Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

20. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

Էջմիածին – Թիֆլիս

1904 թ. մայիսի 4

1904 թ. մայիսի 4. Ս. էջմիածին.

«Ս. էջմիածինը» կարդա ոչ թե սուրբ էջմիածին, այլ սոսկալի էջմիածին:

          Այսպես, հեռացա Թիֆլիսից, ուր անշուշտ մի լացող կա ինձ համար թե՝ ափսո՜ս, էլ ով պետք է... իմ տետրակներն ուղղի:

          Է՜հ, այս էլ մխիթարանք է, միայն թե դարդ անող լինի մարդու ետևից:

          Շատ ժամանակ էր չէի անցել այս ճանապարհով, իմ հայրենիքի սիրուն ձորերով: Այդ ձորերը ինձ համար լիքն են ուրախ ու տխուր հիշատակներով, և ես չգիտեմ դրանցից որն է ավելի թանկ ու սիրելի իմ սրտին: Բայց երևակայիր. շատ խոշոր դեպքեր ու հիշատակներ թող արած, ես քեզ մի դատարկ, չնչին բանի մասին եմ գրելու, փոքրիկ բան, որ շատ ազդեց իմ սրտին: Այդ ձորերում, մի ժայռի, բարձր ժայռի գլխի կենտ ու մենակ մի ծառ կար կանգնած: Տարիներ առաջ, երբոր ես կարդում էի, մի անգամ, երբ հորս հետ այդ ձորերով Թիֆլիս էինք գալիս, հայրս ասավ, Օհանես, մի նայիր էն ծառին, կարծես թե օքմին2 լինի էն ժայռի գլխին կանգնած: Ես քեզ պետք է ասեմ, որ հորս շատ էի սիրում: Երբ որ հայրս մեռավ, ամեն անգամ այդ ձորով անցնելիս ես տեսնում էի այն մենակ ծառը միշտ ժայռի գլխին կանգնած և կարծես թե հորս ձայնն էլ ապրում էր այն ձորում ու ամեն անգամ կանչում – նայիր, Օհանես, էն ծառին նայիր, կարծես թե մենակ օքմին լինի ժայռի գլխին կանգնած: Այժմ անցնելիս նայեցի և... այլևս չկար էն ծառը ու հետն էլ չկար այն հրաշալի պատրանքը – իմ հոր ձայնը:

          Երկուսն էլ կորել էին:

          Մի անգամ պետք է տեսնես այդ ձորերը, բայց մանավանդ գարնանը:

          Վագոնում հետս էր տիկ. Մայսուրյանը, դերասանուհին: Լոռու ձորերի ու Դեբեդի գեղեցիկ, քմահաճո խաղերից սքանչացած անդադար կրկնում էր – «վա՛յ, մերա... ես մերա... » և չգիտեմ ինչպես, տիկինը այդ գեղեցկությունների բուռն տպավորության տակ ուխտեց սիրել, հավիտյանս սիրել (իհարկե, ոչ թե ինձ) և գտավ, որ չարժե մի րոպե անգամ ապրել առանց սիրելու: Ես լուռ էի:

          – Դուք բանաստեղծ մարդ եք, ի՞նչու Դուք էլ չեք ուխտում, դիմեց ինձ:

          – Բանաստեղծներն ավելի լավ են համարում սիրել, քան թե ուխտել, պատասխանեցի ես ու ծիծաղեցինք: Արշալույսին երևացին Անիի ավերակները, ապա թե ծավալվեց Արարատյան դաշտը՝ մի կողմում սրբազան Մասիսը վեհափառ համարձակությամբ մտած երկնքի ծոցը, մյուս կողմը չքնաղ Արագածը իր լայն փեշերը փռած ու բազմած լեն ու բոլ:

          Բիբլիական, խորհրդավոր ու համարձակ են Արարատյան աշխարհի գեղեցկությունները:

          Շատ գեղեցիկ է տեսարանը և Երևանի առաջնորդարանի պատշգամբից: Ես շարունակ այնտեղից հիանում էի ու մտորում:

          Հենց հասա Երևան, իջա թե չէ, պատշգամբում նստեցինք – աշուղն էլ մեր ետևից մտավ:

          Ես չեմ մոռանալ այդ րոպեն: Ոտներիս տակ, ներքև, պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը (Աբովյանի սիրած Զանգին), հիշում եմ Աբովյանի՝ Զանգվին նվիրած կրակոտ տողերը, հիշում եմ Ալիշանի

                              «Հրազդա՛ն, գետակդ իմ հայրենի,

                              Հրազդա՛ն, ջըրիկդ իմ անուշիկ...»:

          Նայում եմ Արարատյան դաշտին, մտքովս անց են կենում մեր պատմության փառավոր շրջանները, կենդանանում են հոյակապ հերոսները, որ ապրել ու թաղվել են այդ դաշտում, սրտիս խոսում են սքանչելի լեգենդները, որ դեռ ապրում են այստեղ: Վերջապես դեմուդեմս ամպերից բարձր փայլատակում է Մասիսը, ծերուհու քմահաճույքներով մին մթնում, մռայլում, մին բացվում ու ժպտում, բայց միշտ սիրուն, միշտ խորհրդավոր, – այնինչ աշուղը, հայոց կույր աշուղը, երգում է.

                              «Գողգոթայից բարձր է Սասունի սարը,

                              Գողգոթայից դըժար է Սասունի սարը,

                              Իմ խաչն առած ես բարձրանում եմ

                              Սասունի սարը...»:

          Նույն օրն ևեթ ինձ ման ածին ու ցույց տվին Երևանի նշանավոր հիշատակարանները: Տեսա Սարդարի պալատը, մի սքանչելի հնություն, որ արդեն կորչելու, քանդվելու վրա է: Ռուսները չեն պահում: Տեսա հարեմը, այսինքն հարեմի փլատակ, փոքրիկ, կամարակապ սենյակները, ուր այնքան գեղեցկուհիներ հառաչել են ու անիծել, տանջվել են ու թաղվել այդ լայնարձակ դժոխքում, որ իր մութ ու տարտարոսական շինություններով ահագին տարածություն է եղել բռնած: Տեսնո՞ւմ ես, ինչ լավ ժամանակ ես ծնվել դու:

          Այդ առաջին օրը: Մնացածը հետո, թե ինչեր եղան: Ամեն անգամ, երբ ընկնում եմ մեր գավառները, խիղճս ինձ տանջում է, որ տեսնում եմ ինչպես են վերաբերվում, ընչեր են սպասում, այն ինչ մենք...

          Նոր Հայրիկի3 մոտ էի. հիվանդ է: Վաղը գնում ենք խմբով Արաքսը տեսնելու: Գրիչս մի քիչ լավ չի գրում: Բարևներ մայրիկին ու Վանյային և ձեզ:

          Մոռացել եմ նամակիս վերնագիր դնել:

<Նամակն անստորագիր է>