամենքդ էլ գործի կլինեք – գուցե Հովիկն3 էլ:

          Լսում ենք, որ էդտեղ ձերբակալություններ են եղած, բայց իհարկե, հաստատ բան չենք իմանում:

          Այժմ երևի շատերը ինձ կհիշեն: Հույս ունեմ, որ էս եկողի հետ ձեզանից նամակ կունենանք:

          Ռևկոմի մեծ մասին ծանոթ եմ անձամբ, շատ լավ մարդիկ են: Եթե տաճիկների հետ էլ մեզ հաշտեցնեն – հրաշալի կլինի:

          Մարուսյայից4 Մուշեղը երևի տեղեկություն կունենա: Շաղիկը5 լավ է, խոսում է կարգին: Բաբոն էլ լավ է, բայց տերտերը6 հիվանղ է և հաճախ պառկում է: Աշխենի իրերը մեծ մասամբ այժմ Թամարի մոտ են (իրենց հարսի): Գիգային7 Աջեմյանը (Մոսիան)8 գործ է առաջարկել: Ընդունելու և գնալու տրամադրություն ունի:

          Դերենիկի9 կինն ու երեխան էլ լավ են: Կարողացա նրան էլ մի 16000 ռ[ուբլի] հասցնել:

          Կարծում եմ այժմ երկաթուղին կարգի կընկնի և առաջիկա տոներին կտեսնվենք, կամ դուք կգաք կամ ես կգամ: Հա, մոռացա գրել, որ Արեգը10 միսիայում պաշտոն կունենա:

          Գրվածքներիցս տարան Ամերիկա հրատարակելու:

          Էստեղ թուղթ չի գտնվում միանգամայն, իհարկե, գրքի եմ ասում: Թեև առանց սրան էլ համոզված եմ, բայց էլի ասում եմ – իմացած եղեք, որ էդ կատարված դեպքերը պատահական չեն, պատմության ուղիղ ընթացքն է, մեր ապագան, ինչպես միշտ ասել եմ և դուք էլ գիտեք, կապված է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն ինչքան ազատ – էնքան լավ, թե մեզ համար, թե աշխարհքի:

          Հիմի ամեն մի մարդ հանգիստ կքնի իր տանը և կիմանա, որ էլ կոտորածի վտանգ չկա և մի լայն կուլտուրական կյանք կսկսվի: Թե չէ էն վանդակում – դռանն էլ միշտ մի Կարաբեքիր11 կանգնած – ներսն էլ էդ տեսակ ապիկարներ ու անբարեխիղճներ – ինչ էինք անելու:

          Այժմ միայն մի բան է պետք – որ հանգիստ անցնի ամեն բան և հաշտ ա խաղաղ:

          Նամակս շատ կցկտուր դուրս եկավ, որովհետև հանկարծ իմացրին և պետք է շտապ գրեի ու հանձնեի:

          Չեմ իմանում ումն եք պատահում և ով [քեր] են լինում ձեզ մոտ, ով որ լինեն – բարևեցեք: Եվ գրեցեք ով կա նոր, ով չկա մեր ծանոթներից ու բարեկամներից:

          Հովիկին շատ համբույրներ պապիկից ու ամենքից և ձեզ ամենքիդ:

Հայրիկ

          Ինչպես տեսնում եք՝ Էս նամակը ութ օր առաջ Է գրած ու նույնիսկ ղրկած: Էսօր 25 – ն Է, ետ են բերել, չեն գնացել: Վրեն ավելացնում եմ: Էս ութ օրվա ընթացքում շատ բան իմացանք: Եկավ Ալ<եքսանդր> Իվանիչն իր ընկերների հետ, պատմեց Էդտեղի մասին, ձեր ամենքիդ մասին:

          Շատ ուրախացանք, որ ամեն բան լավ է գնում, ու դուք էլ ամենքդ գործի եք, մանավանդ շատ ուրախացա, որ վերջապես Մուշիկն իր գործին է – երաժշտությունով է զբաղվելու: Ես էլ նրա պես եմ անելու:

          Էստեղ էլ ամեն բան լավ է: Ռևկոմի ներկայացուցիչն է Դանուշը12, իսկ Դանուշը գիտեք, թե ինչ հրաշալի մարդ է: Կարծում եմ ամեն բան լավ կլինի, միմիայն մի պայմանով, որ տաճիկներն ու Անտանտան էլ խելքի գան, վատությանը վերջապես մի վերջ պետք է լինի: Իսկ եթե սրանք խելքի չեկան – շատ վատ գարունք կունենանք: Ալ. Իվանիչն ասավ, որ ձեզ մոտ է, փող է թողել, էստեղ կվճարենք իրեն, դրա համար էլ ձեզ ուղարկում եմ մեկ հարյուր հազար չեկերով – տոների համար: Իսկ եթե պարտք – բան ունեք, գրեցեք կամ Գեորգի հետ, որ էսօր է գալիս, կամ Դանուշի հետ, որ մի երկու օրից կգա:

          Մեր մասին Էլ ինչ գրեմ – բոլորը լավ են, ասել Անուշը՝ իրենց համար «հռհռոցը գցած» ապրում են անպակաս:

          Բերելը դժար է, նրա համար էլ շատ բան չենք ղրկում, մի երկու բան են ղրկում – կգրեն:

          Դե, ամենքիդ համբույրներ:

Հայրիկ

          Վերնատանից գրեցեք, ասեք որ համբուրում եմ ամենքին: Կգրեմ: