Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

21. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր – Թիֆլիս

1904 թ. օգոստոսի 7.

Շուլավեր. 1904. 7 օգոստ.

Սիրելի Ֆիլիպ.

          Ստացա իլյուստրացիաներդ ու հարցերդ:

          Առաջին հարցդ. Ասում ես՝ «Դու քո ճամփեն գընա, քույրիկ», ասել ես մեկին, որին գուցե հարգել ես, բայց իսկի չես գրավվել, չես ուզել սիրել:

          Վտանգավոր տեղ ես ընկել: Այս այն ոտանավորներից է, որոնց մեկնությունը իրենցից շատ ու շատ է երկար, որոնք կենսագրություն ունին, պատմություն ունեն իրենց ետևը: Այսպիսի ոտանավորների տողերում է, որ թաքնված է լինում բանաստեղծի հոգին: Եվ դրա համար էլ պետք է ավելացնել – վտանգավոր – բայց լավ տեղ ես ընկել: Ճշմարիտ՝ որ քննադատի համար թանկագին տներ են.

                              Ելած կյանքի ամեն ճամփից, 1.

                              Կարոտներով անմեկին,

                              Ագահ, անվերջ ու անհանգիստ

                              Թափառում է իմ հոգին:

                              Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝

                              Պահի նըրան իրեն մեջ, Խենթ,

                              խելագար գընում է նա

                              Ձգտումներովն իր անվերջ:

          Հավասարակշռությունն ու հույսերը կորցրած մարդու խոստո վանությունն գազազած հոգու խոսք, որ ասում է իր սիրածին, թե՝ Դու քո ճամփեն գնա՛... և աղոթք արա, որ մյուս անգամ չհանդիպենք իրարու... որովհետև

          Մենք ընկերներ չենք:

          Դե այս գիտակցությունը որ կա մի հոգու մեջ, այս թույնը որ կա մի սիրո մեջ, նրանից հետո դու էլ իրավունք ունիս այդքան շշկլվելու և ասելու, թե՝ «դու չես ուզել սիրել»: Ո՛չ, «ուզել» – ը ուզել եմ, բայց չեմ կարողացել և, երևի, երբեք էլ չեմ կարողանալու սրտալի սիրել, որովհետև... այստեղ արդեն ամբողջ մի կենսագրություն, մինչև որ, ինչպես հետևյալ երգում (2 հարցի) շատ ճիշտ ասված է.

                              ... Եվ կյանքի հաճույքն, և կընոջ սերը

                                                  ընկան իմ սրտից:

          Բանը պարզվում է այսպիսով, և այդ տողերին շատ բնական կարգով հետևում են այս տողերը.

                              «Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝

                              Անհայտ օրերի խավարի ընդդեմ... »:

          Եվ ահա այսպես: Դուրս եկավ մի հոգի, որ կորցրած կյանքի հաճույքն ու կնոջ սերը և ամեն լավ բան, ելած կյանքի ամեն ճամփից, ագահ, անվերջ ու անհանգիստ թափառում է, փախչում է անհայտ օրերի խավարի ընդդեմ: Գուցե և դրանից էլ է, որ ես չեմ կարողանում լուրջ ոգևորվել ու պարապել կամ ապրեի ամեն բան աչքիս դատարկ է թվում և ուզում եմ միայն մի կերպ ժամանակն անց կացնել քեֆի մեջ լինի, թե զրույցի – որովհետև անցավորը ընկել է իմ սրտից, իսկ անանցի հետ կապված չեմ դեռ, անհայտը, որ պետք է ունենա ոգևորված Գրողը, դեռ խավար է, մութն է ինձ համար, ու... թափառում է իմ հոգին:

          Այդ անհայտը, կամ ավելի ճիշտ իմ անհայտը գուցե հենց այն «Վեր» – ն է, որ ես մեծատառով հիշատակել եմ «Ընկերիս» ոտանավորի մեջ (3 հարցի): Բայց հենց դա էլ շատ է անորոշ, կամ ինչպես ոտանավորն ինքն է ասում.

          Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու...

          Այդ հեռու – ին հասնելը կամ այդ խավարը պարզելը հնարավոր է իհարկե, միայն զարգացումով, այնպիսի զարգացումով, որ ես երբեք ունենալու չեմ և միշտ թափառելու է իմ հոգին:

          Քննադատությանը լավ բան է. շնորհակալ եմ, որ առիթ տվիր դրսից նայելու իմ այս ոտանավորներին, ինձ համար շատ ախորժելի ու հետաքրքրական եղավ այս:

          Սակայն իսկապես հարցերիդ չպատասխանեցի կարգին: Պատասխանեմ.

          1 հարցիդ, թե չեմ ուզել սիրել, տեսար, որ ուզել եմ սիրել, քեզ ավելին կասեմ, բայց երկար դուրս կգա, մին էլ որ – ընչիդ է պետք պատմությունը:

          2 հարցիդ, թե նազ էր անում, – եթե ավելի պարզ ասեիր, թե խուսափում էր – կարծում եմ ավելի ճիշտ կլիներ: – Ասում է – «Դու բախտավոր ես արդեն... » (չհասկանալուց):

          3 հարցիդ, թե «Ընկերիս» ոտանավորով ո՞ւմ եմ դիմում նրան, թե ներան – զարմանում եմ: Այդ ոտանավորի համար քեզ նամակ եմ գրել և նամակ առել2. թե կորցրել ես – պատիժը քաշիր, թե մոոացել ես՝ նույնպես: Այդ կմնա առանց պատասխանի:

          Անցյալ անգամ որ քեզ նամակ գրեցի, հենց նույն օրը Մխիթարից փող ստացա, «Դավթի» շարանակաթյունն ուզում են: Պատրաստություն եմ տեսնում «Դավթին» հարսանիք անելու: Հարսանքի ծախքը նրանցն է3:

          Բարևներ պ. Հակոբին և ողջ կանտորին:

Համբույրներով՝

քո Օհաննես