Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

22. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր – Թիֆլիս

1904 թ. օգոստոսի 18.

Սիրելի Ֆիլիպ.

          Ստացա նամակդ: Պատասխանում եմ, բայց ոչ այնպես, ինչպես դու էիր պահանջել – գեներալների օրինակին – այո՛ կամ ո՛չ:

          Այոն ու ոչը գեներալները կարող են պահանջել, նրանց զինվորական աշխարքում արգելված է դատելը: Դրա համար էլ նրանք հանդիսանում են բանական մարդու ստորացումը: Նրանք դեմ են դատողությանը, որովհետև դատողությունը դեմ է նրանց, իսկ դու ընչից ես վախենում: Ասում ես՝ մենք կչարչարվենք իրար նամակ գրելով ու կարդալով: Իսկ ես քեզ կասեմ, աստված տա, որ չարչարվելով կարողանանք ճշմարտությունը գտնել: Դու զբաղված ես քննադատի գործով, քննիր, շատ քննիր, որ կարողանաս դատել: Եթե իմ կարծիքն էլ պետք է քեզ, թող ասեմ, այոն ու ոչը քեզ բան չեն ասիլ:

          Քննադատը՝ թարգմանիչ է: Նա պետք է թարգմանի բանաստեղծին, և թարգմանի ոչ թե նրա բառերը, այլ նրա սիրտը: Աստծու նման սրտագետ լինի ու խորաթափանց, գտնի ամեն բանի աղբյուրն ու արմատը, որ կարողանա ճշմարիտ գնալ ու արդար դատել: Այն ժամ կպարզվեն մթությունները, հասկանալի ու բնական կերևան ըստ երևույթին հակասությունները և քաոսի մեջ կհայտնվի ներդաշնակությունը – եթե կա: Ամենից առաջ հարկավոր է, որ մեկը բանաստեղծ լինի, բառի լուրջ իմաստով: Նրանից հետո պետք է նրան հասկանալ: Եվ այս դժվար բան է: Նա ինքն էլ հաճախ իրեն չի հասկանում, կարող է սխալ մեկնություն տալ իր այս կամ այն երգին ու երկին, ճիշտ այնպես, ինչպես մայրը կարող է գլխի չընկնել, թե ինչ շնորհք ունի այն որդին, որ ինքն է ծնել:

          Բայց նա, որ կոչված է քննելու և դատելու ուրիշների ծնունդները, նա գլխի պետք է ընկնի: Խորիմաստ պետք է լինի ու ներսը նայի: Թե չէ հակասություն կգտնի, երբ բանաստեղծն ասում է.

          «... Սակայն ինչու եմ ես հեռացել անտառն ու անապատը: Ո՞չ ապաքեն նրա համար, որ չափազանց շատ սիրեցի մարդկանց»: (Նիցշե – Զրադաշտը)1:

          Ասում է՝ փախել եմ ձեզանից, որովհետև շատ եմ սիրել ձեզ:

          Նամակիդ մեջ բերած 9 տողը2 – ելած կյանքի ամեն ճամփից, և այլն, գտել ես շինծու, բայրոնա – լերմոնտովյան: Ասում ես նրանք հակասում են իմ շատ երգերին ու զգացմունքներին և ուրեմն ճիշտ չեն: Նրանց հակադրել ես ուրիշ տողեր, սիրային երգեր, Լոռին ու ավանդությունները: Առաջին սխալդ այն է, որ կարծում ես տողերն են բայրոնա – լերմոնտովյան, ոչ թե ես: Երկրորդ սխալդ էլ այն է, որ կարծում ես հակասություն կա մեջտեղը:

          Ես նոր, քո դրդումով եմ ուշադրություն դարձնում դրանց վրա, բայց համոզված եմ ասում, որովհետև անկեղծ են ասված, այնպես, ինչպես զգացել եմ. իսկ ես գիտեմ, որ եթե այդպես եմ զգացել՝ արդեն ճիշտ է, բնական է, իմաստ ունի, թեկուզ ինքս էլ չկարողանամ բացատրել:

          Սակայն հեշտ բացատրելու բաներ են դրանք: Կարծես թե իմ ոտանավորների եզրակացությունները կամ ամփոփումները հավաքված են այդ ոտանավորների տողերի մեջ: Անշուշտ, քննադատը մի օր կանգ կառնի դրանց վրա: Եթե այսօր կանգ չեն առնում, նրանից է, որ քննադատներ չեն: Պատիվ քեզ, որ առաջինը մատդ դրիր դրանց վրա ու շինեցիր ուշադրության առարկա, թեկուզ մեր մեջ:

          Ճիշտ՝ որ ելած կյանքի ամեն ճամփից: Ոչ տերտեր եմ, ոչ վաճառական, ոչ վարժաաետ, ոչ արհեստավոր, ոչ զինվորական, ոչ երկրագործ, ոչ նույնիսկ ավազակ, չէ որ այն էլ կյանքի ճամփաներից մինն է. մի խոսքով, ինչպես միշտ նկատել են, երբեք չեմ եղել կյանքի մարդ, այլ՝

                              Կարոտներով անմեկին,

                              Ագահ, անվերջ ու անհանգիստ

                              Թափառում է իմ հոգին...

                              ...... մանուկ օրերից

                              ... դեպի մի անհայտ երկիր:

          Ելած կյանքի ամեն ճամփից – ը դու շփոթել ես «Աստծու ճամփից ելած» դարձվածքի հետ և ընկել ես սխալանքի մեջ: Այստեղից էլ սխալ առաջ գալով՝ բառի գռեհիկ մտքովն ես հասկացել «Խենթ, խելագար գնում է նա» (հոգին): Մինչդեռ եթե առաջինը գլխի ընկնեիր, երկրորդն էլ պարզ էր:

          «Ես ձեզ գերմարդն եմ քարոզում – նա խենթություն է», ասում է Նիցշեն:

          Բայց ես չեմ ուզում քո բոլոր հոդվածներին ընդարձակ պատասխանել, որովհետև այդ կլինի արդեն շատ հակառակ քո նամակի պատասխանին:

          Զարմանալին այն է, որ դու հասկացել ես այդ ոտանավորները և չես հասկանում, որ հասկացել ես:

          Ասում ես՝ անկարելի է, որ մարդ այսպես լինի, այսպես, և այսպես (9 պնդումները): Այո՛, այո՛, անկարելի է: Եթե կարելի լիներ, արդեն կլիներ մի նորմալ դրություն, սովորական երևույթ: Անկարելի է, և հենց այդ է դրաման: Օրինակով պարզենք: Ասում ես՝ անկարելի է կտրված լինել կյանքի ամեն կապերից: Իհարկե, անկարելի է: Բայց (լավ լսիր) դու ելած ես կյանքի ամեն ճամփաներից, և այն բոլոր մարդիկ, որ այդ ճամփաներով են գնում, չեն կարող քեզ հետ լինել, այլ զարմանում են քեզ վրա, հանդիմանում են քեզ, կռվում են, վշտացնում են, հալածում են, մի խոսքով պոետն ու մուզան, բայց ոչ իմ գրածը, այլ իմ ապրածը, այսինքն ավելի մեծ չափով: Դու էլ զարմանում ու զայրանում ես նրանց վրա: Եվ այսպես ամեն օր, ամեն դեպքում: Կապերն այնքան են թուլանում ու կտրվում, որ մի օր էլ մի Շոպենհաուեր3 գալիս է մեջտեղը կանգնում ու հայտարարած՝ – թե՝ մարդը մարդուց ավելի է տարբերվում, քան թե մարդը՝ անասունից:

          Իսկ այն, որ դու առարկում ես, թե աշխարքում այս կա, այն կա, կամ սա ու նա կան, որոնց սիրում ես, դրանով էլ հենց ապացուցանում ես եղածի խեղճությունը, դրության թշվառությունը: Բանաստեղծը նրանով է բանաստեղծ, որ ապրում է ընդհանուրով, շատերից է խոսում, ոչ թե մի քանիսից: Մի քանիսն ինչ են որ, թեկուզ և լինեն: Բայց մի քանիսի մեջ էլ որ խոր թափանցես, գուցե այն էլ քչացնես ու փչացնես:

          Ուրեմն կտրված կյանքի ամեն կապերից...

          Բայց և, ինչպես դու ճշմարիտ բացականչում ես, անկարելի է այդպես: Այո՛, ճշմարիտ է.

                              Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝

                              Անհայտ օրերի խավարի ընդդեմ,

                              Ամենքից զըզված, ամենքին թողած,

                                                  Քեզ էլ կթողնեմ:

                              Քե՜զ, որ սիրել եմ, քե՜զ, որ

                              ... հանդիպած իմ դժվար ճամփում...

                              Ինձ չըհասկացար, ընկեր չեղար, դե,

                              «Դու քո ճամփեն գնա՛, քույրի՛կ... »:

          Պրծանք: Սրանից հետո կարող են պատահել երջանիկ վայրկյաններ, սիրելի դեմքեր, լավ րոպեներ, բայց ընդհանուր ֆոնը չեն փոխում:

          Նա, ով որ կյանքի համը լավ է տեսել և նուրբ ճաշակ ունի, նա խորն է զգում դառնությունը և այդ՝ միշտ առաջը դրած զահրումարից կրկին ու կրկին ճաշակելը տանջանք է արդեն, իսկ լավագույն հաճույքների հույսերը հեռանում են, գնում են դեպի ապագան, երազ են դառնում կամ մեռնում:

          Այս էլ կարճ կտրենք, որ քեզ չձանձրացնեմ, կամ աչքերիդ չվնասեմ:

          Զարգացման մասին խոսելիս դու զուր ես հիշատակում ուսումնարանը: Իմ մտքովն ուսումնարան չի անցել: Իսկ թե ես ինչ եմ ուզում, կամ քո խոսքով ասենք, ինչն է իմ ձեռքը կապում, այդ մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետև այդ հարցը ինձ հոգնեցրել է, և ընդմիշտ հոգնեցրել: Իմ լավագույն ուժերն ու տարիներն անցել են արդեն, իսկ ինչ որ առաջս կա, ով գիտի այն էլ ինչ է լինելու:

          Լավ ես ասում՝ թե կյանքը – կյանք է: Բայց մի՛ մոռանար, որ մարդն էլ մարդ է: Մարդ հոգնում է, փոխվում է, կոտրվում է, և մինչև անգամ մեռնում. այնուհետև դարձյալ կյանքը – կյանք է, բայց մարդը – էլ որտեղ է...

          Չէ, քիչ մխիթարանք կա դրա մեջ:

Քո Օհաննես