Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

38. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Բորժոմ – Բաքու

1916 թ. օգոստոսի 12.

1916. օգոստ. 12, Բորժոմ.

Սիրելի Ցոլակ.

          Իմ տպագրած բանաստեղծությունների մեջ ամենահինը «Շունն ու Կատուն» է, որ գրված է 86 թե 87 թվականին, լավ չեմ հիշում: Մի խոսքով՝ թվականը տակը կլինի: Ես հիշողությունով եմ ասում1: Եվ «Շունն ու Կատուն» եթե իմ առաջին գրքում (Մոսկվայի) չկա՝ պատճառը հանգ[ուցյալ] Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճ» – ամ տպագրելու: Կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՝ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով... »:

          «Շունն ու Կատվի» հետ միասին գրվածներից է և «Անբախտ վաճառականները», բայց նա՝ դեռ չտպված՝ հիմնական փոփոխության և ենթարկվել: Ապա թե գալիս են «Գութանի երգը», «Մարոն» և այլն2: Իհարկե, չեմ հաշվում ամենահինը – էն սիրային ոտանավորը իր պատմությունով հանդերձ, որ գրված է չեմ հիշում 1881 թե 82 թվականին և մի դեպքի պատճառով մնացել էր ընկերներիս ձեռքին և հանգ[ուցյալ] Եղ. Թոփչյանը տպեց իր օրացույցի թե տարեցույցի հավելվածում3: Ինչևէ: Բայց հետաքրքրական է, թե ինչիդ է պետք: Եթե ամյակի խնդիր ես հարուցանելու՝ պետք է զգուշացնեմ և հայտնեմ, որ ես հանդիսավոր երդում եմ արել գրող – ընկերների առջև՝ երբեք հոբելյան չտոնել4: Էդ տեսակ բանի անուն տալ՝ կնշանակի ինձ շատ ցավեցնել, մի բան, որ գոնե քեզանից չեմ սպասում: Էն էլ էս տեսակ տարին, երբ առանց էն էլ ամենքս էլ շատ ենք ցաված, իսկ ես անչափ շատ: Վերջապես ինչ տարի ուզում է լինի: Իսկ եթե պետք է գրական մի որևէ նպատակով – էս է: Էլ հարց կունենաս, աչքիս վրա: Միայն թե ղալմաղալի համար չլինի:

          Մի քանի տարի առաջ էլ Լեոն ուզեց խոսք բաց անի, դարձյալ «Շունն ու Կատվից» սկսելով, բայց որովհետև տրամադրությունս գիտեր՝ հարցրեց ու թողեց:

          Մի քանի ամիս առաջ գրած նամակդ մնաց մինչև օրս էլ անպատասխան: Եվ լավ եղավ, որովհետև էնքան տգեղ բաներ էի գրելու, որ լավ էր՝ մնաց: (Բրյուսովի օրերից եմ խոսում): Իսկ տգեղ բաներ գրելը ի՞նչ միտք անի: Հիմար բան է առհասարակ:

          Ես եկել եմ մի քիչ հանգստանամ և նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած, ըստ ամենայնի: Այսուամենայնիվ մեմեն պարապում եմ: Բանաստեղծություն, իհարկե, չեմ գրում և չեմ էլ կարող: Էսքան հոգնած ու հոգնածությունից թունավորված մարդը ի՞նչպես կարող է բանաստեղծություն գրի:

          Այժմ մի գործ կա ձեռքիս. Աճառյանի գավառական բառարանն եմ նայում: Ձեր ամսագրին կուղարկեմ: Մանավանդ լեզվի մասին մի քանի խոսք էլ ասելիք ունեմ5:

          Շատ ուրախացա ամսագրի համար: Էդ ոչինչ, որ մերը խանգարեց6: Ավելի լավ, մենք առանց էն էլ շատ ենք զբաղված: Մի՞թե միևնույն չի:

          Էս քանի օրը մի քիչ լավ չեմ: Վախենում եմ էլի անտեր դողս չբռնի: Մի ժամանակ օխտը տարի կրակի մեջ էրվում էի, մալարիա ունեի, շատ վատ տեսակից: Չկրկնվի նորից:

          Անանունը էստեղ էր, կարճ տեսնվեցինք: Իսկ Մխիթարը (Տեր – Անդրեասյան) մի քանի օր մնաց, նրանց էլ եմ ասել, գրել էլ եմ, որ կաշխատակցեմ:

Քո Հ. Թումանյան