Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

30. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ – ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս – Էջմիածին

1912 թ. մայիսի 6.

Սիրելի Մեսրոպ.

          Շնորհակալ եմ շնորհավորությանդ2 համար. չհեռագրեիր էլ ես գիտեմ, թե ինչքան ուրախ կլինես: Գործի մասին մի ուրիշ անգամ երկար կպատմեմ8 և շատ հետաքրքրական է մի քանի տեսակետներից. բայց ընդհանուր տպավորությունը շատ է արխար: Կատարված գործի – ինքնապաշտպանության համար չէր անշուշտ այս ամենը – այլ երկու կողմի անտեղեկության, կարճամիտ չինովնիկների վայնասունից ու մեր լոպազների հարահրոցից: Հարկավ, կատարված են և շատ տգեղ գործեր – բայց քաղաքական բնավորություն չունեն դրանք: Տարօրինակն այն էր, որ իմ դեմ վկայություն էին տվել մի հայ, որը իր կյանքով միայն ինձ է պարտական, և մի քանի թուրքեր, որոնց հետ թե ինչքան եմ լավ վարվել – իրենք են աղաղակում այժմ և աշխարհքը գիտի. – իսկ պաշտպանում էին ինձ տերության գրեթե բոլոր պաշտոնյաները – ստրաժնիկներից ու գարադավոյներից սկսած, մի քանի պրիստավներ, գավառապետներ, գեներալ գուբերնատորը, սեվերսկի պոլկը, գլխ[ավոր] շտաբը, որքան գիտեմ – փոխարքան, և ուրիշները, որոնց մասին հետո: Բայց հո իմ գործով չեմ դատում, շատ բան տեսա և վերջապես շատ բան գիտեմ, այդ բոլորից հետո անկարելի է աշխարհքովը մին չաղաղակել – ի~նչքան է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը...

          Դուրս գալուց հետո շատ տարօրինակ պատմություններ լսեցի, սրանց մասին էլ հետո կտեսնվենք կխոսենք: Երևի մեզ մոտ ես գալու: Անցյալ օրը Համբարձումի4 մոտ էինք ճաշին մի քանի հոգի, քո մասին խոսեցինք, որ պետք է Թիֆլիս գաս: Երեկ էլ Եփրեմի5 հետ էի խոսում: Նա ինքն էլ շատ է ուզում Էջմիածին գա: Մի խոսքով, պետք է գաս էստեղ: Այժմ մի ուրիշ գործից:

          Չորսհարյուրամյակից (6):

          Էջմիածին էլ հանձնաժողով եք կազմել: Բայց եթե սա համազգային տոն է – ինչով են կապված իրար հետ գոնե նշանավոր կենտրոնները, նրանց հանձնաժողովները: Ի՞նչ բովանդակություն ունի տոնը: Միայն գրական ֆո՞նդը. էդ շատ է քիչ, և որքան գիտեմ, լավ էլ չի ծրագրված: Վերջապես մեկը դա. բայց դրանից ավելի լավն է Պետերբուրգի հայոց պատմագրության ու հայագիտության կամ մի խոսքով հայագիտության Հայկական Ակադեմիայի խնդիրը: Ինչ ձևով որ կհաջողի: Եվ շատ ավելի լուրջ է նրանց կազմը: Եվ ավելի մեծ տրամադրություն կա Պետերբուրգի ու Մոսկվայի հարուստների մեջ մի մեծ գործ անելու էս մեծ տոնին: Այնպես որ ձեր Պետերբուրգ գնալով շատ բան կարող եք անել և չպետք է ձեռնաթող անեք դեպքը: Եթե այդտեղ մի լավ բան եք մտածում, լավ կանես գրես – իմանանք:

          Երեկ մի երկու հոգի կանչված էինք Հովնանյանների մոտ7 տանստանու խոսելու Հովնանյան դպրոցի հոգաբարձության մասին: Ժամանակները լրացել է – չեն ուզում հեռանան:

          Հեռագիր եկավ: Զարմանալի վատ մարդիկ են, տո:

          Էսօր երևի կենացդ կխմենք. Օհաննեսն էլ մեզ մոտ է լինելու ճաշին:

          Ա՛յ մարդ, ինչքան բան ունեի խոսելու, կարծում էի կգաս Թիֆլիս, բայց չմոռանաս Պետերբուրգում էդ հայագիտության, թե Հայկական Ակադեմիայի խնդիրը: Իհարկե, Մառի հետ կխոսես: Տո էդպես էլ լավ մարդ կլինի՞: Երբ է շատանալու էդ տեսակ մարդկանց թիվը – համ լավ մարդ – համ գիտնական: Գիտություն, գիտություն, տգիտության մեջ տառապում ենք: Էսքան էլ տգիտությո՜ւն, ոչ մեզանից բան գիտենք, ոչ մեր հարևաններից, ոչ աշխարհքից: Ինչի՞ նման է:

          Այստեղ հոդվածներ են պատրաստում, որ գիտության այդ օջախը հեռու լինի Էջմիածնից – ակադեմիա կլինի, թե ընկերություն: Էդ մտքով հոդվածներ են պատրաստվում: Լավ կլիներ քանի շուտ է պարզվեր խնդիրը ամենակողմանի կերպով:

          Գրի կարծիքդ:

          Իրիկունն էստեղի հանձնաժողովի հետ մի քիչ ղալմաղալ արինք: Շատ են խեղճ, բոլոր հույսները մի թուղթ է – շրջաբերական, որը ղրկելու են մոտ օրերս: Մերոնք շատ բարով են անում:

Քո Հովհաննես

          Հա՛, մոռացա:

          Մեսրոպ ջան. չմոմանաս, Պետերբուրգ խոսք կընկնի Վարդան Իվանիչի (Վարդանյանի) կամ եկեղեցական խորհրդի անդամներից մեկնումեկի հետ: Մեր Մուշեղին8 թոշակ են նշանակել – դեռ չի ստացել – իսկ ուսման վճարը դեռ մնամ է տալու և մի քիչ էլ պարտքի տակ է: Ես էլ գալիս չկարողացա բան տալ իրեն, որովհետև 300 ռ. տվին, բայց քսան оր մնացի էնտեղ, տալու էի ուրիշին, հետո ճամփի ծախք. էստեղ էլ եկել եմ – շատ խառը վիճակի եմ. առաջվան մեղքերիս վրա բարդվել են իմ բացակայությանը եղած ծախքերը, դատավորության ծախքերը, մանավանդ վկաներն էլ իմ հաշվով եմ տարել Պետերբուրգ (մերժել էին), երկու հազար ռուբլի հենց էդ է նստել: Էնպես որ էդ նպաստը անհրաժեշտ է:

          Գիտես, որ Արտիկն6 էլ երկու տարի է պարապ – սարապ թափառում է (իբրև թե տաղանդ ունի և նկարիչ է), ամաչեցի մեկին ասեմ, որ օգնեն: Մնաց էսպես: Տեսնենք, գուցե աշունքը մի բան անեմ:

Քո Հովհաննես