Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

28. ՕԼԳԱ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Պետերբուրգ – Թիֆլիս

1912 թ. մարտի 7.

7 մարտի Սանկտ. Պետերբուրգ

СПБ Дом предварительного заключения

Օլյա ջան.

          Մարտի 5 – ին վերջացավ գործի քննությունը և սկսվեցին ճառերը: Առաջին՝ մեղադրական ճառն ասում է պրոկուրորը: Արդեն երկու օր է շարունակվում է նրա ճառը, տեսնենք երբ կվերջանա: Հետո կխոսեն պաշտպանները, իսկ վերջին խոսքը կլինի մերը: Երեկ Աշխենն ու Մուշեղը մոտս էին, իսկ ամեն օր լինում են Սենատում: Շատ լավ են: Երեկ իրիկուն, Սենատից վերադարձա կամերան և տեսա սեղանիս վրա մի կույտ նամակներ. իհարկե, դուք չեք կարողանալ երևակայել, թե ինչքան լավ էր էդ և ինչքան վատ՝ էն, որ քանի ժամանակ էր նամակ չէիք գրում: Բայց պատասխանեմ մի քանի հարցերի, որ տեղ չի լինել: «Գուտտենբերգ» – ին1 ես չեմ պարտ – երբ կգամ կհաշվենք – կտեսնենք ով է պարտ, իսկ եթե նրան պարտ են – պարտ են Կուլտուրականը և դաղեթեցիք:

          «Հայ գրողները» առայժմ մնան. իսկ եթե մոտիկ ընկեր գրողները կկամենան – թող անեն ինչպես կուզեն: Մենք արդեն հրատարակել, հայտարարել ենք, որ ընդհանուրինն է լինելու: Ես գիտեմ, որ շատ նեղություն կքաշես նյութականի կողմից. բան չկա. շուտով վերջ կլինի էդ ամենին: Ես լավ եմ; Եղանակներն էստեղ էլ են կոտրվել: Մուշեղը բաշլուղը չուզեց: Թամարն ի՞նչ ոտանավորներ է սովորել: Ով գիտի Սեդիկն է սովորեցրել: Համբուրում եմ երեխաներին և ամենքիդ կարոտով: Բարևներ բոլոր հարցնողներին:

          Էսօր մեր դատն ուշ է սկսվում, որովհետև նախագահը ներկայանալու է կայսրին:

СПБ. Дом предварительного заключения

Արտիկ ջան.

          Շատ ուրախ եմ, որ դեպք է եղել, գնացել ես Արարատյան դաշտը, Շիրակովն անց ես կացել: Եթե կարողանայիր մի լավ էլ հասկանալ – կարդալ ու իմանալ, թե ինչ ես տեսել – շատ բան կլինեիր արած – էն դաշտերը, էն Մասիսն ու Արագածը (որ Մասիսից բարձր է եղել), էն Անին ու Շիրակը, էն Էջմիածինն ու Երևանը, Աշտարակն ու Օշականը իրենց միջի նշանավոր հիշատակարաններով, թե ո՞րտեղից են, ինչ պատմություն ունեն և ինչու են էդ օրին: Բայց նամակս տեղ չի անիլ: Սրանից ավելի գրելու էլ իրավունք չունեմ: Կարճ ասեմ: Համլիկի գրածներին էլ քու գրածներին էլ միասին, կլիշեները, որ ասել եմ վերցրեք – տպարանից եմ ասել – Ֆիլիպից հո չեմ ասել: Լիսիցյանից2 վերցրու «Վարժականներն» էլ, պետք է որ անկազմ լինեն – կապույտ գրքույկներ են: «Վերք Հայսատան» – ի մասին գրած իմ հոդվածների3 համար էլ էդքան շատ մի ասեք – և առհասարտկ մի խոսեք – էնքան կասեք – նույն բանը կտաք ուրիշներին, որի վրա ես տարիներ աշխատել եմ: Լավ ես անում, որ պարապում ես, բայց պետք է լուրջ պարապես, լրագրի նման չկարդաս գիրքը, պետք է ուսումնասիրել բազմակողմանի: Մի վախենալ, կգամ կղրկեմ մի որևէ տեղ շարունակես: Բայց աշխատիր պատմությունն ու գիտությանն, գրականություն իմանաս, տգետ նկարիչն ինչի է պետք: Մուշիկին համբուրիր, ասա որ ստացա իր առաջին գրական գործը և շատ հուզվեցի4:

          Բարևներ ջերմագին Լուսիկին ու տիկնոջը5:

Համբույրներով՝ Հայրիկը