Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

17. ԼԵՈԻՆ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ)

[Սևագիր]

Աբաս – թուման – Թիֆլիս

[1902 թ] հոկտեմբերի 27

27 հոկտ. Աբաս – թուման

Սիրելի Առաքել.

          Քո այն հարցին, թե ինչ բանաստեղծներ են ինձ վրա ազդեցություն արել և հատկապես իմ որ գործի վրա, ես, որքան հիշում եմ, պատասխանել եմ, որ շատ ուշ եմ ծանոթացել բանաստեղծների հետ և չեմ խոստովանել ոչ մեկի ազդեցությունը:

          Հիրավի, ամաչելով, բայց ես առավել ցավելով պետք է ասեմ, որ մինչև այսօր էլ ես ամբողջովին չեմ կարդացած նույնիսկ ռուս նշանավոր բանաստեղծների գործերը: Իմ մոտիկ ծանոթները այս վերագրում են իմ հռչակավոր ծուլությանը, բայց ես վերագրում եմ ավելի ուրիշ հանգամանքների, և որքան էլ սա ծիծաղելի համարվի ինձ ճանաչողների համար – ես ինձ ծույլ չեմ համարում: Սակայն խոսքը այս մասին չի:

          Այսպես հիմնովին ծանոթ չլինելով ոչ մեկի հետ, մանավանդ առաջին շրջանում, և գիտակցաբար նմանած ու հետևած չլինելով ոչ մի բանաստեղծի, հանգիստ խղճով էլ քեզ գրեցի, որ ազդված չեմ ոչ մեկից:

          Բայց քո նամակից հետո այդպիսի նամակ ստացա և Յուրի Վեսելովսկուց, սկսեցի լուրջ մտածել այդ մասին և գտա, որ սխալ է քեզ տված պատասխանս, ես անգիտակցաբար ենթարկված եմ եղել ազդեցությունների, որոնց մասին մինչև օրս հաշիվ չեմ տվել ինձ: Մեր բանաստեղծների մասին արդեն գրել եմ. աննշան և կարճատև է եղել նրանց ազդեցությունն ինձ վրա:

          Ռուս բանաստեղծներից ամենից շատ ինձ վրա ազդել է Լերմոնտովը, ապա Պուշկինը, և, [այժմ] ես կարծում եմ, նրանց ազդեցությունն է եղել երեի, որ գրել եմ ես այն պոեմաները, ուր երգված են մեր լեռնական ժողովրդի կյանքը, սովորություններն ու բնությունը: Դրանցից հետո ծանոթացել ու սիրել եմ Բայրոն, Գյոթե, Շեքսպիր: Սրանք կարծում եմ – անպայման ազդել են իմ գրվածքների վրա, բայց այնպիսի գրվածքների, որ տակավին չեն տպված [մինչև անգամ չեն վերջացած], և որոնց մասին հաշիվ չեմ կարող տալ: Սակայն զգում եմ նրանց անմերժելի ազդեցությունը: Շեքսպիրը միշտ մնում է իմ ամենասիրելի բանաստեղծը: Եվ թեև դրամա չեմ գրել դեռ, բայց դրաման բանաստեղծության մեջ իմ ամենասիրած ձևն է, ու ինձ թվում է, թե դրամատուրգի կոչումն ունիմ ես: Այս պատրանք է գուցե: Շեքսպիրն, է ինձ այսպես կախարդել:

          Մի երկու խոսք ազդեցությունների մասին.: Ես որ, ասում եմ ազդված եմ (անշուշտ, կարծեմ և այլն, նրա համար եմ այսպես ասում, որ այդ) ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ որովհետև զգում եմ իմ հոգու, իմ բարոյական ամբողջության վրա, նրա համար է, որ. ասում եմ երևի, անշուշտ, կարծեմ, և այլն: