Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

36. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

Թիֆլիս – Բաքու

1916 թ. մարտի 2.

Հեղինե ջան.

          Ճշմարիտ որ՝ էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան2, հետո ամառն՝ Էջմիածին3, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությանը4, տունը կատարյալ անտեր – միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում5, տղերքս դես – դեն ցրված ու վտանգի տակ, տանը խմբերով հիվանդ – էն էլ ամիսներով, վերջապես հետն էլ էնպես պատմություններ, որ իսկի գրելու բաներ չեն – մի խոսքով էս վերջին ամիսները գնան ու ետ չգան:

          Բայց, Հեղինե ջան, շատ ճիշտ ես նկատել, անպատմելի մի վիշտ է դարձել ինքը – մայրս: Սրտիցը գիժ և իրար ետևից էսքան ցավ ու կրակ: Փոքր եղբորս – օֆիցերի – սպանվելը թաքցրինք, մարմինը Արխավեյից6 Թիֆլիս բերինք՝ հողին պահ տվինք. գյուղը չտարանք; Որոշեցինք մորս մահից հետո տանել: Այժմ տանել ցույց տալ կամ իմացնել՝ էդ միևնույն է թե նրան էլ գնդակահար անել սպանել և կամ խելագարացնել, որ ավելի վատ է: Բայց նա մի հատկություն ունի, որ նրանից բան թաքցնել չի լինում: Նախազգացում ասեմ, նախատեսություն թե պարզատեսություն. իր մոտիկներից որի հետ մի բան պատահի, որտեղ ուզում է լինի, նա արդեն վաղօրոք գիտի: Երազի ձևով լինի թե նախազգացումի – գիտի: Ես էլ զուրկ չեմ էդ ընդունակությունից, և վերջին բոլոր մեզ հասած դժբախտությունները ոչ միայն օր առաջ գիտեի, այլև մերոնց ասել էի, թե էսպես բան պետք է պատահի, մինչև անգամ որոշ կարգադրություններ էի արել: Այժմ մայրս էլ հենց սպանելու օրից գիտի, որ Արտաշեսն սպանված է, շարունակ պնդում է, ապացույցներ է պահանջում, որ ցույց տանք թե կենդանի է, և շատ դժար է լինում խաբելը:

          Ես էլ թեև կյանքին ու աշխարհքին շատ փիլիսոփայաբար եմ վերաբերվում և մի հաստատված խաղաղ վերաբերմունք ունեմ դեպի մահն էլ, բայց այսուամենայնիվ էս ամենը վրես շատ են ազդել; Մանավանդ ֆիզիկապես էլ շատ եմ թուլացել: Գրեթե երկու տարի է էս կոշմարի մեջ պտտվում եմ, ամառն էլ ամառանոցի փոխարեն Էջմիածնի դժոխքն ընկա, նրանից հետո էլ, երեք ամսից ավել հիվանդացա – իհարկե պետք է թուլանայի: Ճշմարիտն ես լսել, որ հանքային ջրերը պիտի գնայի կազդուրվելու և հանգստանալու, բժիշկները էդպես էին խորհուրդ տալիս, բայց չեղավ:

          Էս երեխանց բանն էլ մի փորձանք է դարձել: Հենց Տիգրանի էստեղից դուրս գալու օրը Արտիկին կանչել էին զինվորագրության՝ ստուգելու առողջական դրությունը, իսկ Համլիկին, որ մի տարի ժամանակ էին տվել՝ բռնեցին տարան, հետն էլ պատերազմի դաշտից երկու եղբորս բերել էին հիվանդանոց: Էսպես էլ խառը դեռ մնում է ամեն բան:

          Վերջապես երանելի Հոբի7 նման պիտի բացականչենք՝ օրհնված լինի աստծու կամքը: Ուրիշ ի՞նչ անենք, ամեն բան հո մեր ձեռին չի:

          Հեղինե ջան, Լևոնի (Շանթի) հետ ուղարկում եմ իմ նոր տպած բրոշյուրից – Նաղաշ Հովնաթանի մասին8 ու մանկական խաղերից – Հայոց առածների խաղը: Տիգրանի9 հետ էի ղրկելու խաղերը – ետևից բերինք վակզալ – չհասցրինք: Գիրքը դուն ու Տիգրանը կկարդաք կզարգանաք, խաղն էլ Վառուշը10 կխաղա կզվարճանա: Հետո երկուսդ էլ ձեր տպավորությունն ու կարծիքը կգրեք:

          Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների – ես էլ էս բաներովն եմ զբաղվում պարապ ժամանակս թե օգուտ չտան, վնաս հո իսկի չեն տալ:

          Մերոնք՝ ամենքս էլ շատ ուրախացանք նամակիդ համար և շատ ու շատ բարևներ են անում քեզ ու Տիգրանին. համբուրում ենք Վառուշիկին, թեև նա Շան ու Կատվի մտերմությանը ավելի է գնահատում: Տիգրանն ի՞նչ է անում: Ես շատ եմ ուրախանում, որ ամեն անգամ նրա մասին լավ բաներ եմ լսում:

Միշտ քո՝

Հովհաննես