Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

19. ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻՆ

Աբաս – թուման – Մոսկվա

1902 թ. դեկտեմբերի 4.

1902 թ. 4/ХII Աբաս – Թուման

Ազնիվ բարեկամ

պ. Ս. Շահազիգ.

          Ստացա Ձեր թանկագին նամակն Աբովյան – Նազարյան նպաստի չեկի հետ:

          Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր սրտացավ վերաբերմունքի համար: Ինձ համար միշտ քաղցր է Ձեր բարեկամությունը ու միշտ բարձր Ձեր խրախուսանքը:

          Ինչպես արդեն գիտեք – ես հիվանդ եմ, և երրորդ ամիսն է ապրում եմ Աբաս – Թուման: Այնինչ սիրտս քաշում է ուրիշ կողմ: Երկար ժամանակ է չեմ եղած իմ հայրենիքում: Սաստիկ ցանկանում եմ գնալ, միառժամանակ շնչել մանկությանս սիրած վայրերի օդը, ապրել մեր ժողովրդի մեջ:

          Եվ առհասարակ ուզում եմ մի անցնել մեր գավառները, բայց հիվանդությունս կամ ընտանեկան հանգամանքները խանգարում են ու միշտ հետաձգում եմ:

          Այսպիսով հեռու ենք մնում ու խորթանում մեր երկրին, մեր ժողովրդին, նրա սովորություններին, նրա լեզվին:

          Իմ կարծիքով այս հանգամանքը եղել է մեր բանաստեղծների ամենամեծ դժբախտությունը, մանավանդ մեր նախորդների – Ձեր ու հանգ[ուցյալ] Գամառ Քաթիպայի:

          Մենակ տաղանդն ի՞նչ անի. հարկավոր են բարեհաջող պայմաններ:

          Այս օրերս դեպք եղավ այդ մասին խոսելու մի նամակում:

          Հիրավի, ճակատագրի ինչ տարօրինակ խաղ. հայոց բանաստեղծներն ընկնում են հյուսիս ու Կովկասը կարոտելով երգում են օտար աղջիկն ու օտար վայրերը, իսկ ռուս բանաստեղծներին բախտը հալածում է Կովկաս, և այս հալածականները երգում են Կովկասի սարերն ու ժողովուրդը:

          Գալով իմ գրքի տպագրությանը, պետք է ասեմ, որ իշխանուհին և նրա հետ իմ մի երկու մոտիկ բարեկամները իզուր են գործը այդքան մեծացրել: Ես նրանց խնդրել էի, որ այդ խնդիրը առայժմ թողնեն: Մեկ որ ձեռքիս գրվածքներ ունիմ, որ դեռ չեն վերջացած2, երկրորդ՝ ինքնըստինքյան այնքան մեծ բան չի լինելու, որ արժենար դիմումներ անել տպագրության համար, քանզի, նրանց հակառակ, ես չեմ ուզում վերատպել իմ երախայրիքները. – պատանեկան անփորձ գործեր են, և ավելի շատ պակասություններ ունին – քան արժանիքներ:

          Մի քանի օրից հետո վերադառնալու եմ Թիֆլիս: Եթե դեպք լինի ինձ նամակ գրելու, խնդրում եմ ղրկեք այս հասցեով. Тифлис БебуТовск. 50. խմբագրատանը շատ անգամ մոռացմամբ նամակը մնում է երկար ժամանակով ընկած:

Ձեզ անձնվեր՝

Հովհաննես Թումանյան