Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

16. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

Աբաս – թուման – Թիֆլիս

1902 թ. սեպտեմբերի 25

Թանկագին օր. Վարյա

          Իհարկե, Դուք գիտեք, որ ես Ձեզ չեմ մոռանում: Այդ հաստատ գիտեք:

          Դեռ գալու ժամանակ վագոնում պառկած (ներեցեք անքաղաքավարի դիրքիս) կարդում էի Զուդերմանի նոր դրաման – Да здравствует жизнь2!

          Աղջիկն ասում է.

          Мама! Жизнь гак хороша, что того и гляди разорвется сердце от восторга.

          Մայրը պատասխանում է,

          Да, жизнь хороша, даже тогда, когда она полна скорби, страха и лишений, и тогда все же хорошо жить

          Հիշեցի Ձեր խոսքերը, թե կյանքում այնքան գեղեցիկ բաներ կա՛ն...

          Ճիշտ որ կյանքում շատ գեղեցիկ բաներ կան, բայց նրանք բոլորն էլ տանջանքի համար են գեղեցիկ, և սակայն քաղցր է կյանքը:

          Բորժոմից գնացի տեսնելու Բակուրյանը: Հրաշալի է երկաթուղով վերելքը դեպի Բակուրյան: Այնտեղ խոսք ընկավ, թե Ցխրա – Ծղարոյի գագաթից արևածագին սքանչելի տեսարան է բացվում, բայց այժմ սաստիկ ցուրտ է: Ну! Գնանք Ցխրա – Ծղարո: Перм – ից մի ռուս տուրիստ, председатель չգիտեմ ընչի, հետս ընկերացավ... ու դեպի Ցխրա – Ծղարո: Այդ Ցխրա – Ծղարոն, որ հայերեն կնշանակի իննակնյան (ինն աղբյուր), մի բարձր գագաթ է Ахалк <алакский> перевал – ի մոտ, Բակուրյանից 20 վերստ: Այնտեղից երևում է Կովկասի շղթան և Սև ու Կասպից ծովերը միաժամանակ: Կարճն ասեմ, перевал – ի ночлег – ից առաջնորդ առանք ու առավոտյան ժ. 6 – ից առաջ արդեն տեղ էինք հասել: Ձյուն էր գալիս: Մեր առջև բացվեց մշուշային մի անեզր ծով, Կովկասը թաղված այդ ծովի մեջ ու մենք վերևը: Վոլիմպիական աստվածների անկարգությամբ նստեցինք3 ու սպասում էինք արևի ծագելուն: Հանկարծ մշուշն իջավ, այստեղ այնտեղ այդ մշուշի ծովից դուրս տնկվեցին բարձր սարերի կոնտուրները, վիշապի նման ձգվեց Կովկասի շղթան, արևելքում պատահեցին մութ ամպերը, փայլատակեց մի հրաշք ու... իսկույն կրկին ամեն բան ծածկվեց մի հսկայական վարագույրով – մշուշով:

          Բայց այն ի՜նչ հրաշք էր:

          Այն արևելքի ոսկի դռներն էին...

          Այնուհետև էլ չբացվեց: Ամպերը հանդարտ ու հոյակապ, կարծես ճեմում էին սարերի վրայով, մերթ ծածկելով ամեն բան, այնպես, որ իրար մենք հազիվ էինք նկատում, մերթ այստեղ, այնտեղ բաց անելով սարերի դեռ կանաչ լանջերը: Եվ ամեն անգամ ինձ թվում էր, թե այդ ամպերի տակից, այդ դալար լանջերի վրա, ուր որ է, այժմ կհայտնվեն թեթև, գեղեցիկ աստվածուհիները – խմբով կամ նրանցից մինն ու մինը իրենց թափանցիկ շղարշների մեջ: Իհարկե, մի քիչ անգութ եմ երևակայել – այն քնքուշներին այն ցրտում այնքան բարակ զգեստով, բայց ինչ անենք, աստվածանալու համար կարելի է և մի քիչ մրսել: Չէ՞ որ ամեն փառք ունի իր ծանրությունը:

          Ահա այստեղից էլ ես ղրկել եմ Ձեզ այն պոստ կարտը – Կովկասի Վոլիմպիոսից...

          Այնտեղից ուղիղ դեպի Աբաս – թուման, ու ընկա ինձ սպասող բաց գրկերի մեջ: Բայց նրանք շուտով գնացին, այժմ մենակ եմ:

          Շրջապատված եմ ամեն հարմարություններով: Մի լավ բժիշկ կա այստեղ և շատ լավ մարդ է (ռուս), միշտ հետևում է: Սրա հանձնարարությամբ ու խորհրդով էլ ապրում եմ մի ռուս ընտանիքում, ուր, ինչպես ինքն ասում էր, ես կլինեմ под пазухой самого Исуса Христа. Եվ ճիշտ որ՝ շատ բարի, մաքուր ընտանիք են: Տանտիկինը մի ժիր, աչքաբաց կին է, և ես ու մարդն ապրում ենք նրա пазуха – ի տակ: Եվ ինձ համար միշտ գերադասելի է լինել մի կնոջ пазуха – ի տակ, քան թե նույնիսկ Հիսուս Քրիստոսի: Թեև, տարաբախտաբար, բանաստեղծական ոչինչ չկա մեջը և հենց դրանով էլ застрахована.

          Սքանչելի, սքանչելի օրեր են: Չգիտեմ Դուք երբևէ աշնանը եղե՞լ եք բնության մեջ, անտառներում, սար ու ձորերում: Աբաս – թումանի հովիտը լիքն է արևի շողերով, սոճի անտառների բուրմունքով, թռչունների աշնան – հրաժեշտի երգերով ու մի անո՜ւշ – թախծալի խաղաղությամբ: Ամբողջ օրը զբոսանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում եմ սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնորում, չնայելով Ձեր խրատին: Հաճախ, հենց այդ անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում, մեծ մասամբ այսպիսի հիշատակարանի ոտանավորներ.

                              Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,

                              Կանչում եմ հուշերն անցած օրերի,

                              Փընտրում եմ նորա պատկերը կարոտ

                                        Իմ մըտքո՜ւմ... ինձ մո՜տ...

                              Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում...

                              Ցոլում են աչքերն... ըզգեստը շըրշում...

                              Լըսվում են արագ քայլերը ծանոթ...

                                        Իմ շո՜ւրջը... ինձ մո՜տ...

                              Բայց, ա՛խ, միմիայն չի գալիս կըրկին

                              Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին...

                              Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր

                                        Տըխո՛ւր, գլխակո՜ր:

          Բայց Դուք բանաստեղծություն չեք սիրում, գոնե ոտանավորներ, որքան գիտեմ, և, ափսո՜ս, որ գիտեմ:

          Հասցես – Абас Туман – яну

          Կգրե՞ք արդյոք: