Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

11. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր – Թիֆլիս

[1900 թ. ]

Սիրելի Ֆիլիպ.

          Քո վերջին նյութերդ այն տեսակ են, որ մարդ դժվարանում է կարծիք հայտնել – վախենալով, թե – չլինի սխալվեմ: Առաջինի մեջ ինձ դուր եկավ այն դեկադենտական կասկածը, թե ուրիշները, թե քո սիրելիին որևէ նմանություն ունեն – այդ գողացել են նրանից, և դու զայրանում ես դրա համար ու ավելի խիստ զգում քո մենակությունն ու տխրում – ասում եմ դուր եկավ, բայց չեմ հասկանում: Երկրորդը մի փշուր է, ճանկռած այն մեծ նյութից – թե որքան չնչին են մարդկային ուժերը բնության և նախախնամության անհունության առաջ: Եվ չեմ հասկանում, թե ինչու սրա մեջ գործ ես ածել «շունչ» բառը. թերևս «հոգու» տեղ է: «Խուցը», ոչինչ, լավ է ասված: Իսկ «Իմ կտակից» իսկի բան չհասկացա:

          Մի խոսքով այս անգամվա նյութերդ անհաջող են: Ինչպես երևում է՝ տաղանդդ սպառվում է:

          Նամակիդ մեջ իզուր ես ինձ հակաճառում, թե բանաստեղծները նոր մտքեր պետք է հայտնեն – որ հայտնած չլինեն ուրիշները: Հենց այս նյութերը գոռում են – թե նոր միտք չկա: Ամենամեծ ու ամենախոր միտքը միշտ կարող ես լսել մի ապուշի բերանից, ամենացած ամբոխը հազար մի բարձր մտքեր է շառ ու մուռ տալիս ամեն օր: Բանաստեղծության տեսակետից միտքը ի՞նչ է որ – միայն նյութ, հում նյութ, մատերիալ: Բանաստեղծ չի նա, ով որ հայտնում է, թե մարդը ոչինչ է բնության առաջ – բանաստեղծը նա է, ով որ թեկուզ դրան լսելուց հետո – այնպես ներկայացնի ու պատկերացնի այդ հարաբերությունը, որ – ընթերցողն զգա ու տեսնի... Շեքսպիրից առաջ են հայտնած բոլոր այն մտքերը, որ նա իր հանճարի ֆոկուսի միջով ցույց է տալիս աշխարհին: Այս է մրցության դաշտը – մտքերը, որ արդեն կան (և անկարելի էր, որ չլինեին առաջուց) առնել, կենդանագործել ու (ավելի պարզ, բայց շքեղ) պատկերացնել, ներկայացնել հասարակությանը: Եթե այսպես չլիներ, վայն եկել էր տարել բանաստեղծներին: Ես այսպես եմ հասկանում բանաստեղծությունը: Ոչ միայն մտքերը – այլ նույնիսկ երգած նյութերը դեռ արգելք չեն բանաստեղծին – և դարձյալ նյութ են նրա համար, միայն մի պայմանով, որ կամ մի նոր կողմից լուսավորեիր այն, կամ ավելի ազդու երգեիր, ավելի վեր հանեիր, քան կար արդեն:

          Ես իսկի չվախեցա, երբ այս տարի (Հրատարակչական Ընկերության հրատարակած) Լաֆոնտենի առակների մեջ կարդացի «Ճայ ու չղջիկի» առակը – չգիտեմ ինչ վերնագրով1: Սրանց ժողովուրդն, ասի, այսպես է պատմում, բանաստեղծն էլ այսպես է երգում – մենք էլ այսպես2: Երկուսն էլ ինքնուրույն:

          Դու գիտես, որ ես մի (իսկապես երկու հեքիաթ միացրած) հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը» – նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա: Դրանով հետաքրքրվելով գտա – որ շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ գիտնականները մեկնության են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայց այդ բոլորից հետո ես ոչ միայն թողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութով – ով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձպես եմ ասելու, և մինչև անգամ հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունը, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել: Ինչպես դու գիտես – իմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան:

          Նախորդ նյութերդ չեմ ուղարկելու, որ նույնը կրկնես ու լավ իմանաս խեղճ բանաստեղծների ղադրը – դու որ չես կարողանում միտքդ պահել մի քանի օր առաջ քո սեփական գրածները և կրկնում ես – հապա ինչպես անեն նրանք, որ այնպիսի [բան գրեն] միտք հայտնեն, որ հայտնած չլինի ոչ մի բանաստեղծ ամբողջ աշխարհքում:

          Մոսկվայի ուսանողները մի նամակ են գրել ինձ (Գ. Խատիսյան և Լ. Նազարյան), թե ուսանողները մի գրական ժողովածու3 են ուզում հրատարակել, խնդրում են իմ աջակցությունը: Փափազյանը, որ այնտեղ է այժմ և պաշտոն ունի – ինչպես գրում է, ֆրանսիական Credit Lyonnais բանկում, մասնակցում է ժողովածվին, հանձն է առել խմբագրել և այլն – գրում է, թե շնորհակալ կլինենք, եթե ուղարկես երգիծական պոեմդ «Բանաստեղծը և սատիրը» – այսինքն Մուսան: Արդ, ինձ մոտ չկան ոչ բանաստեղծ և ոչ Մուսա: Կարծեմ մեկը դու ունես: Մի նայիր ու քո նկատողություններով հանդերձ ղրկիր ինձ, որ ուղղեմ ու ղրկեմ ուսանողներին: Քեզ գրել էի, թե Կայլցովի «Сяду я за стол да подумаю» – ոտանավորը թարգմանեցի – ղրկեցի «Տարազին»: Այժմ խմբագրությունից գրում են – թե ցենզորը բռնել է: Եկ ու բան հասկացիր: Ախար ի՞նչ ցենզորի բռնելու բան է դա: Ուրեմն էլ ի՞նչ անենք, ի՞նչ մտածեք: Ահա թարգմանությունը: Առաջուց գրել եմ, որ за стол – ը շինել եմ պատի տակ, – պատի տակը համարելով հայ գեղջուկի մտածմունքի տեղը – փոխադրել եմ:

