Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

13. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

[1902 թ. ] հուլիսի 29.

29/VII Б. Ключ

Սիրելի Ֆիլիպ.

          Երբեմն, երբ պառկում եմ անկողնիս վրա, կամ մի որևէ ծառի տակ ու մտածում, ասում եմ երբեմն այս էլ եմ մտածում, թե արդյոք այժմ ի՞նչ է մտածում Ֆիլիպը սեղանի վրա պառկած: Խոստովանեմ – ես շատ եմ սիրում քո փիլիսոփայությունները – ավելի բանաստեղծական են լինում և բովանդակալի, իսկ բանաստեղծություններդ ընդհակառակը ավելի պրոզա և ջրալի: Այս վերջինը կարող էի թողնել, չասել, բայց – ասեցի էլի: Գիտես, ես էլ հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանատոեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք ունի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի վոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները:

          Զարմանք. Հայնեն ասում է՝ բանաստեղծի սիրտը աշխարհի կենտրոնն է: Վա՜յ մեր աշխարհի բանաստեղծին ու նրա սրտին, և, հիրավի, իմ սրտի վրա չափազանց սաստիկ ծանրանում են մեր աշխարքի ամեն ցավերը, գուցե այդ արդեն ապացույց, է, որ ես էլ եմ բանաստեղծ – բայց, ասում եմ, զարմանալու բան է, ես առանց երգելու հոգնած եմ այդ ցավերից ու սիրում եմ բոլորովին ուրիշ ցավեր, ավելի անուշ, ավելի աստվածային... երջանիկ ցավեր:

          Չգիտեմ այսպես է, թե ինձ այսպես է թվում, թե կարող ես ջոկիր – այս ինչ կենտրոնախույս տրամադրություն է, որ իմ մուսային դարձնում է դավաճան ազգի առջև:

          Սակայն քեզ ասեմ, որ միևնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձևում1, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում էր քաոսային դրության մեջ – և հոգի աստծոյ շրջեր ի վերա նոոա – և անշուշտ մի օր ասելու է – եղիցի լոյս: Ա՜խ, ինչ սքանչելի խոսք է. եղիցի լո՜յս... ստեղծագործության աստվածային խորհուրդը կամ ստեղծագործական հանճարի ուժը հայտնում է այս երկու խոսքով – եղիցի լո՜յս...

          Այստեղ ինձ եկան խանգարեցին, հիմի ուրիշ բանից խոսանք: Անշուշտ, եթե աստված էլ կին ու ընտանիք ունենալ, նա էլ չէր կարող աշխարքն ստեղծել կամ ով գիտի ինչի նման բան ստեղծեր:

          Մենակությունը աստվածային դրություն է: Է?վ մենակ մարդիկ են լավ բաներ տվել աշխարքին: Մենք էլ, որ գրեթե ոչինչ չունենք – ինչ լավ բան ունենք միայնակյացների գործ է, երբ որ մարդիկ ճգնվում էին մի որևէ քարանձավում կամ մենաստանի խցում ու երկա՜ր երկա՜ր տարիներ անձնատուր լինում մի զգացմունքի, մի մտքի, թաղվում, սուզվում նրա մեջ, ձուլվում նրա հետ, խաղա՛ղ, անվրդով, ու եթե ունեին վրդովմունք – այդ իրենց գործի վրդովմունքն ու ալեկոծությունն էր, որի մեջ տարուբերվում էին, ծփում, մինչև հասնում էին մի նավահանգստի, հանգում էին մի եզրակացության, մի դրության: Իսկի հացի դարդ էլ չէին քաշում: Այդ ժամանակների ժառանգություն են Նարեկն ու Խորենացին, մեր հոգեբուխ շարականներն ու մեղեդիները:

          Իսկ այժմ մի նամակ գրելու հանգստություն չկա: Աշխարքը, կյանքը, հանգամանքները փոխվել են: Ամեն բան իր վրա կրում է տենդոտ անհամբերության և շտապողության անզոր կնիքը, որ չի դիմանում ժամանակին: Այս գործերը նման են մեր ժամանակի քաղաքների գաջերից ու կավերից շինած, զարդարած տներին, որոնց գեղեցկությունը չի դիմանում արևին ու անձրևին և մերկանում է տարիների առաջ, ու կանգնում ողորմելի, իր ներքին տգեղությամբ, խեղճությամբ (եթե միայն պաչինկա չանես, այն, որ ես եմ անում իմ «Անուշի» հետ), իսկ առաջին գործերը նման են այն հին սրբատաշ որձաքարերից կառուցած շենքերին, որոնց ավերակներն էլ հիացնում են ու հաստատ կանգնած անխռով նայում արևին ու ժամանակներին:

          Բայց հերիք էր:

          Եթե բան գիտես, գրիր նորագույն «Մուրճի» մասին2: Արդյոք հնարավոր է լինելու դրանց աշխատակցելու – կամ մի որևէ գործով կարելի է աշխատել ամսագրի մեջ – օրինակ – տանել բանաստեղծության բաժինը: Իմ ամբողջ Վերնատնով կմտնեմ մեջը, եթե մի քիչ կարգին պայման եղավ: Դու երեի արդեն մտածել ես այդ մասին: Գրիր:

          Քեզ մի բան էլ գրեմ, որ ինծ շատ է վշտացնում: Ինչ որ դու Ավետիսին3 նամակ ես գրել, որ իր նպաստն իմ հասցեին ղրկի – նրանից հետո ես էլ երկու նամակ եմ գրել: Չի ղրկում, թե չի ստանում նամակներս, թե ինքը Բաքու չի – չգիտեմ այս ինչ հանելուկ է, բայց գոնե ոչ մի նամակիս չպատասխանեց, այդ ինձ շատ անհանգիստ է անում ու ցավեցնում: Ես, որքան հիշում եմ, իմ նամակներում այնպիսի բան չեմ գրել, որ նեղանար: Շատ բարևներ պ. Հակոբին, տ. Մարգարիտին, Արշակին, Աքելին (այսինքն կանտորին) և ապա Ավետիսին, Արութին և այլոց:

Համբուրում եմ քեզ.

քո Հովհաննես