Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

12. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել – Վիձիսի

[1901 թ. ] հուլիսի 19

19 հուլիսի. Ուրավել

Թանկագին Մարիա Մարկովնա!

          Իմ կողմից միանգամայն ապահով եղեք, ես կատարյալ առողջ եմ, սառը ջուրն ինձ չի վնասում, ընդհակառակը շատ է օգնում: Ճշմարիտ է, մի ժամանակ դժվար է եղել այստեղի սառը ջրում լողանալը, բայց այժմ շատ է փոխվել ջուրը և գազն այնքան է պակասել, որ գրեթե չի նկատվում, միայն երկաթի համն է մնում: Խորհուրդ, եք տալիս ձու, կաթն ու մածան ուտելու: Ես էլ հենց այդ եմ ուտում, թեև ձուն ու մածունը դժվար են ճարվում: Սի խոսքով շատ լավ եմ. ջուրն էլ է օգնում, օդն էլ, բայց մանավանդ ազատ լինելը: Գիտեք, 13 տարի է, ինչ որ ամուսնացել եմ, ես ազատ լինելու հաճույքը դեռ չեմ զգացած: Այժմ էլ թեև ինձ ազատ չեմ զգում ընտանիքիս հոգսից, բայց գիտեմ, որ նրանք էլ լավ են, և միայն կարոտ է, որ զգում եմ, ոչ թե ծանրություն, որ զգացել եմ միշտ: Իսկ կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը – ավելի ճիշտ – հղփանալը իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ, – հոգու կարոտներ: Եվ հենց սրա համար է լավ մենակությունը, մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա՜յն, խաղա՛ղ, անվրդո՛վ ծփում է և սիրտը քաղցր – քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով: Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, ևս առավել բանաստեղծ մարդիկ: Նիցշեն ասում է. «Բոլոր բանաստեղծները հավատում են, թե ով որ կանաչի մեջ լեռան մենավոր լանջում պառկած հսկի, երկնքի ու երկրի մեջ գոյություն ունեցող շատ բաներ կիմանա: Եվ երբ բանաստեղծներին տիրում է քնքուշ տրամադրությունը, նրանք միշտ հավատում են, թե բնությունն ինքը սիրահարված է իրանց վրա ու իրանց ականջին շշնջում է խորհրդավոր, սիրային – շողոմարար ճառեր – և դրանով թռչում են նրանք մահկանացուների առաջ»:

          Բայց պետք է ասեմ, որ ես չկարողացա մենակ լինել: Շատ մարդիկ ծանոթացան և այժմ արդեն ծանոթների մի մեծ շրջան ունեմ այս փոքրիկ ամառանոցում, որ չեն թողնում... տխրեմ:

          Լավ է, որ Դուք խաղաղություն եք վայելում, բայց ափսոս, որ մոծակները նեղացնում են, կամ ինչպես Դուք գրում եք՝ «այդքան փոքրիկ արարածները թունավորում են մարդու կյանքը»: Այդպես է. փոքրիկ արարածներն են կյանք թունավորում – մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ: Բայց շատ միք հուսահատվիլ. տեսնո՞ւմ եք, մի թեթև քամի է հարկավոր, որ ցրվի այդ կյանք թունավորողներին: Ափսոս, որ չեմ կարող Ձեզ համար քամի ցանկանալ:

          Ինձ հետաքրքրեցիք Ձեր գրելիք նյութով, ու չեք գրում թե ինչ բան է: Ուրեմն հայ կնոջը թողեցիք, խե՜ղճ կին. իսկ եթե մենք ենք մի կին թողնում, կանայք աշխարհք են թնդացնում – տղամարդիկ անգութ են, անխիղճ են...

          Կին ասացի միտս եկավ: Իմ կնոջ մասին եք հարցնում, նա լավ է, ինչպես գրում է, իր երեխաներով հանդերձ: Հասցեն եք ուզում – այս է՝ Белый Ключ, дача Лухава, Ольге Туманян. Շանթից նամակ ունեմ. Բուդապեշտից է գրել: Երբ գրեմ կհարցնեմ, թե ինչու դեռ նամակ չի գրել Ձեզ. երևի շուտով կգրի:

          Իմ այստեղի ծանոթուհու մասին ի՞նչ կետեր էիք շարել: Մենք միայն բանաստեղծություն ենք անում... վերջապես այդ էլ շատ քիչ:

          Ղըրխքիսալովի մասին էիք գրել: Ձեր գրելուց առաջ նա ինձ մանրամասն պատմեց իր գործը1 – իր պատմելով ինքն արդար է և հերքել է, գործն էլ դատաստանով տարել: Է՛հ ինձ ինչ, ով է անպայման լավ մարդը. ավելի լավ է մարդը իրանից լավություն պահանջի, ուրիշի վատությունը շատ էլ վտանգավոր բան չի լավ մարդու համար – եթե միայն ինքը ճիշտ որ լավ է:

          Ասում եք ծրագիրներ եք կազմում, ես էլ եմ ծրագիրներ կազմում: Երևակայում եմ, որքան խոսելու նյութ կունենանք: Որքան շատ կանանց եմ հանդիպում, հետները խոսում, ճանաչում, այնքան ավելի եմ կարոտում մեր հոգեբանական – փիլիսոփայական – բանաստեղծական զրույցները:

          Ուղարկում եմ ամառանոցիս լուսանկարը, առաջի նստածն էլ ես եմ: Ֆիլիպին դեռ նամակ չեմ գրել – ոչ էլ ստացել եմ: Այսօր կամ վաղը կգրեմ: Դուք երևի գրագրություն ունիք – չեք գրում նրա մասին: Ռուստեմն էլ երևի այնտեղ է:

          Այստեղ ընդհատեցին – մեկը հիվանդացել է (տիկնոջ տագրը) կանչում է ինձ: Ցտեսություն: Սպասում եմ Ձեզանից նոր – տեղեկությունների և լավ լուրերի:

Միշտ Ձեր Հ. Թումանյան

Հասցես ուղղակի՝ Ахалцых – Ов. Туманян