Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

33. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս – Բաքու

[1913 թ. դեկտեմբեր]

Սիրելի Ցոլակ.

          Ուրիշ կերպ չեմ կարող գրել մի մարդու, որ էսքան սեր ու մտերմություն, է ցույց տալիս ինձ – Մանավանդ ես էլ քեզ եմ սիրում: Իմ շատ հռչակված ծուլությունիցս ու գեղ[արվեստական] լաբորատորիայիս դրությունից ես հարցնում:

          Էնպես տեղերից ես խոսում, որ շատ բան կարող էի ասել, և երևի կասեմ առաջիկայում ու կտեսնես, որ էնքան էլ ճշմարիտ չի էդ շատ տարածված կարծիքը, թե ես ծույլ եմ: Գեղ [արվեստական] լաբորատորիայիս մասին էլ կպատմեմ: Ասում եմ՝ երևի, որովհետև շատ եմ ծույլ նամակագրության:

          Բայց գրելու եմ:

          Իմ ամբողջ կյանքը գրեթե անցել է շատ խառը, տակնուվրա, ու շարունակ էն պատրաստության վրեն եմ եղել, որ նստեմ պարապելու – ու չի եղել, գլուխ չի եկել: Էսպես անցել են իմ երկու հասակը, հիմի ոտս երրորդ հասակի շեմքն եմ դնում և դրա հետ միասին վճռական միջոցների եմ դիմում, որ էս կյանքիս վերջին մի քանի տարին գոնե զուր չանց կենան:

          Տեսնենք: Յա տեր աստված:

          Էն էլ կգրեմ, թե սրա համար ինչեր եմ մտածում, ու ինչեր եմ անում: Նույն բանն եմ մտածում և մեր գրողների համար առհասարակ: Էնպես եմ անելու, որ կարողանանք շատերս, որքան կարելի է շատերս պարապենք գրականությամբ: Եվ դա հնարավոր բան է: Հետո կգրեմ, ասում եմ: Բայց այժմ արդեն քայլեր եմ արել, և հաջողության նշանները կան:

          Մարդիկը ոգևորված գալիս են, տաքացած ճակատները զարկում են կյանքի ժայռին ու շշմում, շշկլում, վեր ընկնում: Էսպես չի կարելի: Գրականությունը, կամ ավելի ճիշտը գրողներին, պետք է պաշտպանել ուժեղ կերպով; Եվ կպաշտպանենք:

          Սպասիր մի գլխիս հավաքված ճանճը դենն անեմ: Տղերանցը շատ բարով արա:

Քո Հ. Թումանյան