Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

42. ԴԱՎԻԹ ԿԼԴԻԱՇՎԻԼՈԻՆ

Թիֆլիս

1920 թ. փետրվարի 15, Թիֆլիս

Իմ տաղանդավոր եղբայր Դավիթ.

          Ժողովուրդների մեծությունը հայտնվում է իրենց հոգևոր կուլտուրայի մեջ: Եվ ամեն մի ժողովրդի մեծության առաջին նշանը իր գրականությունն է:

          Վրաստանը՝ թե հնում, թե նոր ժամանակներում՝ իր գրականությունով միշտ եղել է հառաջադեմ ժողովուրդների շարքում:

          Դուք, իմ պսակավոր եղբայր, եղել եք էն ընտրյալներից մինը, որոնք նույնիսկ մայրենի լեզվի ու գրականության հալածանքի օրերում բարձր են պահել վրացի ժողովրդի հոգևոր կարողության դրոշակը:

          Մեծ երջանկություն է Ձեզ համար, երբ էսօր ազատ Վրաստանն է համբուրում Ձեր բարձր վաստակավոր ճակատն ու օրհնում իր արժանավոր որդու աշխատանքը:

          Վրաստանի ամեն մի ուրախ տոնը կենդանի արձագանք է տալիս եղբայրակից հայ ժողովրդի սրտում և վրացի գրողի հաղթանակի տոնը ուրախության օր է հայ գրողի համար:

          Էս զգացմունքով համակված՝ էսօր Ձեր գրական գործունեության երեսնամյակի հոբելյանին, ես, որպես Հայ Գրողների Ընկերության Նախագահ՝ թե Ընկերության կողմից և թե իմ կողմից ցնծագին ողջունում եմ և լիասիրտ մաղթում եմ, որ ավելի երկար ու ավելի բարձր թնդացնեք վրաց ազնիվ ցեղի սրտի խոսքը՝ Ձեր մայրենի ժողովրդի մեծության և ընդհանուր լուսավորության ու եղբայրության համար:

          Կեցցե՛ գեղեցիկ Վրաստանի գրականությունը:

          Կեցցե՛ մեր եղբայրը՝ Դավիթ Կլդիաշվիլին:

Ձեզ խորապես հարգոդ

Հովհ. Թումանյան