Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

27. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Պետերբուրգ – Թիֆլիս

[1912 թ. ] փետրվարի 25,

25 փետրվարի

Նունիկ ջան.

          Մի քիչ առաջ ստացա վերջի և նամակդ: Մի քիչ մարդավարի էր – տանից, ձեզանից տեղեկություններ կային: Ուզում եք ինձանից իմանաք, առողջությունս լավ է, տրամադրությունս գիտեք, որ հեշտ չի կարող փչանալ և նույնպես լավ է ու խաղաղ, գործս շատ լավ է, արդեն շատ ու շատ բան պարզվել է ամենքի համար և գլխի են ընկել, իսկ եթե էլի պարզվի, վերջապես երբ բոլորովին պարզվի՝ պիտի զարմանան: Երեկ հանկարծ սենատորներից Զվոլյանսկին1 հիվանդացավ – գործը հետաձգվեց մինչե ուրբաթ: Մյուս կողմից էլ կեղծիքների պատճառով2 փաստաբաններն են բողոքել կամենում – և երեի ուրբաթ շաբաթ շատ նորություններ կունենանք: Գործն այժմ հանկարծ սաստիկ արագացրին, այնպես, որ շուտով կվերջանա: Լսեցիր երեի, թե իմ ցուցմունքն ինչ խեղաթյուրումներով է լցված: Էսօր Աշխենն ու Մուշեղն էին մոտս հռհռալով: Երկուսն էլ շատ լավ են: Գիգան3 ամեն օր: Այժմ Գիգայի տրամադրությունը շատ է լավացել: Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի Համազասպի և հաշտարխանցիների գործը – որ բոլորը զարմացան – միանգամայն հրաշալի, ամենաառաջնակարգների նման: Բոլոր փաստաբանները շատ գովեցին:

          Նունիկ ջան. կարդալու համար ես ասում, պատմական ու գիտական գրքեր ես ուզում, դրանից ավել ի՞նչ ունենք: Բայց լավ կանես, երբոր պատմությունը սիրում ես – զբաղվես առանձնապես Արևելքով ու Կովկասով. և շատ է կարևոր և շատ կհավանես: Դռան մոտի երկու – երեք պահարանում էլ շատ բան կա – սկսիր հենց Ռագոզինայի գրքերից – Индия, Мидия, Ассирия4 և այլն: Գիտես ինչ բան է Միջագետքը. ծանոթացիր Միջագետքի հետ և առհասարակ հին աշխարհքի – հիմքը արդեն կըլինի: Ես էլ անցյալ օրերը կարդամ էի Битнер – ի5 գիրքը (թարգմանություն Անդերսոնից կարծեմ) «История погибших цивилизаций Востока», էդ ուղղությամբ բաներ կարդա երեխաների – մեծերի համար ու նրանց բացատրի – էս ձևը քեզ սաստիկ շատ կօգնի, քեզ համար կբացատրվի: Դու առհասարակ շատ մեծ նշանակություն ես տալիս մի որևէ տեղ գնալուն, կգնաս, մի վախենար, բայց էդքան էլ նշանակություն մի տալ: Մեր տանը քեզ համալսարան: Կարդա բույսերի, կենդանիների կյանքից, ի՜նչքան բան ունենք:

          Երևի մայրիկը ժամանակ չունի, որ նամակ չի գրում: Երկու շաբաթ էր ձեզանից նամակ չունեի: Էս րոպեին բերին ցուցակը, որ (չորս օրը միանգամից) ճաշերս պատվիրեմ: Հա՛, Նունիկ ջան, լեզվիդ մասին ասում ես դարդ է դառել6: Ի՞նչ դարդ, ուզենաս կուղղես էլի. դրանից էլ հեշտ բա՞ն: Իսկ եթե չուղղես, իհարկե, դարդ է ու դարդ էլ կմնա, գուցե էնքան քեզ համար չէ, ինչքան մեզ համար:

          29 փետր. առավոտ. էս օրվանից էլ սկսեցի մածուն մերել:

          Մոռացել էի թե շարունակեմ – հավաքում են:

          Կարոտով համբարում եմ ամենքիդ և Սեդիկին ու Թամարին:

[Քո հայրիկ]