Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

34. ՄԱՐԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս – Երեվան

[1914 թ. ] փետրվար

          Առաջ մի հարցերիդ պատաս՛խանեմ:

          Ճյուղեր բաց անելու իրավունք դեռ չենք ստացել: Էդ խնդիրը պետք է մարտի տարեկան ընդհ[անուր] ժողովում քննվի: Բաքուն էլ էր էդ մտքով դիմել և նույնպես դեռ սպասում է, բայց արդեն գրասիրաց մի ակումբ են կազմել, և օրերս նորից սկսելու են իրենց գործունեությանը: Դուք էլ նրանց օրինակով կարող եք Երևան նույնպես գրասիրաց մի ընկ[երություն], մի ակումբ կազմել և կանոնավոր դասախոսություններ ունենալ:

          Քեզ պետք է ասեմ, որ ես ուրիշ կարծիքի եմ Երևանի մասին, և մոտ օրերս գուցե մի քանի տող բան գրեմ լրագրում: Մեծ, շատ մեծ կարևորություն ունի մեր բնիկ երկրի քաղաքներում ամեն մի էդ տեսակ կուլտուրական ձեռնարկություն:

          Ցնծագին պետք է ողջունենք էստեղից ձեր գրասիրաց Ընկ [երության] բացումը:

          Ամեն բան, ինչ որ ձեռներիցս կգա ձեր ծառայությանը պատրաստ ենք:

          Բարդ բան չի ձեր անելիքն առայժմ և տեղիդ նահանգապետի միջոցով ամեն բան կարող եք շատ կարճ միջոցում վերկացնել:

          Անցյալ օրը մոտս էին և երկու երևանցի երիտասարդներ – Շահինյան – նույն խնդրով: Ես կարծում եմ շատ համակրողներ պիտի գտնեք, դուք էլ շատ պիտի ոգևորվեք և բավական էլ ուժեր ունեք:

          Կսպասեմ բացմանը, և եթե հարկավոր լինի մի որևէ բան – գրի: Ես արդեն վերջացած գործ եմ համարում: Եվ շնորհավորում եմ էս գլխից:

          Մենք էլ ստիպված ենք մեծ դահլիճ որոնելու: Չես կարող երևակայել, թե ժողովուրդը, ինտելիգենցիա և երիտասարդություն, և աշակերտություն, ինչ հոսանք է առել դեպի ընկերությունը: Նոր ձեռնարկներ ենք անում: Հ[այոց] գրականության պատմության նյութերի ժողովածու, հայոց գրականության թանգարան, գիտական արշավանքներ դեպի մեր գավառները, հեղինակի իրավունքի պաշտպանությունը, գրական էտիկայի խնդիրը և այլն: Բաներ շատ: Ամեն քաղաքից էլ որ ձեն ձենի տանք – դուրս կգա մի մեծ ձեն, հայ ժողովրդի ձենը: Սրանից ավելի լավ էլ ի՞նչ կարող ենք անել: Պակասություններ շատ կունենանք, բան չկա, սկիզբն է: Հաջողություն եմ ցանկանում լիասիրտ:

          Մերոնք բարևում են:

Համբույրներով՝

քո Հովհաննես