Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

25. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս – Շվեյցարիա

1908 թ. հունվարի 22.

Սիրելի Ֆիլիպ.

          Վերջին ժամանակներս շատ տեղեր և շարունակ ինձ հարցնում էին քու մասին, թե լսել ենք, որ գալիս է, երբ է գալիս: Էնքան խոսք եղավ էդ մասին, որ վերջը ես էլ էնպես կարծեցի, թե ճշմարիտ գալիս ես և մնում էր մեզ համար միայն ժամանակը գտնել, թե երբ ես լինելու էստեղ: Իհարկե, ամենից հաստատ դու կիմանաս, և լավ կլինի, որ գրես, մենք էլ միամտվենք:

          Չգիտեմ ինչ ես կարդացել իմ մասին, որ կարծում ես, թե քու բացակայությանը շատ ավելի մի մեծ բան եմ դառել – միայն մի բանը ճշմարիտ է, որ այժմ ավելի հին ասեմ, թե անվանի եմ համարվում, շատերն էլ հաճախ գովում են, է՛դ էլ ճշմարիտ է, բայց ավելի ճշմարիտ է էն, որ սիրտս թառամել է դրանց ժպիտների համար և շատ քիչ արժեք ունեն ինձ համար, գրեթե չունեն: Քիչ մարդիկ կան, որ համ ճաշակ ու սիրտ ունեն, համ էլ սրտալի են մոտենում և մարդ զգում է ջերմությունը անկեղծության ու սիրո, մնացածները տափակ, հիմար, կեղծավոր, անբովանդակ կամ հաճախ զզվելի բովանդակության մարդիկ են:

          Մի քանի տարի առաջ մի ոտանավորի մեջ ասել եմ.

                              «Մեռնում են, մարում նրանց հայացքից

                              Ե՛վ հոգու ձգտում, և՛ սըրտի ժըպիտ»1:

Ճիշտ էսպես:

          Իսկ ազնիվն ու լավը, արդեն փորձով գիտենք, որ հազվագյուտ բան է կյանքում: Բնությունն էլ էդ կողմից բանաստեղծների նման է: Բանաստեղծները գրում են, գրում են, վերջը հարյուրավոր երգերի միջից միմիայն մի քանիսն են դուրս գալի լավը: Էդպես էլ մարդիկ – ծնվում են, ծնվում են, մեծ մասը կամ ապուշ, կամ գող, կամ մարդասպան, վերջապես ամենալավ դեպքում հացի ոջիլ. (սա մի տեսակ բողոճ է, որ հացը փչացնում է): Բայց ախր մենք ուրիշ բան ենք ուզում, ուրիշ արարած:

          Սակայն էս թողնենք, անարդար ու անտեղի պահանջ է, համ էլ շատ հեռու կտանի: Խոսքն իմ մասին էր: Այո՛, շատերն են հետաքրքրվում, հարգում, սիրում: Կան և մտերիմ հոգիներ: Բայց ուրիշ էր Ֆիլիպը: Երբ մի բան էի գրում կամ տպում, ավելի շատ Ֆիլիպն էր հուզվում, քան թե ես, երբ հիվանդանում էի, ավելի շատ նա էր տանջվում, քան թե ես, երբ հաջողում էի, ավելի շատ նա էր ուրախանում, քան թե ես: Էս տեսակ ընկերը երկնքի տված բախտն է մի բանաստեղծ մարդու համար, մանավանդ մեր աշխարհքում, մեր մթնոլորտում: Ես հաստատ գիտեմ, որ մեր գրականության մեջ ոչ մի գրող էդպես ընկեր չի ունեցել, և իրենք էլ են խոստովանում: Ամեն փողոցում Ֆիլիպ չի ապրում: Իհարկե կներես, որ էսպես մի քիչ օբյեկտիվ խոսեցի, որպես թե քեզ հետ չէր: Բայց որ կարծում ես, թե քու բացակայությանը մեր մռայլ երկնքում պայծառ ծիածան է բացվել իմ գլխին – ուզում էի ասել, որ էդպես չի:

          Միայն մի բանը լավ է, որ ես հաստատ ու խոր համոզված եմ, որ մենք էլ ճիշտ էն թռչունի, էն անասունի, էն ծաղկի նման բան ենք – և էս համոզմունքը ինձ համ շատ զվարճացնում է, համ շատ հանգստացնում: Էսպես չի լինիլ – էնպես կլինի – ինչ կա որ... մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով երջանկության խնդիրն է – էդ էլ ինձ համար հոգա խաղաղությունն ու սրտի մաքրությունն է: Բայց էս էլ քիչ բան չի հա՜: Գրեթե ամեն բան է և ամենամեծ ուժը, ինչ որ կարող է ունենալ մարդ արարածը: Էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին:

          Հանձնարարում ես կարդամ Սենկեիչի «Երկու հովիտը»: 2 Նախքան կարդալս նույն առարկայի վրա ուղարկում եմ քեզ մի ոտանավորս, որ գրել եմ անցյալ տարի – «Անվե՜րջ ու անվերջ... »3 մի խոսքով երկու անվերջ: «Լուսաբերն»4 ու «Գիքորը», («Գիքորը», թե հիշում ես երկրորդ «Հորիզոն» – ի համար էի գրել) և մի քանի մանր – մունր բաներ մի անգամ ուզեցի ղրկեմ, բայց փոստն էնքան լիքն էին, որ ետ եկա, էն է ինչ մնաց ու մնաց: Նոր մտածեցի տամ կանտորից հեշտ կղրկեն – միշտ մարդ են ղրկում փոստը: Հոդվածներ քիչ եմ գրել, և երեի էդտեղ թերթերը կարդում են քեզ համար: Էս տարի կապվել եմ «Հասկեր» – ի հետ5, որ ամեն ամիս բան տամ ու մոտիկ խառնվեմ գործին: Ռուստեմն ու Մարիա Մարկովնան էլ մոտեցել են «Հասկերին»: Բայց ախր մի անգամ մի կարգին չեք գրում թե ինչպես եք, ինչ եք անում, մայրիկն ինչ է անում, Շուշանն ինչ բանի է, Մարուսյան, երեխաները – երեխաները մեծացե՞լ են, կարդո՞ւմ են: Լիզան որտեղ է, Ժենյան ու Կատյան ուսումնարանում են, թե չէ: Ձեր տանը – ներքի հարկում պրիստավն է ապրում ու միշտ ինձ հսկում, ձեր բակում պոլիցիան է, միշտ լիքը գարադավոյներ ու դվորնիկներ – շարունակ ինձ վրա ուրիշ տեսակ են նայում էդ բոլոր նոր բնակիչները և ես միշտ խուսափում եմ ու հեռու եմ փախչում էդ տանից: Ահա քեզ ինձ համար մի մեծ փոփոխություն Թիֆլիսում:

          Ստացա ուղարկած գրքերդ, մի քանի երգեր կարդացինք – թեև մարգարիտներ չկան, այսուամենայնիվ մեզ համար շատ են հետաքրքրական: Շատ – շատ բարևներ ամենքին:

Քո

Օհաննես