                         ԳԵՂՋՈԻԿԻ ՄՏՈՐՄՈԻՆՔԸ

                              Նըստել պատի տակ

                              Ու միտք եմ անում,

                              Թե ինչպես մենակ

                              Ապրեմ աշխարհում:

                              Ոչ ջահել կընիկ

                              Ունեմ իմ կողքին,

                              Ոչ թև ու թիկունք

                              Մըտերիմ ընկեր,

                              Ոչ մի տաք անկյուն,

                              Ոչ արծաթ – ոսկի,

                              Ոչ տափան ու չութ,

                              Ոչ քյահլան մի ձի...

                              Պակաս օրի հետ

                              Միմիայն մի գանձ –

                              Քարի նըման ուժ

                              Տըվավ ինձ հերըս,

                              Բայց, ավա՜ղ, էն էլ

                              Օտար դռներում

                              Կերան, մաշեցին

                              Դարդ ու ցավերըս...

                              Նըստել պատի տակ

                              Ու միտք եմ անում,

                              Թե ինչպես մենակ

                              Ապրեմ աշխարհում:

          Ինձ հաջող է թվում: Գրիր – հավանո՞ւմ ես, թե՞ չէ: Դու մի ժամանակ ինձ ասում էիր, որ Կայլցովից բան թարգմանեմ: Հանգերն ինչպես զանց են առնված բնագրում, այնպես էլ ես եմ արել:

          Նյութերիցդ մեկը ոտնավորել եմ – մյուս անգամ կղրկեմ: Լավ կանես, որ նյութ առնես երբեմն մեր կյանքը – այստեղ էլ շատ բան կա: Լայաղ արա, միքիչ ներքև արի – «Խոնարհվիր – մտիր քո խուցը»:

          Այժմ գանք իմ խաչելությանը: Պուշկինը իր նամակներից մեկում ասում է. «Чорт надоумил меня родиться в России с душою и талантом».

          Եվ հեշտ բան չի чорт – ի գործը դրստելը: Чорт – ն այնպիսի բան չի անիլ, որ Ֆիլիպը մի անգամ Մանթաշովի4 մոտ գնա ու... դրստի: Այժմ չեմ իմանում ի՛նչ ես մտածել, ճշմարիտ, որ դժվար է մի ելք մտածել, բայց բանից դուրս է գալիս, որ դու ջուխտ – ջախտ ես մտածում ու գտնում: Ես համոզված եմ, որ քո մտածմունքների ամենաառաջինը իմ բարոյական ապահովությունն է – որ ես ինձ զգամ հանգիստ ու անկախ, չես տանիլ փեշս գցիլ մի որևէ անասունի պոզ, այդ ավելի վատթար կլինի, քան ամեն նեղություն: Հանկարծ մի հայվան – աղա քեզ վրա նայի ու հետդ վարվի, իբրև իրան պահած պրիկաշչիկի կամ, նույնիսկ իր լռությամբ, միշտ երեսովդ տա իր լավությունը: Արևելքի ասպետը – Քյորօղլին ասել է – Աթըմ եյան, ղանըմ իչան, նամարդի մոհտաջ օլմասըն5:

          Իհարկե, շատ մարդ կտանի այս «աղեն ձեթ տա՝ փեշդ դեմ արա» – ի աշխարհքում, բայց աստծուն է հայտնի, որ էս հազիվ եմ տանում նույնիսկ լավերի ու մերձավորների լավությունը: Այս տարի եղբորիցս մի 100 – 150 ռ. փող մսխեցի, բանն այնպես էր, որ հարկադրված էի: Այդ նրա պստլիկ խանութին ու առուտուրին մեծ հարված է տվել: Առանց էն էլ իսկի – իսկի առուտուր ասած բանը չի հասկանում, հաշիվ չի հասկանում – այս էլ հետը – գործին, ճիշտ որ շատ վնասեց: Մի քանի անգամ այս ամառ հետը կռվեցի – թե լավ չես տանում գործդ և ամեն անգամ այդ գումարը տվեց երեսովս... Ես ինքս մեծ փափագ ու հակումն ունեմ ուրիշներին հովանավորելու, կամ ավելի լավն ասեմ, իմ ունեցածը ուրիշների հետ բաժանելու – ով կարիք կունենար: Այժմ երբ բանը հակառակն է դուրս եկել – պետք է գործին այնպես չնայել, ինչպես, օրինակ, մեր լրագիրներն են հասկանում ու նայում – այսինչ չքավոր գրողին... բարերար... ողորմություն և այլն և այլն: Փողն ստացա:

Քո Հովհաննես