Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

37. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

Բորժոմ – Թիֆլիս

1 օգոստոսի 1916, Բորժոմ

Սիրելի տիկին Զաբել.

          Ստացել եմ թե' Ձեր նամակները, թե' հեռագիրը: Տեր – Անդրեապանինը2 հանձնեցի իրեն:

          Շատ ցավեցինք Ձեր հիվանդության համար, բայց հավատացած եմ, որ թեթև բան էր ու անցած է արդեն:

          Իմ ընկեր Տեր – Անդրեասյանն ու ես մեծ հաճույքով հաճախ հիշում էինք Ձեզ Բորժոմի անտառներում: Նա գնաց արդեն: Թերևս ես էլ մոտ օրերս Թիֆլիս անցնեմ մի կարևոր գործով: Ձեզ կհանդիպեմ – մի քիչ խոսենք: Մեր Անդրանիկն էլ, իր նամակից էնպես է երևում, պետք է վերադարձած լինի Թիֆլիս3:

          Պետք է խոստովանեմ, որ էստեղ նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած թե' ֆիզիկապես և թե' բարոյապես: Եվ մի ծանր թախիծ ճնշում է սիրտս շարունակ: Շատ բան է խորտակվել ինձ համար աշխարհքում, և աշխարհքը շատ ցավերով է լցված արդեն: Շատ բան կա, որ էլ չեմ սիրում, և բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել

          չեմ կարող: Օրինակ, էն օրվանից հետո, որ տեսա մորս՝ սպանված եղբորս4 դիակի վրա, և մյուս սպանված եղբորս (սպային)5 էլ թաքցրինք, որ նա չիմանա, այլևս չեմ կարողանում տեսնել նրան, իմ մորը: Անցյալ տարի, էս ժամանակ, Էջմիածին էի6: Անկարելի է պատմել, թե ինչ էր Էջմիածինը անցյալ տարի էս ժամանակ: Բայց ամիս ու կես մնացի, զբաղված էի գլխավորապես որբերով, և, հիրավի, էն ժամանակ էլ, ես և տեսնում էի, և զգում էի դժբախտության ու թշվառության ահռելիությունը, բայց միայն հեռանալուց հետո, մանավանդ այժմ է, որ չեմ կարողանում էլ նրանց տեսնել, ինչպես և գաղթականներին առհասարակ, բայց մանավանդ նրանց, որբերին:

          Տեսնելու համար հսկայական ուժ է հարկավոր, իսկ ես, ինչպես արդեն գրեցի, շատ եմ ջարդված, հոգնած ու տկար:

          Իհարկե, կարող էի շատ ուրիշ բաներ էլ գրել, թերևս ավելի խոր ու խոշոր, որ տեսնեիք, թե հիրավի, չնայած իմ անսպառ յավատեսությանը և բնավորության զվարթությանը, թախիծը, որ ասում եմ, իրական է ու, ավա՜ղ, մշտական, անանց:

          Մի քիչ ավելի ուժով ու աշխուժով մեր գրականության գործով է, որ կարողանում եմ զբաղվել: Կամ թերևս մեր կուլտուրայի առհասարակ:

          Ձեր գնալուց հետո Թիֆլիս խորհրդակցության հրավիրեցի մի քանի ուրիշ մարդկանց, որոնք մեծ սիրով մոտեցան գործին, և խոստացան ամեն կերպ աջակից լինել գլուխ բերելու մեր գրականության և այնուհետև մեր կուլտուրայի ապահովության գործը7:

          Էստեղ էլ նոր մարդիկ հանձն առան գործին մոտենալու և միանալու: Ըստ ամենայնի ձեռնհաս ու կարող մարդիկ: Էսպես, աշնանը գործ կունենանք անելու:

          Անշուշտ ցավով կարդացիք, որ Բիթլիսի ու Մուշի շրջանում ռուսները մի քիչ ետ են քաշվել: Հարկավ դա մի կարճատև նահանջ է, բայց կարդալիս մարդու սիրտ կտոր – կտոր է լինում, երբ մտածում է, թե մեր թշվառ ժողովրդի մնացորդները, ուժասպառ, հյուծված մնացորդները տակավին մնում են հրոսակախմբերի ու բանակների ոտի տակ:

          Շո՛ւտ, շո՛ւտ... և աստծու անեծքը բոլոր հզորների վրա:

          Աշխարհքը պետք է նորոգվի: Էսպես՝ անկարե]ի է:

          Բայց նամակս շատ երկարեց: Ներեցեք, էս իմ սովորությանը հակառակ դուրս եկավ;

          Գրեցեք խնդրում եմ. շատ շնորհակալ պիտի լինեմ: Ընդունեցեք մերոնց և իմ լիասիրտ բարևները:

Միշտ Ձեր բարեկամը՝

Հ. Թումանյան