Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

39. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Բորժոմ – Բաքու

1916 թ. օգոստոսի. 24.

1916, 24 օգ. Բորժոմ.

Սիրելի Ցոլակ.

          Արամի1 ասած «Արև ու Լուսին» – ը տպված է «Աղբյուր» – ի մեջ 1890 թվականին, այսինքն գրքիս հետ գրեթե միաժամանակ, նույն տարին2: Եվ «Արև ու Լուսին» – ը իմ առաջին գրվածքը չի նույնիսկ տպածների մեջ: Տպածների մեջ ամենից հինը «Շունն ու Կատուն» է: «Արև ու Լուսնից» առաջ են գրված և «Գութանի երգը», և «Մարոն» և էլ չգիտեմ որը:

          «Արև ու Լուսինն» էլ էս վերջիններիս շրջանում գրած բան է: Լավ եմ հիշում, 1887 թվականի ամառը (կարծեմ օգոստոսին) արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին: Հենց էդ օրերում ես էլ «Արևն ու Լուսին» – ը գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել: Դրա համար էլ «Արևն ու Լոաին» – ը մնացել են առաջին հրատարկության մեջ:

          «Շունն ու Կատուն» գրված է 1886 թվականին, բայց անցյալ նամակիս մեջ գրած պատմության պատճառով՝ 3 առաջին գրքիս մեջ չմտավ: Նախքան տպվելը, որ բերանե բերան ընկավ ընկերներիս շրջանում ու հավանություն գտավ, նրանից հետո տպվեց երկրորդ գրքում4: Էլ ուրիշ ոչ մի տեղ տպված չի:

          Գր. Բալասանյանի առաջ բերած Լեոյի կարծիքը, իբր թե նա ինձ անվանել է մեր բանաստեղծության ամենալավ ներկակայացուցիչը – ես չգիտեմ, առաջին անգամն եմ լսում: Ճշմարիտ է, Լեոն վերջին տարիներս, ինչ մոտ էինք իրար, մի քանի անգամ էդ տեսակ բաներ է ասել խոսակցության կամ քեֆի ժամանակ, և շատ տարօրինակ պատմություններ է արել. թե ինչպես է եղել, որ ինքը իմ մասին աննպաստ բաներ է գրել, ու մինչև անգամ ցույց է տվել մի տետրակ, որ նոր է գրել, իր նոր կարծիքն է, բայց չի տպվել, և տպագրված էդ տեսակ կարծիք ես չեմ տեսել ու չեմ կարդացել:

          Գալով Գամառ Քաթիպայի մասին գրելիք հոդվածիդ, ես էնպես չեմ հասկանում, թե դու ժխտելու, մերժելու ես նրա խոշոր տաղանդը, այլ ուզում ես ցույց տալ, թե նա էն չի, ինչ որ կարծում են, այսինքն հայոց ազգային մեծ բանաստեղծը չի: Ես էլ եմ էդ կարծիքը հայտնել Հայ Գրողների Ընկ. մեջ Գամառ Քաթիպային նվիրած երեկույթին: Եվ կարծեմ տպվեց էլ ու մի քանիսն էլ շատ նեղացան:

          Այո՛, Գամառ Քաթիպան անպայման տաղանդավոր մարդ է, բայց եթե նա քիչ է ազգային բանաստեղծ՝ էդ պակասությունը իրենը չի, տաղանդի պակասությունը չի, այլ հանգամանքների, ինչպես և իմը չի էն առավելությունը, որ ես ավելի եմ ազգային, այլ դարձյալ հանգամանքներինը:

          Մի խոսքով՝ օբյեկտիվ ու հարգալից վերաբերմունքը, կիրթ գեղարվեստական ճաշակն ու առողջ գրական հասկացողությունը վերջ ի վերջո որոշելու են ամեն մեկի տեղը:

          Եվ օրհնյալ են ամենքն իրենց տեղը:

          Բայց մի բան ինձ շատ զարմացրեց: Էդ ի՞նչ ոտանավոր է, որ ես ղրկել եմ Գամառ Քաթիպայի արձանի բացմանը: Իսկի միտս չի: Շատ է հավանական, որ հիմար բան լինի: Ինչ որ է, մյուս անգամ եթե ուղարկես, շատ շնորհակալ կլինեմ: Միայն էնքանն եմ հիշում, որ շատ էին զոռ անում, թե պետք է մի բանով շնորհավորես, իսկ թե ես ինչ արի, չեմ հիշում5:

          Շահազիզի հոբելյանին6 էլ ընկերներս զոռ արին: Ուզում էի միայն հեռագիր տալ – թե չէ՝ նամակ կամ ոտանավոր գրի: Ես էլ մի նամակ գրեցի: Բայց հոբելյանական անպատասխանատու շնորհավորական շուշխունաները մի կողմ թողած՝ որ Շեքսպիրի ասածի նման, ավելի շատ փայլ ունեն՝ քան ջերմություն, իմ կարծիքը Գամառ Քաթիպայի մասին էն է, ինչ որ իր ժամանակին գրել եմ Վեսելովսկուն7:

          Վերջապես:

          Վաղը – մյուս օրը Թիֆլիս ենք գնալու: Գրադարանս շատ եմ կարոտել: Լավ բան է: Թեև չեմ կարողանում կարդամ, բայց շարունակ էնպես է թվում, թե էն բոլոր լավ – լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում:

          Առայժմ ցը:

          Տղերանցը շատ ու շատ բարևներ:

Քո Հովհ. Թումանյան