Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

31. ԳԱԼՈԻՍՏ ՏԵՐ – ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՄԻԱԲԱՆ)

Թիֆլիս – Էջմիածին

1912 թ. մայիսի 25.

1912 թ. 25 մայիսի Թիֆլիս

Սիրելի Գալուստ.

          Վաղուց էի քեզ գրելու, բայց սպասում էի մի տեղեկության, որ դժբախտաբար ուշացավ ու չեմ ստացել դեռ:

          Անշուշտ կարդացիր «Հորիզոն» – ի № 91 – ում տպած տեղեկությունը2 Պետերբուրգի հայ գաղութի ձեռնարկած հայոց պատմագրության և հայագիտության ֆոնդի մասին, որ թարգմանի Ակադեմիա: Գուցե լսած լինիս և այլ աղբյուրներից: Արդ, որովհետև 400 – ամյակը շատ պատեհ դեպք է, որովհետև և մեր ժողովուրդը և ունևոր մարդիկ այս դեպքի առիթով հեշտ մի բան կանեն, և վերջապես մի գիտության օջախ ենք ունենալու – դու էլ մեր հանձնաժողովների հանձնաժողովի – կենտրոնականի նախագահն ես և հետևաբար այս դեպքում ազգի մեջ կենտրոնական մի դիրք ունես, քեզ վրա է ընկնում մի շատ լուրջ գործ անելու պարտականությունը: Տատ կուզենայի քո կարծիքն իմանալ Պետերբուրգի առաջարկի մասին: Այն էլ իմացած պետք է լինես, որ եթե հարցը արծարծենք մամուլի մեջ և ընդհանուր մի ուշադրություն հրավիրենք գործի վրա՝ հաստատ համոզված եմ, որ մեծ նվիրաբերություններ են լինելու: Հարմար առիթ է և մեր հարուստների համար իրենց հիշատակը հավերժացնելու, կապելու էդ լավ գործերի ու լավ օրերի հետ: Քո և մի երկու հոգու մասին շատ ենք խոսել Մառի, այդ շատ լավ մարդու հետ: Եթե կարողանայինք այն տեսակ մի գործ կատարել, այսինքն ճիշտ որ գիտության մի Ակադեմիա ունենալ և Մառն էլ այնտեղ... Նա ինքն էլ շատ է ուրախ և ուրախությամբ էլ ընդունեց Պետերբուրգի հանձնաժողովի անդամությունը, կանի ամեն բան, ինչ հնարավոր է, և վերջապես այնքան բան է անում – միայն մենք չկանք:

          Սրանից էլ լավ դեպք չի կարող լինել, որ մենք էլ ազգովին մի շարժվենք գիտության համար: Ախր շատ ենք անգետ ու կույր – գյուղից մինչև քաղաք, հոգևորական ու աշխարհական, գրող ու ընթերցող տգե՛տ, տգե՜տ, ամեն բանից, սկսած մեզանից, մեր պատմությունից, մեր կյանքից: Ահա, տեսնում ես էլի, լուսավորության (ամենալուրջ կերպով) ջահն ու տաճարը գազեթն են համարում, և. հիրավի, ուրիշ բան էլ չկա մեջտեղը:

          Այստեղ մտադրություն ունենք մի նեղ շրջանում, ով հետաքրքրվում է մեր երկրի ու արևելքի պատմությունով ու հայագիտությունով, մի հավաքվենք խորհրդակցության, թե ինչ պետք է անել, և ինչ կարելի է անել:

Ջերմ բարևներով՝

քո Հովհ. Թումանյան

Հասցես. Тифлис, Вознесенская 18.