Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

18. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Աբսա – թուման – Բաքու

[1902 թ] նոյեմբերի 9,

9/XI Աբաս – թուման

Սիրելի Ավո.

          Առողջությանս մասին ի՞նչ ես հարցնում, մեզ նման մարդիկ ինչպես կարող են առողջ լինել էս ժամանակներում – էն էլ փառք աստծու, որ կենդանի ենք, «Մշակի» ջգրու1:

          Ես այժմ ավելի լավ եմ: Ուժասպառ եմ եղած ու ջղերս քայքայված, բոլորովին քայքայված: Բժիշկն ասում է, այս ջղերով ոչ կարելի է ապրել, ոչ պարապել, պետք է հանգստանաս, ապրես միանգամայն բույսի նման: Եվ ահա քեզ մի նոր վրդովմունք, հիմարը երեի չգիտի, որ բույսերն էլ են թառամում, և շատ բույսեր մեզ նման նույնիսկ աշունք չհասած: Նրանց տանջանքի մասին տեղեկության չունի – և ինչ պետք է հասկանա նրանցից, բանի որ ականջը դնում է սրտիս լսում է – լսում, ու իսկի այնտեղ էլ չի հասկանում, թե ինչ կա:

          Ասում է հանգստացիր, բայց մի՞թե հեշտ հանգստություն կա մեզ համար: Մի երկու ամսով եկա հանգստանալու, և եթե գրեմ, թե ինչքան վրդովմունքներ ունեցա, հենց միայն կարդալուց դու կհիվանդանաս:

          Ժողովածվիս2 մասին ես հարցնում: Այդ խնդիրն էլ կա մեջտեղը: Իմ մի քանի բարեկամներն ուզում են հրատարակել, շտապեցնում են, պահանջում են, և ահա բույսը պիտի աշխատի: Բայց ժողովածվի հրատարակության հետ միասին բարձրացրել էին մի ուրիշ հարց – ինձ ապահովելու, գրել էին ցրվելիք գրության ձևն ուղարկել ինձ – հարցրել իմ համաձայնությունը, ես միանգամայն հրաժարվեցի: Ավելին ասեմ, այդ դեպքը, որ մեզնում ոմանց նախանձն է շարժել, այնքան խիստ ազդեց ինձ վրա, որ ինչքան էլ ինձ զսպեցի, այսուամենայնիվ իմ նամակներն այնպես են դուրս եկել, որ նրանք վշտացել են: Սակայն ես էլ այն օրվանից եմ հանգստացել, ինչ որ համոզվել եմ, թե էլ չի լինելու այդ դիմումը: Ինչ լինելու է թող լինի, բայց թող մեզ վրա չծանրանա զանազան գյադաների բարերար ձեռքն ու մուննաթը: Ամեն մարդուց էլ չի կարելի լավություն ընդունել:

          Վեսելովսկուն մի պատասխան եմ գրում3, որ հասնելուն պես Շահազիզը թոշակս կտրելու է գրական ֆոնդից:

          Նիկոլից4 երկար նամակ ունիմ, շատ լավ է, պատկերն է ղրկել: Դերենիկից5 քանի ժամանակ է նամակ չունիմ, իսկ Շանթը առևտրական բոլոր կուրսերը վերջացնելուց հետո եկել է մտել Վերնատուն: Դեկտեմբերին պատրաստ կլինի նրա դրաման6:

          Սիրուս մասին ինչ ես հարցնում, գրելով բան չի դառնալ: Ասում ես Շխովը նշանվել է

<Նամակն այստեղ ընդհատվում է>