Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

29. ՊՐՈՖ. ՄԱՌԻՆ

Թիֆլիս – Պետերբուրգ

1912 թ. ապրիլի 25

Ազնիվ բարեկամ Նիկոլայ Յակովլևիչ.

          Չեք կարող երևակայել, թե ինչքան եմ ես ինձ մեղավոր զգում Ձեր առջև: Խոսքս հայոց պատմագրության, թե հայագիտության ֆոնդի մասին է: Դուք վերջին անգամ ինձ ասիք, թե Մոսկվայից չգնաք, մինչև հանձնաժողով չընտրվի այնտեղ էլ, իսկ ես արագ անցա Մոսկվայից, մի երեք օր մնացի, էն էլ անց կացրի շատ հիմար կերպով – հրավերներում, և, չնայելով նրան, որ շատ էին հետաքրքրվում այդ գործով, հեռացա՝ թողնելով ժողովն ու հանձնաժողովի ընտրությունը իրենց, միայն ժողովը հրավիրելու համար երեք մարդ նշանակվեցին: Այնինչ, ինչպես պատմեցին ու նկատեցի, կարևոր մարդկանցից ոմանք լավ չեն իրար հետ և դրսից եկած մարդ է հարկավոր նրանց իրար բերելու:

          Մի խոսքով, մի կողմից ստիպված էի շտապելու, մյուս կողմից ցավում եմ շտապելուս համար և ինձ մեղավոր եմ համարում, մանավանդ Ձեր առջև: Սպասելիս են եղել և Բաքու: Բայց Մոսկվայում շատ ուրախացան այդ գործի համար, մի պարոն, պ. Բուդաղյանը2, հենց առաջին խոսքից այնքան հավանեց, որ իսկույն ևեթ մի գումար առաջարկեց: Մոսկվացիք պնդեցին գրական ու պատմագրական ֆոնդը միացնելու վրա և Հայկական Ակադեմիայի խնդիրն ավելի որոշեցին: Հատկապես պ. Ստ. Մամիկոնյանը3, որ ինչպես գիտեք, քաջածանոթ է հայոց դպրոցական գործերին, խոսեց ու պարզեց, թե Էջմիածնի ճեմարանը, որ կոչվում է Ակադեմիա, հենց բացված է Ակադեմիայի իրավունքներով և մինչև անգամ ռուս կառավարությունը նկատել է, թե նա, որպես Ակադեմիա, չի ծառայում իր նպատակներին: Պատմեց, թե ինքը կարդացել է Էջմիածնի դիվանատանը այդ մասին եղած թղթերը: Ես նոր եմ Թիֆլիս եկել և մի քիչ հիվանդ եմ: Այստեղ էլ մեծ հավանություն է գտնում խնդիրը: Սակայն ավելի բարեհաջող մի հանգամանք կա առաջներս: Մի երկու երեք շաբթից հետո Պետերբուրգ է գալու նոր կաթողիկոսը4: Կարծում եմ այս շատ լավ առիթ ու դեպք է խնդիրը հաստատ հողի վրա դնելու և ծրագրից գործին անցնելու: Ինչ խոսք, որ այս ամենի մեջ Դուք լինելու եք գլխավոր դերակատարը և ես սրտանց ուրախ եմ, որ Հայկական Ակադեմիայի և հայագիտության գործը մեր մեջ հաջողելու է Ձեր ձեռքով ու կապվելու է ընդմիշտ Ձեզ հետ, որ և այնքան վայելուչ ու գեղեցիկ գալիս է Ձեր սիրելի անձնավորությանը, Ձեր՝ գիտությանն ու հայագիտությանն արած անգնահատելի ծառայություններին և Ձեր մեծ պատրաստությանն ու հմտությանը:

          Ասում էիք՝ մենք բանաստեղծ մարդիկ ենք, ոգևորվում ենք: Բայց մեր մեջ մի մեծ տարբերություն կա. Դուք ոգևորվում ու գործ եք կատարում, իսկ ես միայն ոգևորվում եմ: Եվ գործի ամբողջ հույսը Դուք եք:

          Այստեղից էլ դիմում կանենք կաթողիկոսին, բայց այս գործի կաթողիկոսը Դուք եք լինելու:

Ջերմագին բարևներով՝ միշտ

Ձեր բարեկամը Հովհ. Թումանյան