Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

41. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ

Թիֆլիս – Վլադիկավկազ

[1919 թ. փետրվար]

Իմ սիրելի Տեր Հակոբ.

          Մեծ ցավով կարդացի նամակդ2: Տեր Հակոբ ջան, գուցե թե ուրիշ օրերում էնքան խոր չհասկանայի քո վիշտը, ինչքան էս օրերում, երբ աչքերս դեռ չեն ցամաքել որդուս կսկծից3: Եվ եթե գիտես, կամ թե չգիտես, գուցե զգում ես, թե ինչքան ջերմ զգացմունքով եմ դեպի քեզ, թերևս դրանով էլ չափես, թե ինչքան կցավեի քեզ համար ու քո որդու համար:

          Սասունիկը էս րոպեիս մեզ մոտ է: Ես նրանից շատ եմ դժգոհ, որ էնքան հաճախ չի լինում մեզ մոտ, ինչքան ես կուզենայի, բայց հիացած եմ նրա վրա, թե ինչքան ինտելիգենտ և ազնիվ մարդ է և ինչպես բարձր հոգիներին վայել հանգստությամբ տարավ իրեն վիշտը:

          Երկար պետք է գրեի, բայց ժամանակ չեղավ, եկան խանգարեցին: Բանն էն է, որ էս երկու օրը իմ ընկերներն ու բարեկամները մի աղմուկ սարքեցին, թե ինչ է՝ լրանում է քո հիսուն տարին: Ակամայից ընկա հոբելյանի մեջ, որից էնքան շատ էի վախենամ: Եվ ահա, երկու շաբաթ է մի ցուցակ են դրել գրպանումս, թե ամեն օր որտեղ եմ լինելու: Այժմ ես էլ մի տեսակ թամաշավոր եմ դարձել և զարմանում եմ երկու բանի վրա, մեկ՝ թե ինչքան կենսունակ է մեր ժողովուրդը և բնավ հուսահատվել չգիտի իր շատ խորհրդավոր ճանապարհին, մեկ էլ՝ թե ինչքան զորեղ է ժողովուրդների մեջ համերաշխության ու եղբայրության զգացմունքը: Հենց նոր մոտս էր մի պատգամավորություն – հայերից, ռուսներից, վրացիներից, թուրքերից ու հրեաներից և հատկապես նրա համար – որ ես եղբայրություն ու համերաշխություն եմ սիրել:

          Ջերմ բարևներ մերոնցից, համբույրներով՝

քո Հովհ. Թումանյան