Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

24. ՖԻԼԻՊ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս – Շվեյցարիա

1906 թ, մայիսի 30.

Ֆիլիպ ջան.

          Էսպես եղավ:

          Բարձրացավ Ռուսաստանի մեծ փոթորիկը1 և ամեն բան տակն ու վրա արավ: Մենք էլ ընկանք իրարից հեռու, մի տարի է, ավել է թե պակաս, այդ էլ չեմ հիշում – չենք տեսել իրար ու չենք խոսել իրար հետ: Ես շատ եմ կարոտել: Եվ այդ էլ շատ լավ է: Միշտ լավ է, երբոր մարդ զգում է, որ մի թանկ բան ունի – որտեղ ուզում է լինի:

          Մի ժամանակ դու նամակներ գրեցիր, ես թափառում էի: Հենց տուն նստեցի – մի բանի անգամ գրեցի, այլևս չպատասխանեցիր – էլ չհասկացա ինչպես եղավ, այնուհետև լռեցի, և սկսվեց այն, ինչ որ ոչ ոք չէր երևակայել:

          Դու անշուշտ հիշում ես – հեքիաթների մեջ կա, թե այս. ինչ մարդը քնեց, մին էլ աչքը բաց արավ – տեսավ շուրջը կանգնած զորքեր սպասում են իր հրամանին և այլն ըստ կարգին – մի խոսքով մարդը հանկարծ թագավոր է դառել:

          Այդպես էլ ինձ հետ պատահեց:

          Երեխեքս հավաքեցի, գնացի Լոռի: Շատ լավ գիտեի, որ խառնակություններ են պատահելու, գիտեի, որ մեր գավառում անիշխանություն և ամեն անկարգություն կարող է լինել և ես շատ պետք կգամ – բայց պատահածն իմ սպասածից էլ ավելի եղավ:

          Մի հեքիաթ, որ դարձավ իրականության և մենք ապրում էինք մերթ լույս աշխարքում, մերթ մութ:

          Ես, ինչպես ասի, հանկարծ այդքան մեծ պաշտոնի մեջ հայտնվելով և ձեռքիս ունենալով ուժ – ամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղությունը պահելու և կոտորածների առաջն առնելու: Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գւսզանական կոտորածից:

          Հիրավի, այսքան տգեղ, այսքան լիրբ, այսքան անիրավ, հրեշական կռիվ, ինչ որ թուրք հայկականն է – դժվար թե եղած լինի: Գուցե նախապատմական շրջաններում, երբոր մարդիկ իրար ուտում էին:

          Մենք այս ցած ու տմարդի կռվով միանգամայն դուրս մնացինք Ռուսաստանի ազատագրական մեծ կռվից: Այժմ մեզ մնում է մի առաքինության հնարավորությունը – աշխատել վերականգնելու և պահելու խաղաղությունը, շատ չտարվել այդ դժբախտ կռվով, շատ չբարբարոսանալ:

          Մենք ուղղակի վայրենիանում ենք: Առանց էն էլ ինչ էինք – հիմի էս էլ վրա հասավ:

          Ահա շարունակ դրա դեմ եմ ես եղել կանգնած իմ ձիավորների բազմությամբ ու իմ սպիտակ դրոշակով: Եվ շատ եմ գոհ այսօր, որ թեև մեծ դժվարություններով – հաջողել եմ այն սահմաններում, ուր պտտվել եմ:

          Հաճախ հիշել եմ քեզ և մոտիկ մի քանի մարդկանց – թե ինչ կասեիք – ինչպես պիտի ծիծաղեիք – երբ տեսնեիք լեռներում պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով:

          Մի ուրիշ անգամ էլ կգրեմ այդ օրերից: Այժմ մի քանի օրով եկել եմ Թիֆլիս: Այսօր նորից վերադառնում եմ Լոռի: Շիրինկինը գրել է, որ ինձ ձերբակալեն: Տեսնենք ինչպես է վերջանում:

          Նորից մթնոլորտը խառնվում է. և ո՞վ գիտի՝ էս կարկուտի տակից էլ կազատվե՞մ, թե՞ չէ:

          Ինձանից ու մերոնցից ջերմ համբույրներ ու բարևներ մայրիկին, Շուշանին, Մարուսյային ու Դավթին, Լիլիկին ու Միլիկին: Գրեցեք, տեսնենք ոնց եք:

          Ինչպես են այժմ աչքերդ. – հավատում եմ, որ պետք է առողջացած գաս: Մեզ էլ այստեղ տեսնես ազատ քաղաքացիներ:

          Այսօր գալիս է Մարիա Մարկովնան: Ռուստեմն էլ այսւոեղ չի: Երեկ պ. Հակոբի մոտ էի: Միշտ նույն բարի մարդը: Ինքը զարմանում է, թե ինչու են ամենքն էլ կատաղել ու իրարով անցել – ամենքն էլ զարմանում են, թե էս մարդը ինչպես է հանգիստ նստած:

Կարոտով ու համբույրներով՝

քո Օհաննես