Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

40. ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻՆ

Պյատիգորսկ – Բաքու

1917 թ. օգոստոսի 11.

Մեծարգո պ. Աճառյան.

          Ձեր՝ Թիֆլիս ուղարկած նամակը երկար ճամփորդությունից հետո հասավ ինձ: Պատսախանը արդեն գրել եմ Ն. Նախիջևան, բայց, ինչպես երևում է, Դուք արդեն հեռացած եք եղել Ն. Նախիջևանից:

          Էսօր Էլ ստացա Ձեր երկրորդ նամակը Բաքվից և շտապում եմ սրան էլ պատասխանել: Դուք Ձեր երկրորդ նամակում հարցնում եք Հայկական համալսարանի մասին:

          Հայկական համալսարանը լինի, թե չլինի՝ Ձեր խնդիրը ես համարում եմ վերջացած: Հայկազյան Ընկ. 2 միայն համալսարանի համար չի, այլև նա իրենց կողմնակի պաշտոններից ազատելու է մեր գիտության, գրականության ու գեղարվեստի մարդկանց (հարկավ ոչ ամեն մեկին) և նրանց հնարավորություն է տալու, որ իրենց գործով ու իրենց մասնագիտությունով զբաղվեն: Էդ մարդիկ պետք է ընտրվեն աշնանը, բայց էն շատ քչերից մեկը, որոնց մասին խոսք է եղել և որոնց վիճակը նախորոշված է՝ դրանցից մեկը Դուք եք:

          Ձեր առաջին նամակն ստանալուն պես Ձեր մասին գրել եմ Թիֆլիս և դեռ պատասխան չունեմ մեր նախագահից ու մարմնից (ժամանակավոր), բայց մասնավորապես ես կարոդ եմ Ձեզ վստահացնել, որ Դուք արդնն Հայկազյան Ընկ. ընտրած գիտնականներից մեկն եք և աշունքից ազատ պիտի զբաղվեք Ձեր մասնագիտությամբ:

          Սրա միայն պաշտոնական ձևակերպությունն է մնում: Անցյալ տարի առաջին նամակն էլ, որ Ձեզ գրեցի, գրեցի հիմնադիր անդամների համաձայնությունով ու լիազորությունով:

          Էս մեկ:

          Երկրորդը: Համալսարանի գործն էսպես եղավ: Մի քանի նիստ ունեցանք պրոֆ. Մառի ջերմ մասնակցությամբ, կազմվեց Հայկական համալսարանի իդեալ ծրագիրը,, որոշվեց աշնանից բանալ լեզվական, գրական ու պատմական ֆակուլտետները, բայց երբ խնդիրը եկավ պրոֆեսորներին՝ հայտնվեց, որ պրոֆեսուրա չկա: Որոշվեց՝ փոխանակ համալսարանը բանալու՝ առայժմ մեր գիտության մարդկանցից ոմանց հնարավորություն տալ Հայկազյան Ընկ. միջոցներով՝ Ռուսաստան թե արտասահման՝ պատրաստվելու առաջիկա համալսարանի համար: Էստեղ էլ դարձյալ Ձեզ ի նկատի ունենք:

          Վերջապես Ձեզ ի նկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս:

          Ինչպես տեսնում եք, ինչ էլ որ լինի՝ Դուք այսուհետև պիտի Ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ:

Մշտական հարգանքով՝

Հովհ. Թումանյան

Առայժմ իմ հասցեն.

Пятигорск, Провал № 28