Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

35. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս – Մոսկվա

[1915 թ. ապրիլ]

Սիրելի Ֆիլիպ.

          Չեմ կարող ստել և պետք է ասեմ, որ ձեր գնալու ժամանակից ի վեր ծանր դրություն ու տրամադրություն է տիրում մեզանում: Եվ, ինչպես ասում էին մեր հները. եթե ինձանից հարցանեք, արտաքին ու ներքին հանգամանքների տխուր համերաշխության պատճառով – չեմ կարող պարծենալ, թե շատ լավ եմ:

          Բայց էս ժամանակին էլ ով է խոսում ներքին հանգամանքներից, երբ որ աչքներիս առաջին աշխարհքներ են շուռ գալիս: Երեկ էլ նոր հեռագիր ստացանք, թե լայնածավալ կոտորածներ են սկսել Տաճկահայաստանում: Էն, ինչ որ ամենքս էլ սպասում էինք շարունակ, ու ինչի մասին որ սարսափից չէինք էլ խոսում: Այո՛, էսպես, թուրքը վերջին անգամ լողում է էս դժբախտ ժողովրդի արյան մեջ:

          Ես համոզված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել: Խորհրդակցություն ունեցանք վերերի հետ, հաղորդագրություններ ու կարգադրություններ եղան արտակարգ, տեսնենք ինչ դուրս կգա: Ամեն օր, ամեն օր նիստերի ենք, ջղային, հուզված, հոգնած: Էսօր էլ ահա երեք նիստ ունեմ: Սպասում եմ մի մասնաժողովի, որ գալու է մոտս խմբագրենք Գրողների Ընկերության կոչը – հեռագրով դիմումը աշխարհքի գրեթե բոլոր ազգերի Գրական Ընկերություններին, մեծ թերթերին ու նշանավոր գրողներին1:

          Ինձ ուզում էին ուղարկել Ռուսաստան շրջագայելու, խոսելու և նաև հանգանակության մասին հոգալու, կազմակերպելու, պիտի գայի և Մոսկվա, բայց իմ անձնական մեղքերը ինձ հնարավորություն չեն տալիս տանից շատ հեռանալու:

          Ինչպես գրել էի անցյալ նամակում – էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական, և ուրիշ տեսակի խաղալիքներով – ասում եմ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենք – հայանալու և մարդանալու: Բայց դժբախտաբար սարսափելի թղթի թանկություն է – մանավանդ բրիստոլի կարտոնի, չենք ճարում գրեթե – և դրանից էլ թանկանում են խաղերը:

          Շատ ու շատ բարևներով ու համբույրներով ամենիդ՝

քո Հովհաննես