Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

26. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Աբաս – թուման

[1909 թ. ]1 հուլիսի 18

Սիրելի Մարիա Մարկովնա.

          Ո՜րքան կուզեի այժմ Աբասթուման լինեմ: Այդ փոքրիկ գեղեցիկ հովիտում, Ձեզ հետ զբոսնեինք ու խոսեինք գեղարվեստից և ամեն բա՛նից, ինչ որ գեղեցիկ է ու լավը:

          Ո՜րքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ չքնաղ անկյունում: Այդտեղ ես շատ եմ երագել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները: Այդտեղ եմ մշակել «Անուշ» – ը, այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ – հա՛, «Թմկաբերդի առումը»:

          Այդտեղ նամակներ եմ ստացել, որոնց վրա արտասուքի կաթիլների հետքերն ամեն խոսքից ու գրչից ավելի պերճ են խոսել իմ սրտին... Այդտեղ ես բանաստեղծություններ եմ գրել ինձ համար ու տվել քամուն!...

          Եվ ի՛նչ լավ եմ արել:

          Մի տուն կա այդտեղի պարկից վերև, փոքրիկ ձորակում, առվի ափին, ծառերի մեջ կորած – այնտեղ ֆելդշեր Тячкин – ն էր ապրում այն ժամանակ: Ես նրա մոտ էի – այն տանը:

          Ճշմարիտ որ «սիրելի Աբասթուման... » այնքան թանկագին ցնորքների, հիշողությունների ու զգացմունքների հետ է կապված – սկսած Աբասթուման գնալու պատմությունից ու արցունքներից:

          Է՜հ, էս մի նամակն էլ էսպես լինի:

          Արդյոք ինչպես է Միշայի2 առողջությունը, խնդրում եմ չմոռանաք Ձեր նամակում:

Անվերջ բարևներով՝ Ձեր Հ.

Թումանյան